Jump to content

ՀՀ Տեղական ինքնակառավարման մարմիններ (1918-1920)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տեղական ինքնակառավարման մարմինները 1918-1920 թվականներին Նորանկախ Հայաստանի պետական շինարարության բնագավառում ծավալվեցին մեծամասշտաբ գործընթացներ, որոնցից էր պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորումը։


Հայաստանի առաջին Հանրապետության տեղական ինքնակառավարման համակարգը ձևավորվել է գավառային և քաղաքային ինքնավարություններից։ Համամասնական սկզբունքով, երկու տարի ժամանակահատվածով ընտրվելու էին ինքնավարությունների օրենսդիր մարմինները՝ խորհուրդները, որոնք իրենց հերթին ձևավորելու էին գործադիր մարմիններ՝ վարչություններ։ Վերջիններս բաղկացած էին վարչության անդամներից և նախագահից։

Տեղական ինքնակառավարումը բնակչության բարեկեցության բարելավման նպատակով սեփական պատասխանատվությամբ գործող տեղական ինքնակառավարման մարմինների՝ համայնքային սեփականությունը տնօրինելու և համայնքային նշանակության հարցերը լուծելու իրավունքն ու կարողությունն է։

Քաղաքային վարչության նախագահը կոչվում էր քաղաքագլուխ, որը պարտավոր էր պարբերաբար վարչության գործունեության վերաբերյալ հաշվետություններ ներկայացնել քաղաքային խորհրդին։ Քաղաքագլխի պաշտոնը կարող էր ստանձնել 21 տարին լրացած քաղաքային խորհրդի անդամը, ինչպես նաև խորհրդի կողմից հրավիրված այլ անձ։ Վարչություններում որոշումները ընդունվում էին կոլեգիալ սկզբունքով։ Թե գավառային, թե քաղաքային խորհուրդների անդամների՝ իրավասուների (որոնք կոչվում էին նաև ձայնավորներ) թվաքանակը պայմանավորված էր տվյալ բնակավայրի բնակչության թվով։

Ընդունված օրենքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1919 թվականի, մայիսի 23-ին ՀՀ կառավարությունը հաստատեց երկու օրենք «Հայաստանի Հանրապետության մի քանի գավառներում զեմստվային (գավառային) հաստատություններ հիմնելու մասին», «Հայաստանի մի քանի վայրերում քաղաքայի (պոլոժենիա) մտցնելու մասին» օրենքները։ Ըստ այդ օրենքների՝ գավառային ինքնավարություններ (ՏԻՄ) էին ձևավորվելու Երևանի, Էջմիածնի, Նոր Բայազետի, Ալեքսանդրապոլի, Դիլիջանի, Ղարաքիլիսայի, Սուրմալուի, Դարալագյազի գավառներում, իսկ քաղաքային ինքնավարություններ(ՏԻՄ)`

Աշտարակ, Դիլիջան, Վաղարշապատ, Ղամարլու, Ղարաքիլիսա, Իգդիր, Կողբ, Աշտարակում, Ջալալօղլի քաղաքներում։ Ի դեպ Երևան, Ալեքսանդրապոլ և Նոր Բայազետ քաղաքներում ինքնակառավարման մարմինների ձևավորվել էին մինչև ՀՀ անկախացումը։ Հարկ է նշել, որ ռազմաքաղաքական պատճառներով վերոնշյալ բնակավայրերից մի քանիսում այդպես էլ չձևավորվեցին, օրինակ՝ Սուրմալուի, Դարալագյազի գավառներում, Իգդիր, Կողբ քաղաքներում։ 

Ներքին գործերի նախարարության վերահսկողության և գործուն մասնակցության արդյունքում 1918-1920 թվականներն ՀՀ 6 գավառներում և 9 քաղաքներում (այդ թվում Երևանում, Ալեքսանդրապոլում, Նոր Բայազետում) կազմակերպվեցին ՏԻՄ ընտրություններ, ձևավորվեցին ինքնավարության մարմինները։ Սակայն հարկ է նկատել, որ իրենց գործունեության սկզբնական փուլում վերջիններս զրկված էին շատ լիազորություններից։ Կառավարությունը հատուկ օրենքով վերջիններիս զրկեց անգամ միլիցիայության ղեկավարման իրավունքից։ Իրենց լիազորությունների ընդարձակման, վերականգման համար նորաստեղծ ինքնավարությունները դիմեցին վճռական մի շարք քայլերի. օրինակ՝ Էջմիածնի գավառայի ինքնավարության վարչության անդամները ներկայացրեցին իրենց հրաժարականը։ Այդ թնջուկը լուծվեց 1920 թվականի հունիսին, երբ բյուրո-կառավարությունը ընդունեց գավառային ինքնավարությունների իրավասությունների ընդարձակման մասին օրենքը։ Սահմանվեցին գավառային ինքնավարությունների մի շարք գործառույթներ ըստ որի՝ նրա գործունեությունը ներառում էր բազմաթիվ ոլորտներ, դրանցից էին.

  • քաղաքացիների իրավունքների պաշտպանություն՝ բնակիչներին իրավաբանական օգնություն ցուցաբերելը, աղետների կանխարգելում և դրանց հետևանքների վերացում և այլն,
  • տեղական հարկերի և տուրքերի սահմանում և տնօրինում,
  • համայնքի սեփականության տնօրինում,
  • սոցիալ-տնտեսական քաղաքականություն՝ պարենի և առաջին անհրաժեշտության մթերքների պակասի և թանկության վերացում, կարիքավոր բնակչությանը նպաստների հատկացում, հացի պաշարների, խանութների տնօրինում, գավառի ճանապարհները և ճանապարհային կառույցները բարեկարգ վիճակում պահպանում, գավառում փոստ, հեռախոսակապի ապահովում և ֆինանսավորում, առողջապահական և բարեգործական հաստատությունների տնօրինում, գաղթականների տեղավորում, վիճակագրական հետազոտությունների իրականացում,
  • Ֆինանսավարկային քաղաքականություն՝ փոքր վարկերի, վարկային և խնայողական դրամարկղային ընկերությունների, գյուղական բանկերի և այլ կոոպերացիաների ձևավորում,
  • կրթության զարգացմանը նպաստող միջոցառումների իրականացում՝ արտադպրոցական կրթություն՝ գրադարաններ, գրախանութներ, տարրական դպրոցների կազմակերպում և այլն։

Քաղաքականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրադառնալով ինքնավարությունների քաղաքական կազմին՝ հարկ է նկատել, որ այն հիմնականում բազմակուսակցական էր։ Դեռ ավելին՝ տեղական խորհուրդներում ընդդիմադիր քաղաքական ուժերը ավելի շատ էին ընդգրկված, քան պառլամենտում։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցել և իրավասության տեղեր էր ապահովել անգամ այնպիսի քաղաքական ուժեր, որոնք պառլամենտում բացակայում էին։ Սակայն, ինչպես և պառլամենտում, տեղական ինքնակառավարման մարմիններում ևս ղեկավար քաղաքական ուժը ՀՅԴ էր, իսկ ընտրական գործընթացները զերծ չմնացին ընտրակեղծիքներից։ Երկրի սոցիալ- տնտեսական ծանր իրադրության, քաղաքական ուժերի, գործիչների երբեմն անկառուցողական քաղաքականանության դրսևորման, իրավական դաշտի անկատարելիության, կենտրոնական իշխանությունների իրավասությունների ոչ հստակ սահմանազատման, իշխանությունների ապակենտրոնացման ցածր մակարդակի առկայության, մունիցիպալ կառավարման համակարգում փորձառնության պակասի արդյունքում ՀՀ ձևավորված քաղաքային և գավառային ինքնավարությունների հիմնական մասը դարձան պետական կառույցների ածանցյալ և նմանվեցին պետական վարչական օրգանների, երբեմն էլ նրանց գոյությունը դարձավ ձևական (Ղարաքիլիսային քաղաքային և գավառային ինքնավարություններ, Նոր Բայազետի գավառային ինքնավարություն)։ Առավել արդյունվետ գործունեություն ծավալեցին Երևանի, Ալեքսանդրապոլի, Վաղարշապատի, Աշտարակի քաղաքային ինքնավարությունները, Էջմիածնի, Երևանի գավառային ինքնավարությունները։ Վերջիններիս ջանքերով մշակվեցին համայնական հողեր, բացվեցին բժշկական կայաններ, մաքրվեցին առուներ, վերաբացվեցին տարրական դպրոցներ և այլն։