Jump to content

Կրիկովա (գինեգործարան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրիկովա
Cricova
Տեսակwinery?
Հիմնադրված է1952
ՎայրCricova, Քիշինև, Մոլդովա
ԵրկիրՄոլդովա
ԱրտադրանքԳինի, ալկոհոլային խմիչքներ
Կայքcricova.md
 Cricova (winery) Վիքիպահեստում

Կրիկովա (ռում. Cricova), գինեգործարան Մոլդովայի համանուն քաղաքում՝ մայրաքաղաք Քիշնևից 11 կմ հեռավորության վրա. հայտնի է նաև որպես «Մոլդովական գինեգործության մարգարիտ»։ Հիմնադրվել է 1952 թ.-ին։ Այստեղ կոլեկցիոն գինիների մեծ հավաքածու կա[1]։ Գինեգործարանը Մոլդովայում և ամբողջ աշխարհում հայտնի է նաև եզակի ստորգետնյա համալիրով, որը փոքր քաղաքի է նմանվում՝ կան անվանումներով փողոցներ, լուսացույցներ, իսկ այցելուները շրջում են հատուկ մեքենաներով։ Գործարանը նաև Մոլդովայի տեսարժան վայրերից է համարվում, որտեղ մշտապես այցելում են տարբեր երկրների բարձրաստիճան պատվիրակությունները։ 2003 թ.-ին «Կրիկովա» գինեգործարանը օրենքով հայտարարվեց Մոլդովայի ազգային-մշակութային ժառանգություն[2]։ Այս գինեգործարանը պետության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության ներքո է։

Խաղողի այգիները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործարանին պատկանող խաղողի այգիներն ամենաընդարձակն են երկրում և ավելի քան 600 հա տարածք են զբաղեցնում։

Այս խաղողի այգիների աշխարհագրական բազմազանությունը ևս նպաստում է տարբեր սորտերի խաղող աճեցնելու համար։ Արդյունքում, երկրի Կահուլյան շրջանում ընկերությունն աճեցնում է գերազանցապես կարմիր սորտի խաղող՝ կաբերնե, մեռլո, կոդրու, պինո նուար։ Իսկ երկրի կենտրոնական հատվածում սպիտակ սորտի խաղող է աճեցվում՝ պինո, սովինիոն, ռկածիթելի և ալիգոտե։

Արտադրական պրոցեսը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերությունը մշտապես խոշոր ներդրումներ է անում բարձր արտադրողական սարքավորումներ և տեխնիկա ձեռք բերելու համար։

Չնայած գործարանին պատկանող խաղողի այգիներն ամենաընդարձակն են երկրում՝ խաղողն այստեղ ձեռքով հավաքվում է հատուկ սահմանափակ տարողունակությամբ ամանների մեջ, ինչը թույլ է տալիս այն լավ վիճակում պահել։ Գինու ստեղծման բուն գործընթացը տեղի է ունենում ստորգետնյա պահեստներում։ Գործարաների մառաններում տարեկան միջինը ջերմաստիճանը +10…+12°С է, իսկ օդի հարաբերական խոնավությունը 97-98%։

Հատկանշական է, որ ի տարբերություն աշխարհի հայտնի շատ գինեգործարանների, այստեղ գինու պահեստարաններում բացակայում են արհեստական օդափոխության համակարգերը։ Այստեղ յուրահաւկ միկրոկլիմա կա, ինչը լիովին համապատասխանում է բարձրորակ գինիների արտադրության համար։

Լաբորատորիան

[խմբագրել | խմբագրել կոդը]

1952 թ.-ին հիմնադրված լաբորատորիան հավատարմագրված է Ստանդարտացման միջազգային կազմակերպության կողմից և համապատասխանում է միջազգային չափանիշներին։

Լաբորատորիայի խնդիրը «Կրիկովա» գործարանում տեխնոլոգիական ամբողջ աշխատանքը վերահսկելն է։ Լաբորատորիայի հիմնական նպատակներից է գինեգործական արտադրանքի որակի ապահովումը և փորձարկումների մեթոդների մշտական կատարելագործումը։

Լաբորատորիան ապահովված է ժամանակակից սարքավորումներով, ինչի շնորհիվ մասնագետները ոչ միայն ապահովում են որակը, այլև շուկայի պահանջին համապատասխանելու համար մասնակցում են նոր արտադրանքների մշակմանն ու ներդրմանը։

Ազգային հավաքածուն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործարանի մառաններում պահվում է գինիների հսկայական հավաքածու, որի սկիզբը 1954 թ.-ին է դրվել։ Հավաքածուում գրեթե 1.3 միլիոն գինու շիշ կա, որոնցից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի։ Նմուշները հավաքվել են աշխարհի տարբեր մասերից։ Հավաքածուի մարգարիտը «Զատկական Երուսաղեմ» կարմիր դեսերտային գինին է, որը 1902 թվականի արտադրության 400 շշից պահպանված աշխարհի միակ օրինակն է։

Մյուս բացառիկ օրինակը 1902 թ.-ին Չեխիայում արտադրված լիկյորն է։ Խոսքը 27 բուժական խոտաբույսերից պատրաստվող Յան Բեխերի լիկյորի մասին է, որը մինչև օրս արտադրվում է։ Ամենաարժեքավորը նացիստական Գերմանիայի պարագլուխներից Հերման Գյորինգին պատկանած Oenoticia հավաքածուն է, որը ներառում է մոտ 2000 էլիտար գինի, ինչպես օրինակ մոզել, բորդո, պորտու, տոկայ, շաբլի։ Բոլոր օրինակներն արտադրվել են 1940-ական թթ. խաղողի բերքահավաքից. այս գինիները Գյորինգը որպես ավար զավթել է Երկրորդ համաշխարհայինի ժամանակ։ Պատերազմից հետո որպես ռազմավար այս գինիները առաջին անգամ խորհրդային զինվորները բերել են Մոսկվա և գրեթե ամբողջը խմել. դրանց մի մասը կարելի է տեսնել «Կրիկովա» գործարանում։ Ազգային հավաքածուն մշտապես համալրվում է նոր օրինակներով ինչպես այլ կոլեկցիոն գինիների հետ փոխանակման, այնպես էլ արտասահմանից գնման տարբերակով։ Այնուամենայնիվ, գործարանի հպարտությունը «Կրիկովա» ապրանքանիշի գինին է, որը բազմաթիվ միջազգային մրցանակների է արժանացել։

Համտեսի սրահները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործարանի ստորգետնյա համալիրում 5 հսկայական համալիր կա, որտեղ դասական ճարտարապետության տարրերը միահյուսվում են ժամանակակից զարդանկարների հետ։ Սրահները զարդարված են ապակենկարներով, գոբելեններով, Մոլդովայի լավագույն արհեստավորների ստեղծած փայտե քանդակներով։

Եվրոպական սրահը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական սրահի ապակենախշերը խաղողի վազ են պատկերում։ Այստեղ նաև հսկայական ապակե նկար կա, որում պատկերված են գործարանի խաղողի այգիները։ Այստեղ ստեղծված են բոլոր պայմանները համաժողովներ, սիմպոզիումներ և գործնական հանդիպումներ անցկացնելու համար։

«Ծովի հատակ» սրահը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրահի անվանումը խորհրդանշում է Սարմատյան ծովի հատակը. այն այս տարածքում գոյություն է ունեցել 12 միլիոն տարի առաջ (միոցենի դարաշրջան), որի հատակին քարացած նախապատմական կակղամորթեր են հայտնաբերվել։ Կրաքարե առաստաղը արտացոլվում է սրահի հայելիներում։ Պատերին դեկորատիվ ակվարիումներ են զարդանախշված, որոնք սրահին լրացուցիչ արտասովոր տեսք են հաղորդում։ Սրան զուգահեռ, սրահը հագեցած է ժամանակակից տեխնիկայով, որի օգնությամբ կարելի է լսել ծովի իրական գաղտնիքների մասին։

Նախագահական սրահը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագահական սրահը նախատեսված է բարձր մակարդակով հանդիպումների կազմակերպման համար. այն բավականին մեծ է և ներառում է Մոլդովայի գինեգործությանը վերաբերող թեմատիկ պատկերներ։ Ներքին հարդարանքի աչքի զարնող տարրը մարմարե շրջանակներով մոնումենտալ դռներն են։

Բուխարիով սրահը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս սրահն առանձնանում է իր ջերմ մթնոլորտով, իսկ ներսում գերիշխող տարրը բուխարին է։ Գունային գամմայի շնորհիվ ընդգծվում է որսորդական ոճը։ Բուխարիով սրահը նախատեսված է ընկերական շրջապատում ջերմ միջավայր և ռոմանտիկ երեկոներ կազմակերպելու և անցկացնելու համար։

Այս սրահն անվանումը ստացել է Մոլդովայի գյուղերի ավանդական տների ամենագեղեցիկ սենյակի պատվին. ռումիներենից բառացիորեն թարգմանվում է որպես «մեծ տուն»։ Սրահը կահավորված է գեղեցիկ կահույքով, նկատելի են ազգային զարդարվեստի տարրեր:Առաստաղի փայտե գերանների շնորհիվ այս սրահում գերիշխում է գյուղական մթնոլորտը։ Սրահի պատերին կարելի է տեսնել ասեղնագործ սրբիչներ և բրդյա գորգեր՝ բոլորը երկրաչափական և ծաղկավոր տարրերով։

Գործարանի թանգարանը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործարանի «ստորգետնյա քաղաքում» նաև թանգարան կա, որտեղ հավաքված են գինեգործության պատմությանն առնչվող բացառիկ նմուշներ։ Թանգարանում գինու վազի դրոշմահետք կա, որը հայտնաբերվել է Նասլավչա գյուղում. այն թվագրվում է մ. թ. ա. 5-րդ դարով և մասնագետները այն ապացույց են համարում, որ Մոլդովայում վաղ ժամանակներից գինի է արտադրվել։ Այստեղ նաև Հին Հունաստանում և Հռոմեական կայսրությունում կիրառության մեջ եղած փայտե մամլիչներ կան։ Թանգարանում կարելի է տեսնել նաև խաղաղագործության և գինեգործության համար նախատեսված մի քանի մեքենա։

Գործարանի կինոթատրոնը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործարանի Լյումիեր եղբայրների փողոցում՝ 80 մետր խորության տակ 40 մարդու համար նախատեսված կինոթատրոն է գործում։ Այստեղ այցելուները կարող են «Կրիկովա» գինեգործարանի պատմության մասին վավերագրական ֆիլմ դիտել. այն նախատեսված է նաև տարատեսակ միջոցառումների կազմակերպման համար։

Նշանավոր հյուրերը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործարանի մի հատվածում կարելի է տեսնել այն երկրների ղեկավարների լուսանկարները, որոնք տարբեր ժամանակահատվածներում եղել գործարանում. այս շարքում են նաև ՀՀ առաջին և երրորդ նախագահները։

Չնայած այս գործարանում տասնյակ երկրների ղեկավարներ և այլ հայտնի անձինք են եղել, սակայն զբոսավարները շեշտում են, որ իրենց ամենակարևոր հյուրը առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինն է եղել, որն այստեղ 1965 թ.-ին գրառում է թողել.

Այս մառաններում հիանալի գինիների մեծ տեսականի կա։ Հավանաբար, բծախնդիր մարդն էլ այստեղ իր ճաշակով գինի կգտնի։ Թույլ տվեք ձեզ մաղթել, որ այս մառանները հիանալի գիների համար ստացված մեդալներով լցվեն։ Իսկ եթե Երկրի վրա մետաղը չհերիքի, պարտավորվում ենք Լուսնից կամ այլ մոլորակներից բերել։ Շնորհակալություն գյուղաշխատողներին և գինեգործներին իրենց ազնիվ աշխատանքի համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Moldavie : boire Cricova et puis mourir». TV5 MONDE.
  2. https://en.unesco.org/sites/default/files/md_combinatuldevinuri2003_rusorof.pdf

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կրիկովա» գինեգործարանի պաշտոնական կայքը (ռում., անգլ., ռուս.)