Կամ (գործիք)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կամ (այլ կիրառումներ)
Կամ, հացահատիկ (գարի, ցորեն) կալսելու (ծղոտը հատիկից զատելու և հարդի վերածելու) երկրագործական գործիք։ Լայնորեն տարածված էր Առաջավոր Ասիայի երկրներում։ Հայկական լեռնաշխարհում հայտնի էր դեռևս բրոնզի դարում (գտնվել է Լճաշենի դամբարաններից)։ Կամը պատրաստել են ամուր, առջևի մասը գոգավոր, դեպի վեր թեքված մեկ-երկու տախտակից, որոնց հակառակ երեսին՝ փոսիկների մեջ, ծղոտը կտրելու համար, ամրացվել են սուր եզրերով կայծքարե կտրիչներ։ Կամին լծել են քաշող անասուններ (եզ, գոմեշ, ձի, էշ), անասուններին քշելու և ծանրության համար՝ վրան կանգնել մարդիկ։ Կամը եզների լծին ամրացվել է շղթայով, իսկ ձիերին՝ փոկով։ 1940—1950-ական թթ. կոլտնտեսային կալերում աշխատում էին տրակտորով քարշվող մեծ, հաճախ՝ մի քանի շարքով միմյանց կցված սովորական Կամեր։ Գյուղատնտեսության մեքենայացման հետևանքով Կամը դուրս է եկել գործածությունից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 196)։ |