Լևոն Մալխասյան
Լևոն Մալխասյան | |
---|---|
Բնօրինակ անուն | Լևոն Մալխասյան |
Ի ծնե անուն | Լևոն Մալխասյան |
Ծնվել է | 1945 հունվարի 1 Հայաստան, Երևան Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Հայաստան |
Ժանրեր | ջազ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր ջազմեն |
Գործիքներ | դաշնամուր |
Կրթություն | Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան |
Պարգևներ |
Լևոն Պարույրի Մալխասյան ավելի հայտնի որպես Մալխաս (հունվարի 1, 1945, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ջազմեն, կոմպոզիտոր։ ՀՀ ժողովրդական արտիստ (2013)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լևոն Մալխասյանը ծնվել է 1945 թվականի հունվարի 1-ին Երևանում։ Մինչև 4-րդ դասարան սովորել է թիվ 71 դպրոցում, 4-րդ-ից 11-րդ դասարաններում սովորել է Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում (1952-1962 թթ)։ 15 տարեկանում առաջին անգամ սկսեց նվագել դաշնամուր և արդեն դպրոցական տարիներից նվագակցում էր տարբեր երգիչների։ 1962-1967 թթ. ուսանել է Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում՝ ռուսաց լեզու և գրականություն մասնագիտությամբ։ 1963 թ. թմբկահար Արմեն Թութունջյանի՝ Չիկոյի և կոնտրաբասահար Արթուր Աբրահամյանի հետ Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում ստեղծում է ջազային եռյակ, որը կոչվում է դաշնակահարի անունով՝ «Լևոն Մալխասյանի անվան եռյակ» և որը Երևանի առաջին ջազ եռյակն էր[1]։ Եռյակը համերգներ էր տալիս Կոմպոզիտորների միության դահլիճում, ֆիլհարմոնիայի դահլիճում և այլ համերգասրահներում։ Եռյակն՝ արդեն փոփոխված կազմով, գործում է մինչ օրս։ Մի քանի տարի անց եռյակին է միանում սաքսոֆոնահար Ալեքսանդր Զաքարյանը, և եռյակը դառնում է քառյակ։ Քառյակը 1968 թ. Երևանում կայացած Երևանի ջազային փառատոնին ստացել է 1-ին կարգի մրցանակ։ Լավագույնն է ճանաչվել նաև 1970 թ. Կույբիշևում (ներկայումս՝ Սամարա) տեղի ունեցած Համամիութենական փառատոնին՝ վերստին արժանանալով 1-ին մրցանակի։ Լևոն Մալխասյանի քառյակն այդ փառատոնում վերցրել էր նաև լավագույն սաքսոֆոնահարի մրցանակը։ 1972 թվականին Յարոսլավլում համամիութենական փառատոնին կրկին ստանում է մրցանակային 1-ին տեղը՝ «Լավագույն դաշնամուրային գործ» անվանակարգում։ Լևոն Մալխասյանի ջազ քառյակը լավագույնն է ճանաչվում է այդ փառատոնի առհասարակ բոլոր անվանակարգերում։ Քառյակը փառատոնում ներկայացել էր յուրահատուկ գործով՝ 7-րդ դարի հայկական շարականով[2]։ Լևոն Մալխասյանն իր քառյակով մասնակցել է նաև տարբեր փառատոների Թբիլիսիում, Դոնեցկում, Մոսկվայում և այլուր։ 1964-1966 թվականներին նվագել է Սևանի «Ախթամար» ռեստորանում, որի բացումը նույնպես վստահված էր Լևոն Մալխասյանին։ 1975-1977 թվականներին նվագել է «Ինտուրիստ Անի» ռեստորանում՝ քառյակի գրեթե նույն կազմով։ 1980 թվականին 1 տարի նվագել է «Դվին» ռեստորանում, որից հետո հրաժեշտ է տվել ռեստորանային գործունեությանը։ 1973-1980 թթ. Լևոն Մալխասյանը հանդես է եկել տարբեր խմբերում՝ «Կռունկ», «Ծիածան», «Սերպանտին», «КМО»-ում (Комитет молодежных организаций): «Կռունկ»-ի կազմում Ակսել Բակունցի հետ հյուրախաղերով հանդես է եկել ողջ ԽՍՀՄ-ում[3]։ 1980 թ. Լևոն Մալխասյանը Հենրիկ Իգիթյանի գեղագիտական կենտրոնին կից մանկական ֆիլհարմոնիայի տնօրենն էր և Կենտրոնին կից ստեղծել է առաջին ջազ կենտրոնը, որտեղ հավաքվել էին այդ տարիների գրեթե բոլոր ջազմենները։ 1985 թվականին Մալխասյանն Երևանում՝ Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում, կազմակերպել է համամիութենական առաջին եռօրյա ջազային փառատոնը, որին մասնակցում էր 14 քաղաք։ 1986- թվականին Լևոն Մալխասյանը կազմակերպել է «Ջազային համայնապատկեր» մրցույթ-փառատոնը, որին մասնակցում էին ողջ ԽՍՀՄ-ից, այդ թվում նաև Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած big band-ը։ 1996 թվականին, Նուշիկյան ասոցիացիայից հրավեր է ստանում նվագելու «Առագաստ» սրճարանում։ Երեք օր անց Լևոն Մալխասյանը սրճարանում նվագակցելու է հրավիրում Ակսել Բակունցին, հետո Արմեն Հյուսնունցի կվինտետին, Խաչիկ Սահակյանին, Վահագն Հայրապետյանին։ Վերականգնելով «Առագաստ» սրճարանը՝ Լևոն Մալխասյանն այն վերածում է ջազ‐ակումբի և սկսում կազմակերպել ջազ‐փառատոներ։ 1998 թվականին Լևոն Մալխասյանի ջանքերով Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում կայանում է միջազգային ջազային հնգօրյա փառատոն՝ «Ինտերնեյշնլ ջազ ֆեսթիվալ» անվանումով։
«Ինտերնեյշնլ ջազ ֆեսթիվալ»-ին մասնակցում էին արտասահմանյան հայտնի խմբեր՝ New York Voices վոկալ – ինստրումենտալ ջազային խումբը, Նյու Օռլեանի ջազզի վետերանների խումբ և խմբեր՝ ԱՊՀ տարբեր երկրներից[4]։ 2000 թվականին Լևոն Մալխասյանը կրկին կազմակերպում է ջազ փառատոն ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում։ Եռօրյա այս փառատոնին մասնակցում է նաև ջազի արքա Չիկ Կորեան։ 2003 թվականին լույս է տեսնում նաև նրա առաջին ձայնասկավառակը 2006 թվականին ևս, Լևոն Մալխասյանի կազմակերպած ջազի 3-րդ միջազգային փառատոնի շրջանակներումում, Երևանը հյուրընկալում է աշխարհի հայտնի ջազմենների, այդ թվում՝ «Wind and Fire» խմբին։ 2008 թվականին «Շարմ» ընկերության հետ միասին Լևոն Մալխասյանը կազմակերպում է ջազային բացառիկ համերգների մի ամբողջ շարք՝ նվիրված հայկական ջազի 70 ամյակին։ Մի ամբողջ տարի ձգվող այդ փառատոնի շրջանակներում Երևանում համերգներով հանդես են եկել ջազի աշխարհահռչակ աստղեր Էլ Ջերոն, Ջո Քոքերը, Ջորջ Բենսոնը, «Շակատակ» խումբը, Գեորգի Գարանյանը, Թոմա Կոտաշվիլին, Դաթո Ջափարիձեն և ուրիշներ։ Ամբողջ 2008 թվականին յուրաքանչյուր ամիս ջազ համերգ էր տալիս ինչ-որ մի հայտնի դեմքը։ Այդ տարի նշվեց նաև Կոնստանտին Օրբելյանի 80 ամյակը։ Լևոն Մալխասյանը 1964 թվականին ամուսնացել է Նինա Ալեքսանդրի Տեր-Ղազարյանի հետ, որը լողի հնգակի չեմպիոն էր և հայտնի ռենտգենոլոգ-բժշկուհի։ Լևոն Մալխասյանն ունի մեկ աղջիկ՝ Իրինա Մալխասյանը, ով դասախոսում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, նաև կոմպոզիտոր է, երգչուհի[5]։ Լևոն Մալխասյանը կատարել է բազմաթիվ ջազային գործերի մշակումներ, հեղինակել մեկ գործ՝ «Երևան ջան» վալսը, որը նաև համանուն ֆիլմի սաունդթրեքն է[6]։ Լևոն Մալխասյանն ուներ երեք երազանք, որոնք բոլորն էլ իրականացել են[7]։ Առաջին երազանքն էր՝ մեկնել ԱՄՆ և ակումբում լսել այն մարդկանց, որոնց շնորհիվ նա սկսել էր նվագել։ Այդ երազանքը նա իրականացրեց 1990 թվականին։ Երկրորդ երազանքն էր՝ ամերիկյան մեգաաստղերի հետ միասին Երևանում անել միջազգային ջազ-փառատոն։ Դա մի քանի անգամ հաջողվեց անել։ Իսկ երրորդ երազանքը սեփական ջազ ակումբ ունենալն էր։ Դա նույնպես իրականացավ. 2006 թվականին Երևանում հիմնադրվեց «Մալխաս ջազ ակումբը», որը գործում է մինչ օրս։ «Մալխաս ջազ ակումբ»- ում այսօր նվագում են 7 ջազային խումբ և շաբաթվա բոլոր օրերին կա համերգ։ Այն մեծ մասսայականություն է վայելում Երևանում[8][9]։ Լևոն Մալխասյանը հյուրախաղերով հանդես է եկել մոտ 50 երկրում։ 1999 թ. արժանացել է Հայաստանի «Մովսես Խորենացի» մեդալի, 2003 թ.՝ Երևանի պատվավոր քաղաքացու, 2007 թ.՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչումներին, 2008 թ.՝ ՌԴ Լոմոնոսովի անվան մեդալի՝ հայկական ջազ երաժշտությունը արտերկրում տարածելու համար։ 2010 թ. ՀՀ մշակույթի նախարարության կողմից արժանացել է ոսկե մեդալի, 2013 թ.՝ ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը[10]։ Լևոն Մալխասյանն արժանացել է «Ոսկե ծիրան» կինոփռատոնի ոսկե մեդալին, Առնո Բաբաջանյանի ոսկե մեդալին։ Լևոն Մալխասյանը Կանադայի Ինֆորմատիկայի ինստիտուտի ակադեմիկոս է։ Կրեմլում կայացած «Կարոտ» մրցանակաբաշխության դափնեկիր է, Համամիութենական ջազ փառատոնի դափնեկիր։ Սլավոնական համալսարանի կողմից ճանաչվել է տարվա մարդ[11][12]։
Ձայնասկավառակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2003 Լևոն Մալխասյան
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Մրցանակ |
---|---|
1999 | ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալ[1] |
2003 | Երևանի պատվավոր քաղաքացի[1] |
2007 | ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ[1] |
2008 | ՌԴ Լոմոնոսովի անվան մեդալի` հայկական ջազ երաժշտությունը արտերկրում տարածելու համար[1] |
2010 | ՀՀ մշակույթի նախարարության կողմից արժանացել է ոսկե մեդալի[1] |
2013 | ՀՀ ժողովրդական արտիստ[13] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ https://www.yerevan.am/uploads/media/default/0001/08/18d5c05747dd90f5c5290f5ccc643211bffc506b.pdf
- ↑ http://archive.ankakh.com/?p=131962
- ↑ https://www.24news.am/news/37166
- ↑ Լ. Մալխասյան. «Ջազը տվյալ պահի, չկրկնվող հոգեվիճակ է»
- ↑ «Ջազմեն Լևոն Մալխասյանը թվարկում է Երևանի՝ իր ամենասիրած վեց վայրերը։». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ https://armeniasputnik.am/exclusive/20171221/9893077/malxas-hamerg-moskva-jaz.html
- ↑ https://www.aravot.am/2016/04/26/684629/
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ https://president.am/hy/congratulatory/item/2014/12/24/President-Serzh-Sargsyan-congratulation-to-Levon-Malkhasyan/
- ↑ https://www.aravot.am/tag/%D5%AC%D5%A5%D6%82%D5%B8%D5%B6-%D5%B4%D5%A1%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6/
- ↑ «Չեմ ձգտել պաշտոնների․․․ Իսկ ո՞վ գնա իմ երազանքների ետևից․․․»․ Մալխաս
- ↑ http://topnews.mediamall.am/?id=49262
- Երևան քաղաքում ծնվածներ
- ԵՊԼՀ շրջանավարտներ
- Երևանի պատվավոր քաղաքացիներ
- ՀՀ ժողովրդական արտիստներ
- ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հունվարի 1 ծնունդներ
- 1945 ծնունդներ
- Հայ երգահաններ
- Հայ ջազմեններ
- Հայ կոմպոզիտորներ
- Խորհրդային կոմպոզիտորներ
- Հայ դաշնակահարներ
- Հայ երաժիշտներ
- Խորհրդային դաշնակահարներ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ