Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Լիգնին (լատ. Lignum—ծառ, փայտահյութ), բնական պոլիմերային միացություն բնափայտի մեջ։ Դեղնա-դարչնավուն, ամորֆ, ջրում և օրգանական լուծիչներում չլուծվող նյութ է։ Ներկվում է հիմնային ներկերով։ Կառուցվածքը ճշգրիտ չի պարզված, միայն հայտնի է, որ կազմված է արոմատիկ սպիրտների պոլիմերացման արգասիքներից, որի հիմնական մոնոմերը կոնիֆերիլսպիրտն է.
CH=CH—CH2OH OCH3 I OH
Տալիս է ֆենոլներին բնորոշ գունավորման ռեակցիաներ։ Լիգնինի կենսասինթեզը չի ուսումնասիրված։ Նրա ստացումը իրականացվում է հետևյալ հիմնական փուլերով. շիկիմաթթու-> ֆենիլալանին-> դարչնաթթու-> ֆերիլաթթու-> կոնիֆերիլ-> սպիրտ-> ։ Արդյունաբերության մեջ ստացվում է որպես թաղանթանյութի արտադրության թափոն (սուլֆատային Լիգնին, լիգնինսուլֆոնաթթու) և բուսական նյութերի հիդրոլիզի արդյունք (հիդրոլիզային Լիգնին)։ Զանազան ֆունկցիոնալ խմբերի առկայության շնորհիվ Լիգնինը ենթարկվում է բազմաթիվ քիմիական փոխարկումների՝ հիդրման, հալոգենացման, նիտրացման, օքսիդացման և այլն։ Հիմքերի հետ հալելիս տալիս է պիրոկատեխին, պիրոկատեխաթթու, օքսիդացնելիս՝ վանիլին։ Լ. արժեքավոր քիմ. հումք է, սակայն դեռևս լայն կիրառություն չի գտել։ Կիրառվում է պլաստմասսաների արտադրության մեջ՝ որպես լցոն, խեժերի, ցեմենտի և ճանապարհաշինարարության
բետոնի մեջ՝ որպես հավելում, ծակոտկեն կղմինդրի արտադրության մեջ, խեցեգործական իրերի ձևավորման ժամանակ, կաշվի դաբաղման պրոցեսում ևս։ Լիգնինից ստանում են վանիլին, վանիլինաթթու, պիրոկատեխալդեհիդ, պիրոկատեխաթթու, պիրոկատեխին և արժեքավոր այլ նյութեր։ Բժշկության մեջ Լիգնին կամ փայտե բամբակ անվանում են վիրակապման համար կիրառվող նուրբ ծալքավորված թերթերը, որոնք ստացվում են փշատերև ծառերի բնափայտից մեխանիկական և քիմիական մշակման միջոցով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 611)։