Իշտվան I, հայտնի է նաև որպես Սուրբ Իշտվան I արքա (հունգ.՝ Szent István király, մոտ 975, Էստերգոմ, Էսստերգոմ շրջան, Esztergom County, Հունգարիայի թագավորություն - օգոստոսի 15, 1038[1], Szentkirály (Esztergom), Էստերգոմ, Հունգարիայի թագավորություն), հունգարների վերջին մեծ իշխանը (997-1001), ում պետականամետ գործունեության արդյունքում 1001 թվականին ստեղծվում է Հունգարիայի թագավորությունը և վերջինս դառնում է միապետության առաջին արքան[3]։ Իշտվանը Հունգարիայի արքայի պաշտոնում կառավարում է մինչև մահը՝ 1038 թվականը։ Իշտվանի ծննդյան հստակ ամսաթիվ աղբյուրները մեզ չեն հաղորդում, թեպետ ուսումնասիրությունները հավաստում են, որ «հունգարների առաջին արքան» ծնվել է 975 թվականին Էստերգոմում։ Ծնվելուն պես նա ստանում է «Վայկ» անունը, որը թարգմանաբար նշանակում է «զինվոր»։ Իշտվանը եղել է Հունգարիայի մեծ իշխան Գեզայի որդին։ Հունգարիայում քրիստոնեության ընդունումից հետո Իշտվանը դառնում է ընտանիքի առաջին անդամը, ով մկրտվում է որպես քրիստոնյա։ Ամուսնացել է սաքսոնական ծագմամբ Գիզելա Բավարացու հետ։
Հունգարական իշխանաց գահը հորից ժառանգելոււ համար 997 թվականին Իշտվանը ստիպված է լինում առճակատվել իր բարեկամներից մեկի՝ ռազմական հասարակության շրջանում մեծ ժողովրդականություն վայելող Կոպպանի հետ։ Երկարատև մարտերից հետո Իշտվանը՝ բազմաթիվ արտասահմանյան ասպետների և տեղացի ազնվականների օժանդակությամբ կարողանում է հաղթել մրցակցին՝ դառնալով հունգարական գահի միակ հավակնորդը։ Ըստ տարբեր աղբյուրների՝ Իշտվանը թագադրվել է 1000 թվականի դեկտեմբերի 25-ին կամ 1001 թվականի հունվարի 1-ին՝ Հռոմի պապ Սիլվեստր II-ի ուղարկած թագով[4]։ Թագավորական իշխանությունն էլ ավելի կենտրոնացնելու և ուժեղացնելու նպատակով Իշտվանը արշավանք է ձեռնարկում կիսանկախ կարգավիճակ ունեցող սև հունգարներին հպատակեցնելու և հորեղբոր՝՝ Հյուլա Երիտասարդի ապստամբական ուժերը ջլատելու համար։ Այս ամենից հետո Հունգարիայի թագավորությունը տարածվում է մինչև Միջինդանուբյան դաշտավայր։ Իշտվանը 1030 թվականին դիմագրավում է Սրբազան Հռոմեական կայսրության ասպատակություններին և պահպանում իր պետական անկախությունն ու տարածքային ամբողջականությունը։
Իշտվանն իր կառավարման ժամանակ մեծ տեղ է հատկացրել քրիստոնեական արժեքներին։ Նրա օրոք Հունգարիայում կառուցվել է առնվազն մեկ արքեպիսկոպոսարան, վեց եպիսկոպոսարան և շուրջ երեք բենեդիկտյան վանքեր։ Նա խրախուսում է քրիստոնեական ուսմունքի տարածումը և խիստ պատիժներ է նախատեսում այն անտեսողների համար։ Հունգարիան, որն աչքի էր ընկնում որպես համեմատականորեն խաղաղ երկիր, կարճ ժամանակահատվածում դառնում է կարևոր հատուղի Արևմտյան Եվրոպա գնացող առևտրականների կամ Երուսաղեմ և Կոստանդնուպոլիս գնացող ուխտավորների համար։
↑"Hartvic, Life of King Stephen of Hungary" (Translated by Nora Berend) (2001). In Head, Thomas. Medieval Hagiography: An Anthology. Routledge. pp. 378–398. ISBN 0-415-93753-1.
↑"Pope Gregory VII's letter to King Solomon of Hungary, claiming suzerainty over that kingdom". In The Correspondence of Pope Gregory: Selected Letters from the Registrum (Translated with and Introduction and Notes by Ephraim Emerton). Columbia University Press. pp. 48–49. ISBN 978-0-231-09627-0.