Jump to content

Թովմաս Նազարբեկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թովմաս Նազարբեկյան
ապրիլի 4, 1855(1855-04-04) - փետրվարի 19, 1931(1931-02-19) (75 տարեկան)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահվան վայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ծառայության տարիներ18771928
Կոչումգեներալ-մայոր[1]
Հրամանատարն էր2-րդ Կովկասյան հրաձգային կորպուս
Մարտեր/
պատերազմներ
Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878)[1], Ռուս-ճապոնական պատերազմ[1], Առաջին համաշխարհային պատերազմ և Կովկասյան արշավանք
ԿրթությունՄոսկվայի երկրորդ կադետական կորպուս[1]
Պարգևներ
Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան թրերով Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 1-ին աստիճանի շքանշան թրերով Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի թրերով շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան Order of St. Anna 2nd class with swords Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան Order of St. Anne 3rd class with swords and bow Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան Order of Saint Stanislaus (House of Romanov) Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան Ոսկե զենք «Քաջության համար» և «Ի հիշատակ Ռոմանովների արքայատոհմի գահակալման 300-ամյակի» մեդալ

Թովմաս Հովհաննեսի Նազարբեկյան (Ֆոմա Նազարբեկով, ապրիլի 4, 1855(1855-04-04), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - փետրվարի 19, 1931(1931-02-19), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հին տոհմական ազնվական ընտանիքի զավակ, հայ ռազմական գործիչ, ռուսական բանակի գեներալ-մայոր, Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության գեներալ-լեյտենանտ, զորատեսակի գեներալ (բանակի գեներալ), սպարապետ։ 1918 թ-ի Մայիսյան հերոսամարտերը տեղի են ունեցել նրա ընդհանուր հրամանատարությամբ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ պատմության խոշոր անհատներից մեկը դարձավ Թովմաս Նազարբեկյանը։ Նա ռազմական երկարատև կարիերայի միայն վերջին 6-7 տարին ծառայեց իր հայրենիքին, սակայն այն, ինչ կարողացավ անել, մինչև այսօր էլ դեռ պատշաճ գնահատականի չի արժանացել։ Թովմաս Հովհաննեսի Նազարբեկյանը (Ֆոմա Նազարբեկով) ծնվել է 1855 թվականի օգոստոսի 4-ին Վրաստանի Թիֆլիս քաղաքում։ Ռուսաստանի և Հայաստանի Առաջին Հանրապետության բանակների ռազմական գործիչ է։ Սերում է հին տոհմական ազնվական ընտանիքից։ Մահացել է 1931 թվականին Թիֆլիսում։ Հայաստանում զորավարի անունով կոչվել է թաղամաս, իսկ պաշտպանության նախարարությունը սահմանել է մեդալ։

Թովմասը ծննդավայրում նախնական կրթությունը ստանալուց հետո ընդունվում է Մոսկվայի զինվորական գիմնազիան, ավարտում 1874 թվականին։ Զինվորական կրթությունը շարունակում է Ալեքսանդրյան ռազմական ուսումնարանում և 2 տարի անց՝ 1876 թվականին ավարտում՝ արդեն սպայի կոչում ստացած։ Նազարբեկովն ավարտում է շտաբս-կապիտանի զինվորական աստիճանով։ Ամիսներ անց, 1877-1878 թվականներին բռնկվում է ռուս-թուրքական պատերազմը։ Ինչպես ողջ պատերազմի և հատկապես Արդահանի բերդի պաշարման ընթացքում ցուցաբերած հերոսության համար ստանում է առաջին մարտական պարգևը։ Այդ ժամանակ ընդամենը 22 տարեկան էր։ Եվ երիտասարդ Թովմաս Նազարբեկյանը կամ Ֆոմա Նազարբեկովը, ինչպես նրան կոչում էին ռուսական բանակում, պատերազմի բոցերի մեջ էր՝ որպես երևանյան գնդի հրամանատարի փոխտեղակալ։ Թովմաս Նազարբեկյանը առաջին ռազմական մկրտությունը ստացավ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Կովկասյան ճակատում։ Հիշենք, որ նա այս տարիներին Կովկասյան ռազմաճակատում Կովկասյան կոմկուսի կազմում ակտիվորեն մասնակցեց արևմտյան Հայաստանի ազատագրման գործին։ Հիշենք և՛ Կարսի ճակատամարտի, և՛ մինչ այդ, Սարիղամիշի հայտնի օպերացիայի ժամանակ, ինչպես նաև Ալաշկերտի ազատագրման ժամանակ նա ռազմական գործողությունների ակտիվ մասնակիցներից մեկն էր։ Այս տարիներին էր, որ նա պարգևատրվեց առաջին անգամ «Սբ․ Աննայի» 3-րդ կարգի շքանշանով։ Հենց ռուս-թուրքական պատերազմների վերջին փուլում 1877թ․ վերջին նա շտաբս-կապիտանի, ապա վաշտի հրամանատարի կարևոր պաշտոնով որոշակի դերակատարում ունեցավ կովկասյան ճակատում ռազմական ակտիվ գործողությունների իրականացման գործում։ Արդահանի բերդի պաշարման ժամանակ նա զորավար Հեյանի համհարզն էր։ 1904-1905 թվականներին ռուս-ճապոնական պատերազմներին։ 1907-1914 թթ. պաշտոնաթող է գեներալ-մայորի աստիճանով։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կռվել է Կովկասյան ճակատում, 1914 թվականի հոկտեմբերի 22-ից եղել է Կովկասյան 2-րդ հրաձգային բրիգադի, իսկ 1916 թվականի նոյեմբերի 18-ից Կովկասյան 2-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար։ 1915 թվականի ապրիլի 16-18-ին Դիլմանի մոտ պարտության է մատնել Խալիլ բեյի դիվիզիային, որի համար արժանացել է Գեորգիևյան խաչի 4-րդ աստիճանի շքանշանի։

Հարաբերականորեն խաղաղ զինվորական ծառայությանը հաջորդող 2,5 տասնամյակի ընթացքում ամենուր ցուցաբերում է իսկական զինվորականին վայել վարք ու բնավորություն։ Պատերազմից հետո նշանակվում է նույն գնդի հրամանատար։ Թովմաս Նազարբեկյանը երևանյան գնդում սովորություն ուներ երբեմն ճաշել շարքային զինվորների հետ։ Բացի այդ, նա ամեն օր մտնում էր խոհանոց, համտեսում այն, նոր միայն թույլ տալիս բաժանել կերակուրը գնդի զինվորներին։ Հետևում էր, որպեսզի հանկարծ սննդի պատասխանատուները ռիսկ չանեն հասարակ զինվորի ուտելիքի վրա աչք թեքել ու նրանց կերակրել հատկացվածից պակաս չափով։ Բացի այդ, իր պարզ ու բարի բնավորության շնորհիվ արագորեն մտերմանում և ջերմ հարաբերություններ էր ստեղծում ինչպես ենթակաների,այնպես էլ հրամանատարության հետ։

1877-1881 թվականներին եղել է 4-րդ գումարտակի համհարզ, 13-րդ վաշտի հրամանատար, 1881-1895 թվականներին՝ Վրացական հեծելազորային գնդի 2-րդ, ապա՝ 1-ին վաշտերի հրամանատար, 1895-1896 թվականներին՝ գնդի ավագ սպա, գնդի դատարանի նախագահ, 1896-1901 թվականներին՝ 4-րդ պահեստային գումարտակի հրամանատար։

Այդպես, 1901 թվականին Թովմաս Նազարբեկյանը ստանում է գնդապետի կոչում և 1904 թվականին սկիզբ առած ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ ճակատ է մեկնում հենց գնդապետի կոչումով։ Ճակատային գծից Թիֆլիս, Մոսկվա և Պետերբուրգ անընդհատ լուրեր են հասնում, գնդապետ Նազարբեկովի և նրա ստորաբաժանման քաջագործությունների մասին։ Հայ զինվորականը աչքի է ընկնում հատկապես Մուկդենի ճակատամարտում։

1902-1904 թվականներին եղել է Անդիջանի գումարտակի հրամանատար, 1904-1906 թվականներն՝ Կիրսանի 286-րդ հետևակային գնդի հրամանատար, 1906-1907 թվականներին՝ Օլոնեցկի 14-րդ հետևակային գնդի հրամանատար։

1907-1914 թվականներին՝ գեներալ-մայորի աստիճանով եղել է պահեստազորում։ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո զորակոչվել է զինվորական ծառայության։ 1914 թվականներին եղել է Կովկասյան 2-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար, 1917թվականներին՝ Երևանյան ջոկատի պետ և կորպուսի հրամանատարի իրավունքներով նահանգի զորքերի հրամանատար, 1917-1918թվականներին՝ Հայկական առանձին բանակային կորպուսի հրամանատար, 1919-1920 թվականներին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության զորքերի հրամանատար-սպարապետ, ռազմական խորհրդի նախագահ։ 1919 թվականի հուլիսի 15-ին շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում։ Թովմաս Նազարբեկյանի ընդհանուր հրամանատարությամբ հայկական զորքերը 1918 թվականի մայիսի երրորդ տասնօրյակում կասեցրել են թուրքերի հետագա առաջխաղացումը Վանաձորի (Ղարաքիլիսա) ուղղությամբ։ Հետագայում շարունակել է ծառայությունը Հայաստանի Հանրապետության բանակում։ Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո, 1921 թվականի հունվարին մի խումբ հայ և ռուս սպաների հետ աքսորվել է սկզբում Մոսկվա, ապա Ռյազանի համակենտրոնացման ճամբար։ Վերադարձել է նույն թվականին։ Ապրել է ծայրահեղ աղքատության մեջ։ Գրել է հուշեր։

Ռազմական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուս-ճապոնական պատերազմի ավարտից հետո ցարական իշխանությունն անօրինակ հալածանքներ էր սկսել հայ ժողովրդի դեմ։ Զինվորական շտաբների հրամանտարությանը գաղտնի հրահանգ էր իջեցվել, հայ սպաներին այլևս գնդապետից բարձր զինվորական կոչում չշնորհել, որքան էլ նրանք արժանավոր լինեն ու վաստակած լինեն այդ կոչումը։ Այդպես, Նազարբեկովը նույնպես ընկնում և սև ցուցակի մեջ, քանի որ նա ևս պետք է ստանար գեներալի կոչում։ Այդ օրերին նրա ապրումներն ու գործողությունները նկարագրել է Դրաստամատ Կանայանը։ Զորավար Դրոն 1948թվականին «Հայրենիք» ամսագրում հրատարակած իր «Ինչպես գեներալ Նազարբեկովը վերադարձավ հայության գիրկը» վերնագրով հուշարության մեջ։ Այս պատմությունը Դրոն լսել էր սկզբում ռուսներից, ավելի ուշ հարց ու փորձելով Նազարբեկովին, վստահացել դրա արժանահավատության և հավաստիության մեջ։ Ըստ այդ պատմության, Մուկդենի ճակատամարտի հերոս Նազարբեկովը ռուս-ճապոնական պատերազմում զինադադարի կնքումից հետո մտնում է հրամանատարական կենտրոն, ուր նրա անմիջական հրամանատարը համբույրներով ու շնորհավորանքով է դիմավորում ու հայտնում ցավով, որ ըստ գաղտնի հրամանի, հայերն այլևս չեն կարող գնդի հրամանտարի պաշտոնից ավելի բարձր պաշտոնի հավակնել, այն էլ, միայն Հայաստանից դուրս, ինչպես նաև գնդապետի կոչումից ավելի բարձր ուսադիներ ստանալ։ Զորաբաժնի հրամանատարը նաև առաջարկում է ընտրել ցանկացած գունդ, ցանկացած վայրում, և ինքը Նազարբեկովին կնշանակի այդ գնդի հրամանատար։ Նազարբեկովը հրաժարվում է և ներկայանում կովկասյան զորքերի հրամատարին։ Վերջինս նախ տեղեկացնում է, որ գնդապետը ռուս-ճապոնական պատերազմում ցուցաբերած հերոսության համար պարգևատրվել է ոսկե սրով։ Նազարբեկովը շնարհակակության հետ նաև ցանկություն է հայտնում անհապաղ ղեկավարել երևանյան գունդը։ Կովկասյան զորքերի ընդհանուր հրամանատարը նշելով, որ չի կարող դա թույլ տալ, ավելացնում է․ «Եվ զինվորը, չգիտեմ թե ինչ հիմքով և ինչ քաղաքականությամբ է նման հրաման տրվել, դա միայն ձեզ չի վերաբերվում, այլ հայկական ծագում ունեցող բոլոր հայ սպաներին»։ Նազարբեկովը պատասխանում է․ «Մինչև օրս ես ինձ զգացել եմ ռուսական քաղաքացի, և ռուս բանակի ու ռուս կայսրության ամենից հավատարիմ սպան։ Այսօր ես պատիվ ունեմ հայտարարելու, որ ես ոչ միայն ծագումով են հայ, այլ ուղղակի հայ եմ, և իմ հայության նկատմամբ այս անարդար անվստահությունից հետո միայն մի պատասխան կարող եմ տալ,ես դուրս եմ գալիս բանակից»։ Նա սեղանին է դնում հրաժարականի նախօրոք պատրաստած դիմումը։ Այդ դիմումին 4 ամիս ընթացք չեն տալիս, փորձելով հետ համոզել այդ օրվանից արդեն վերջնականապես Թովմաս Նազարբեկյան դարձած հայ զորականին։ Բայց նա մնում է հաստատակամ, չի զղջում նույնիսկ այն դեպքում, երբ ռուսական հրամանատարությունը , այնուամենայնիվ, նրան գերենալ մայորի կոչում է շնորհում։ Նազարբեկովը այդպես 8 տարի ապրում է որպես պաշտոնաթող գեներալ։ Այդ տարիների մասին Հայաստանի առաջին Հանրապետության ապագա վարչապետ Համո Օհանջանյանը գրում է․«Հիշում եմ, թե ինչպես մենք՝ պատանիներս, Թիֆլիսի փողոցներում, երբ տեսնում էինք Թովմաս Նազարբեկյանի հաղթանդամ հասակը, հպարտությամբ և պարծանքով իրար մատնանշում էինք նրան, և կարծես մենք էլ մի քիչ նրա փառքից մեզ բաժին հանած էինք զգում»։ Երբ 1914 թվականին սկիզբ առավ առաջին համաշխարհային պատերազմը, գեներալ Նազարբեկյանին նորից հրավիրեցին ռուսական բանակ՝ նկատի ունենալով նրա տարիքը (նա 60-ի շեմին էր)։ Առաջարկեցին թիկունքային գեներալի պաշտոն։ Ինքը՝ վաղուց արդեն հայության գիրկը վերադարած գեներալը, վաղուց արդեն այլ ծրագրեր ուներ։ Գիտեր, որ ռուս-թուրքական կամ կովկասյան ճակատում իր ազգի բախտն էր տնօրինվում։ Դրա համար պայման է դնում, որ ինքը բանակ կվերադառնա, եթե իրեն կովկասյան ճակատ գործուղեն։ Շուտով նշանակվում է հրաձգային դիվիզիայի հրամանատար։ 1914թվականի հոկտեմբերից արդեն մասնակցում էր մարտական գործողությունների։ Նրա դիվիզիայի կազմում էին կռվում հայկական մի քանի կամավորական, այդ թվում նաև Անդրանիկ Օզանյանի հրամանատարության գործող գունդը։ Հենց այդ օրերից էլ կապվում է գեներալ Նազարբեկյանի ու հայության ճակատագրերը և մինչև բոլշևիկների կողմից ձերբակալվելը, այսինքն 1921թվականը, զորավարը շատ մեծ նմանություններով կրկնեց հայ ժողովրդի ու հայոց նորաստեղծ պետականության ճակատագիրը։

Առաջին աշխարհամարտում Թովմաս Նազարբեկյանը՝ որպես դեռ ռուսական բանակի գեներալ,մի շարք փայլուն հաղթանակներ տարավ։ Թուրքական բանակի կովկասյան ճակատի հրամանարը՝ նույն ինքը՝ ռազմական հրամանատար Էնվեր փաշան էր։ Թուրքերը նպատակ ունեին գրավելու ողջ Ռուսահայաստանն ու Վրաստանը, հասնել Բաքու, այնտեղից միանալ Առաջավոր Կովկասի լեռնացի մուսուլմաններին, ու իրականացնել պանթուրանիզմի ծրագիրը։ Սակայն ռուսական բանակը Սարիղամիշի ճակատամարտում ռուսական բանակը նրան այնպիսի պարտության մատնեց, որ Էնվերը մի կերպ, այն էլ Հովհաննես Չաուշ անունով թուրքական բանակի հայ զինվորի օգնությամբ կարողացավ գլուխն ազատել։ Սարիղամիշի ճակատամարտում Էնվերի կրած պարտությունից հետո դեռևս ամեն ինչ բարեհաջող էր ընթանում հայության համար։

Հաջորդը՝ Դիլմանի ճակատամարտն էր,եթե Էնվերը շարժվում էր դեպի Կովկաս, նպատակ ունելալով շարժվել Թիֆլիս ու Բաքու, ապա Խալիլ փաշան իր բանակը հարավով տանում էր դեպի պարսկական Ատրպատական։ Նրանց դեմը կտրում է Նազարբեկյանի հրամանատարությամբ գործող դիվիզիան ու Անդրանիկի կամավորական գունդը։

Փայլուն զորավարական տաղանդ ցուցաներելով՝ Նազարբեկյանն այնպես է ամրացնում իր բանկի դիրքերը, որ թուրքերը մի քանի անհաջող հարձակումից հետո նահանջի հրաման են տալիս։ Այդ ժամանակ արդեն հայ կամավորներն ու ռուսական բանակն անցնում են սրընթաց հակահարձակման և գրեթե գլխովին ջանջախում թուրքերին։ Այստեղից էլ Խալիլ փաշան է մի կերպ ճողոպրում։ Հետագայում հենց ինքը խոստովանում է, որ չհասցրեց անգամ կոշիկները հագնել։ 1919 թվականի մարտի 25-ին Թովմաս Նազարբեկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության բանակի ռազմական խորհրդի նախագահ, 1919 թվականի ապրիլի 24-ին միաժամանակ նշանակվել է զինված ուժերի գլխավոր հրամանատար-սպարապետ։ Հայաստանում խորհրդային իշխանության հաստատվելուց հետո բռնադատվել է և աքսորվել։ Բանակում ծառայել է 39 տարի։

  • 1877 թվականին Ս. Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշանով
  • 1878 թվականին Ս. Աննայի 3-րդ աստիճանի շքանշանով
  • 1892 թվականի նոյեմբերի 26-ին Ս. Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշանով
  • 1901 թվականի սեպտեմբերի 22-ին Ս. Աննայի 2-րդ աստիճանի շքանշանով
  • 1904 թվականին «Ոսկյա զենքով քաջության համար»
  • 1905 թվականի մարտի 3-ին Ս. Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշանով
  • 1915 թվականի մարտի 25-ին Ս. Ստանիսլավ 1-ին աստիճանի շքանշանով
  • 1915 թվականի մարտի 15-ին Ս Աննայի 1-ին աստիճանի շքանշանով
  • 1915 թվականի հունիսի 15-ին Ս. Գեորգիի շքանշանի 4-րդ աստիճանի շքանշանով
  • 1916 թվականի հունիսի 10-ին Ս. Վլադիմիրի շքանշանի 2-րդ աստիճանի շքանշանով

2004 թվականիի օգոստոսի 6-ին Մոսկվայի զինվորական օկրուգի զինվորական դատախազության որոշմամբ արդարացվել է։ Զինվորական գրող, գնդապետ Հայկ Հայրապետյանի <<Վերջին սպարապետը>> կենսագրական վեպը ներկայացնում է Թովմաս Նազարբեկյանի կյանքն ու զինվորական անցած ճանապարհը (ռուսերեն, Մոսկվա, 1995թվական, 303 էջ, 5000 օրինակ)։ 1994 թվականին Երևանում լույս է տեսել Թովմաս Նազարբեկյանի «Հայկական կորպուսն ընդդեմ թուրքական զորքերի (1917 թվական, նոյեմբեր – 1918 թվական, հուլիս)» հուշերի գիրքը։

  • Հայկական կորպուսն ընդդեմ թուրքական զորքերի (1917 թվականի նոյեմբեր-1918 թվականի հուլիս), Երևան, 1994։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 141.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թովմաս Նազարբեկյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 141