Jump to content

Թեքս Էյվերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեքս Էյվերի
անգլ.՝ Tex Avery
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 26, 1908(1908-02-26)[1][2][3][…]
ԾննդավայրTaylor, Վիլյամսոն շրջան, Տեխաս, ԱՄՆ[4]
Մահացել էօգոստոսի 26, 1980(1980-08-26)[1][2][3][…] (72 տարեկան)
Մահվան վայրԲըրբանք, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
ԳերեզմանՖորեստ Լոուն հուշայգի
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունNorth Dallas High School?
ԵրկերBugs Bunny?
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, մուլտիպլիկատոր, հնչյունավորող, storyboard artist և ռեժիսոր
ԱշխատավայրWinkler Pictures?[4], Universal Studios[4], Warner Bros. Cartoons?[4], Մետրո Գոլդվին Մայեր[4] և Paramount Pictures[4]
ԱմուսինPatricia Agnes Avery?
Պարգևներ և
մրցանակներ
Կայքtexavery.com
 Tex Avery Վիքիպահեստում

Թեքս Էյվերի, Ֆրեդ Էյվերի կամ Ֆրեդերիկ բին Էյվերի (անգլ.՝ Tex Avery կամ անգլ.՝ Frederick Bean Avery, փետրվարի 26, 1908(1908-02-26)[1][2][3][…], Taylor, Վիլյամսոն շրջան, Տեխաս, ԱՄՆ[4] - օգոստոսի 26, 1980(1980-08-26)[1][2][3][…], Բըրբանք, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի մուլտիպլիկատոր, ռեժիսոր-մուլտիպլիկատոր, հնչունավորող դերասան։

Առավել հայտնի է մուլտիպլիկացիոն ժապավեններով, որոնք արտադրվել են այսպես կոչված «հոլիվուդյան մուլտիպլիկացիայի ոսկե դարաշրջանում»։ Առավել ուշագրավ են նրա աշխատանքները, որոնք կատարվել են Warner Bros. և Մետրո-Գոլդուին-Մայեր ստուդիաների համար։ Էյվերին նաև այնպիսի մուլտպերսոնաժներ է ստեղծել, ինչպիսիք են Դաֆի Դաքը, Բագզ Բանին, Դրուպին, Խենթ Սկյուռը (Screwy Squirre), Ջորջը և Փոքրիկը (George and Junior), մասնակցել է Պորկի Փիգ և Չիլի Վիլի (վերջինը Վալթեր Լանցի ստուդիայի համար) կերպարների մշակմանը։ Էյվերի ազդեցությունը մուլտիպլիկացիայի վրա՝ որպես ճյուղ, կարելի է տեսնել 1940-1950-ական թվականների տարբեր ստուդիաների անիմացիոն սերիաների մեծ մասի աշխատանքներում։

Էյվերիի ոճը արմատապես տարբերվում է Ուոլթ Դիսնեյ ընկերության ոճից, որն այդ ժամանակ գերակշռում էր անիմացիայի շուկայում։ Դիսնեյը հավատարիմ է եղել ռեալիզմի և արժանահավատության սկզբունքներին, իսկ Էյվերին համարել է, որ անիմացիայի նպատակն է հանդիսատեսին ցույց տալ այնպիսի բաներ, որոնք անհնար են կինեմատոգրաֆի համար։ Շատ հաճախ մեջբերվում է Թեքս Էյվերիի հայտարարությունը, որը հետևյալն էր. «մուլտֆիլմում դուք կարող եք անել ամեն ինչ», և նրա ժապավենները հաճախ ապացուցում են դա։

Էյվերին նաև հաճախ մասնակցել է իր ֆիլմերի ձայնավորման աշխատանքներին։ Որպես կանոն, նա արտաբերել է առանձին արտահայտություններ, ինչպիսիք են՝ Ձմեռ պապիկի՝ «Ով ում սպանեց» (անգլ.՝ Who Killed Who?), բայց եղել են նաև բացառություններ։ Օրինակ, Էյվերիի ձայնով է խոսում Դրուպիի կերպարը «The Shooting of Dan McGoo», «Wild and Woolfy», «Northwest Hounded Police» ժապավեններում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ, կարիերայի սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էյվերին մեծացել է իր հայրենի Թեյլոր քաղաքում (Տեխաս նահանգ), 1927 թվականին ավարտել է Հյուսիսային Դալլասի Միջնակարգ Դպրոցը[6]։ Նրա դպրոցում մեծ ժողովրդականություն էր վայելում «Ինչպե՞ս ես դոկ» (What’s up, doc?) արտահայտությունը, որը 1940-ական թվականներին հանրահռչակ է դարձրել՝ Բագզ Բաննիի խոսքում հնչեցնելով։

Էյվերին մուլտիպլիկատորի կարիերան սկսել է Ուոլթեր Լանց (Walter Lantz Productions) ստուդիայում, որտեղ 1930-ականների սկզբին աշխատել է «Oswald the Lucky Rabbit» անիմացիոն շարքի վրա (Էյվերին անվանագրերում ներկայանում է որպես անիմատոր)։ Լանց Էյվերին իր աշխատանքի ընթացքում կարողացել է հասնել ռեժիսորի պաշտոնին և ինքնուրույն ռեժիսավորել երկու ժապավեն։

Գրասենյակային հիմարությունների ժամանակ նրա ձախ աչքի մեջ ընկել է գրասենյակային ամրակ, որը նետել էր մուլտիպլիկատոր Չարլզ Հասթինգը[7]։ Դա առաջացրել է տեսողության մասնակի կորուստ։ Ավելի ուշ ասել են, որ զրկվելով երկդիտակ տեսողությունից և տարածության խորությունը ընկալելու կարողությունից, Էյվերին ձեռք է բերել իրերի իր յուրահատուկ տեսլականը և, որպես արդյունք, մշակել է անիմացիայի սեփական արտառոց ուղղությունը։

Մրջնային սանդղահարթակ -Termite Terrace

[խմբագրել | խմբագրել կոդը]

1935 թվականի վերջին Էյվերին տեղափոխվել է Լեոն Շլեզինգերի ստուդիա (Leon Schlesinger), ում նա որոշ ժամանակ անց համոզել է, որ իրեն տրամադրի իր սեփական բաժինը։ Շլեզինգերը կատարել է խնդրանքը՝ Էյվերիին հանձնելով մուլտիպլիկատորների ստորաբաժանման ղեկավարությունը․ բաժնում ի թիվս այլոց աշխատում էին Բոբ Քլեմփեթը և Չաք Ջոնսը։ Շլեզինգերը նրան է տրամադրել նաև հեռու ամառանոցի 5 սենյակները, որպեսզի չնյարդայնացներ Էյվերիի նախորդին՝ մուլտիպլիկատոր Թոմ Փալմերին (ում Շլեզինգերը պատրաստվում էր մոտ ժամանակներս հեռացնել)[8]։

Էյվերի բաժինը սկսել է աշխատել «Looney Tunes» սև-սպիտակ ցիկլի վրա՝ գունավոր «Merrie Melodies»-ի փոխարեն։ Շուտով բաժնի աշխատակիցներն իրենց թաղամասը «մրջնային սանդղահարթակ» են անվանել՝ այդ շրջանում տերմիտների մեծ թվաքանակի համար։ Termite Terrace անվանումը հետագայում նշանակել է Շլեզինգերի/Ուորերների ամբողջ ստուդիան, հիմնականում այն պատճառով, որ Էյվերին և նրա թիմը դարձել են մարդիկ, ովքեր որոշել են կոլեկտիվի ապագան, որն ավելի ուշ հայտնի է դարձել որպես «The Warner Bros. cartoon»։

Էյվերի բաժնի կողմից ստեղծված առաջին կարճամետրաժ ժապավենը դարձել է «Gold Diggers of '49» մուլտֆիլմը։ Դրանում առաջին անգամ հայտնվել է Պորկի Փիգը, և հենց այս ֆիլմից սկսվել է Էյվերիի փորձարկումները անիմացիայի ոլորտում։

Աստղերի ստեղծումը- «Looney Tunes»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էյվերին Քլեմփեթի, Ջոնսի և նոր ռեժիսոր Ֆրենկ Թաշլինի աջակցությամբ դրել է մուլտիպլիկացիայի այն ոճի հիմքը, որը կարողացել է տապալել The Walt Disney Studio ընկերությանը, որը կարճամետրաժ անիմացիայի արտադրության մեջ առաջատար դիրքերում էր այդ ժամանակ և ստեղծել է մուլտհերոսների սերունդ, որոնց անունները մինչ օրս բոլորի ականջներում հնչում են։ Էյվերին ինքը՝ որպես ռեժիսոր, խորապես ներգրավված է եղել ֆիլմարտադրության գործընթացում. լինելով բնույթով պերֆեկցիոնիստ, նա կատակներ է հորինել կարճամետրաժ ֆիլմերի համար, պարբերաբար մասնակցել է ձայնավորմանը (հարկ է նշել նրա ֆիրմային խուլ-փորային ծիծաղը), թայմավորել է ժապավենը (ընդհուպ մինչև այն, որ կարող էր կտրել կադրերը պատրաստի նեգատիվից, եթե ֆիլմը չէր տեղավորվում հաշվարկված ժամանակաչափերի մեջ)։

«Porky’s Duck Hunt» (1937) ֆիլմը հանդիսատեսին է ներկայացրել Դաֆի Դաք անունով մի կերպար, որը գժության ու չարաճճիության մի այնպիսի ձև է իրականացրել, որը մինչ այդ չի եղել մուլտիպլիկացիոն ձևաչափում։ Դաֆին ամբողջովին անկառավարելի է, նա էկրանով վազում է կրկնակի արագությամբ, ոռնում և խոսում է դերասան Մել Բլանկի բարձր, արագացված ձայնով։

Էյվերիի «A Wild Hare» (1940) ֆիլմը համարվում է առաջին մուլտիպլիկացիոն ժապավենը, որտեղ մասնակցում է կերպար, որն ավելի ուշ ստացել է Բագզ Բանի անունը (մինչ այդ կարճամետրաժ ժապավեններում ներկայացվում էին տարբեր ճագարներ, որոնք համարվում են Բագզ Բանիի նախորդները)։ Մուլտիպլիկատոր Ռոբերտ Մաքքիմսոնի հետ միասին Թեքս Էյվերիի ստեղծած ճագարը աչքի էր ընկնում սառնարյուն բարքով, նա լիովին վերահսկում էր իրեն և իրավիճակը։ Նաև «A Wild Hare» ֆիլմում առաջին անգամ ճագարը հանդիսատեսին է ներկայացվել ճաղատ, փափկասիրտ և զիջող Էլմեր Ֆադի (որը Էյվերիի Egghead կերպարի վերափոխված տարբերակն է, որը նա մշակել էր Looney Tunes շարքի համար) հետ միասին։ Bagza Bunny-ի հայտնի «What’s up, doc?» ռեպլիկն առաջին անգամ հնչել է հենց «A Wild Hare» ֆիլմում։ Պոտենցիալ վտանգավոր իրավիճակում հայտնված անհոգ, հանգիստ նապաստակն արժանացել է հանրության ջերմ ընդունելությանը և Էյվերին «What’s up, doc?» արտահայտությունը դարձրել է նրա կերպարի անբաժան մասը։

Այնուամենայնիվ, Շլեզինգերի ստուդիայում աշխատանքի ընթացքում Թեքս Էյվերին ստեղծել է Բագզ Բանիի ընդամենը չորս ֆիլմ՝ «A Wild Hare», «Tortoise Beats Hare», «All This and Rabbit Stew» և «The Heckling Hare»: Վերջինի հետ նաև վերջ է դրել ստուդիայի հետ իր հարաբերություններին։ Էյվերին վիճել է պրոդյուսերի հետ՝ մուլտֆիլմի ավարտի պատճառով։ Էյվերիի բնօրինակ տարբերակում որսորդական շունը և Բագզ Բանին ընկնում են բարձր լեռնալանջից երեք անգամ և վերջին անգամ ընկնելուց առաջ Բագզը շրջվում է կամերայի կողմը և արտաբերում․ «Բռնեք գլխարկներդ, ընկերներ։ Հիմա ամեն ինչ նորովի է սկսվելու»։ Անհասկանալի պատճառներով այդ կատակը այն ժամանակ ռիսկային է ճանաչվել, Շլեզինգերը ստիպված է եղել միջամտել (որոշ տվյալներով՝ Ջեք Ուորների անձնական կարգադրությունից հետո) և խմբագրել մուլտֆիլմի վերջաբանը։ Իսկ խմբագրված տարբերակում շունը և նապաստակը երկու անգամ են ընկնում զառիթափից, ֆիլմը կտրուկ կտրվում է, երբ նրանք արգելակում են հենց գետնին հասնելուն պես և տեսախցիկին նայելոց արտաբերում են․ «Եվ մենք քեզ խաբեցինք, չէ՞»:

Կատաղած Էյվերին շուտով լքել է ստուդիան՝ կիսատ թողնելով երեք ֆիլմ՝ «Crazy Cruise», «The Cagey Canary», «Aloha Hooey»։ Ժապավենների վրա աշխատանքն ավարտել է Բոբ Քլեմպեթը։

Կենդանիների մասին խոսակցություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շլեզինգերի հետ իր աշխատանքի ընթացքում՝ Էյվերին, զարգացրել է շրթունքների անիմացիայի տեխնոլոգիան, համատեղելով կենդանիների կենդանի կադրերով տեսանյութերի հետ։ Շլեզինգերին այդ գաղափարը չի հետաքրքրել, և Էյվերին այն առաջարկել է իր ընկեր Ջերի Ֆեյրբենքսին (Jerry Fairbanks), որը «Unusual Occupations» ցիկլի պրոդյուսերն էր Paramount Pictures ընկերությունում։ Ֆեյրբենքսը գաղափարը ողջունել է, և սկսել է արտադրել «Speaking of Animals and Their Families» կարճամետրաժ ֆիլմերի շարքը։

Warner Bros. ստուդիայից հեռանալուց հետո, մինչև MGM տեղափոխվելը, Էյվերին աշխատանքի է անցել Paramount-ում և այնտեղ սկսել է աշխատել այդ շարքի առաջին երեք ֆիլմերի վրա։

1942 թվականին Էյվերին աշխատանքի է անցել MGM-ում՝ Ֆրեդ Քուիմբիի ղեկավարած կարճամետրաժ անիմացիոն կինոյի բաժնում։ Էյվերին, որն ավելի վաղ աշխատել է Շլեզինգերի մշտական ճնշման տակ, նոր վայրում ստեղծագործական ազատություն է ստացել, և այդ ժամանակ էլ նրա ստեղծարարությունները հասել են իրենց գագաթնակետին։ Նրա մուլտֆիլմները հայտնի են դարձել բացարձակ խենթությամբ, խելահեղ դինամիկայով և մուլտիպլիկացիոն միջոցների հետ խաղալու հակվածությամբ։ Բացի այդ, MGM-ը Էյվերիին կարողացել է էլ ավելի մեծ բյուջե տրամադրել և արտադրության ավելի բարձր մակարդակ, քան Շլեզինգերի ստուդիայում էր։ Էյվերիի թիմին միացել են նաև փորձառու անիմատորներ՝ Փրեսթոն Բլեյրը և Էդ Լավը (Ed Love), ովքեր 1941 թվականի գործադուլից հետո հեռացել էին Դիսնեյից։

Այս բոլոր փոփոխությունները բարենպաստ են եղել Էյվերիի աշխատանքի համար. նրա առաջին կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը, որը ստեղծվել է MGM-ի հիմքի վրա, Blitz Wolf-ը, որը նմանակել է Հիտլերին, 1942 թվականին առաջադրվել է «Օսկար մրցանակի»՝ որպես լավագույն կարճամետրաժ ֆիլմ։

Էյվերիի MGM-ում ստեղծած առավել հայտնի կերպարներից են Դրուպի շունը, որի դեբյուտը կայացել Է 1943 թվականին «Dumb-Hounded» ֆիլմով։ Դրուպին (բառացի՝ ձանձրալի) սկզբում կոչվել է «Happy Hound» (ուրախ շուն), նա հանգիստ, փոքրամարմին, դանդաղաշարժ և դանդաղ խոսող շնիկ էր, որը, այնուամենայնիվ, ֆիլմի վերջում պարզվում է, որ մշտապես հաղթող է։

1943 թվականից սկսած Թեքս Էյվերին ստեղծել է մուլտֆիլմերի շարք՝ հետապնդումներով և «փորձանքի մեջ ընկած աղջկան» փրկելով։ Օրինակ, «Red Hot Riding Hood» (Կարմիր տաք գլխարկը) ֆիլմը ներկայացրել է սեքսուալ հերոսուհու, որն անուն չի ունեցել, բայց գրավել է հեռուստադիտողների սրտերը, ովքեր նրան «Կարմիր» (Red) մականունն են տվել։ Այս հերոսուհու տարբեր վարիացիաները հետագայում հանդիպում են Էյվերիի այլ ֆիլմերում։ Էյվերիի լավագույն աշխատանքներում, ինչպիսիք են «Little ’Tinker», «Bad Luck Blackie», «Who Killed Who?», «King-Size Canary», սյուժեն բառացիորեն հագեցած է ցնցող հնարքներով, ընդորում, նրանց սրամտությունը, ինչպես իրենք՝ ֆիլմերը, կառուցված են տեսողական արտահայտչականությամբ[9][10]։

MGM-ում աշխատելու ժամանակաշրջանի ուշագրավ ժապավեններից է՝ «Magical Maestro» երաժշտական կատակերգությունը։

Էյվերին իր կարիերան սկսել է MGM-ում` օգտագործելով վառ, հագեցած գույներ և իրատեսական ֆոներ, բայց հետո աստիճանաբար այդ ոճից անցում է կատարել դեպի ավելի արտահայտիչ, քաոսային, պակաս իրատեսական կերպարվեստի մեթոդի։ Նրա հետագա ստեղծագործությունները ձգտել են դեպի UPA (United Productions of America Ամերիկայի Միացյալ արտադրություններ) ստուդիայի ոճը, դրանով լավ երևում է, որ Էյվերին կանգնել է կինոնկարի բյուջեի կրճատման անհրաժեշտության առաջ, ինչպես նաև իրատեսությունը թողնելու և այնպիսի մուլտֆիլմեր ստեղծելու նրա ցանկությունը, որոնք կապ չեն ունենա իրական աշխարհի կամ կինոյի հետ։ Այդ ընթացքում նա ստեղծել է ֆուտուրիստական թեմաներով «The House of Tomorrow», «The Car of Tomorrow», «The Farm of Tomorrow» և «T.V. of Tomorrow» ֆիլմերը։

1950-ականների սկզբին Էյվերին մեկ տարի արձակուրդ է վերցրել՝ MGM-ից հանգստանալու համար։ Այդ մեկ տարվա ընթացքում Էյվերիի թիմը ղեկավարում էր անիմատոր Դիք Լանդայը (ով վերջերս էր հեռացել Ուոլտեր Լանցի ստուդիայից)։ 1951 թվական հոկտեմբերին Էյվերին՝ աշխատանքի վերադառնալով, ավարտել է MGM-ում աշխատելու ընթացքում իր վերջին երկու մուլտֆիլմերը՝ «Deputy Droopy» և «Cellbound»։ Երկու ֆիլմերի վրա համատեղ աշխատել է ռեժիսոր անիմատոր Մայքլ Լայի (Michael Lah) հետ։ Էյվերին MGM-ից հեռացել է 1953 թվականին և վերադարձել է Ուոլտեր Լանցի ստուդիա։

Վերադառնալով Լանցի ստուդիա՝ Էյվերին 1954-1955 թվականներին նկարահանել է չորս մուլտֆիլմ՝ «Crazy Mixed-Up Pup», «Shh-h-h-h-h», «I’m Cold», «The Legend of Rockabye Point», որոնք ձևավորել են նոր կերպար՝ պինգվինիկ Չիլի Վիլի։ Եվ չնայած այս չորս ֆիլմերից երկուսը առաջադրվել են Օսկարի, Էյվերին հեռացել է Լանց ստուդիայից՝ աշխատավարձերի շուրջ տարաձայնությունների պատճառով, հանդիսավոր կերխով ավարտելով մուլտիպլիկատորի իր կարիերան։

Ավելի ուշ, նա անդրադարձել է հեռուստատեսային գովազդի անիմացիային։ Նրա կոմերցիոն աշխատանքներից առավել հայտնի է 1960-ականներին նկարահանած՝ միջատների դեմ պայքարի «Raid» միջոցի գովազդային հոլովակը, որտեղ մուլտիպլիկացիոն միջատները, որոնց վրա փչել են աերոզոլային բալոնից, գոռում են «Ռե՛յդ» ու պայթում են։ Էյվերին ստեղծել է նաև «Kool-Aid» մրգային խմիչքների հոլովակներ, որտեղ նա կիրառել է Warner Bros. ընկերության հետ աշխատելիս «տերմիտային սանդղահարթակ» ժամանակներում ստեղծած կերպարները։

1960-ականների և 1970-ականների ընթացքում Էյվերին ունեցել է ծանր, անդադար դեպրեսիա, չնայած նրան, որ նա շարունակել է հարգանք և պատիվ վայելել իր նախորդ աշխատանքների համար։ Նրա վերջին գործատուն եղել է Hanna-Barbera Productions ստուդիան, որտեղ նա կատակներ է գրել շաբաթօրյա առավոտյան շոուների համար, ինչպիսիք են Դրուպիի կլոնը՝ Kwicky Koala-ն։

1980 թվականի օգոստոսի 26-ին 72 տարեկան հասակում Էյվերին մահացել է Կալիֆոռնիայի Բըրբանքի Սուրբ Իոսիֆ հոսպիտալում։ Մահվան պատճառը թոքի քաղցկեղն էր, որը Էյվերիի մոտ սկսել էր մահվանից մեկ տարի առաջ։ Էյվերին թաղվել Է Հոլիվուդ Հիլզ գերեզմանատանը։

Ռեժիսորած ֆիլմեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lambiek ComiclopediaLambiek, 1999.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 Bendazzi G. Foundations - The Golden AgeTaylor & Francis, 2016. — P. 119. — ISBN 978-1-138-85452-9
  5. Avery, Frederick Bean (Fred, "Tex") // Who's Who in Animated Cartoon: An International Guide to Film and Television's Award-Winning and Legendary AnimatorsNY: Hal Leonard LLC, 2006. — ISBN 978-1-55783-671-7
  6. North Dallas High Schoo
  7. Tex Avery
  8. «ASIFA-Hollywood: The International Animated Film Society: 03/01/2005 - 04/01/2005». web.archive.org. 2007 թ․ օգոստոսի 8. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 21-ին.
  9. Լենարդ Մալթին «Аниматор.ру». www.animator.ru. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 21-ին. {{cite web}}: Text "В России издана книга американского киноведа Леонарда М..." ignored (օգնություն); Text "Новости" ignored (օգնություն)
  10. «Of Mice and Magic - 30th Anniversary». Cartoon Brew (ամերիկյան անգլերեն). 2010 թ․ հուլիսի 2. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեքս Էյվերի» հոդվածին։