Բնական իրավունք
Բնական իրավունք, իրավունք, որը մարդուն տրված է ի ծնե, բնությունից և անկախ է ամեն տեսակի իշխանությունից, անփոփոխ է ու հաստատուն։ Մարդու բնական իրավունքների շարքին են դասվում կյանքի իրավունքը, արժանապատվության իրավունքը, սեփականության իրավունքը, ընտանիք կազմելու իրավունքը, անձի անձեռնմխելիությունը և այլն։
Բնական իրավունքի ձևավորումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնական իրավունքի վերաբերյալ պատկերացումները ձևավորվել են դեռևս հին աշխարհում (Հին Հունաստանում, Հին Հռոմում, Հին Հայաստանում և այլուր)։ Բնական իրավունքն արտացոլվել է նաև քրիստոնեական ուսմունքում և Աստվածաշնչում մարդու իրավունքները ներկայացված են հենց բնական իրավունքի դիրքերից։ Քրիստոնեության մեջ բնական իրավունքը հանդես է գալիս իբրև աստվածային իրավունք։
Լուսավորականության դարաշրջանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնական իրավունքն իբրև քաղաքական և իրավական մտքի հասկացության իր սոցիալական առավելագույն հնչեղությունն է ստացել հատկապես Լուսավորականության դարաշրջանի մտածողների հայացքներում, որոնցում բնական իրավունքը դիտվում էր բնական բնույթով պայմանավորված սկզբունքների, իրավունքների ամբողջություն, որն ունի նաև արժեքային նշանակություն։ Ի տարբերություն նախորդ դարաշրջանների, լուսավորականությունը բնական իրավունքը վերածեց նաև քաղաքական գործոնի և առանցքային խնդիր դարձավ մարդու ազատության և իշխանության փոխհարաբերության հարցը։ Այդ պատճառով բնական իրավունքի տեսությունը դարձավ ավատատիրական միապետությունների բացարձակ իշխանության սահմանափակման գաղափարական հիմնավորում, իբրև արդարություն հաստատելու բնական միջոց և աստիճանաբար ձևավորվեց մարդու իրավունքներն իշխանության չարաշահումներից պաշտպանելու սկզբունքը։ Լուսավորականության մտածողներն առաջադրելով բնական իրավունքի տեսությունն իբրև իշխանության սահմանափակման արդյունավետ միջոց, իբրև դրական իրավունքի նկատմամբ բնական իրավունքի գերակայության սկզբունք և դրանով իսկ պաշապանելով մարդու անօտարելի իրավունքները, գաղափարապես հիմնավորեցին և նախապատրաստեցին արևմտյան քաղաքակրթության հետագա զարգացման ուղին։
Բնական իրավունքը պաշտոնական փաստաթղթերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին քաղաքական փաստաթուղթը, որը բնական իրավունքն ազդարարեց իբրև պետական իշխանության հոգածության առարկա և դրա պաշտպանությունն իբրև պետական իշխանության սահմանափակում և իշխանության անմիջական պարտականություն, Անկախության ամերիկյան հռչակագիրն էր (1776)։ Այդ իրավաքաղաքական փաստաթղթում բնական իրավունքի շարքին է դասվում ժողովրդի անկախության հաստատման իրավունքը, կառավարման տիրապետող համակարգը նոր համակարգով փոխարինելու ժոդովրդի իրավունքը, մարդկանց հավասարության իրավունքը, կյանքի իրավունքը, ազատության իրավունքը ու երջանկության ձգտելու իրավունքը։ Բնական իրավունքի հիմնարար նշանակություն է տրված նաև Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագրում (Ֆրանսիա 1989 ), որում նախկինի համեմատությամբ բնական իրավունքը շարադրված է շատ ավելի ընդարձակ և այդ պատճառով այն դարձել է օրինակելի բազմաթիվ ժոդովուրդների համար։ Հետագայում A իրավունքի պաշտպանության, դրական իրավունքի նկատմամբ բնական իրավունքի գերակայության, պետական իշխանությունը բնական իրավունքը սահմանափակելու սկզբունքներն արտացոլվեցին ժողովրդավարական պետությունների սահմանադրություններում։ Անհրաժեշտ է նշել, որ այդ սկզբունքներն իրենց արտահայտությունը ստացան նաև Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ փառացում» (1773)։
Բնական իրավունքն առհասարակ մարդու իրավունքների նկատմամբ ուշադրությունը սևեռվեց հատկապես 20-րդ դարի Երկրորդ կեսին, երբ վերածնված բնական իրավունքը դաոնում էր հասարակական հարաբերությունների կարգավորիչ, իբրև դրական իրավունքի ձևափոխման հիմք, որը պետի է բացառի ամեն տեսակի բռնություն և անօրինականություն։ Բնական իրավունքի նկատմամբ այսս մոտեցումը դաոնում է արդի հասարակության ժողովրդավարական սկզբունքների նախահիմքը, որով պայմանավորվում էր ոչ թե վերացական ժողովրդավարությունը, այլ հասարակական հարաբերությունների ժողովրդավարական կարգավորման ամենօրյա ընթացքը։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թվական, Երևան
- Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
- А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 490)։ |