Jump to content

Բի Շեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բի Շեն
Դիմանկար
Ծնվել է990
ԾննդավայրՅինշան, Չինաստան
Մահացել է1052
Մահվան վայրGreater China
ՔաղաքացիությունNorthern Song dynasty
Մասնագիտությունգյուտարար և տպագրիչ
 Bi Sheng Վիքիպահեստում

Բի Շեն (ավանդ. չին․` 畢昇, հմռտ․ 毕升, փինյին՝ Bì Shēng, 990, Յինշան, Չինաստան - 1052, Greater China), չինացի արհեստավոր, ինժեներ, մարդկության պատմության մեջ տպագրության համար առաջին շարժական տեխնոլոգիայի գյուտարար։

Բի Շենգի համակարգը օգտագործում էր թրծված կավե սալիկներ՝ մեկական չինական գրանշանի համար, և հայտնագործվել է 1039-ից 1048 թվականներին։ Քանի որ Բին սովորական մարդ էր, այլ ոչ թե կրթված, այս գյուտից բացի քիչ բան է հայտնի նրա կյանքի մասին[1]։

Շարժական տպագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բի Շենը հասարակ դարբին էր։ Նրա գյուտի մասին աշխարհն իմացել է «Երազների ավազանի էսսեներ» գրքից, որը գրել է չինացի պետական գործիչ Շեն Կուոն (1031-1095), 1088 թվականին։ Տարբեր թեմաներով հոդվածներով այս եզակի հանրագիտարանը վերահրատարակվել է Չինաստանում 1975 թվականին[2]։ Հոդվածներից մեկում մասնավորապես ասվում է.

Ցին Լիի օրոք (1041-1048 թթ.) հասարակ մահկանացու Բի Շենը շարժական գրանշան է պատրաստել հետևյալ մեթոդով․ վերցնելով մածուցիկ կավը՝ նա  դրա վրա փորագրում էր մետաղադրամի եզրագծի բարձրությամբ նիշեր, ընդ որում յուրաքանչյուր հիերոգլիֆ առանձին կնիք էր ներկայացնում։ Ամրություն տալու համար նա դրանք այրում էր կրակի վրա։ Ապա վերցնելով նախօրոք պատրաստված երկաթե թիթեղը՝ ծածկում էր սոճու խեժի, մոմի ու թղթի մոխրի խառնուրդով։ Տպելու համար Բի Շենը վերցնում էր երկաթե շրջանակը և այն դնում երկաթե թիթեղի վրա։ Այստեղ նա կողք կողքի տեղադրում էր գրանշանները։ Այս շրջանակը գրանշանների շարքով լրացվում էր` կազմելով շարունակական տախտակ տպագրության համար։ Այնուհետև Բի Շենն այն տանում էր կրակի մոտ և տաքացնում։ Երբ մածուկի ներքևի մասը շոգից փափկում էր, նա վերևից հարթ տախտակ դնելով սեղմում էր մակերեսն այնպես, որ այն հարթ դառնար, ինչպես հղկաքարը։ Այս մեթոդը շահավետ չէր 2-3 օրինակ տպելու համար, սակայն մի քանի հարյուր կամ հազար օրինակ տպելիս արտառոց արագ էր ստացվում[3]։ Երբ հիերոգլիֆները չէին օգտագործվում, նա դրանց վրա փակցնում էր թղթե պիտակներ, յուրաքանչյուր հանգավոր խմբի համար մեկ պիտակ և պահում էր դրանք փայտե արկղերի մեջ[3]։
- Շեն Կուո, «Երազների ավազանի էսսեներ»

Յուրաքանչյուր գրանշանի համար կար մի քանի նիշ, իսկ հաճախ օգտագործվող նշանների համար՝ քսան և ավելի, նույն էջում այդ նշանների հնարավոր կրկնման համար։ Եթե հազվագյուտ նշան էր հանդիպում, որը նախօրոք պատրաստված չէր, նույն վայրկյանին կտրում և այրում էին ծղոտի կրակի վրա, որ անմիջապես պատրաստ լինի[3]։

Ինչո՞ւ էր Բի Շենը նշանները կավից պատրաստում, այլ ոչ թե ծառից և չէր օգտագործում Չինաստանում այնքան տարածված փայտագրության տեխնիկան։ Շեն Կոն այդ հարցին այսպես է պատասխանել․

Նա փայտ չի օգտագործել, քանի որ փայտի հյուսվածքը երբեմն կոպիտ է, երբեմն նուրբ, այսինքն՝ տարասեռ, բացի այդ՝ փայտը խոնավություն է կլանում, ինչի արդյունքում գրանշանի ձևն անհավասար էր ստացվում։
- Շեն Կուո, «Երազների ավազանի էսսեներ»

Ավարտելով տպագրությունը՝ Բի Շենը, Շեն Կոյի ասելով, այն տանում էր կրակի մոտ, մածուկը հալվում էր, և գրանշաններն իրենք իրենց թափվում էին՝ չթողնելով կավի հետքեր։

Գյուտի նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պեկին, Տպագրության թանգարան

Բի Շենն առաջինն էր, որ միավորել է տպագրման սկզբունքները։ Անկասկած նրան է պատկանում տեքստային նյութի վերարտադրման տպագրության ձևի ստեղծումը։

Բի Շենի կավե գիրը լայն տարածում չստացավ։ Բայց տպագրման սկզբունքն արդյունավետ էր, չնայած նրա օգտագործումը սահմանափակվեց չինական նամակների հիերոգլիֆային բնույթով։

Հաջորդ մի քանի դարերում շարժական տիպի տեխնոլոգիան հազվադեպ է հիշատակվել կամ նկարագրվել։ Փայտե շարժական տպագրությունը լայն տարածում է գտել Ցին դինաստիայում, բայց չի փոխարինել քսիլոգրաֆիական (փայտի վրա փորագրություն կամ էստամպ) տպագրությանը, հավանաբար այդքան շատ կտորների տառատեսակի ստեղծման ծախսերի կամ պատճենահանման ցածր գնի պատճառով[1]։

Պետական պաշտոնյա Վան Չժենը (1290-1333) բարելավել է Բի Շենի կավե շրիֆտը նորարարությամբ փայտի միջոցով, որի գործընթացը բարձրացրեց նաև շարվածքի արագությունը[3]։ Հետագայում Չինաստանում 1490 թվականին բրոնզե շարժական շրիֆտը մշակել է հարուստ տպագրիչ Հուա Սուն (1439-1513)։

Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Միջազգային աստղագիտական ​​միությունը Լուսնի հակառակ կողմում գտնվող խառնարաններից մեկն անվանեց Բի Շենի անունով[4]։

Բիշեն ենթաշրջանը (畢昇社區) Վենչուան քաղաքի Հուբեյ շրջանում, անվանվել է ի պատիվ Բի Շենգի։

  1. 1,0 1,1 Wilkinson, Endymion Porter (2022). Chinese history. volume 1. Harvard-Yenching Institute monograph series. Cambridge, Massachusetts London: Harvard University Asia Center. էջ 1031. ISBN 978-0-674-26018-4.
  2. Shen Kuo. Menxi bitan (Dream Pool Essays). Bejing, 1975
  3. 3,0 3,1 3,2 3,3 Needham, Joseph; Tsien, eds. (1985). Science and Civilisation in China, Volume 5: Chemistry and Chemical Technology, Part 1: Paper and printing. Vol. V:1. Cambridge: Cambridge University Press. էջեր 201–202. ISBN 978-0-521-08690-5.
  4. Blue, Jennifer (2007 թ․ հուլիսի 25). «Gazetteer of Planetary Nomenclature». United States Geological Survey. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 5-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բի Շեն» հոդվածին։