Բենյամին Նեթանյահու (եբրայերեն՝ בנימין נתניהו, հոկտեմբերի 21, 1949(1949-10-21)[4][5][6][…], Թել Ավիվ, Իսրայել[4]), իսրայելցի քաղաքական գործիչ, Իսրայելի վարչապետ 2022 թվականի դեկտեմբերից։ Զբաղեցրել է այդ պաշտոնը նաև 1996-1999 և 2009-2021 թվականներին՝ ավելի երկար, քան Իսրայելի որևէ այլ նախկին վարչապետ։ «Լիկուդ» կուսակցության ղեկավարն է։
Բենյամին Նեթանյահուն ծնվել է 1949 թվականին Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում՝ պատմության պրոֆեսոր Բենզիոն Նեթանյահուի ընտանիքում։ Մանկությունն անցկացրել է Երուսաղեմում։ Դպրոցն ավարտել է ԱՄՆ-ում, ուր տեղափոխվել էր իր ընտանիքը։ Վերադարաձել է Իսրայել1967 թվականին։
Զինվորական ծառայության ընթացքում Բենյամին Նեթանյահուն մասնակցել է տարբեր հատուկ գործողությունների, այդ թվում, հայտնի գործողության՝ ահաբեկիչների կողմից մարդատար ինքնաթիռի առևանգված ուղևորների ազատմանը։ 1972 թվականին արժանացել է բազմաթիվ շքանշանների, նաև եղել է հատուկ նշանակության ուժերի խմբի հրամանատար։ 1973 թվականին Նեթանյահուն մասնակցել է արաբա-իսրայելական պատերազմին, որի ժամանակ ստացել է մայորի կոչում։
1976-1982 թվականներին Նեթանյահուն աշխատել է մասնավոր բիզնեսային համակարգում։ Սկզբում նա «Բոստոնի Խորհրդատվական Խումբ»-ի միջազգային հարցերով խորհրդատուների անդամ էր։ Ավելի ուշ նա դարձավ Իսրայելական «Ռիմ Արդյունաբերության» տնօրենների խորհրդի անդամ։
1979 և 1984 թվականներին Նեթանյահուի նախաձեռնությամբ կազմակերպվել է երկու միջազգային կոնֆերանսներ ընդդեմ ահաբեկչությունների։
1982 թվականին Բենյամին Նեթանյահուն նշանակվել է ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանատան քաղաքական բաժնի պետ։ 1982 թվականին Բենյամին Նեթանյահուն դարձել է ԱՄՆ-ում Իսրայելի փոխդեսպան։ Այնուհետև 1984 թվականից մինչև 1988 թվականը եղել է ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան։ Իսրայել վերադառնալուց հետո 1988 թվականին Նեթանյահուն ընտրվել է Քնեսեթի (Իսրայելի Ազգային Ժողով) պատգամավոր՝ Լիկուդ կուսակցություից։ Ապա դարձել է Իսրայելի արտաքին գործերի նախարարի տեղակալ։ 1993 թվականին Բենյամին Նեթանյահուն ընտրվել է Լիկուդ կուսակցության ղեկավար և գլխավորել Քնեսեթի (Իսրայելի Ազգային Ժողով) ընդդիմությունը։
1996 թվականի մայիսինԻսրայելում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որտեղ Լիկուդ կուսակցությունը հաղթեց և կուսակցության ղեկավար Բենյամին Նեթանյահուն դարձավ Իսրայելի Վարչապետ։ Վարչապետության ընթացքում Նեթանյահուն ակտիվորեն պայքարել է ահաբեկչությունների դեմ։ Բենյամին Նեթանյահուի վարչապետության երրորդ տարում կտրուկ նվազեց ահաբեկչությունների թիվը Իսրայելում։ Տնտեսական ոլորտում Նեթանյահուն որդեգրել է ազատականացման քաղաքականությունը։ Իր վարչապետության օրոք նվազել է նաև բյուջեի դեֆիցիտը։ Վարչեպտության օրոք օտարերկրյա ներդրումները զգալիորեն աճել են հասնելով մի քանի միլիարդ դոլարի։ 1999 թվականին Բենյամին Նեթանյահուն հեռացավ քաղաքականությունից։
2002 թվականին՝ կրկին վերադարձավ քաղաքականություն։ Սկզբում նա նշանակվեց արտաքին գործերի նախարար, իսկ 2003 թվականին նշանակվեց ֆինանսների նախարար։ Բենյամին Նեթանյահուն նպաստեց տնտեսության դինամիկ զարգացմանը՝ խրախուսելով մասնավոր ընկերություններին։ 2000-2001 թվականներին նվազեց տնտեսության մակարդակը, սակայն այն վերականգնվեց 2003 թվականին և կայունացավ 2004 թվականին։ 2005 թվականից տնտեսական մակարդակը շարունակվեց բարձրանալ՝ միջինը 5% -ով։ Գործազրկության մակարդակը 2003 թվականին նվազեց 11% -ով, իսկ 2005 թվականին նվազեց 9%-ով։ Այդ ամենի շնորհիվ հարյուր հազարավոր իսրայելցիներ գտան աշխատանք։ 2009 թվականին Բենյամին Նեթանյահուն կրկին դարձավ Իսրայելի Վարչապետ և այժմ գտնվում է այդ պաշտոնում։