Jump to content

Բարեգործական կազմակերպություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բարեգործական կազմակերպություն, ոչ կառավարական, ոչ պետական կազմակերպություն, որն ստեղծվում է բարեգործական գործունեություն ծավալելու համար։ Կազմակերպության խնդիրն է սոցիալական աջակցության նպատակային ծրագրեր իրականացնելը, գիտությանն ու կրթությանը, մշակույթի, արվեստի ոլորտներին աջակցելը, բնության պաշտպանությունը, առողջ կենսակերպին, շրջականի միջավայրի պահպանմանն ուղղված աջակցությունը[1]։

Ոչ առևտրային կազմակերպությունների միջազգային դասակարգումն առանձնացնում է բարեգործական ընկերություններն առանձին խմբով, որի մեջ մտնում են դրամաշնորհներ հատկացնող ֆոնդերը, կամավորական աշխատանքը քաջալերող կազմակերպությունները և նվիրատվությունների հավաքով զբաղվող կազմակերպությունները, այդ թվում և` վիճակախաղի ձևով[2]։

Եվրոպայում բարեգործության ծագումը ընդունված է կապել վանքերի գործունեության հետ։ Անգլիայում ծերանոցներ բացվել են հիմնականում վանքերին կից։ Անգլիայում 16-րդ դարի կեսերին հաշվվում էր մոտ 800 ծերանոց և հիվանդանոց, սակայն վանքերի արձակումից հետո այս թվից գոյությունը շարունակել են միայն քչերը, որոնք դարձել են աշխարհիկ կառույցներ[3]։

Պետական բարեգործությունն սկսել է զարգանալ միայն սկսած միջին դարերից։ Լուսավորության դարաշրջանը Եվրոպայում բերել է առաջին մասնավոր կազմակերպությունները։ Նմանատիպ առաջին կազմակերպությունն Անգիայում ստեղծվել է առևտրական Թոմաս Կորամի նախաձեռնությամբ. 1741 թվականին հիմնվել է դաստիարակչության տուն։ Կորամի հիմնադրամը օրինակ է դարձել բազմաթիվ այլ բարեգործական կազմակերպությունների համար, որոնք ստեղծվել են նույն դարի վերջում[4]։

19-րդ դարում Անգլիայում լայն քննարկման առիթ է դարձել այն հարցը, թե արդյո՞ք մասնավոր ընկերությունները, թե պետությունը պետք է զբաղվի բարեգործությամբ։ Ի վերջո, այս քննարկման արդյունքում գերիշխող է համարվել Թոմաս Մալթուսի կարծիքն առ այն, որ պետությունն արդյունավետ չէ սոցիալական օժանդակության հարցերում, և վիկտորիանական դարաշրջանում էականորեն խստացվել է Աղքատների մասին օրենքը, որը գործում էր մի քանի դար շարունակ և կարիքավորներին ապահովում էր պետական աջակցությամբ։ Պետությունը փաստացի կերպով ինքնամեկուսանում էր սոցիալական օժանդակության ոլորտից[5]։ Պետության` խոցելի խմբերին աջակցելուց հրաժարվելու ֆոնին հատկապես ակնառու է դառնում այդ ուղղությամբ մասնավոր հիմնադրամների գործունեությունը։ Բարեգործական ընկերություններն սկսում են զբաղվել աշխատավորների կենսապայմանների բարելավմամբ, միևնույն ժամանակ` սահմանազատելով ծանր կացության մեջ ապրող աշխատավորներին և նրանց, ում համար սոցիալական խնդիրները սեփական անգործության հետևանք էին։ Վիկտորիանական շրջանի Անգլիայում բարեգործական ընկերություններն ընդհանուր առմամբ առաջնորդվում էին բողոքականության բարոյախոսությամբ և դրա առավել պահպանողական ձևի` մալթուսականության սկզբունքներով և Ադամ Սմիթի ժամանակների տնտեսական դասական տեսությամբ` դեմ արտահայտվելով պետական որևէ տեսակի միջամտությանը ինչպես կարիքավորների ուղղակի ֆինանասավորման, այնպես էլ` աշխատավոր դասի հոգսերը թեթևացնելու օրենքների մակարդակով[6]։ Ներդրվել է հետաքննություններ անցկացնելու փորձը, որը նպատակ ուներ պարզել, թե դիմողներից ով իրավունք ունի օգնություն ստանալ։ Այս հետազոտություններն ընդունված է համարել ժամանակակից սոցիալական ծառայությունների նախատիպը, որոնք ուսումնասիրում են հաճախորդներից յուրաքանչյուրի անձնական գործը[7]։

Էնդրյու Կարնեգիի ոսկե անձրևը (1903 թվականի ծաղրանկար)

Արևմտյան բարեգործության պատմության մեջ կարևոր նշաձող է Էնդրյու Կարնեգիի «Հարստություն» (անգլ.՝ Wealth) ակնարկը, որում ԱՄՆ մեծագույն արդյունաբերողներից մեկը առաջ է քաշում մի դոկտրին, ըստ որի բիզնեսմենների կապիտալները պետք է վերաներդրվեն հասարակության մեջ։ Կարնեգին խստորեն քննադատել է ավանդական բարեգործությունը, որն ուղղակի արձագանքում է խնդրին` աղքատության պատճառների դեմ պայքարելու փոխարեն։ Ըստ Կարնեգիի, բարեգործությունը պետք է ուղղված լինի սոցիալական խնդիրների արմատների ոչնչացմանը և նպաստի զարգացմանը։ Կարնեգիի հիմնադրամը սկսել է ֆինանսավորել թանգարաններ, հանրային գրադարաններ ու բարձրագւյն ու միջին կրթական հաստատություններ` հիմք դնելով նոր, աննախադեպ բարեգործական համայնքների ստեղծմանը, որոնց մի մասն ստեղծվում էր նույնատիպ մագնատների կողմից[8]։

Մեծ ճգնաժամը ցույց է տվել, որ բարեգործական ընկերություններն անկարող են դիմակայել հասարակության բարեկեցության չտեսնված անկմանը։ Մասնավորապես, ԱՄՆ-ում ձախողվել է Հերբերտ Հուվերի աշխատակազմի և Ֆրանկլին Ռուզվելտի առաջին կաբինետի` խնդիրը նախորդ սերնդի կամավորական ընկերությունների միջոցով լուծելու փորձը, ինչը հանգեցրել է Նոր կուրսի քաղաքականության ընդունմանը` հանրային զանգվածային աշխատանքի և հարկային բարեփոխումների հետ, ինչն ուղղված էր բնակչության ամենահարուստ շերտի գերշահույթը վերադասավորելուն։ Վերջինս լուրջ ազդակ է դարձել միլիոնատերների համար, որպեսզի նրան «ճեղքեր» գտնեն հարկային օրենսգրքում, որոնցից մեկը դարձել է հենց բարեգործությունը, որն ապահովում էր հարկային արտոնություններ։ Արդյունքում, 1940-980 թվականներին, 40 տարվա ընթացքում, ԱՄՆ-ում մասնավոր բարեգործական ընկերությունների թիվը 12.5 հազարից աճել է` դառնալով 320 հազար։ 2004 թվականին այդ թիվը հասել է 600 հազարի։ Մեկ միլիոն դոլարից ավել կապիտակ ունեցող ֆոնդերի թիվը, որ Մեծ ճգնաժամի սկզբին 203 էր, 30 տարի անց հասել է ավելի քան 2000-ի։ Այս տեսակի խոշորագույն ընկերություն է դարձել Ֆորդի հիմնադրամը, որի գործունեության շնորհիվ Ֆորդ ընկերության գործունեությունը փաստացիորեն ամբողջապես ազատվել է հարկերից[8]։

Ֆորդի հիմնադրամն առաջին ոչ պետական բարեգործական կազմակերպություններից էր, որ սկսել է գործունեություն ծավալել ԽՍՀՄ տարածքում` «երկաթե վարագույրի» ընկելուց հետո։ Դրա հետ մեկտեց նախկին սոցիալիստական ճամբարի ատարածքում իրենց գործւնեությունն են սկսել Մակարտուրների հիմնադրամը, Բաց հասարակություն հիմնադրամը, Չարլզ Ստյուարտ Մոտտի հիմնադրամը և բրիտանական Charities Aid Foundation-ը։ Դրանց միացել են միջազգային խոշորագույն այնպիսի բարեգործական կազմակերպություններ, ինչպիսիք են Բժիշկներ առանց սահմանների, Աշխարհի բժիշկներ, Փրկության բանակ, Կարմիր խաչի միջազգային կոմիտե կազմակերպությունները։

Բարեգործական խոշորագույն ընկերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախված օգտագործվող մեթոդիկայից` բարեգործական խոշորագույն կազմակերպությունների ցանկերը կարող են տարբերվել։ Այսպես, Ֆորբս ամսագրի գլխավոր չափանիշը տարվա ընթացքում հավաքած միջոցների չափն է[9], իսկ Բարեգործության ամերիկյան ինստիտուտն ուշադրություն է դարձնում արդյունավետությանը և ֆինանսական ինֆորմացիայի հասանելիությանը[10]։

ԱՄՆ-ում գտնվող բարեգործական խոշորագույն ընկերությունների հնգյակում ըստ Ֆորբսի 2013 թվականին ներառվել են The United Way-ը, Փրկության բանակը, The Task Force for Global Health-ը, Feeding America-ն և ԱՄՆ կաթոլիկ բարեգործական համայնքների ասոցիացիան[11]։ Funds for NGOs կայքն առաջատարների ցանկում ներառում է նաև Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամը, Բաց հասարակություն հիմնադրամը, Ֆորդի հիմնադրամը, Ուիլյամ և Ֆլորա Հյուլեթների հիմնադրամը և բրիտանական Children’s Investment Fund Foundation-ը[12]։ Խոշոր բարեգործական ընկերությունների թվին են պատկանում նաև բրիտանական Wellcome Trust, ամերիկյան Lilly Endowment և Robert Wood Johnson Foundation հիմնադրամները[13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Благотворительная организация Արխիվացված 2012-11-18 Wayback Machine // Словарь-справочник по социальной геронтологии/под ред. Б. Тукумцева, самара, 2003 г.
  2. Lester M. Salamon and Helmut K. Anheier. The International Classification of Nonprofit Organizations: ICNPO-Revision 1. — The Johns Hopkins University Institute for Policy Studies, 1996. — P. 18.
  3. «Historical Note». The Almshouse Association. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 28-ին.
  4. Jacqueline Banerje. (2013 թ․ հունիսի 1). «Captain Coram and the Foundling Hospital». The Victorian Web. Վերցված է 2014 թ․ ապրիլի 28-ին.
    Е. А. Горшкова. Английские воспитательные дома XVlll - конца XlX века // Детский дом. — 2010. — № 10. — С. 11. Архивировано из первоисточника 29 Ապրիլի 2014.
  5. Malthus: 'An Essay on the Principle of Population' / Edited by Donald Winch. — Cambridge University Press. — 1992. — P. x. — ISBN 0-521-42972-2
  6. «The Charity Organisation Society». St George-in-the-East Church. Վերցված է 2014 թ․ ապրիլի 28-ին.
  7. John E. Hansan. «Charity Organization Societies: 1877-1893». The Social Welfare History Project. Վերցված է 2014 թ․ ապրիլի 28-ին.
  8. 8,0 8,1 Peter Dobkin Hall. Historical Perspectoves on Nonprofit Organizations in the United States // The Jossey-Bass Handbook of Nonprofit Leadership and Management / Robert D. Herman & Associates. — 2nd Ed. — Jossey-Bass, 2011. — P. 1—38. — ISBN 0-7879-6995-8
  9. William P. Barrett. (2012 թ․ նոյեմբերի 8). «Largest-Charities Methodology: Size, Then Financial Efficiency». Forbes. Վերցված է 2014 թ․ ապրիլի 29-ին.
  10. «Charity Watch Top-Rated Charities». American Institute of Philanthropy. Վերցված է 2014 թ․ ապրիլի 29-ին.
  11. William P. Barrett. (2013 թ․ նոյեմբերի 25). «The Largest U.S. Charities For 2013». Forbes. Վերցված է 2014 թ․ ապրիլի 29-ին.
  12. Robin Toal. (2013 թ․ սեպտեմբերի 16). «The Top Ten US Charitable Foundations». Funds for NGOs. Վերցված է 2014 թ․ ապրիլի 29-ին.
  13. «Крупнейшие мировые благотворительные организации и фонды». БФ «Только лучшее детям». 13 февраля 2012. Վերցված է 2014 թ․ ապրիլի 29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարեգործական կազմակերպություն» հոդվածին։