Բազմաշեն (Խարբերդի գավառ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բազմաշեն (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Բազմաշեն | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառ | Խարբերդի գավառ | |
Այլ անվանումներ | Բազման, Բզմըշեն, Բզմշեն, Պզմիշեն, Պզմշեն | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 694 մարդ (2000) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 424 | |
Փոստային ինդեքս | 23000 | |
Ավտոմոբիլային կոդ | 23 | |
|
Բազմաշեն (թուրքերեն՝ Sarıçubuk), գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում։ Գտնվում էր Խարբերդ քաղաքից 10-12 կմ հարավ-արևմուտք, Նոր Մալաթիա-Խարբերդ ճանապարհի ձախ կողմում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ տեղեկությունների գյուղը հիմնադրվել է 1165 թվականին՝ յոթ հայ ընտանիք կողմից։
Գյուղը հնում կոչվել է Բազման, հետագայում վերանվանվել Բազմաշեն։ Հիշատակվում է XII դարում։ Այդ են վկայում հին եկեղեցու ներսի պատին և գյուղի մոտ եղած խաչքարի XIII–XIV դարերի արձանագրությունները։
XIV դարում գյուղը տուժել է Լենկթեմուրի արշավանքներից, իսկ հետագայում վերաշինվել է։
1888 թվականին Բազմաշենում հիմնվել է Ուսումնասիրաց ընկերություն, որն զբաղվել է երեխաների ուսումնա–կրթական գործերով։ 1887 թվականից սկսվել է Բազմաշենի հայերի գաղթը դեպի ԱՄՆ։ 1892 թվականին նրանք ԱՄՆ–ի Չելսի քաղաքում հիմնել են Բազմաշենի լուսավորչական ուսումնասիրաց ընկերությունը, որը զբաղվել է հայրենի գյուղի երիտասարդների ուսման հարցերով։ Ընկերությունը մեծ օգնություն է ցույց տվել 1895 թվականի համիդյան կոտորածներից տուժած հայրենակիցներին, կառուցել է դպրոցի նոր շենք 300 աշակերտի համար։
1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ Բազմաշենի հայերը տեղահանվել և զոհվել են։ Փրկվել են միայն 300 որբ և այրի, որոնք տարագրվել են օտար երկրներ (ԱՄՆ, Սիրիա, Ֆրանսիա)։ Ֆրանսիայում և Սիրիայում ապրող բազմաշենցիների մի մասը հայրենադարձվել և բնակություն է հաստատել Հայաստանում։
Ներկայումս Բազմաշենում ապրում են բռնի թուրքացված հայեր, որոնք դեռևս իրենց խոսվածքի մեջ պահպանում են հայերեն բառեր։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1880-ական թվականներին ուներ 132 տուն, 1903 թվականին՝ 210 տուն՝ 1580 բնակչով, իսկ Մեծ եղեռնի նախօրեին ուներ 460–500 տուն՝ 3500 զուտ հայ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, արհեստներով, առևտրով։ Բազմաշենի կոշկակարների, ատաղձագործների, շաքարագործների, կտավագործների արտադրանքը վաճառահանվում էր Թուրքիայի քաղաքներում։ Կար ձիթհանք, ճրագի յուղ պատրաստող, ծխախոտի գլանակի թղթեր կտրող և փաթաթող արհեստանոցներ։
Պատմամշակույթային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմաշենն ուներ երեք եկեղեցի, որոնցից մեկը կոչվում էր Ս. Աստվածածածին (կառուցված 1840-ական թվականներին)։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ուներ երեք երկսեռ դպրոց՝ բարեկարգ շենքերով[1][2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 215)։ |