Jump to content

Անտոն Մակարենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (մարտի 21, 2018) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)
Անտոն Մակարենկո
Антон Семёнович Макаренко
Դիմանկար
Ծնվել էմարտի 13, 1888(1888-03-13)[1][2][3][…], մարտի 1 (13), 1888[3] կամ 1891[4]
ԾննդավայրԲելոպոլիե, Q12086761?, Sumsky Uyezd, Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 1, 1939(1939-04-01)[5][6][7][…] կամ 1962[4]
Մահվան վայրԳոլիցինո, Օդինցովսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն
ԿրթությունՊոլտավայի ազգային մանկավարժական համալսարան
ԵրկերՄանկավարժական պոեմ
30-ականի երթը
Գիրք ծնողների համար
Դաստիարակության գործընթացի կազմակերպման մեթոդիկա
Դրոշակներն աշտարակների վրա
Մասնագիտությունմանկավարժ և գրող
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն
Կայքmakarenko.edu.ru
Ստորագրություն
Изображение автографа
 Anton Makarenko Վիքիպահեստում

Անտոն Սեմյոնովիչ Մակարենկո (ռուս.՝ Антон Семёнович Макаренко, մարտի 13, 1888(1888-03-13)[1][2][3][…], մարտի 1 (13), 1888[3] կամ 1891[4], Բելոպոլիե, Q12086761?, Sumsky Uyezd, Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 1, 1939(1939-04-01)[5][6][7][…] կամ 1962[4], Գոլիցինո, Օդինցովսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ) ուկրաինացի մանկավարժ և գրող։

Մակարենկոն խնամքից զուրկ, իրավախախտ երեխաների վերադաստիարակության մանկավարժական պրակտիկայում անօրինակ փորձ է կատարել։ 1920-1930-ական թվականներին ղեկավարել է անչափահաս իրավախախտների Մ. Գորկու անվան աշխատանքային գաղութը և Ֆ. Ձերժինսկու անվան մանկական աշխատանքային կոմունան։

Մակարենկոն կարևորել է կոլեկտիվի դերը անձի դաստիարակության և ձևավորման գործում։ Նա սահմանել է «կոլեկտիվի շարժման օրենքը»։ Մանկական կոլեկտիվի զարգացումը, ըստ Մակարենկոյի, պետք է անընդհատ լինի։ Կոլեկտիվի առջև միշտ պետք է մեկ կամ մի քանի խնդիրներ լինեն, որոնց հասնելը ջանքեր է պահանջում։

Իր մանկավարժական փորձի էությունը Մակարենկոն բնորոշել է՝ «որքան կարելի է մեծ պահանջկոտություն մարդու նկատմամբ և որքան կարելի է մեծ հարգանք նրա նկատմամբ» սկզբունքով։

Մակարենկոյի մանկավարժական փորձն ու հայացքներն իրենց արտացոլումն են գտել նրա գեղարվեստական ստեղծագործություններում («Մանկավարժական պոեմ», «30-ականի երթը», «Դրոշակներն աշտարակների վրա»), գեղարվեստական-տեսական («Գիրք ծնողների համար»), հրապարակախոսական հոդվածներում («Դաստիարակության նպատակը», «Բնավորության դաստիարակությունը դպրոցում» և այլն)։

Մակարենկոն պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

ՈւԽՍՀ-ում 1958 թվականին սահմանվել է Մակարենկոյի մեդալ, որով պարգևատրվում են առավել աչքի ընկնող ուսուցիչներն ու կրթության բնագավառի աշխատողները։

Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մակարենկոն այն չորս մանկավարժներից է (մյուս երեքը՝ Ջոն Դյուին, Գեորգ Կերշենշտեյները և Մարիա Մոնտեսորին են), որ սահմանել է մանկավարժական մտածողության եղանակները 20-րդ դարում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոն Սեմյոնովիչ Մակարենկոն ծնվել է Խարկովի մարզի Բելոպոլիե քաղաքում 1888 թվականի մարտի 1-ին։ Հայրը երկաթուղու արհեստանոցների ներկարարական ցեխի վարպետ էր։

Կրեմենչուգ քաղաքի քաղաքային դպրոցն ու մանկավարժական դասընթացներն ավարտելուց հետո՝ 1903 թվականին, Մակարենկոն սկսում է աշխատել իբրև երկդասյա երկաթուղային ուսումնարանի ժողովրդական ուսուցիչ՝ Կրյուկովոյում[9]։

1905 թվականին՝ հեղափոխության ժամանակաշրջանում, այն դպրոցը, ուր ուսուցչություն էր անում Մակարենկոն, հեղափոխական աշխատանքի կենտրոն դարձավ։ Դպրոցի տնօրեն Մ․ Գ․ Կոմպանցևը և Ա․ Ս․ Մակարենկոն գործունյա մասնակցություն ունեին այդ աշխատանքին. հաճախ դպրոցում երկաթուղային բանվորների ժողովներ էին կազմակերպում։ Վարչությունն այդ մասին իմացավ, և ժողովրդական դպրոցների տեսուչը Կոմպանցևին փոխադրեց ուրիշ դպրոց․ Խարկովի մարզի Դոլինսկի կայարանի մոտ։ 1911 թվականին այստեղ տեղափոխվեց նաև Մակարենկոն։ Այս դպրոցում մոտ 3 տարի աշխատելուց հետո՝ 1914 թվականին, Մակարենկոն, արդեն ժողովրդական ուսուցչի 10 տարվա ստաժ ունենալով, ընդունվում է Պոլտավայի ուսուցչական ինստիտուտ, որն ավարտում է 1917 թվականին ոսկե մեդալով[10]։ 1917-18 ուսումնական տարում նա նշանակվում է Կրյուկովո ավանի բարձրագույն տարրական դպրոցի տեսուչ, որտեղ այժմ բացված է Ա․ Ս․ Մակարենկոյի թանգարանը։

Մակարենկոն դաստիարակչական աշխատանքների նոր ուղիներ էր փնտրում, ձգտում էր աշակերտների ամուր համերաշխ կոլեկտիվ ստեղծել, կազմակերպում էր նրանց աշխատանքը դպրոցական հողամասում, կազմում աշակերտների աշխատանքային ջոկատներ և այլն։

Գործունեությունը Գորկու անվան աշխատանքային գաղութում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականին Պոլտավայի ժողովրդական կրթության նահանգային բաժինը Ա․ Ս․ Մակարենկոյին հանձնարարում է ղեկավարել Պոլտավայի մոտ գտնվող անչափահաս իրավախախտ երեխաների գաղութը։

Մակարենկոն ստիպված էր աշխատանքն սկսել չափազանց դժվարին պայմաններում։ Նոր հիմնարկության համար տրամադրվել էր անչափահաս հանցագործների նախկին գաղութի կիսախարխուլ շենքը։ Ամբողջ կահավորանքը հափշտակված էր, շենքի ապակիները հանված։ Աշակերտները, ում հետ պետք է աշխատեր Մակարենկոն, քրեական անցյալ ունեցող, անկարգապահ դեռահասներ ու պատանիներ էին։

Մաքսիմ Գորկու նամակը Մակարենկոյին՝ Կուրյաժ տեղափոխվելու առիթով

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և խնդրում եմ շնորհավորել գաղութին՝ նոր տեղ տեղափոխվելու առթիվ։
Ցանկանում եմ ձեզ բոլորիդ նոր ուժ, հոգևոր առույգություն, հավատ ձեր գործի նկատմամբ։
Հիանալի գործ եք անում դուք, դա պետք է հրաշալի պտուղներ տա։
Այս հողն իսկապես մեր հողն է։ Այդ մենք ենք այն պտղատու դարձրել, մենք ենք քաղաքներով զարդարել այն, ակոսել ճանապարհներով, դրա վրա ամեն տեսակ հրաշալիքներ ենք ստեղծել, մենք՝ մարդիկս, անցյալում անձև ու համր նյութի չնչին մասնիկներ, հետո կիսագազաններ, իսկ այժմ նոր կյանքի համարձակ սկզբնավորողներ։
Առողջ եղե՛ք և հարգեցե՛ք միմյանց, չմոռանալով, որ ամեն մարդու մեջ թաքնված է կառուցողի իմաստուն ուժը, և որ դրան ազատություն է պետք տալ՝ զարգանալու և ծաղկելու, որ նա երկիրը հարստացնի էլ ավելի մեծ հրաշալիքներով։
Ողջույն[11]։

Մաքսիմ Գորկի, հունիսի 3, 1926 թ.

Մեծ տոկունությամբ և մանկավարժական տակտով, մեծ հոգածություն ցուցաբերելով իր սաների նկատմամբ, իր ամբողջ եռանդը ներդնելով գաղութի դաստիարակչական և տնտեսական կյանքը բարելավելուն, Մակարենկոն կարողացավ երեխաներից ամուր, համերաշխ կոլեկտիվ ստեղծել, դաստիարակել աշխատանքը սիրող և աշխատել կարողացող քաղաղաքացիներ։

3-4 տարվա ընթացքում Մակարենկոն կարողացավ ստեղծել օրինակելի դաստիարակչական հիմնարկ։ Նրա սաների թիվը 1926 թվականին հասավ 120-ի։ Այդ թվականին գաղութը տեղափոխվեց Խարկովի մոտ՝ Կուրյաժ, ուր ապրում էին 280 բոլորովին անուշադրության մատնված երեխաներ[12]։ Կարճ ժամանակամիջոցում Կուրյաժը դառնում է անճանաչելի, Մակարենկոն կարողանում է կուրյաժականներին դարձնել այնպիսի կարգապահ, կազմակերպված, աշխատասեր սաներ, ինչպիսիք էին Գորկու անվան գաղութի նախկին սաները։ Կուրյաժ տեղափոխվելը Մակարենկոյի մանկավարժական համակարգի ճշտությունն ու արդյունավետությունն ապացուցող համոզիչ փաստերից մեկն էր։

Մաքսիմ Գորկին, ում հետ Մակարենկոյի նախաձեռնությամբ գաղութցիները նամակագրություն ունեին, 1928 թվականին այցելեց գաղութ[13]։ Բնութագրելով գաղութն ու դրա ղեկավարին՝ Գորկին գրում է.

Ո՞վ կարող էր այդքան անճանաչելիորեն փոխել, վերադաստիարակել հարյուրավոր երեխաների, ում այդքան դաժան և նվաստացուցիչ կերպով տրորել էր կյանքը։ Գաղութի կազմակերպողն ու վարիչը Ա. Ս. Մակարենկոն էր։ Նա անվիճելիորեն տաղանդավոր մանկավարժ է։ Գաղութի սաներն իսկապես սիրում են նրան և խոսում նրա մասին հպարտության այնպիսի տոնով, կարծես իրենք են ստեղծել նրան[14]։

1928 թվականի ամռանը Մակարենկոն թողեց աշխատանքը Գորկու անվան աշխատանքային գաղութում։

Գործունեությունը Ձերժինսկու անվան աշխատանքային կոմունայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետագա մի քանի տարիներին Մակարենկոն իր բոլոր ուժերը նվիրեց Ֆ. Է. Ձերժինսկու անվան աշխատանքային կոմունայի ղեկավարմանը։ Այդ կոմունան ստեղծվել էր ի հիշատակ Ֆելիքս Էդմոնդովիչ Ձերժինսկու։ Այնտեղ դաստիարակվում էին անապաստան երեխաներ և անչափահաս իրավազանցներ։

Մակարենկոյի դիմանկարը (1920 թ.)

Ձերժինսկու անվան կոմունայում Մակարենկոն շարունակեց գործադրել իր արդեն փորձված, այդ ժամանակ կատարելապես կազմավորված համակարգը, և դաստիարակչական աշխատանքներում հասավ ապշեցուցիչ արդյունքների։

Չբավարարվելով գյուղատնտեսական աշխատանքով և այն արհեստանոցների աշխատանքով, որոնք սպասարկում էին Գորկու անվան գաղութի կարիքները, հետևելով իր «կոլեկտիվի շարժման» օրենքին, Մակարենկոն աշխատանքային դաստիարակության նոր ձևեր մտցրեց. Ձերժինսկու անվան կոմունայում երկու բարդ ձեռնարկություններ կազմակերպվեցին. լուսանկարչական գործիքների և էլեկտրագայլիկոնների արտադրություն[15]։ Դրանք կարևոր էին թե՛ դաստիարակչական տեսակետից՝ իբրև աշխատանքի մեջ չափազանց ստույգություն պահանջող (մինչև միլիմետրի հազարերորդ մասը), և թե՛ տնտեսական տեսակետից[16]։

Մակարենկոյի սաները օրական 4 ժամ աշխատում էին ձեռնարկություններում՝ համատեղելով բարձր տեխնիկայի գործարանային ձեռնարկության այդ արտադրական աշխատանքը միջնակարգ դպրոցի ուսուցման հետ։ Նրանք սահմանված ժամկետում ավարտում էին միջնակարգ դպրոցը՝ հանրակրթական գիտելիքների բարձր մակարդակով, և հաջողությամբ քննություն էին հանձնում տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար։

Կոմունայում անց էին կացվում մշակութային մի շարք միջոցառումներ. կային թատրոն և ակումբ, զանազան խմբակներ։ Կոմունարների նվագախումբը բաղկացած էր 60 երաժշտից և Խարկովում լավագույնն էր համարվում։ Կոմունայում ձևավորվել էին յուրահատուկ ավանդույթներ ու սովորույթներ, որոնք դաստիարակչական մեծ դեր էին խաղում։

Աշխատանքային գործունեության և ուրիշ օգտակար գործեր կատարելու համար կոմունարները բաժանվում էին 10-15 հոգուց բաղկացած ջոկատների՝ կազմված տարբեր տարիքի սաներից։ Յուրաքանչյուր ջոկատի գլուխ կանգնած էր ջոկատի ղեկավարը։ Ղեկավարների խորհուրդն էլ Մակարենկոյի հետ միասին, ղեկավարում էր կոմունայի ամբողջ կյանքը[17]։ Հիմնարկի կառավարման գլխավոր մարմինը կոմունարների ընդհանուր ժողովն էր։

Կազմակերպական և կարգապահական մեծ դեր էին խաղում, այսպես կոչված, «ռազմականացումը» և սիմվոլիկան՝ դրոշը, զեկույցները, կոմունարների գեղեցիկ, պարզ համազգեստը, փողի ռազմական ազդանշանները։ Այդ «ռազմականացումը» ոչ մի կապ չուներ խստավարժեցման հետ։ Մակարենկոն հսկայական հեղինակություն ուներ կոմունարների մոտ, բայց այդ հեղինակությունն ամենևին ճնշող չէր։ Կոմունարները սիրում էին Մակարենկոյին խորը, անմնացորդ սիրով։

1935 թվականին Ա. Ս. Մակարենկոն թողնում է աշխատանքը Ձերժինսկու անվան կոմունայում։ Նա նշանակվում է Ուկրաինայի աշխատանքային գաղութների ուսումնադաստիարակչական մասի վարիչ և տեղափոխվում Կիև, այնուհետև, վերաբնակվելով Մոսկվայում, Ա. Մ. Գորկու խորհրդով զբաղվում է գրական աշխատանքով[18]։ 1933 թվականին Գորկին Մակարենկոյին գրել է. «Ձեր անգնահատելի աշխատանքների մասին ոչ ոք չգիտի, և ոչ ոք էլ չի իմանա, եթե Դուք ինքներդ չպատմեք»։

Գրական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկավարժական պոեմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռ իր գործունեության սկզբում, Գորկու անվան գաղութում, երբ արդեն պարզվեց յուրահատուկ մանկավարժական փորձի առաջին դրական արդյուքները, այսինքն՝ 1925 թվականին, Մակարենկոն սկսեց գրել իր «Մանկավարժական պոեմը»[19]։ Դրա առաջին մասը նա ավարտեց 1928 թվականին, սակայն շարունակեց աշխատել դրա վրա ևս հինգ տարի։ 1930 թվականին Մակարենկոն «Մանկավարժական պոեմի» ձեռագիրն ուղարկեց Գորկուն, ով այն բարձր գնահատեց՝ որպես գեղարվեստական գրականության նշանավոր գրվածք։

«Մանկավարժական պոեմը» տպագրվեց 1933-35 թվականներին և միանգամից գրավեց ընթերցողների ուշադրությունը։ Դրանում գեղարվեստական պարզությամբ և միևնույն ժամանակ խոր կերպով ցույց է տրված Մակարենկոյի մանկավարժական համարյա ամբողջ համակարգը, որ հետո, ավելի ուշ բացատրվեց մի շարք տեսական աշխատանքներում[20]։

«Մանկավարժական պոեմի» հրատարակումից հետո Մակարենկոն մեծ քանակությամբ նամակներ էր ստանում. նրան դիմում էին ուսուցիչներ և ծնողներ՝ հայտնում իրենց դժվարությունների մասին, խնդրում խորհուրդ տալ։ Նա անձնապես պատասխանում էր բոլորին, ռադիոյով ելույթներ ունենում, զեկուցումներ և դասախոսություններ կարդում, հաճախ հոդվածներ տպագրում մամուլում։

Գիրք ծնողների համար

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տունը, որտեղ աշխատել է Մակարենկոն 1936-37 թթ.. քաղաք Բրովարի (Ուկրաինա)

Ընտանեկան դաստիարակության հարցի կարևորությունը և ծնողների հետ շփման արդյունքում կուտակված հսկայական նյութը հիմք հանդիասացան Մակարենկոյի «Գիրք ծնողների համար» գեղարվեստական-մանկավարժական երկի ստեղծման համար։ Այն տպագրվեց 1937 թվականին «Красная новь» ամսագրում։ Երեխաների և ծնողների պայծառ կերպարները, կենցաղային և մանկավարժական իրավիճակներն ընդմիջվում են հետաքրքիր, յուրահատուկ մանկավարժական դատողություններով, որոնք միահյուսվելով՝ մի ամբողջական մանկավարժական համակարգ են կազմում։

Մակարենկոն «Գիրք ծնողների համար» գրքում զգուշացնում է, որ իր ցուցումներին չվերաբերվեն իբրև դեղատոմսի, որ ամեն ընտանիք յուրօրինակ է, որ կյանքը բազմաձև է, և անհրաժեշտ է ամեն մի առանձին դեպքում մոտենալ ոչ թե պատրաստի դեղատոմսով, այլ սկզբունքների ստեղծագործական կիրառումով, որն էլ նրա համակարգի հիմքն է։

Մակարենկոյի հանկարծահաս մահվան պատճառով լույս ընծայվեց այս երկի միայն առաջին հատորը. Մակարենկոն նպատակ ուներ այն շարադրել չորս հատորով[21]։

Դրոշակներն աշտարակների վրա

[խմբագրել | խմբագրել կոդը]

1938 թվականին «Октябрь» ամսագրում տպագրվում է Մակարենկոյի երրորդ խոշոր գեղարվեստական-մանկավարժական երկը՝ «Դրոշակներն աշտարակների վրա», որը, կարծես, «Մանկավարժական պոեմի» շարունակություն է կազմում։ Գիրքը բաղկացած է երեք մասից և պատկերում է Ձերժինսկու անվան կոմունայի կյանքը։

Այլ ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1933-39 թվականներին Մակարենկոն գրում է մի շարք պատմվածքներ երեխաների և պատանիների համար, որոնք զետեղված են տարբեր ամսագրերում, և մանկավարժական, գրականագիտական, հրապարակախոսական շատ հոդվածներ, որոնք տպագրվել են «Պրավդա», «Իզվեստիա», «Литературная газета» լրագրերում։

Մակարենկոյի գրական երկերի քանակը՝ ներառյալ հոդվածներն ու ելույթների սղագրությունները, որոնք լույս են տեսել արդեն նրա մահից հետո, հասնում է 80-ի։ Մակարենկոն հաճախ ելույթ էր ունենում մանկավարժական տարբեր թեմաների վերաբերյալ զեկուցումներով, դասախոսություններով, ընտանեկան դաստիարակության հարցերին նվիրված նրա մի շարք դասախոսությունները հետագայում բազմիցս հրատարակվել են «Դասախոսություններ երեխաների դաստիարակության մասին» խորագրով։

Ամբողջապես անձնատուր լինելով աշխատանքին՝ Մակարենկոն չէր մտածում բուժման և հանգստի մասին, որի կարիքը մեծապես ուներ նրա հոգնած օրգանիզմը։ 1939 թվականի ապրիլի 1-ին նա հանկարծամահ է լինում՝ Գոլիցինո կայարանում։

Մակարենկոն թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը[22]։

Մանկավարժական հայացքները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակարենկոյի մանկավարժական ժառանգությունը՝ նրա տևական դաստիարակչական գործնական աշխատանքը, դրա արտացոլումը գեղարվեստական երկերում («Մանկավարժական պոեմ», «Դրոշակներն աշտարակների վրա», «Գիրք ծնողների համար») և մանկավարժության մասին նրա տեսական աշխատությունները՝ «Դասախոսություններ երեխաների դաստիարակության մասին» և դաստիարակության հարցերի վերաբերյալ բազմաթիվ հոդվածները՝ կազմում են մի յուրահատուկ, ներդաշնակ մանկավարժական համակարգ։

Իմ հիմնական սկզբունքը միշտ եղել է. որքան կարելի է մեծ պահանջ ներկայացնել մարդուն, բայց միևնույն ժամանակ, որքան կարելի է մեծ հարգանք ունենալ դեպի նա...Չի կարելի շատ պահանջել մարդուց, ում չես հարգում[23]։

Ա. Ս. Մակարենկո, «Մի քանի հետևություն իմ մանկավարժական փորձից»

Մակարենկոն խիստ քննադատության ենթարկեց բուրժուական մանկավարժությունը։ Նրա դիտարկմամբ՝ բուրժուական մանկավարժությունը երեխաների անձնավորությունը ճնշելուց, ավտորիտար մանկավարժությունից նետվում է «ազատ դաստիարակության» անարխիստական տեսությունը։ Մակարենկոն նախազգուշացնում էր երեխաների նկատմամբ սենտիմենտալ զմայլումից։ «Ազատ դաստիարակության» բուրժուական տեսությանը հետևելը երեխաների մոտ զարգացնում է եսասիրություն, ծուլություն, երերունություն։ Երեխաների հետ վարվելիս անհրաժեշտ է չափի զգացում՝ սիրո և պահանջկոտության, փաղաքշանքի և խստության մեջ։

Երեխաների նկատմամբ հարկավոր է «պահանջկոտ սեր». որքան մեծ հարգանք մարդու նկատմամբ, այնքան և մեծ պահանջկոտություն նրա հանդեպ[24]։ Ելնելով այս հումանիզմից՝ Մակարենկոն իր յուրաքանչյուր սանի մեջ տեսնում էր ոչ թե օրինազանցի, այլ ստեղծագործական մեծ ուժեր ունեցող մարդու, որը, սակայն, իր համար աննպաստ դասավորված հանգամանքների պատճառով աղավաղվել է միայն։

Տասնյակ ու հարյուրավոր տղաներ ու աղջիկներ ամենևին էլ վայրենի գազաններ չէին..Զախարովը[Ն 1] այժմ գիտեր նրանց ուժը, ուստի և կարող էր առանց երկյուղի կանգնել նրանց առջև քաղաքական մեծ պահանջով՝ «Եղե՛ք իսկական մարդիկ»[25]։
- «Դրոշակներն աշտարակների վրա»

Մակարենկոն խորապես հավատում էր մարդու ստեղծագործական ուժերին, նրա մեծ հնարավորություններին։ Մակարենկոյի մոտ հումանիստական գաղափարները զուգակցվում են լավատեսությանը՝ յուրաքանչյուր երեխայի մեջ դրական ուժերը տեսնելու, մարդու մեջ լավը, առավել ուժեղը և առավել հետաքրքիրը «նախագծելու» կարողությանը։ «Ազատ դաստիարակության» կողմնակիցներն առարկում էին երեխաների նկատմամբ որևէ պատիժ կիրառելու դեմ, հայտարարելով, թե պատիժը «ստրուկ է դաստիարակում»։ Մակարենկոն առարկեց նրանց, ասելով, որ խելացիորեն ընտրված, հմտորեն կիրառվող պատիժները միանգամայն թույլատրելի են, բացառությամբ, իհարկե, մարմնական պատիժների[20]։

Չկարծեք թե ես ուզում եմ մարդուն երջանիկ լինել սովորեցնել։ Մարդուն սովորեցնել երջանիկ լինել չի կարելի, բայց նրան այնպես դաստիարակել, որ նա երջանիկ լինի, կարելի է[26]։

Ա. Ս. Մակարենկո, «Դաստիարակությունը ընտանիքում և դպրոցում»

Մակարենկոն վճռականորեն պայքարում էր մանկաբանության դեմ, դեռ այն ժամանակ, երբ մանկավարժ տեսաբաններից ոչ ոք հանդես չէր եկել դրա դեմ։ Նա խորապես հավատում էր մարդու ստեղծագործական ուժերին և համոզված էր, որ ճիշտ դաստիարակությամբ կարելի է արթնացնել ու զարգացնել այդ ուժերը։ Մանկաբանությունը, ընդհակառակը, երեխաների ճակատագրի ֆատալիստական պայմանավորվածության իր «օրենքով», ժառանգականության և ինչ-որ անփոփոխ միջավայրի ազդեցության վերաբերյալ իր գաղափարով՝ մանկավարժների մեջ սպանում էր դաստիարակության մեծ հնարավորությունների նկատմամբ վստահությունը[27]։ Ա. Մակարենկոյի պայքարը մանկաբանության դեմ մղվել է Գորկու անվան գաղութում և Ձերժինսկու անվան կոմունայում նրա աշխատանքի ողջ ժամանակաշրջանում՝ 1920-1935թվականներին։

Մանկաբանության նկատմամբ Մակարենկոյի նման բացասական վերաբերմունքի մեջ դրսևորվեց նրա մանկավարժական մտածողության ուժը և ճշտությունը, նրա մանկավարժական մեծ հոտառությունը։

Մակարենկոն թշնամաբար էր վերաբերվում նաև «էքսպերիմենտալ մանկավարժությանը», պնդելով, որ դրան բնորոշ է խզվածությունը երեխայի ուսումնասիրության և նրա դաստիարակության միջև, որ այն կառուցված է բիոլոգիզմի հիմունքներով։

Իր փորձով ու օրինակով Մակարենկոն պահանջում էր, որ մանկավարժության տեսությունը կառուցվի դաստիարակության պրակտիկ փորձի ընդհանրացման վրա։ Նա քննադատում էր այն մտաֆիզիկական մանկավարժական տեսությունները, որոնք կառուցվում էին մտահայեցողական ճանապարհով։

Դաստիարակությունը կոլեկտիվում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլեկտիվում և կոլեկտիվի միջոցով դաստիարակության գաղափարը Մակարենկոյի մանկավարժական համակարգում կենտրոնական է։ Նրա մանկավարժական համակարգի մեթոդաբանական հիմքը անձնավորության և հասարակության փոխհարաբերության հարցն է[28]։

Կոլեկտիվ ասելով՝ Մակարենկոն հասկանում է ոչ թե պատահական մարդկանց կուտակում, այլ նրանց միավորում՝ ընդհանուր աշխատանքով՝ մի ընդհանուր նպատակի հասնելու համար. լիազորությունների, պատասխանատվությունների որոշ համակարգով, այդ միավորման առանձին մասերի որոշ հարաբերակցությամբ և փոխադարձ կախվածությամբ[29]։

Ըստ Մակարենկոյի՝ դպրոցական միասնական կոլեկտիվ ստեղծելով միայն, կարելի է մանկական գիտակցության մեջ արթնացնել հասարակական կարծիքի հզոր ուժը՝ իբրև կարգավորող և կարգապահություն հաստատող դաստիարակիչ գործոն։

Առանձին անձնավորության վրա կարելի է ներգործել՝ ազդելով այն կոլեկտիվի վրա, որի անդամն է այդ անձնավորությունը։ Այդ դրույթը Մակարենկոն անվանել է «զուգահեռ գործողության սկզբունք»։ Այդ սկզբունքի մեջ է իրագործվում կոլեկտիվի՝ «բոլորը մեկի, մեկը բոլորի համար» պահանջը։

Կոլեկտիվի շարժման օրենք

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կոլեկտիվի շարժման օրենքը» Մակարենկոն համարում էր կոլեկտիվի կարևորագույն օրենքներից մեկը։ Ըստ Մակարենկոյի, եթե կոլեկտիվը հասնում է առաջադրված նպատակին, սակայն իր առջև նոր նպատակներ չի դնում, երբ չկան այնպիսի ձգտումներ, որոնք կոգեշնչեն կոլեկտիվի անդամներին, ապա այդպիսի կոլեկտիվը ապագա չունի. դրա զարգացումը կանգ է առնում։

Կոլեկտիվը պետք է մշտապես ապրի լարված կյանքով, որոշակի նպատակի ձգտումով։ Դրան համապատասխան՝ Մակարենկոն առաջին անգամ մանկավարժության մեջ առաջ քաշեց և մշակեց մի կարևոր սկզբունք, որն անվանեց «հեռանկարային գծերի համակարգ».

Մարդը չի կարող ապրել աշխարհում, եթե առաջիկայում չունի ոչ մի ուրախալի բան։ Մարդկային կյանքի իսկական ազդակը նրա վաղվա բերկրանքն է...ամենակարևորը, որ մենք սովոր ենք գնահատել մարդու մեջ՝ ուժը և գեղեցկությունն են։ Թե՛ մեկը, և թե՛ մյուսը մարդու մեջ, բացառապես, բնորոշվում են հեռանկարի նկատմամբ ունեցած նրա վերաբերմունքով...դաստիարակել մարդուն՝ նշանակում է նրա մեջ դաստիարակել հեռանկարային այն ուղիները, որոնց միջոցով դասավորվելու է նրա վաղվա բերկրանքը[30]։
- Մանկավարժական պոեմ

Մանկական կոլեկտիվի զարգացումն ըստ Մակարենկոյի՝ պետք է անընդհատ լինի։ Այն պետք է ուղղություն ստանա այնպիսի մանկավարժական կոլեկտիվի կողմից, որը ստեղծագործաբար որոնում է նրա առաջխաղացման առավել արդյունավետ ուղիները։

Կոլեկիվի առջև միշտ պետք է մեկ կամ մի քանի խնդիրներ լինեն, որոնց հասնելը ջանքեր է պահնջում։ Գորկու անվան գաղութի կյանքում կար մի շրջան, երբ բավակնին շատ բաների էին հասել, հիանալի տնտեսություն ունեին, և Մակարենկոն հասկանում էր, որ նրա առջև նոր մեծ խնդիրներ չկան, որի հետևանքով ամբողջ կոլեկտիվը սկսել է ինչ-որ անբավարարվածություն զգալ։ Դրանից հետո «Կուրյաժը նվաճելու մեծ, համարձակ խնդիր դրվեց», և ամբողջ կոլեկտիվը նորից սկսեց լիակատար կյանքով ապրել։

Աշխատանքային դաստիարակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակարենկոյի մանկավարժական համակարգում կենտրոնական տեղ ունի աշխատանքային դաստիարակությունը։ Ըստ Մակարենկոյի՝ աշխատասիրությունը և աշխատանքի ընդունակությունը պետք է համակարգված կերպով դաստիարակել։

Աշխատանքային դաստիարակության վերաբերյալ իր ասույթներում Մակարենկոն շատ արժեքավոր ցուցումներ է տալիս. երեխաների աշխատանքային գործունեության ընթացքում հարկավոր է զարգացնել նրանց կողմնորոշվելու, աշխատանքը պլանավորելու, արտադրության գործիքներին և նյութերին խնամքով վերաբերվելու, աշխատանքի բարձր որակի հասնելու կարողություն[31]։

Մակարենկոյի սաների աշխատանքային գործունեությունը Գորկու անվան գաղութում մեծ տեղ էր զբաղեցնում, և իր զարգացման գագաթնակետին հասավ Ձերժինսկու անվան կոմունայում։ Այստեղ Մակարենկոն գործնականորեն ցույց է տվել, որ բարձր դասարանների սովորողների համար հնարավոր է արտադրական աշխատանքը միացնել դպրոցում սովորելու հետ և լրիվ միջնակարգ կրթություն ստանալ։ Ձերժինսկու անվան կոմունայի սաները պատրաստում էին լուսանկարչական ապարատներ, ուր առանձին մանր մասերի աշխատանքը մինչև 0,001 միլիմետր ճշտություն էին պահանջում, ինչը երեխաների մոտ կարգապահություն և աշխատանքի նկատմամաբ պատասխանատվություն էր դաստիարակում։

Մակարենկոն արժեքավոր ցուցումներ է տվել նաև ընտանիքում երեխայի աշխատանքային դաստիարակության վերաբերյալ։

Երեխայի աշխատանքային մասնակցությունը ընտանիքի կյանքում պետք է շատ վաղ սկսվի։ Այն պետք է խաղով սկսվի։ Երեխային պետք է ցույց տալ, որ նա պատասխանատու է խաղալիքների պահպանման, դրանց մաքրության և այն տեղի մաքրության ու կարգ ու կանոնի համար, ուր դրված են խաղալիքները, և որտեղ խաղում է ինքը[32]։
- Աշխատանքը դաստիարակում է

Մակարենկոն խրոհուրդ էր տալիս նույնիսկ կրտսեր տարիքի երեխաներին տալ երկարատև առաջադրանքներ, որպեսզի նրանք երկար ժամանակ պատասխանատվություն կրեն հանձնարարված աշխատանքի համար։ Երեխաները կարող են ջրել ծաղիկները սենյակում կամ ամբողջ բնակարանում, ճաշից առաջ նախապատրաստել ճաշասեղանը, մաքրել առանձին սենյակ կամ սենյակի մի մասը, ընտանեկան ծաղկանոցի որոշ տեղամասը և այլն[33]։

Ընտանեկան դաստիարակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. Ս. Մակարենկոն մի շարք նոր, ինքնատիպ գաղափարներ մտցրեց ընտանեկան դաստիարակության խնդիրների լուսաբանման մեջ։ Նա խորհրդային շրջանի առաջին մանկավարժներից էր, որոնք զբաղվել են այդ խնդրի մշակմամբ։

Ընտանեկան դաստիարակության գլխավոր պայմանը Մակարենկոն համարում էր «լիարժեք ընտանիքի», ամուր կոլեկտիվի առկայությունը, որտեղ հայրը և մայրը ապրում են համերաշխ, ուր թագավորում են սերն ու փոխադարձ հարգանքը. նման ընտանիքներում լինում է հստակ ռեժիմ և աշխատանքային գործունեություն։

Մակարենկոն տվել է ծնողական հեղինակության կեղծ տեսակների վերլուծությունը։ Նա դրանց հակադրում է իրական հեղինակությունը, որի գլխավոր հիմքը ծնողների կյանքն ու աշխատանքն է, նրանց քաղաքացիական դեմքն ու վարքագիծը։ Նա պահանջում էր, որ ծնողները գիտակցեն իրենց պատասխանատվությունը հասարակության առաջ՝ երեխաների դաստիարակության համար[34]։

Ըստ Մակերենկոյի՝ շատ կարևոր է, որ երեխաները մասնակից լինեն ընտանիքի տնտեսական հարցերին։ Հենց ընտանիքում էլ դրա շնորհիվ երեխայի մոտ դաստիարակվում է ազնվություն, հոգատարություն, գումարը տնտեսելու կարողություն, պատասխանատվություն, կողմնորոշման ընդունակություն։

Մակարենկոն հանգամանորեն լուսաբանել է նաև հեքիաթների նշանակությունը վաղ տարիքի երեխաների համար, նրանց համար ընթերցանության, նրանց թատրոններ տանելու անհրաժեշտությունը[35]։

Համառոտ մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մանկավարժական պոեմ (1925-1935)
  • 30-ականի երթը (1930)
  • Գիրք ծնողների համար (1936-1937)
  • Դաստիարակության գործընթացի կազմակերպման մեթոդիկա (1936-1937)
  • Դրոշակներն աշտարակների վրա (1938)
  • Մանկավարժները թոթվում են ուսերը (1932)[Ն 2]
  • Մաքսիմ Գորկին իմ կյանքում (1936)
  • Դաստիարակության նպատակը (1937)[Ն 3]
  • Բնավորության դաստիարակությունը դպրոցում (1938)[Ն 4]
  • Իմ փորձի մասին (1938)
  • Կամք, արիություն, նպատակասլացություն (1939)[Ն 5]

Դասախոսություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Դաստիարակության մեթոդները
  • Կարգապահություն, ռեժիմ, պատիժ, խրախուսանք
  • Անհատական ներգործության մանկավարժությունը
  • Աշխատանքային դաստիարակության մասին
  • Վերաբերմունքը, ոճը, տոնը կոլեկտիվում
  • Մի քանի հետևություններ իմ մանկավարժական փորձից
  • Իմ մանկավարժական հայացքները
  • Իմ փորձի մասին
  • Դաստիարակությունը դպրոցում և ընտանիքում
  • Ընտանեկան դաստիարակության ընդհանուր պայմանները
  • Ծնողի հեղինակության մասին
  • Աշխատանքը դաստիարակում է
  • Սեռական դաստիարակություն

Ստեղծագործությունների էկրանավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում Ռեժիսոր Սցենարիստ Տարեթիվ Երկիր
Մանկավարժական պոեմ[36] Ալեքսեյ Մասլյուկով,
Մեչիսլավա Մաևսկայա
Իոսիֆ Մանևիչ,
Ալեքսեյ Մասլյուկով
1955 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Դրոշակներն աշտարակների վրա[37] Աբրահամ Նարոդիցկի Իոսիֆ Մանևիչ 1958 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Մեծերը և փոքրերը[38][Ն 6] Մարիա Ֆեոդորովա Իոսիֆ Մանևիչ 1963 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ

Մակարենկոյի պատվին հուշարձան է կանգնեցվել.

Ուսումնական հաստատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մակարենկոյի կիսանդրին Կովալյովկա գյուղում, Ուկրաինա
Ռուսաստան
Ղազախստան
  • Մակարենկոյի անվան № 6 դպրոց (ք. Տալդի Կուրգան)
  • Մակարենկոյի անվան № 6 միջնակարգ դպրոց (ք. Ուրալսկ)
  • Մակարենկոյի անվան № 6 դպրոց (ք. Շիմկենտ)
Ղրղզստան
  • Մակարենկոյի անվան № 1 դպրոց (գ. Բազար-Կորգոն)
Կուբա
  • Մակարենկոյի անվան մանկավարժական ինստիտուտ (հիմնադրվել է 1960 թվականին Հավանա քաղաքում)
Մեքսիկա
  • Անտոն Մակարենկոյի ինստիտուտ (ք. Լասարո-Կարդենաս)
Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետություն
  • Մակերնկոյի անվան հանրապետական կրթահամալիր (ք. Տիրասպոլ)
Ուզբեկստան
  • Մակարենկոյի անվան № 1 դպրոց (ք. Խանկա)
Ուկրաինա
Մակարենկոյի կիսանդրին Սումիի մանկավարժական համալսարանի դիմաց
  • Մակարենկոյի անվան մասնագիտական-մանկավարժական քոլեջ[44] (ք. Կիև)
  • Մակարենկոյի անվան Սումիի մանկավարժական համալսարան[45] (ք. Սումի, Սումիի մարզ)
  • Մակարենկոյի անվան № 2 դպրոց (ք. Դոլինսկայա, Կիրովոգրադի մարզ)
  • Մակարենկոյի անվան № 47 դպրոց (ք. Կիև)
  • Մակարենկոյի անվան № 50 դպրոց (ք. Լվով, Լվովի մարզ)
  • Մակարենկոյի անվան № 100 դպրոց (ք. Խարկով, Խարկովի մարզ)
  • Մակարենկոյի անվան Կուրյաժի դաստիարակչական գաղութ (գ. Պոդվորկի, Խարկովի մարզ)
  • Մակարենկոյի անվան Կրեմենչուգի մանկավարժական քոլեջ[46] (ք. Կրեմենչուգ, Պոլտավայի մարզ)
Ռուսաստան
Մակարենկոյի նրբանցքը Սանկտ Պետերբուրգ քաղաքում
Գերմանիա
  • Անտոն Մակարենկոյի փողոց (ք. Ռոստոկ)
  • Մակարենկոյի փողոց (ք. Գրայֆսվալդ)
Ուկրաինա
Մակարենկոյի փողոցը Սևերոդվինսկ քաղաքում, Ռուսաստան
Ռուսաստան
  • Մակարենկոյի մանկավարժական թանգարան[47] (ք. Մոսկվա)
  • № 656 կրթական կենտրոնի դպրոցական թանգարան (ք. Մոսկվա)
Ուկրաինա
Մակարենկոյի թանգարան-արգելոցը Կովալյովկա գյուղում
  • Դոլինսկայա քաղաքի Մակարենկոյի անվան № 2 դպրոցի դպրոցական թանգարան
  • Թանգարան Դերգաչևի շրջանի Պոդվորկի (Կուրյաժ) գյուղում
  • Թանգարան Խարկովի «ՖԷԴ» մեքենաշինական գործարանում
  • Խարկով քաղաքի Մակարենկոյի անվան № 100 դպրոցի դպրոցական թանգարան
  • Մակարենկոյի թանգարանը Բոլոպոլյե քաղաքում (Սումիի մարզ)
  • Մակարենկոյի տուն-թանգարան Կրեմենչուգ քաղաքում (Պոլտավայի մարզ)
  • Մակարենկոյի թանգարան-արգելոց Կովալյովկա գյուղում[48] (Վասիլկովի շրջան)
  • Մակարենկոյի անվան շքանշան (Ռուսաստան)
  • Մակարենկոյի անվան մեդալ. կրթության ոլորտում ունեցած ներդրման համար (շնորհվել է ՈւԽՍՀ-ում 1964 թվականին)
  • Մակարենկոյի անվան մեդալ (շնորհվել է «Народное образование» ամսագրի և Մակարենկոյի միջազգային ասոցիացիայի կողմից[49] 2003 թվականին՝ Մակարենկոյի ծննդյան 115-ամյակի կապակցությամբ)[50]
Մակարենկոյի մեդալ

Այլ կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակարենկոն պատկերված է ԽՍՀՄ 1962, 1998 թվականների փոստային նամականիշերի վրա[53]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մակարենկոյի աշխատությունները
  • Воспитание гражданина/ Сост. и авт. вступ. ст. М. П. Павлова; Под ред. Л. Ю. Гордина.-М.: Просвещение, 1968.-373 с.
  • Книга для родителей; Лекции о воспитании детей; Вы¬ ступления по вопросам семейного воспитания/ Подгот. к печати, коммент. и примеч. В. Е. Гмурмана.-1951.-532 с.
  • Коллектив и воспитание личности/ Сост. и авт. вступ. Ст. В. В. Кумарин.-М. : Педагогика, 1972.-332 с.
  • Марш 30 года: Повесть; ФД-1: Повесть; Мажор: Пьеса/ Подгот.: В. Е. Гмурман, Г. С. Макаренко, А. Г. Тер-Гевондян, Коммент. и примеч. В. Е. Гмурмана, Г. С. Макаренко.- 1950.-494 с.
  • Некоторые выводы из педагогического опыта/ Сост. и авт. вступ. ст. и примеч. В. С. Аранский, А. И. Пискунов.-М.: Просвещение, 1964.-116 с.
  • О воспитании в семье/ Сост. И. С. Петрухин; Науч. ред. Е. Н. Медынский; Вступ. ст. Е. Н. Медынского, И. С. Петрухнна.-М.: Учпедгиз, 1955.-320 с.
  • Общие вопросы теории педагогики; Воспитание в совет¬ ской школе/ Подгот. к печати, коммент. и примеч. В. Е. Гмурмана.-1951.-510 с.
  • Педагогическая поэма/ Подгот.: Г. С. Макаренко, А. Г. Тер-Гевондян; Коммент. Г. С. Макаренко, Н. А. Сундукова; Примеч. В. Е. Гмурмана, Г. С. Макаренко.- 1950.- 768 с.
  • Флаги на башнях: Повесть/ Подгот.: В. Е. Гмурман, Г. С. Макаренко; Коммент. и примеч. М. Е. Бобровской, В. Е. Гмурмана, Г. С Макаренко.-1950.-485 с.
Մակարենկոյի կյանքի և գործունեության մասին
  • Воловникова Г. М.; «Удивительный человечище»: [К 90-летию со дня рождения А. С. Макаренко] // Лит. в шк. 1978. № 1. С. 4-12.
  • Гетманец М. Ф.; А. С. Макаренко-литературный критик.-Харьков: Изд-во Харьк.; 1971.-63 с.
  • Гордин Л., Невская С, Филин И.; О «Педагогической поэме»: К 50-летию выхода в свет// Нар. образование. 1986. № 4. С. 76-79.
  • Джуринский А. Н.; Макаренко шагает по планете// Учит, газ. 1978.
  • Джуринский А. Н.; Французские педагоги об идеях и опыте А. С. Макаренко// Сов. педагогика. 1978. № 3. С. 128-132.
  • Лукин Ю. Б. Два портрета: А. С. Макаренко, М. А. Шолохов: Критико-биографические очерки.-М.: Моск. рабочий, 1975.-413 с.
  • Созинова Г. А.; А. С. Макаренко и А. К-Волнин в Полтавском учительском институте// Сов. педагогика. 1982. № 3. С. 92-94.
Մակարենկոյի մանկավարժական համակարգի մասին
  • А. С. Макаренко: [К 90-летию со дня рождения]/ Львов, обл. отд-ние Пед. о-ва УССР, Львов, гос. ун-т им. И. Франко; Отв. ред. Ф. И. Науменко.-Львов; 1978.- 159 с.
  • Караковский В. А. Коммуна им. Ф. Э. Дзержинского как воспитательная система//Сов. педагогика. 1978. № 3. С. 67-70.
  • Коротаева Г. С. Проблема «цель-средство» в теоретическом наследии А. С. Макаренко// Философско-социологические проблемы формирования личности. Свердловск, 1979. с. 141-149.
  • Кумарин В. В. Некоторые вопросы теории воспитания в трудах А. С. Макаренко//Сов. педагогика. 1986. № 3. С. 92-96.
  • Нежинский Н. П. А. С. Макаренко и педагогика школы.-Киев: Рад. шк., 1976.-259 с.
  • Организация воспитательного процесса в практике А. С. Макаренко: Учеб. пособие/ Горьк. пед. ин-т им. М. Горького; Подгот. А. А. Фролов; Под ред. В. А. Сластенина, Н. Э. Фере.-Горький, 1976.-98 с.
  • Павлова М. П. Педагогическая система А. С. Макаренко.-3. изд., испр. и доп.-М.: Высш. шк., 1972.-352 с.
  • Фролов А. А. Развитие педагогических взглядов А. С. Макаренко в период деятельности коммуны им. Ф. Э. Дзержинского// Сов. педагогика. 1978. № 3. С. 30-38.
  1. Մակարենկոն «Դրոշակներն աշտարակների վրա» գրքում հանդես է գալիս Զախարով անունով։
  2. Մանկավարժները թոթվում են ուսերը հոդվածը գրվել է 1932 թվականին Ձերժինսկու անվան կոմունայի հնգամյա հոբելյանի առթիվ։
  3. «Դաստիարակության նպատակը» հոդվածը տպագրվել է «Իզվեստիա» թերթում, 1937 թվականի օգոստոսի 28-ին։
  4. «Բնավորության դաստիարակությունը դպրոցում» հոդվածը տպագրվել է 1938 թվականի մայսի 6-ին «Правда» թերթում։
  5. «Կամք, արիություն, նպատակասլացություն» հոդվածը գրվել է 1939 թվականին։ Հեղինակի կենդանության օրոք չի տպագրվել։
  6. Ֆիլմը նկարահանվել է Մակարենկոյի «Գիրք ծնողների համար» երկի մոտիվներով։
  7. Քանդակագործ Մ. Ֆ Օվսյանկին, ճարտարապետ Է. Յ. Չերկասով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ
  2. 2,0 2,1 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 499—501. — ISBN 5-94848-262-6
  3. 3,0 3,1 3,2 3,3 ПроДетЛит (ռուս.) — 2019.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 Encyclopædia Britannica
  7. 7,0 7,1 7,2 Babelio (ֆր.) — 2007.
  8. Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  9. История социальной педагогики: Хрестоматия-учеб.: Учеб. пособие . Под. ред. М.А. Галагузовой. - М.: Гуманит. изд. центр ВЛАДОС, 2000.-544 с. (էջ 390)
  10. Латышина Д.И., История педагогики (История образования и педагогической мысли): Учеб. пособие.-М.: Гардарики, 2005.-603 с. (էջ 528)
  11. «Переписка А. С. Макаренко с А. М. Горьким». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 4-ին.
  12. Латышина Д.И., История педагогики (История образования и педагогической мысли): Учеб. пособие.-М.: Гардарики, 2005.-603 с. (էջ 530)
  13. А. С. Макаренко-Даты жизни и творчества
  14. А.М.Горький в колонии им.М.Горького
  15. Бобровская М. Е., К истории детской трудовой коммуны им. Ф. Э. Дзержинского, «Изв. АПН РСФСР», 1952, в. 38
  16. Коммуна имени Ф. Э. Дзержинского
  17. Латышина Д.И., История педагогики (История образования и педагогической мысли): Учеб. пособие.-М.: Гардарики, 2005.-603 с. (էջ 537)
  18. История социальной педагогики: Хрестоматия-учеб.: Учеб. пособие. Под. ред. М.А. Галагузовой.-М.: Гуманит. изд. центр ВЛАДОС, 2000.-544 с. (էջ 391)
  19. Макаренко Антон - Педагогическая поэма
  20. 20,0 20,1 История педагогики и образования. От зарождения воспитания в первобытном обществе до конца XX в.: Учебное пособие для педагогических учебных заведений / Под ред. академика РАО А.И. Пискунова.–2-е изд., испр. и дополн.–М.:ТЦ «Сфера», 2001.–512 с. (էջ 262)
  21. Лукин Ю. Б.; Два портрета. М., «Моск. рабочий», 1975. 416 с. (էջ 76)
  22. «Новодевичье кладбище — Макаренко Антон Семёнович». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 14-ին.
  23. Макаренко А. С.-Некоторые выводы из моего педагогического опыта
  24. Лукин Ю. Б.; Два портрета. М., «Моск. рабочий», 1975. 416 с. (էջ 15)
  25. Макаренко А. С.; Флаги на башнях; Москва, 1983-295 с. (էջ 77)
  26. «Макаренко А.С., Воспитание в семье и школе». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 11-ին.
  27. Латышина Д.И., История педагогики (История образования и педагогической мысли): Учеб. пособие.-М.: Гардарики, 2005.-603 с. (էջ 510)
  28. Коджаспирова Г.М. История образования и педагогической мысли: Таблицы, схемы, опорные конспекты: Учеб. пособие для студ. высш. учеб. заведений.-М Изд-во ВЛАДОС-ПРЕСС, 2003.-224 с. (էջ 163)
  29. История социальной педагогики: Хрестоматия-учеб.: Учеб. пособие. Под. ред. М.А. Галагузовой.-М.: Гуманит. изд. центр ВЛАДОС, 2000.-544 с. (էջ 392)
  30. Макаренко А. С.; «Педагогические сочинения в восьми томах»: Том 3; Педагогика; Москва; 1984-400 с. (էջ 314)
  31. История педагогики и образования. От зарождения воспитания в первобытном обществе до конца XX в.: Учебное пособие для педагогических учебных заведений / Под ред. академика РАО А.И. Пискунова.–2-е изд., испр. и дополн.–М.:ТЦ «Сфера», 2001.–512 с. (էջ 263)
  32. Макаренко А. С., Воспитание в труде
  33. Կոնստանտինով Ն. Ա., Մեդինսկի Ե. Ն., Շաբաևա Մ. Ֆ., «Մանկավարժության պատմություն», Եր., 1972 (էջ 523)
  34. «Макаренко А. С. "Книга для родителей" (էջ 69)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
  35. Макаренко А. С.-Лекции о воспитании детей
  36. Художественный фильм «Педагогическая поэма»
  37. Художественный фильм «Флаги на башнях»
  38. Художественный фильм «Большие и маленькие»
  39. «Исследовательская лаборатория «Воспитательная педагогика А. С. Макаренко»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
  40. Лаборатория «Педагогика А.С. Макаренко»
  41. Новосибирский педагогический колледж № 1 им. А. С. Макаренко
  42. «Школа № 656 имени А.С. Макаренко». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
  43. Школа № 6 им. А. С. Макаренко(չաշխատող հղում)
  44. Киевский профессионально-педагогический колледж им. А. С. Макаренко
  45. Сумской государственный педагогический университет им. А. С. Макаренко
  46. «Кременчугское педагогическое училище им. А. С. Макаренко». Արխիվացված է օրիգինալից 2016-11-30-ին. Վերցված է 2016-11-26-ին.
  47. Педагогический музей А. С. Макаренко
  48. Заповедник-музей А. С. Макаренко
  49. О Международной макаренковской ассоциации на странице Пед. музея А. С. Макаренко (Москва)
  50. Справка об учреждении медали А. С. Макаренко и её фото на странице Пед. музея А. С. Макаренко в Москве
  51. Библиотека им. А. С. Макаренко
  52. Централизованная библиотечная система им. А. С. Макаренко
  53. А.С.Макаренко - Филателия и фалеристика

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոն Մակարենկո» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոն Մակարենկո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 170