Jump to content

Աննաբա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Աննաբա
արաբ․՝ عنابة‎‎
Անանբան
ԵրկիրԱլժիր Ալժիր
ՀամայնքAnnaba District?, Constantine Department? և Bône Department?
Այլ անվանումներԲոն
Մակերես49 կմ²
ԲԾՄ3±1 մետր
Բնակչություն640744 մարդ (2002)
Տեղաբնականունաննաբցի
Ժամային գոտիUTC+1
Փոստային դասիչ23000
Աննաբա (Ալժիր)##
Աննաբա (Ալժիր)

Աննաբա (արաբերեն՝ عنابة, ֆրանսերեն՝ Annaba), 1830-1963 թթ.՝ Բոն (ֆր. Bône), հին պատմությունում հայտնի էր Հիպպոն (Hippo) անունով - քաղաք Ալժիրի հյուսիս-արևելքում, Միջերկրական ծովի նշանավոր նավահանգիստ և Աննաբա նահանգի մայրաքաղաքը։ Գտնվում է Բոնի ծոցի ափին, Սեյբուզ գետի գետաբերանի մոտ, Թունիսի սահմանից ոչ հեռու։

Իր հարմար դիրքը, որը բնական նավահանգիստ է հանդիսանում շնորհիվ քաղաքի երկու կողմերից իրեն պաշտպանող Գարդ և Ռոզա հրվանդանների, հրապուրել էր հին փյունիկացիներին, որոնք առաջին անգամ այդտեղ բնակություն հաստատեցին մոտավորապես մ.թ.ա. 12-րդ դարում։ Այն անցավ հռոմեացիներին որպես Հիպպոն Ռեգիոս (Hippo RegiusՆումիդիայի արքայանիստ քաղաք, իսկ հետագայում անկախություն ձեռք բերեց՝ Պունիկյան պատերազմներից հետո։

Հիպպոնը դարձավ քրիստոնեական փիլիսոփայության կարևոր կենտրոն, որտեղ գտնվում էր Հիպպոնի Սինոդը, և որը Սուրբ Օգոստինոսի աստվածաբանական գործունեության հենակետն էր։ 431 թ. Հիպպոնը ենթարկվեց վանդալների ներխուժմանը, որի հետևանքով քաղաքն ամբողջովին ավերվեց և թալանվեց։ 533 թ. Հիպպոնը անցավ Բյուզանդիայի կայսր Հուստինիանոսի իշխանության ներքո, երկու դար անց՝ մատնվեց այդ կողմերը ներխուժած արաբների տիրապետությանը, որի հետևանքով տեղական բնակչությունը ենթարկվեց զանգվածային բռնի մուսուլմանացմանը։ Երկար ժամանակ Հիպպոնը ծովահենության հայտնի հենակետ էր և կառավարվում էր իրար հաջորդող տեղական իշխանների կողմից, մինչև Ֆրանսիան գրավեց այն 1832 թ.։ 1848-ին ֆրանսիացիների կողմից քաղաքին տրվեց «համայնքի» (commune) վարչական կարգավիճակ և այն կառավարվում էր անմիջականորեն Փարիզից։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննաբան տեղադրված է ծովափից դեպի խցանածառերի պուրակներով ծածկված Էդուղ բլուրների գեղատեսիլ ստորոտները։ Հին քաղաքը՝ իր նեղ փողոցներով և գաղութատիրական շրջանից պահպանված ճարտարապետությամբ ներկայանում է քաղաքի կենտրոն, որտեղ գերակշռում են հին ֆրանսիական շինությունները և քաղաքի տեսարժան կառույցներից մեկը՝ Սալահ Բեյի մզկիթը (1787)։ 11-րդ դարի Սիդի-Բու-Մերուան մզկիթը ունի անսովոր մզկիթային ճարտարապետություն՝ այն կառուցված է հին հռոմեական շինությունների կործանման հետևանքով ձեռք բերված հիանալի սյուներից։ Նոր քաղաքը, որը հիմնականում կառուցվել է 1870-ից սկսյալ, հայտնի է իր Մայր Տաճարով (1850) և Սուրբ Օգոստինոսի բազիլիկայով (1881), պետական վարչական շենքերով, դպրոցներով, Հիպպոնի թանգարանով և հանրային զբոսայգիներով։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննաբան հանքերի ամենակարևոր արտահանողն է Ալժիրում (հիմնականում՝ երկաթաքար և ֆոսֆատներ)։ Շրջապատված լինելով գյուղատնտեսական բերրի դաշտերով, անտառներով և հանքերով, այն նաև ծառայում է որպես առևտրական և ձկնորսական նավահանգիստ։ Արդյունաբերական բնագավառում կարևոր տեղ են զբաղեցնում երկաթի և պողպատի ձուլման և մշակման գործարանային համալիրը, մեքենաշինական և երկաթուղու սարքավորումների գործարանները և քիմիական գործարանը։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թ. մարդահամարով Աննաբայի բնակչությունը կազմում էր 348.000, 2008 թ. նախահաշվարկով՝ ամբողջ կոնգլոմերացիայի բնակչության թիվը մոտ կես միլիոն է։ Քաղաքի գրեթե բոլոր բնակիչները մուսուլման արաբներ են, խոսակցական լեզուն՝ արաբերեն (Ալժիրի բարբառ)։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննաբա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 429