Jump to content

Ալեքսանդր Միլինկևիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Միլինկևիչ
բելառուս․՝ Аляксандр Уладзіміравіч Мілінкевіч
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 25, 1947(1947-07-25)[1] (77 տարեկան)
ԾննդավայրԳրոդնո, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Բելառուս
Կրոնուղղափառություն
ԿրթությունYanka Kupala State University of Grodno?
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունֆիզիկոս, ազգագրագետ, համալսարանի դասախոս, պատմաբան, քաղաքական գործիչ, մաթեմատիկոս և իրավապաշտպան
ԱշխատավայրYanka Kupala State University of Grodno?
Պարգևներ և
մրցանակներ
 Alexander Milinkevich Վիքիպահեստում

Ալեքսանդր Վլադիմիրի Միլինկևիչ (բելառուս․՝ Алякса́ндр Уладзі́міравіч Мілінке́віч, հուլիսի 25, 1947(1947-07-25)[1], Գրոդնո, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուսական քաղաքական և հասարակական գործիչ, Տեղական զարգացման աջակցության հիմնադրամի ծրագրերի ղեկավար, Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր։ 2006 թվականին Բելառուսի նախագահական ընտրությունների ժամանակ առաջատար ընդդիմադիր (Ուկրաինայի Նարնջագույն հեղափոխությունից ոգևորված) կուսակցությունների կողմից առաջադրվել է ընդդեմ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի[2] և ընտրախախտումների արդյունքում պարտվել է[3]։

2006 թվականի հոկտեմբերի 26-ին պարգևատրվել է Եվրախորհրդարանի Անդրեյ Սախարովի անվան մտքի ազատության մրցանակով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Միլինկևիչը ծնվել է 1947 թվականի հուլիսի 25-ին Խորհրդային Բելառուսիայի Գրոդնո քաղաքում, ԲԽՍՀ վաստակավոր ուսուցչի ընտանիքում. հայրը` Վլադիմիր Իվանի Բառան, մայրը` Մարիա Ալեքսանդրի Միլինկևիչ։ 16-ամյա տարիքում Բառան ազգանունը փոխել է Միլինկևիչ։ Նրա մեծ պապը և ապուպապը մասնակցել են 1863-1864 թվականների լեհական ապստամբությանը և դրա համար բռնադատվել են ցարական կառավարության կողմից։ Միլինկևիչի պապը եղել է 1920-ական թթ. Գրոդնոյի նահանգի բելառուսական շարժման ակտիվիստ։

Կրթություն և գիտական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականին Միլինկևիչը գերազանցությամբ ավարտել է դպրոցը, որից հետո ընդունվել և 1969 թվականին ավարտել է Յանկա Կուպալայի անվան Հռոդնայի պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը։ Գրոդնոյում աշխատել է դպրոցի ուսուցիչ։ 1972 թվականին ԲԽՍՀ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտում ասպիրանտուրան ավարտելուց հետո կրտսեր գիտաշխատող է եղել։

1976 թվականին «Գերհզոր լազերային ազդակների գեներացման մեխանիզմ» թեմայով ատենախոսությունը պաշտպանելուց հետո վերադարձել է Գրոդնո, որտեղ աշխատել է որպես ինժեներ և դասավանդել է մանկավարժական ինստիտուտում։ 1978-1980 թվականներին և 1984-1990 թվականներին եղել է Հռոդնայի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի դոցենտ, 1980-1984 թվականներին Սեթիֆի համալսարանի (Ալժիր) ֆիզիկայի ամբիոնի վարիչ։ Այդ ընթացքում նա նաև սկսել է համագործակցել տեղական քաղաքային իշխանությունների հետ որպես հանձնաժողովներից մեկի ղեկավար։ Շուտով նա հասել է փոխքաղաքապետի պաշտոնի (1990—1996):

Ավելի ուշ Ալեքսանդր Միլինկևիչը վերապատրաստվել է Մոնպելիեի համալսարանում (Ֆրանսիա) և Կալիֆոռնիայի համալսարանում (ԱՄՆ), Լեհաստանում՝ տեղական ինքնակառավարման, պետական շինարարության տնտեսական բարեփոխումների և մարդու իրավունքների խնդիրներով։ Մեծ Բրիտանիայում ուսումնասիրել է կրթության ժամանակակից մեթոդները և Կանադայում՝ սպորտի զարգացման փորձը։

Անվտանգության խնդիրների Եվրոպական կենտրոնում (Գերմանիա) Միլինկևիչը մասնակցել է բարձրագույն կառավարչական կադրերի ուսուցման դասընթացին։ Վերապատրաստվել է Եվրոպական միության հաստատություններում գործունեության և ընդլայնման հարցերով (Բելգիա, Նիդեռլանդներ, Ֆրանսիա)։ Վերլուծական զեկույցներով հանդես է եկել Եվրախորհրդարանում և Եվրահանձնաժողովում։

Քվանտային էլեկտրոնիկայի, լազերային տեխնիկայի, ինչպես նաև Բելառուսիայի պատմության, մշակույթի, կրթության, ճարտարապետության բնագավառների վերաբերյալ 65 գիտական աշխատանքների և մենագրությունների հեղինակ է։

Մայրենի[4] բելառուսերենից բացի, ազատ տիրապետում է նաև ռուսերենին, անգլերենին, ֆրանսերենին և լեհերենին։

ԵՀՀ-ի ռեկտորի թեկնածու

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին Միլինկովիչն առաջադրվել էր Լիտվայի Եվրոպական հումանիտար համալսարանի 2015 թվականի ռեկտորի ընտրությունների համար։ Նրա թեկնածությունը գրեթե ամբողջովին համապատասխանում էր այդ պաշտոնում ընտրվելու պահանջներին. չորս տարի Ալժիրի համալսարանի ամբիոնի վարիչ, ութ տարի Գրոդնոյի համալսարանի դոցենտ, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու, վերապատրաստվել է Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում։ Սակայն կար ևս մեկ գլխավոր պահանջ. քաղաքականությունից ամբողջովին հրաժարվել[5]։ ԵՀՀ ռեկտորի պաշտոնում ընտրվեց ռեկտորի պաշտոնակատար ամերիկացի Դեվիդ Պոլիկը (Alex David Pollick)[6]:

Պետական-քաղաքական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-1996 թվականներին Ալեքսանդր Միլինկևիչը եղել է Գրոդնենսկի գործադիր կոմիտեի փոխնախագահ, որտեղ զբաղվել է կրթության, մշակույթի, առողջապահության, երիտասարդության, սպորտի, կրոնի, միջազգային հարաբերությունների և պատմական ժառանգության պահպանման հարցերով։

2001 թվականին ղեկավարել է Բելառուսի նախագահի թեկնածու Սեմյոն Դոմաշի նախընտրական քարոզարշավը։

Նախագահական մրցավազք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի հոկտեմբերին Ալեքսանդր Միլենկևիչը դարձավ դեմոկրատական ընդդիմության միասնական թեկնածու և մասնակցեց 2006 թվականի նախագահական ընտրություններին՝ պարտվելով պետության գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։ Արևմտյան Եվրոպայի երկրների դիտորդները և կազմակերպությունները նշել են, որ քվեարկության ժամանակ իշխանությունները թույլ են տվել զանգվածային կեղծիքներ և օրենքի խախտումներ[7]։

2008 թվականի հունվարին տված հարցազրույցում Միլինկևիչը ցանկություն է հայտնել իր թեկնածությունն առաջադրել սպասվելիք՝ 2011 թվականի նախագահական ընտրություններին և տեղեկացրել է, որ իրեն վարկանիշը կազմում է 9,8 %[8]։

Նախքան 2010 թվականի Բելառուսիայի նախագահական ընտրությունները հայտարարել է նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրության մասին, սակայն հետագայում հանել է իր թեկնածությունը և սատարել Գրիգոր Կոստուսևին։

2012 թվականին ԲՀ խորհրդարանի պատգամավորության թեկնածու առաջադրվելու գրանցվելուն մերժում է ստացել։

2014 թվականին հայտարարել է 2015 թվականի նախագահական ընտրություններին իր հնարավոր մասնակցության մասին[9], թեև ավելի վաղ հայտարարել էր, որ երիտասարդ քաղաքական գործիչ պետք է գնա ընտրություններին[10]։

2015 թվականի ապրիլի 2-ին, պաշտոնապես հրաժարվել է մասնակցել ընտրություններին և սատարել որևէ թեկնածուի[11]։

Հետապնդումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլինկևիչը Տերեփուկների հեղափոխության կազմակերպիչներից մեկն էր։ 2006 թվականի ապրիլի 26-ի հանրահավաքից հետո, որը նվիրված էր Չեռնոբիլի ողբերգության զոհերի հիշատակին, Ալեքսանդր Միլինկևիչը ձերբակալվել է 15 օրով (կալանքի պաշտոնական ձևակերպումը ընտրությունների պաշտոնական արդյունքների և ՉԱԷԿ -ի աղետի հետևանքների վերացման գործում իշխանությունների քաղաքականության դեմ չարտոնված բողոքի ցույցերի կազմակերպում)։

2006 թվականին ոստիկանությունը Միլինկևիչին երեք անգամ ձերբակալել է.

  • նոյեմբերի 23-ին, քանի որ նա շրջել էր Վիտեբսկի մարզի տեղական ընդդիմադիր ակտիվիստների հետ, որոնք նախկինում մեղադրվել են Hit-and-run (խփել-փախչել) դժբախտ պատահարի համար։ Միլինկևիչն այս միջադեպն անվանել է. «Բելառուսի անվտանգության ծառայությունների ամենավերջին սադրանք, որով փորձում են խանգարել ընդդիմության այդ գործունեությանը»[12][13]
  • նոյեմբերի 29-ին ոստիկանությունը Միլինկևիչին ձերբակալել է Մինսկի օդանավակայանում այն բանից հետո, երբ նա վերադառնում էր Ռիգայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից։ Նա մեղադրվել է կեղծ անձնագիր ունենալու մեջ[14]
  • դեկտեմբերի 4-ին Միլինկևիչը ձերբակալվել է Բելոօզյորսկում թմրամիջոցների ապօրինի առևտրի կասկածանքով[15]։

2007 թվականի հունվարի 6-ին Միլինկևիչը երկու անգամ ձերբակալվել է. նախ հարբած վիճակում ավտոմեքենա վարելու կասկածանքով (նա սթափ է ճանաչվել), ապա ավտովթարի մեջ մեղադրվելով[16]։ 2007 թվականի հունվարի 29-ին Միլինկևիչը տուգանվել է $ 2,200 Բելառուսից ապօրինաբար բացակայելու մեղադրանքով։ Նա դա անվանել է «Լուկաշենկոյի վրեժ»[17]։

Հասարակական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ալեքսանդր Միլինկևիչը ազգագրագետ է և պատմաբան։ 10 տարի շարունակ եղել է Գրոդնոյի հեռուստաընկերությունում պատմական հաղորդաշարի հեղինակ և հաղորդավար։ Զբաղվել է Գրոդնոյի աշտարակավոր ժամացույցի վերականգնմամբ, որը Եվրոպայի ամենահին ժամացույցներից մեկն է (XV—XVI դար)
  • Նախաձեռնել է Ռեչ Պոսպոլիտայի վերջին արքա՝ Ստանիսլավ Օգոստիանոս Պոնյատովսկիի թաղված մնացորդների որոնման և ուսումնասիրման աշխատանքները
  • 1996 թվականից ղեկավարել է Գրոդնոյի «Ռատուշա» հասարակական միավորումը, որը լուծարվել է 2003 թվականին
  • Լրագրողների միջազգային ֆեդերացիայի անդամ է
  • 1968-1969 թվականներին Միլկևիչը եղել է ԲԽՍՀ բասկետբոլի չեմպիոն։
  • 1996-1997 թվականներին երկրի բազմակի չեմպիոն դարձած «Գրոդնո-93» բասկետբոլային ակումբի նախագահ
  • 2003 թվականից Տեղային զարգացման աջակցության հիմնադրամի ծրագրերի ղեկավար
  • Հանուն ազատության շարժման առաջնորդ։ Որպես շարժման առաջնորդ հանդիսանում է ամենամյա Վասիլ Բիկովի անվան մտքի ազատության մրցանակի կազմակերպիչ[18]։

Կոչումներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Միլինկևիչն ամուսնացած է Իննա Կուլեյի հետ։ Առաջին կնոջից ունի երկու որդի և թոռնուհի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. Matthew Collin Belarus opposition closes ranks. BBC News. 3 October 2005
  3. Belarus, Presidential Election, 19 March 2006: Final Report. OSCE
  4. Կենսագրություն պաշտոնական կայքում Արխիվացված 2009-08-24 Wayback Machine բելառուսերեն
  5. В качестве возможного ректора ЕГУ обсуждается кандидатура Милинкевича? Եվրոռադիո, 10/11/2014
  6. Милинкевичу подтвердили из ЕГУ: он проиграл, ректором стал американец Полик, Եվրոռադիո, 08/04/2015
  7. HRC views CCPR/C/95/D/1553/2007
  8. Мілінкевічу зробяць аперацыю ў Польшчы / / "Салідарнасць", 17.01.2008 բելառուսերեն
  9. «Ընտրություններ 2015». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 1-ին.
  10. Милинкевич: Конкурентом Лукашенко должен стать кто-то молодой. Արխիվացված 2015-07-05 Wayback Machine Լուկաշենկոյի մրցակիցը պետք է լինի որևէ երիտասարդ
  11. «Милинкевич отказался баллотироваться в президенты». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 1-ին.
  12. Alaksandar Milinkievič, International Herald Tribune. 2006-11-23.
  13. Belarus opposition leader Milinkevich detained, spokesman says, The Associated Press, 2006 թ. նոյեմբերի 23
  14. "Belarus' main opposition leader detained by authorities". International Herald Tribune. 2006-11-29.
  15. "Police briefly detain Belarusian opposition leader for 3rd time in 2 weeks: spokesman". International Herald Tribune. 2006-12-04.
  16. "Police detain Belarusian opposition leader twice in one day, spokesman says". Արխիվացված 2013-10-15 Wayback Machine International Herald Tribune. 2007-01-06.
  17. "Belarusian opposition leader fined over alleged border infraction". International Herald Tribune. 2007-01-29.
  18. «Վասիլ Բիկովի անվան մրցանակ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 1-ին.
  19. «Hanno R. Ellenbogen Citizenship Award. VII. Alexander Milinkevich». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Միլինկևիչ» հոդվածին։