Ալեքսանդրինա գրադարան
Երկիր | Եգիպտոս[1] |
---|---|
Տեսակ | ազգային գրադարան, գրադարանի շենք, գրականության թանգարան և մշակութային կենտրոն |
Հիմնվել է | հոկտեմբերի 16, 2002 |
Տեղադրություն | Ալեքսանդրիա[1] |
Հասցե | Al Azaritah WA Ash Shatebi |
Այլ տվյալներ | |
Կայք | bibalex.org(արաբ.)(ֆր.) |
Ալեքսանդրինա գրադարան կամ Ալեքսանդրիայի նոր գրադարան (արաբ․՝ مكتبة الإسكندرية الجديدة), գրադարան և մշակութային կենտրոն Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում` Միջերկրական ծովի ափին։ Գրադարանը կառուցվել է Ալեքսանդրիայի նշանավոր գրադարանի տեղում, որն ավերվել էր հին շրջանում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդրիայի հնագույն գրադարանի տեղում նոր գրադարան կառուցելու գաղափարը ծագել էր 1970-ական թվականներին Ալեքսանդրիայի համալսարանի մի խումբ պրոֆեսորների կողմից։ 1980-ական թվականների կեսերին նրանց հաջողվում է Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին ու ՅՈւՆԵՍԿՕ-ին համոզել գրադարանի կառուցման անհրաժեշտության մասին։
Գրադարանի համար գնվում է հողատարածք, իսկ 1988 թվականին ՅՈւՆԵՍԿՕ-ի` այն ժամանակվա նախագահը ներկա է եղել նոր գրադարանի հիմնարկեքին` դնելով անկյունաքարը։ Գրադարանի կառուցման ճարտարապետական մրցույթում հաղթող է ճանաչվել նորվեգական Snøhetta ճարտարապետական ընկերությունը և ավստրիացի ճարտարապետ Քրիստոֆ Կապելեն։ Շենքի կառուցման համար ստեղծվել է կոնսորցիում Snøhetta-ի գլխավորությամբ, անգլիական և իտալական շինարարական ընկերություններով։
Գրադարանի ֆինանսավորման հարցը լուծվել է Ասուանում կայացած համաժողովի ընթացքում. Իրաքի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունները տրամադրել են 65 միլիոն դոլար, 27 միլիոն դոլար նվիրաբերել են ևս 26 երկրներ, Եգիպտոսի կառավարությունը տրամադրել է 120 միլիոն դոլար, ֆինանսավորմանը մասնակցել է նաև ՅՈւՆԵՍԿՕ-ն։
1992 թվականին սկսվել են գրադարանի շինարարության նախնական աշխատանքները, իսկ 1995 թվականին՝ բուն աշխատանքը, որն ավարտին է հասցվել 2001 թվականին։ 2002 թվականի հոկտեմբերի 16-ին օտարերկրյա բազմաթիվ պետությունների ղեկավարների մասնակցությամբ կայացել է գրադարանի հանդիսավոր բացումը։
Գրադարանում պահպանվում են անգլերեն, արաբերեն, ֆրանսերեն գրքեր։ 2010 թվականին գրադարանին 500.000 գիրք է նվիրաբերել Ֆրանսիայի ազգային գրադարանը, ինչից հետո Ալեքսանդրինա գրադարանը ֆրանկոֆոն գրադարանների շարքում դարձել է 6-րդը, ամենախոշորը արաբական աշխարհում և Աֆրիկայում ֆրանսերեն գրքերի քանակությամբ[2]։
Շինության ու գրադարանի առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրադարանը նախատեսված է ութ միլիոն գրքի պահպանման համար։ Գլխավոր ընթերցասրահն ունի 70.000 մ² մակերես կասկադային 11 մակարդակներով։ Համալիրը նաև ներառում է համաժողովների կենտրոն, մասնագիտացված գրադարաններ կույրերի, դեռահասների ու երեխաների համար, երեք թանգարան (Հնությունների, Ձեռագրերի ու Սադատա թանգարաններ), արվեստի չորս պատկերասրահ, ձեռագրերի վերականգնման լաբորատորիա։
Համալիրն աչքի է ընկնում ինքնատիպ ճարտարապետությամբ. նրա հիմքում ընկած է հարավի խորհրդանիշի գաղափարը։ Այն նման է արևի սկավառակին, որը հարավային կողմում մի փոքր բարձրացած է և թեքված հյուսիս։ Դեպի հյուսիս թեքված տանիքի ապակյա մակերևույթի միջոցով գրադարան է թափանցում հյուսիսային լույսը[3]։
Գլխավոր ընթերցասրահը գտնվում է 32 մետրանոց ապակյա տանիքի տակ, որն ուղղված է ծովին արևային ժամացույցի պես և ունի մոտ 160 մ տրամագիծ։ Պատերը պատված են Ասուանի գրանիտով, որի վրա փորագրված են մարդկության 120 տարբեր գրային համակարգեր։
Գրապահոցը գետնի տակ է։ Այնտեղ նախատեսված են միջոցներ օդում առկա ծովային աղի` գրքերի համար կործանարար հետևանքների դեմ։ Ծովից փչող քամուց պաշտպանվելու նպատակով կառուցված է օժանդակ պատ[4]։
Ալեքսանդրինա գրադարանում պահվող աշխատությունների ժողովածուները նվիրաբերվել են աշխարհի տարբեր կողմերից։ Գրադարանին փոխանցված իսպանական փաստաթղթերը վերաբերում են մավրերի տիրապետության շրջանին, Սուեզի ջրանցքի կառուցմանը։ Գրադարանում տեղադրված է Համացանցի արխիվի հայելի։
Ղեկավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայիս տնօրենը Իսմայիլ Սիրագելդինն է։ Նա նաև գլխավորում է տնօրենների խորհուրդները, որոնցից յուրաքանչյուրը կցված է հետազոտական ինստիտուտներին ու թանգարաններին։ Նա Նիդերլանդների Վագենինգենի համալսարանի պրոֆեսոր է։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ «A Donation of Half Million Books from France to the BA - News - Bibli…». archive.fo. 2012 թ․ հուլիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ Thomas Fagernes (2012 թ․ նոյեմբերի 28). «Snøhetta. Архитектурное бюро, Норвегия. Лекция Томаса Фагернеса, партнёра бюро и Senior Architect в Snøhetta» (ռուսերեն). BLUEjeansWITHblueCORNFLOWERS.blogspot.com. Վերցված է 2013 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ Володин Б. Всемирная история библиотек. — 2-е, доп. — СПб.: Профессия, 2004. — С. 43. — ISBN 5-93913-073-9
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրադարանի պաշտոնական կայք(անգլ.)
- Ալեքսանդրինա գրադարանի Համացանցի արխիվի հայելին
- Ալեքսանդրինա գրադարանի պատկերներ
- Համալիրի լուսանկարներ
- Ալեքսանդրինա գրադարան։ Հին գրադարանը դառնում է ժամանակակից Արխիվացված 2008-08-07 Wayback Machine — иллюстрированная статья
- Ալեքսանդրինա գրադարանի տեսանյութեր
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրինա գրադարան» հոդվածին։ |
|