Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Ինդիգո (իսպ.՝ indigo, լատին․՝ indicum՝ հնդկական), մուգ, կապույտ բյուրեղային նյութ։ Հալման ջերմաստիճանը՝ 390-392°C (քայքայվելով)։ Անլուծելի է ջրում, սպիրտում, քիչ լուծելի՝ օրգանական լուծիչներում։ Ինդիգոն հնագույն ժամանակներից հայտնի ներկանյութը անջատել են ինդիկատու բույսերից (օրինակ, Indifors tinctoria), որոնք տարածված են Հնդկաստանում, Հարավային և Կենտրոնական Ամերիկայում, Արաբիայում, Հյուսիսային Աֆրիկայում։ Այդ բույսերի որոշ տեսակներ աճում են նաև Հայաստանում։ Ինդիգոն հայ մատենագրության մեջ կոչվել է լեղակ։ Կիրառվում է՝ բրդյա և բամբակյա թելեր և գործվածքներ ներկելու, նկարչական ներկեր պատրաստելու համար և բժշկության մեջ։ Ըստ Ամիրդովլաթ Ամասիացու, օգտագործման եղանակները եղել են արտաքին (պատրաստել են քսուքներ կամ լեղակատու տերևները կպցրել են վերքին, ուռուցքին) և ներքին (ընդունել են հյութի կամ փոշու ձևով)։ Ներկայումս Ինդիգո ստացվում է անիլինի և քլորքացախաթթվի փոխազդեցությունից առաջացած ֆենիլգլիցինը հալում են ալկալիների հետ և ստանում ինդօքսիլ։ Վերջինս օդի թթվածնով օքսիդանալիս առաջացնում է Ինդիգո։ Ոչ բարձր կայունության պատճառով Ինդիգոյի փոխարեն ներկայումս կիրառվում են կուբային այլ ներկանյութեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 334)։