Արիներ
Արիներ, արիք (ավեստերեն՝ airya-, հին հնդկ.՝ ā́rya-, հին պարսկ.՝ ariya-), հնդիրանական ժողովուրդների հին անվանումը։ Գիտության մեջ «Արիներ» տերմինը օգտագործվում է հնդիրանական լեզուներով խոսող ցեղերի ու ժողովուրդների վերաբերյալ[1][2][3]։ Հին Հնդկաստանի և հին Իրանի ժողովուրդները հնդիրանական հնագույն հուշարձաններում իրենց անվանել են արիներ, որը նշանակում է լիիրավ մարդիկ՝ ի տարբերություն հարևան կամ նվաճված ժողովուրդների։ 7-րդ դարի «Աշխարհացույց»-ի մեջ Արիք է կոչվում Կենտրոնական Իրանի նահանգներից մեկը, որը համապատասխանում է Ստրաբոնի հիշատակած Արիանա տարածաշրջանին[4][5]։ Արիացի տերմինը օգտագործվել է նաև հետադեմ պատմագրության մեջ (մասնավորապես ֆաշիստական Գերմանիայում)՝ հակագիտական մեկնաբանությամբ[6][7][8]։
Պատմական ակնարկ
Գիտական գրականության մեջ արիացիներ եզրույթին համապատասխանում է հնդիրանցիներ, հնդիրանական ժողովուրդներ հասկացությունը։ Հնդիրանցիները Ք. ա. 2-րդից 1-ին հազարամյակների սահմագծին հնդեվրոպական լեզվաընտանիքից անջատված և դեպի հարավ ու արևելք տեղաշարժված այն ցեղերի են, որոնք Ք. ա. II-I հազ. սկզբին բնակություն են հաստատում Իրանական բարձրավանդակում ու Հյուսիսային Հնդկաստանի հարթավայրերում և որոշ ժամանակ անց լիովին փոխում տարածաշրջանի էթնոլեզվական և կրոնամշակութային պատկերը[9]։
Էթնոնիմ
Ստուգաբանության փորձեր
Նախաձև a/āri̯a- բառի ծագման վերաբերյալ դեռևս 19-րդ դարից առաջարկվել են տարբեր ստուգաբանություններ, սակայն դրանցից ոչ մեկը վերջնականապես ընդունված չէ։ Ենթադրաբար այն հանգում է հնդեվր. *ar-i̯-o- ձևին, որն արտահայտված է նաև հին իռլ. aire «ազնվազարմ», «ազատ» և հին սկանդ. arjōstēR՝ «ազնավազարմներ» բառերում։
Էմիլ Բենվենիստը *ar-i̯-o- բառը թարգմանում է որպես «հյուրասիրություն ցուցաբերող» հանդեպ *ari-ների (հին հնդկ. ari «ընկեր», նաև «թշնամի», «օտար»)։
Հին հնդկերեն ari ընկեր», նաև «թշնամի», «օտար» բառը ենթադրում է, որ զուգահեռ է խեթերեն ara՝ «ընկեր» և հայերեն ari՝ «քաջ» ձևերին։ Օսվալդ Սեմերենյին այս բառի համար ենթադրում է մերձավորարևելյան աղբյուր՝ հմմտ. ուգար. 'arj` «բարեկամ», «ընկեր»։
Վլադիսլավ Իլյիչ-Սվիտիչը, հենվելով այն բանի վրա, որ բառն ինքնին հնդեվրոպական կառուցվածք ու տեսք չունի (բառասկզբյան a-, սպասված կոկորդային *He-ի փոխարեն, իրար կողքի երկու ձայնորդների առկայություն), նախահնդեվրոպական *ar-i̯-o- ձևը բխեցնում է անմիջականորեն սեմական լեզուներից (հմմտ. հին եբր. ḥōrim «ազնվականներ», «ազատներ», ḥ-r-r՝ «ազատ արձակել» արմատից)։
Հնագույն կիրառություն
«Արիա» տերմինի հնագույն վկայությունները պահպանվել են հնդիրանական ժողովուրդներից ամենահին գրավոր ավանդույթ ունեցող հնդարիացիների մոտ[10]։
Հնդկաստանում
Վեդայական սանսկրիտ
Ռիգվեդայում ārya բառը հանդիպում է 34 հիմներում, 36 անգամ։ Այն օգտագործվում է որպես վեդայական կրոնը դավանող բոլոր արիական ցեղերի ընդհանուր էթնոնիմ և հակադրվում է ոչ արիացիներ՝ anārya, dasyu-, dasa- տեղաբնիկ թշնամիներին։
Սմրիտի
Եթե Ռիգվեդայում արիական աշխարհի արևմտյան սահմանները պարզ չեն և հնարավոր է, որ այդտեղ թվարկված որոշ ցեղեր ավելի մոտ էին իրանական ժողովուրդներին, ապա սմրիտիի (հինդուիզմի սուրբ գրքերը) կազմման շրջանում արևմտայն ժողովուրդները՝ իրանցիներն արդեն որպես հայրենակիցներ չեն դիտարկվում և նրանց արիա տերմինը չի վերագրվում։ Վերջինս շարունակվում է կիրառվել հնդկական էպիկական պատումներում՝ Ռամայանայում և Մահաբհարատայում «ազնվական», «արժանի» իմաստով և տրվում է տարբեր հերոսների՝ կախված նրանց վարք ու վարվելաձևից։
Բուդդայականության մեջ
Բուդդայական գրականության մեջ արիա բառը հանդիպում է «ազնվական», «սուրբ» իմաստներով և ավելի հաճախ, քան հինդուիստական գրականության մեջ։
Իրանական աշխարհ
Ավեստայում airya- անունը լայնորեն կիրառվում է որպես Ավեստան ստեղծած ժողովրդի ինքնանվանում։ Հանդիպում է մի շարք արտահայտություններում, ինչպիսիք են՝ airyō.šayanəm - «արիացիների բնակության վայր», airyō.xšuθa- լեռան անվանում արևելյան Իրանում «արիացիների գոհունակություն», airyanəm x˘arənō - «արիացիների փառք, հարստություն», ինչպես նաև լեգենդար airyanəm vaējō (զրադաշտական պահլավերենով՝ ērān-vēž, սողդ.՝ 'ry'n wyžn (*aryān vēžan), թուրֆ. պարթ. (///n wyžn[11],) - «արիացիների տարածք, արիական աշխարհ»՝ ըստ իրանական ավանդույթի Ահուրամազդայի կողմից ստեղծված առաջին վայրը։
Հին պարսկերեն արձանագրություններում ariya- էթնոնիմն օգտագործվում է 3 ենթատեքստով.
- Արիական լեզու՝ Դարեհ I-ի Բեհիսթունյան արձանագրության լեզուն,
- ariya, ariya-čiça («արիական տոհմից, սերմից»)՝ Դարեհի ծագումը նշելիս (Նախշ-է Ռոստամում),
- Ահուրամազդան որպես արիացիների աստված Բեհիսթունյան արձանագրության էլամերեն տարբերակում։
Հին հույներին ևս հայտնի էր իրանական ցեղերի ընդհանուր անվանումը. հին հունական աղբյուրներում հանդիպում է ἄριοι ձևը՝ որպես մարերի անվանում (Հերոդոտոս)[12], Αρειανοί՝ ժողովուրդ, որին պատկանում էր Զրադաշտը[13], ἡ 'Αρειανή՝ Արիանա[14] (Ստրաբոն), որն ընդգրկում է Մարաստանի և Պարսկաստանի մի մասը, ինչպես նաև բակտրիացիներին[15][16] ու սողդերին հյուսիսում, քանի որ նրանք խոսում էին գրեթե նույն լեզվով՝ չնչին տարբերություններով[17]։
Միջինիրանյան դարաշրջան
Սասանյաններն այս տերմինին հաղորդում են քաղաքական նշանակություն՝ ներմուծելով «Իրանական կայսրություն» հասկացությունը՝ պարթ. aryānšahr (ʾryʾnḥštr), միջ. պրսկ. ērānšahr (ʾylʾnštr) < հին պրսկ. *aryānām xšaθra՝ «Արիացիների թագավորություն»։ Արքաներն իրենց անվանում են šāhān-šāh Ērān ud Anērān (MLKʾn MLKʾ ʾyrʾn W ʾnyrʾn) (հին հունարեն՝ βασιλεύς βασιλέων ἀριανων)` «Իրանի և ոչ Իրանի արքաներ»[18]։
Հայկական աղբյուրներ
Հայ պատմագիրները «արիք» են համարել բացառապես պարսիկներին։ Հին հայկական աղբյուրներում գործածվում է «Արիք և Անարիք» տերմինը, որոնք համապատասխանում են պահլավերեն «Երան և Աներան» արտահայտությանը (Եղիշեն օգտագործում է «Երան և Աներան» ձևը)։ Հ․ Հյուբշման կարծիքով՝ «Արիք և Անարիք» տերմինը հայերեն է փոխառվել դեռևս պարթևական ժամանակաշրջանում[19]։
Ծանոթագրություններ
- ↑ «Բրիտանիկա» հանրագիտարան
- ↑ «Օքսֆորդի անգլերեն բառարան». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ Random House Webster's Unabridged Dictionary
- ↑ Ստրաբոն. Աշխարհագրություն, 15.8
- ↑ Ստուգաբանական բառարան
- ↑ Joseph Pomeroy Widney. Race Life of the Aryan Peoples New York: Funk & Wagnalls. 1907 In Two Volumes: Volume One--The Old World Volume Two--The New World ISBN B000859S6O
- ↑ «Станислав Дмитриевский. Куда идут мастера фолк-хистори? Часть 2». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ Glover, Jonathan (1998), «Eugenics: Some Lessons from the Nazi Experience», in Harris, John; Holm, Soren (eds.), The Future of Human Reproduction: Ethics, Choice, and Regulation, Oxford: Clarendon Press, էջեր 57–65.
- ↑ Ричард Фрай. Наследие Ирана
- ↑ The Rig Veda(անգլ.)
- ↑ Henning W. B., BSOAS 11, 1943, p. 69
- ↑ Հերոդոտոս. Պատմություն, 7.62
- ↑ Դիոդորոս Սիկիլիացի. 1.94.2
- ↑ Ариана // БРЭ. Т.2. М.,2005.
- ↑ Бактрия // БРЭ. Т.2. М.,2005.
- ↑ Бактра // БРЭ. Т.2. М.,2005.
- ↑ Աշխարհագրություն, 15.8
- ↑ G. Gnoli. IRANIAN IDENTITY ii. PRE-ISLAMIC PERIOD
- ↑ Hewsen, Robert H. (1992). The Geography of Ananias of Širak (Ašxarhacʻoycʻ): The Long and the Short Recensions. Wiesbaden: Dr. Ludwig Reichert Verlag. էջ 235. ISBN 3-88226-485-3.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արիներ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 60)։ |