Jump to content

Էպիֆիզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
04:38, 22 հունվարի 2024 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Էպիֆիզ
Տեսակգլխուղեղի հատված և անատոմիական կառուցվածքների դաս
Ենթադասorgan component gland?[1] և անհատական ​​անատոմիական կառուցվածք
Մասն էepithalamus?
Լատիներեն անվանումcorpus pineale, epiphysis cerebri
Անատոմիական
կառուցվածքի զարգացում
pineal gland development?
MeSHA06.300.635, A06.688.733, A08.186.211.180.200.680, A08.186.211.200.317.200.620 և A08.713.733
Foundational Model of Anatomy62033
Terminologia Anatomica 98A11.2.00.001
Նկարագրված էԳրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2], Սովետական մեծ հանրագիտարան (1926—1947), Բազմահատոր տեղեկագիրք և Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան
 Pineal gland Վիքիպահեստում

Էպիֆիզը, կարգավորում է օրգանիզմում ռիթմիկ կամ ցիկլիկ ընթացող (օրինակ՝ օվարիալ դաշտանային ցիկլը) պրոցեսները։ Այլ պարբերական ֆունկցիաների ռիթմիկ տատանումները, որոնց ինտենսիվությունը օրինաչափորեն փոխվում է օրվա ընթացքում, կոչվում են ցիրկադային (լատին․՝ circa diem – շուրջ օր)։ Ցիրկադային ռիթմերով պայմանավորված՝ էպիֆիզը առաջացնում է հորմոններ և տարբերակում օրգանիզմում լուսային գրգիռների փոխարինումը մթնայինի։

Մարդու էպիֆիզը սաղմնադրվում է ներարգանդային շրջանի 5–6–րդ շաբաթում՝ միջանկյալ ուղեղի արտափքման տեսքով։ Երկկենցաղների և սողունների մոտ առաջանում են մի քանի այդպիսի պարապինեալ արտափքումներ, այդ թվում նաև կենտ գագաթային աչք։ Կաթնասունների և մարդու գագաթային աչքը չի զարգանում, բայց էպիֆիզը պահպանում է լուսային գրգռիչներին պատասխանելու ունակությունը։ Վերջիններս հաղորդվում են նրան զույգ աչքերի ցանցաթաղանթից՝ սիմպաթիկ նյարդերով։ Էպիֆիզար դիվերտիկուլի պատը հաստանում է, իսկ լուսանցքը՝ խցանվում։ Նույն արտափքումից էպենդիմը հաստանում է՝ առաջացնելով հավելյալ սուբկոմիսուրալ օրգան, որը հետագա զարգացման ընթացքում մտնում է էպիֆիզի կազմության մեջ։

Արտաքինից էպիֆիզը շրջապատված է շարակցահյուսվածքային թաղանթով, որից դեպի գեղձ են գնում ճյուղավորվող խտրոցներ՝ գոյացնելով նրա հենքը և բաժանելով պարենքիման բլթակների։ Պինեալ պարենքիմայում տարբերում են 2 տեսակի բջիջ՝ սեկրետ առաջացնող պինեալոցիտներ (endocrinocytus pinealis) և նեցուկային գլիալ (gliocytus centralis) բջիջներ։ Պինեալոցիտները բաշխված են բլթակների կենտրոնական մասում, փոքր– ինչ ավելի խոշոր են նեցուկային նեյրոգլիալ բջիջներից, ձևով բազմանկյուն են, ունեն բշտաձև կորիզներ՝ խոշոր կորիզակներով։ Պինեալոցիտի մարմնից անջատվում են երկար ելուստներ, ճյուղավորվում դենդրիտների նման՝ միահյուսվելով գլիալ բջիջների ելուստներին։ Ելուստները, լախտաձև լայնանալով, ուղղվում են դեպի մազանոթներ և հպվում նրանց։ Այդ լախտաձև լայնացումների ցիտոպլազմայում կան օսմիոֆիլ հատիկներ, վակուոլներ և միտոքոնդրիումներ։ Կան բջիջներ, որոնք գտնվում են տարբեր ֆունկցիոնալ վիճակներում, և կան բջիջներ, որոնք ենթարկվում են տարիքային փոփոխությունների։ Պինեալոցիտների ցիտոպլազմայում հայտնաբերվում են բազմաթիվ միտոքոնդրիումներ, լավ զարգացած Գոլջիի կամպլեքս, լիզոսոմներ, ագրանուլյար էնդոպլազմատիկ ցանցի բշտիկներ, ռիբոսոմներ և պոլիսոմներ։ Գլիալ բջիջները գերակշռում են բլթակների ծայրամասերում։ Դրանց ցիտոպլազման աղքատ է, կորիզները՝ խտացած։ Ելուստները ուղղվում են դեպի միջբլթակային շարակցահյուսվածքային խտրոցները՝ կազմելով բլթակի յուրահատուկ եզրային երիզ։

Կլինիկական և էքսպերիմենտալ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ էպիֆիզը դանդաղեցնում է սեռական համակարգի զարգացումը, որովհետև ոչ սեռահասուն կենդանիների մոտ այդ գեղձի քայքայումը, թերզարգացումը կամ հեռացումը հանգեցնում է անժամանակ սեռական հասունացման։ Էպիֆիզի արգելակող ազդեցությունը սեռական ֆունկցիաների վրա պայմանավորված է մի քանի գործոններով։ Նախ՝ պինեալոցիտները արտադրում են սերոտոնին, որը հենց այդտեղ էլ դառնում է մելատոնին։ Այդ նեյրոամինը, ըստ երևույթին, թուլացնում կամ ընկճում է հիպոթալամուսի գոնադոլիբերինի և հիպոֆիզի առաջին բլթի գոնադոտրոպինի արտազատումը։ Պինեալոցիտները արտադրում են նաև մի շարք սպիտակուցային հորմոններ, այդ թվում՝ հակաանտիգոնադոտրոպին, որը թուլացնում է լյուտրոպինի արտազատումը հիպոֆիզի առաջային բլթում։ Անտիգոնադոտրոպինի հետ պինեալոցիտները առաջացնում են մեկ այլ սպիտակուցային հորմոն, որը բարձրացնում է կալիումի քանակը արյան մեջ, հետևաբար՝ մասնակցում է հանքային փոխանակության կարգավորմանը։

Սիմպաթիկ նյարդաթելերը, որոնք մտնում են էպիֆիզ և վերջանում նրա բլթակների պարենքիմայում, սկիզբ են առնում սահմանային ցողունի վերին պարանոցային հանգույցներից։ Սիմպաթիկ գրգիռները էպիֆիզում արագացնում են սերոտոնինի վերածումը մելատոնինի։

Տարիքային փոփոխություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆոսֆատային և կարբոնատային աղերի կուտակումները

Մարդու էպիֆիզը առավելագույն զարգացման հասնում է կյանքի 5–6–րդ տարում, որից հետո, չնայած գործունեությունը շարունակվում է, բայց սկսվում է նրա տարիքային հետաճը։ Պինեալոցիտների մի մասը ապաճում է, իսկ հենքը աճում է նրա մեջ, ավելանում են ֆոսֆոտային և կարբոնատային աղերի կուտակումները՝ շերտավոր գնդերի ձևով, որոնք կոչվում են ուղեղային ավազ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ա. Վ. Ազնաուրյան, Է. Լ. Թումանյան, Մ. Զ. Բախշինյան, Մասնավոր Հյուսվածքաբանություն, Երևան 2003
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էպիֆիզ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 63