Դոմինիկյան Հանրապետություն
Դոմինիկյան Հանրապետությունը (իսպ.՝ República Dominicana), կամ Դոմինիկանան պետություն է Կարիբյան ծովի Հայիթի կղզու արևելյան մասում և մերձափյան կղզիների վրա։ Կղզու արևմտյան մասը զբաղեցնում է Հայիթիի Հանրապետությունը։ Կղզին մտնում է Անտիլյան կղզեխմբի մեջ։ Մայրաքաղաքը Սանտո Դոմինգոն է։ Բնակչությունը գնահատվում է 10,090,000 մարդ (2009)։
Բնական պայմանները
Մակերևույթը լեռնային է։ Այստեղ են գտնվում Կորդիլիերա Սենտրալ (առավելագույն բարձրությունը` 3157մ` Դուարտե լեռ), Կորդիլիերա Սեպտենտրիոնալ, Կորդիլիերա Օրիենտալ լեռնաշղթաները։ Գետերը (Սան Խուան, Յունա) կարճ են, ջրառատ, հարավ-արևմուտքում Էնրիկիլիո լիճն է։ Կլիման արևադարձային, պասսատային է։ Հաճախակի են արևադարձային փոթորիկները, որոնք մեծ վնաս են պատճառում երկրի տնտեսությանը։ Ամսական միջին ջերմաստիճանը 25°-27°C է։ Անձրևային սեզոնը ձգվում է հուլիսից` հոկտեմբեր։ Տարեկան տեղումները` 1000-2000մմ։ Կան նիկելի, արծաթի, բոքսիտների, ոսկու, երկաթի պաշարներ։
Բնությունը
Լեռները ծածկված են խոնավ արևադարձային անտառներով, չոր շրջաններում տարածված են սավանաները։ Կենդանական աշխարհը հարուստ չէ, կան մողեսներ, կրծողներ, բազմատեսակ գունագեղ թռչուններ, միջատներ։
Բնակչությունը
Բնակչության թիվը 10,219,000 մարդ է։ Բնակչության միջին խտությունը` 184.8 մարդ։ Կյանքի միջին տևողությունը` 72.2 տարի։ Ազգային կազմը` մուլատներ (73%), եվրոպացիներ (16%), նեգրեր (11%)։ Ուրբանիզացման մակարդակը` 65%։ Պետական լեզուն` իսպաներեն։
Պետական կառուցվածքը
Դոմինիկյան Հանրապետությունը անդամակցում է Միացյալ Ազգերի Կազմակերպությանը, Արժույթի Միջազգային Հիմնադրամին, Ամերիկյան Պետությունների Կազմակերպությանը։ Պետական կարգը` նախագահական հանրապետություն։ Պետության և կառավարության ղեկավարը նախագահն է։ Բարձրագույն օրենսդիր մարմինը` երկպալատ պառլամենտ` Ազգային կոնգրես` կազմված Սենատից և Պատգամավորների պալատից։ Երկիրը բաժանվում է 31 պրովինցիայի և 1 ազգային օկրուգի։ Մայրաքաղաքը` Սանտո Դոմինգո (1 887 հազար մարդ)։ Խոշոր քաղաքները` Սանտյագո (500 հազար մարդ), Պուերտո Պլատա (100 հազար մարդ)։ Քաղաքական կուսակցություններն են` Դոմինիկյան ազատագրման կուսակցություն, Դոմինիկյան հեղափոխական կուսակցություն, Սոցիալ-քրիստոնեական ռեֆորմիստական կուսակցություն և այլն։
Տնտեսություն
Տնտեսության հիմքը նախկինում գյուղատնտեսությունն էր։ Ներկայումս ստեղծվել է ազատ առևտրի գոտի, զարգացել է զբոսաշրջությունը։ Մշակում են շաքարեղեգ, ադամաթուզ, բրինձ, սուրճ, լոբի, կակաո, ծխախոտ և այլն։ Կան գյուղատնտեսական հումքի վերամշակման, տեքստիլ, ցեմենտի արտադրության ձեռնարկություններ, երկաթի, նիկելի, ոսկու, արծաթի արդյունահանում։ Արտահանվում է շաքար, սուրճ, ոսկի, արծաթ, ծխախոտ։ Ներմուծում է նավթ, նավթամթերք, տրանսպորտային միջոցներ, արդյունաբերական ապրանքներ։ Առևտրական գլխավոր գործընկերներն են` ԱՄՆ, Մեքսիկա, Վենեսուելա, Ճապոնիա, Հարավային Կորեա։ ՀՆԱ-ն` մեկ շնչի հաշվով 6 767 ԱՄՆ դոլար։ Ազգային արժույթը` դոմինիկյան պեսո (միջազգային նշանակումը DOP):
Պատմությունը
Մինչև XV դարի վերջը Հայիթի կղզում բնակվում էին հնդկացիական ցեղեր։ 1492թ-ին Կոլումբոսի արշավախումբը հայտնագործեց կղզին և այն անվանեց Էսպանյոլա` իր հայրենի Իսպանիայի անունով։ 1496թ-ին իսպանացիներն այստեղ հիմնեցին Սանտո Դոմինգո գաղութը։ Կղզու նկատմամբ հավակնություն ցուղաբերեցին նաև Անգլիան և Ֆրանսիան։ XV դարի վերջից կղզու արևելյան մասը (այժմյան Դոմինիկյան Հանրապետության տարածքը) մնաց Իսպանիայի տիրապետության տակ։ Անկախություն է ձեռք բերել 1865թ-ին։ 1916թ-ին երկրում բռնկվեց հակաիմպերալիստական ապստամբություն, և ամերիկյան զորքերը օկուպացրեցին երկիրը։ 1930թ-ին իշխանության գլուխ անցավ Ռ. Տրուխիլիոն, որը քաղաքական ահաբեկչական արյունոտ ռեժիմ հաստատեց երկրում։ 1962թ-ին ընտրություններում հաղթանակ տարավ Դոմինիկյան հեղափոխական կուսակցության ղեկավար Խուան Բոշը, որի օրոք ընդունվեցին մի շարք ժողովրդավարական օրենքներ։ 1965թ-ին երկիրը ենթարկվեց ինտերվեցիայի ԱՄՆ-ի կողմից։ 2006թ-ին ընտրություններում հաղթանակ տարավ Խոակին Բալագերը, ով մոտ 30 տարի կառավարում էր երկիրը։ Երկար տարիներ երկիրը չէր կարողանում դուրս գալ ճգնաժամային իրավիճակից։ Երկրի նախագահն է Դանիլո Մեդինան։
Ծանոթագրություններ
- ↑ 29 // Constitution of the Dominican Republic — 2000.
- ↑ https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/northamerica
- ↑ Human Development Report — UNDP, 2022.
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոմինիկյան Հանրապետություն» հոդվածին։ |
|