Վիքի, WWW համաշխարհային ցանցի վեբ կայքերի ծրագրային ձևաչափ, որը թույլ է տալիս բոլոր օգտագործողներին խմբագրել կամ փոփոխել կայքի բովանդակությունը[1], ընդ որում բոլոր կատարված փոփոխություններն անմիջապես երևում են մյուս օգտագործողների էկրաններին։ Վիքին համացանցային հաղորդակցման շատ հարմար գործիք է, որը հնարավորություն է տալիս աշխարհի բոլոր ծայրերում գտնվող մարդկանց համատեղ աշխատել մեկ նախագծի վրա[2]։

Վիքի վեբային հանգույցի առաջին առաջարկն արել է Ուարդ Քաննինգհեմը 1995 թ. որպես ծրագրավորման մոդելների խմբային կամ համատեղ քննարկման ձև, և ծրագրավորել է առաջին վիքի «սոֆթվեյրը» կամ համակարգչային ծրագիրը, որը կոչվում էր WikiWikiWeb և սկզբում բնութագրվում էր որպես «ամենապարզ առցանց տվյալների շտեմարանը, որը կարող է աշխատել»[3]։

«Վիքի» կամ «վիքիվիքի» հավայերեն բառ է, որը նշանակում է «արագ»[4]։ Անգլերեն "Wiki" բառը շատերի կողմից հիմա դիտվում է որպես «What I Know Is» արտահայտության համառոտագրություն[5]։

Վիքիների ստեղծման պատմությունը

խմբագրել
 
«Վիքիվիքի» երթուղային ավտոբուսը Հոնոլուլուի միջազգային օդանավակայանում

Առաջին վիքին եղել է WikiWikiWeb կայքը[6], որը Ուորդ Քանինգհեմը համացանցում տեղադրեց «WIkiWikiWeb» համացանցային տիրույթի անունով 1995 թ. մարտին։ Քաննինգհեմն այդպես էր անվանել կայքը՝ հիշելով Հոնոլուլուի միջազգային օդանավակայանում երթուղային ավտոբուսի անունը, որպես «արագ» բառի այլահունչ տարբերակ[7]։

2000-ականների սկզբում վիքիները մեծ տարածում ստացան խոշոր կորպորացիաների մոտ որպես ներքին ցանցային սոֆթվեյր։ Ընդհանուր օգտագործման ձևերից էին առանձին նախագծերի շուրջ հաղորդակցման համար համատեղ օգտագործվող ներքին ցանցերը, ինտրանետերը, և փաստաթղթերի շրջանառման համակարգերը։ Ի սկզբանե վիքիներն օգտագործվում էին զուտ տեխնիկական նպատակներով։ Այսօր որոշ ընկերություններ վիքիները դարձրել են իրենց համատեղ աշխատանքի և ներքին հաղորդակցման սոֆթվեյրը, քանի որ դրանք ստատիկ ինտրանետերին փոխարինող ցանցային հաղորդակցման ավելի հարմար ձև են։ Վիքիներն օգտագործվում են նաև որոշ համալսարաններում և դպրոցներում որպես խմբային ուսուցմանը նպաստող սոֆթվեյր։ Վիքիները ամենայն հավանականությամբ կիրառման մեծ ապագա ունեն, հատկապես «ֆայրվոլ» ոճի անվտանգության համակարգերով պաշտպանված ներքին ցանցերում։

Վիքի կայքային ձևաչափի առանձնահատկությունները

խմբագրել

Ուարդ Քաննինգհեմը և նրա համահեղինակ Բո Լյոֆը, իրենց The Wiki Way: Quick Collaboration on the Web գրքում այսպես են նկարագրել վիքի հայեցակարգի էությունը.

  • Վիքին հրավիրում է բոլոր օգտագործողներին խմբագրել ցանկացած էջ կամ ստեղծել նոր էջեր վիքի ցանցային կայքի մեջ, օգտվելով միայն այսպես կոչված վանիլլա ծրագրային տեսակի ցանցային բրաուզերից առանց հավելյալ բրաուզերային ծրագրերի։
  • Վիքին հեշտացնում է էջերի միջև իմաստալից թեմատիկ փոխկապակցումը, ընդհուպ մինչև բնազդային աստիճանի հեշտ դարձնելով էջերի միջև կապի ստեղծումը, ինչպես նաև ցույց տալով արդյոք կապի հասցեատեր էջն արդեն գոյություն ունի, թե ոչ։
  • Վիքին հազվադեպ պատահական այցելուների համար մեծ խնամքով սարքված կայք չէ, ընդհակառակը՝ այն ձգտում է անմիջապես գրավել այցելուին՝ ներկա պահին զարգացող ընթացքին անմիջականորեն մասնակցելու գայթակղությամբ, ներգրավելով նրան համատեղ ստեղծագործունեության մեջ, որի արդյունքները կարող են ակնթարթորեն փոխել կայքի արտաքին տեսքն ու բովանդակությունը։

Վիքին թույլ է տալիս, որ փաստաթղթերը գրվեն համատեղ համագործակցությամբ՝ օգտագործելով վեբային բրաուզեր։ Վիքի ցանցային կայքի մեկ էջը կոչվում է «վիքի էջ», մինչդեռ էջերի ամբողջությունը, որոնք սովորաբար լավ փոխկապակցված են լինում հիպերկապերի միջոցով կոչվում է հենց «վիքի»։ Վիքին ըստ էության տվյալների շտեմարան է, որի նպատակն է ստեղծել տեղեկատվություն, որոնել ու թերթել տեղեկատվության զանգվածներում։

Թերևս վիքի տեխնոլոգիայի բնորոշ առանձնահատկությունը դա հեշտությունն է, որով կարող են ստեղծվել էջերը և այնուհետ շտկվել։ Սովորաբար առաջարկվող փոփոխությունը ի սկզբանե չի ստուգվում։ Շատ վիքիներ բաց են համայն հանրության կողմից արվող փոփոխությունների համար, նույնիսկ չպահանջելով ներդրողներից մասնակցային հաշիվներ գրանցել։ Երբեմն լոգինը խորհուրդ է տրվում զուտ «վիքի-ստորագրության» քուքի ստեղծելու համար, որը հետո ինքնաշխատորեն ստորագրություն է թողնում մասնակցի անունից։ Շատ խմբագրումներ, սակայն, կարող են արվել իրական ժամանակում և գրեթե ակնթարթորեն հայտնվել առցանց։ Սա իհարկե նաև հեշտացնում է համակարգի չարաշահումը։ Մասնավոր վիքի սերվերները պահանջում են օգտագործողի ինքնության հատատում, ոչ միայն էջերում խմբագրելու, այլ երբեմն նույնիսկ դրանք կարդալու համար։

Փոխվստահություն և անվտանգություն

խմբագրել

Վիքի էջերի վերահսկում

խմբագրել
 
Էջի վրա կատարված փոփոխությունների երկու տարբերակների համեմատությունը

Վիքիներն ընդհանուր առմամբ ստեղծված են ավելի շուտ սխալների ուղղումը հեշտացնելու, քան դրանք անելը դժվարացնելու փիլիսոփայությամբ։ Ուստի թեև վիքիները բաց են բոլորի համար, բայց նրանք նաև հնարավորություն են տալիս ստուգել էջերում կատարված վերջին փոփոխությունների վավերականությունը։ Գրեթե բոլոր վիքիներում ամենաակնառու յուրահատուկ էջը «Վերջին փոփոխությունները» էջն է, որը հերթականությամբ թվագրված ցանկով ցույց է տալիս տրված ժամանակային սահմաններում կատարված փոփոխությունները[8]։ Որոշ վիքիներ կարող են նաև զտել կամ մաղել այդ ցանկը ավտոմատացված եղանակով՝ բոտերի միջոցով, թողնելով միայն նշանակալից փոփոխությունները և հանելով չնչին կամ ավտոմատացված համակարգով այլ բոտերի միջոցով արվածները, որոնք իմաստային տարբերություն չեն մտցնում էջի մեջ[9]։

Վիքիների մեծ մասում փոփոխությունների ցանկից կամ խմբագրման պատմությունից երևում են էջերի նախորդ տարբերակները և այսպես կոչված «դիֆ» գործողությունը ընդգծում կամ գունավորում է երկու խմբագրումների միջև եղած տարբերությունները։ Օգտվելով խմբագրման պատմությունից` խմբագիրը կարող է նպատակահարմարության դեպքում կամ ստուգման համար վերականգնել հոդվածի նախորդ տարբերակները։ «Դիֆ» առանձնահատկության միջոցով խմբագիրը կարող է որոշել արդյոք նպատակահարմար էր փոփոխությունը, թե ոչ[10]։

Համակարգչային ծրագրի ճարտարապետությունը

խմբագրել

Վիքի սոֆթվեյրը յուրօրինակ համակարգչային ծրագիր է, որը վիքի համակարգին թույլ է տալիս վեբային էջեր ստեղծել և խմբագրել՝ օգտագործելով ընդհանուր ցանցային բրաուզեր։ Այն սովորաբար օգտագործվում է որպես կիրառական սերվեր, որը աշխատում է մեկ կամ ավելի թվով ցանցային սերվերների վրա։ Բովանդակությունը կուտակվում է ֆայլային համակարգի մեջ, իսկ բովանդակության փոփոխությունները կուտակվում են փոխկապակցված տվյալների շտեմարանի կառավարման համակարգում։ Կա այլընտրանք անձնական վիքիների տեսքով, որոնք աշխատում են մեկ կիրառական սերվերով մեկ համակարգչի վրա, ինչպես օրինակ WikidPad [11] ծրագիրը։

Վստահելիությունը

խմբագրել

Հանրայնորեն խմբագրվող վիքի համակարգի քննադատներն ասում են, որ այս համակարգերը կարելի է հեշտությամբ ի չար շահագործել, մինչդեռ կողմնակիցները փաստարկում են, որ օգտագործողների հանրությունը միշտ կարող է ուղղել չարամիտ կամ անպարկեշտ բովանդակությունը։ Տվյալների համակարգերի վերլուծաբան Լարս Արոնսոնը այսպես է ամփոփում հանրության մեջ եղած կարծիքների հակասությունը.

  Մարդկանց մեծամասնությունը, երբ առաջին անգամ լսում են վիքի հայեցակարգի մասին, անմիջապես ենթադրում են, որ այնպիսի վեբ կայքը, որը կարող է խմբագրվել ցանկացած մարդու կողմից շատ շուտով կվերածվի քաոտիկ ու անպետք ներդրումների խառնակույտի։ Նույնն է, ինչ եթե մի մեծ բետոնե պատի տակ մի արկղ լի փոշեցրող ներկատուփեր դնես ու թողնես գնաս։ Միակ հնարավոր արդյունքը կլինի մի անճոռնի գրաֆֆիտի կամ աջ ու ձախ արված անմիտ խզբզոց, և ուրիշ նույնիսկ իսկական ստեղծագործական փորձերը երկար չեն ապրի։ Սակայն ինչպես տեսնում եք, վիքիներն աշխատում են և բավականին լավ։
- Լարս Արոնսոն
 

Անվտանգությունը

խմբագրել

Վիքիների մեծամասնության բաց քաղաքականությունը, որը թույլ է տալիս ամեն ցանկացողի խմբագրել բովանդակությունը, այդուհանդերձ չի երաշխավորում, որ բոլոր խմբագիրները կունենան բարի մտադրություններ։ Վանդալիզմը հաճախ կարող է մեծ խնդիրներ առաջացնել։ Առավել խոշոր վիքի կայքերում, ինչպես օրինակ այն կայքերում, որոնք հիմնադրվել են Վիքիմեդիա հիմնադրամի կողմից, վանդալիզմը կարող է որոշ ժամանակ աննկատ մնալ։ Վիքիները իրենց բնույթով իրոք խոցելի են այսպես կոչված «տրոլ»-ների կողմից դիտավորյալ փչացման համար։ Վիքիները սակայն ավելի շուտ կիրառում են վանդալիզմի խնդրի նկատմամբ փափուկ անվտանգության համակարգերի[12] մոտեցում՝ ինչը ավելի հեշտացնում է հասցված վնասը վերացնելու գործընթացը, քան կենտրոնանում այն թույլ չտալու ջանքերի վրա։ Առավել խոշոր վիքիները հաճախ շատ բարդ մեթոդներ են կիրառում, ինչպես օրինակ բոտեր, որոնք ինքնաշխատորեն ճանաչում և հետ են շրջում վանդալիզմը և «JavaScript» ծրագրային ավելացումներ, որոնք ցույց են տալիս, թե ինչ տառանիշեր են ավելացվել յուրաքանչյուր խմբագրման ժամանակ։ Այդպիսով վնասը սահմանափակվում է ընդամենը «չնչին վանդալիզմով» կամ «փոքրոգի վանդալիզմով», երբ ավելացվող կամ ջնջվող տառանիշերն այնքան քիչ են, որ բոտերը դրանք չեն ճանաչում, իսկ օգտագործողներն էլ ուղղակի չեն նկատում։

Վանդալիզմի չափերը վիքիներում կախված են նաև դրանց բացության աստիճանից։ Օրինակ, որոշ վիքիներ թույլ են տալիս չգրանցված այցելուների, որոնց ինքնությունը որոշվում է միայն նրանց IP հասցեներով, խմբագրել բովանդակությունը, մինչդեռ ուրիշները սահմանափակում են այդ հնարավորությունը միայն գրանցված մասնակիցների համար։ Վիքիներից շատերը թույլ են տալիս անանուն խմբագրում, առանց մասնակցային հաշվի[13], բայց գրանցված օգտագործողներին տալիս են նաև լրացուցիչ խմբագրական իրավասություններ։ Շատ վիքիներում գրանցվելը ընդամենը կարճ ու հասարակ գործողություն է, բայց որոշ վիքիներ պահանջում են լրացուցիչ սպասումի ժամանակ, մինչև մասնակցին որոշակի գործիքներից օգտվելու հնարավորություն տալը։ Օրինակ անգելերն Վիքիպեդիայում գրանցված մասնակիցները կարող են վերանվանել էջերը միայն առնվազն 4 օր գրանցված մասնակցությունից հետո։ Այլ վիքիներ, ինչպես օրինակ պորտուգալական վիքին լրիվ այլ մոտեցում են կիրառում՝ նրանք ժամանակի փոխարեն խմբագրական պատմություն են պահանջում, և մասնակցին լրացուցիչ խմբագրական գործիքներ տալիս են միայն այն բանից հետո, երբ մասնակիցը որոշակի խմբագրական ծավալի աշխատանք է կատարել՝ իր վստահելիությունը և խմբագրական օգտակարությունը ապացուցելու համար։ Ընդհանուր առմամբ «փակ» վիքիներն ավելի ապահով են և վստահելի, բայց դանդաղ են աճում, մինչդեռ ավելի բաց վիքիներն աճում են շատ կայուն տեմպերով, բայց արդյունքում վանդալիզմի համար շատ մատչելի թիրախ են։ Դրա շատ վառ օրինակ են Վիքիպեդիան և Սիթիզենդիումը[14]։ Առաջինը ծայրահեղ բաց է և թույլ է տալիս ցանկացած մարդու, ով համակարգիչ ունի, խմբագրել իր բովանդակությունը, ուստի շատ արագ է աճում, մինչդեռ վերջինը պահանջում է, որ օգտագործողները գրանցվեն իրենց իրական անուններով և նաև ինքնակենսագրություն ներկայացնեն, ինչը բնականաբար ազդում է վիքիի աճի տեմպերի վրա, բայց միևնույն ժամանակ գրեթե բացառում է վանդալիզմը։

Հանրությունները

խմբագրել

Օգտագործողների հանրությունները

խմբագրել

Շատ թվով վիքի հանրություններ մասնավոր բնույթ ունեն, հատկապես եթե դրանք գործում են Ձեռնարկությունների ներսում։ Դրանք հաճախ օգտագործվում են որպես փաստաթղթերի շրջանառման ներքին համակարգեր, հաղորդակցման փակ ներքին համակարգեր և այլն։

Կան նաև այսպես կոչված «WikiNod»-եր, կամ վիքի հանգույցներ, որոնք էջեր են վիքիների մասին, և նվիրված են փոխկապակցված վիքիների նկարագրությանը։ Դրանք սովորաբար կազմակերպվում են որպես «հարևաններ» կամ «երեսփոխաններ»։ «Հարևան» վիքին ուղղակի մի վիքի է, որը կարող է քննարկել նմանատեսակ բովանդակություն կամ կարող է այլ կերպ հետաքրքրված լինել։ «Երեսփոխան» վիքին այն վիքին է, որը համաձայ է իր բովանդակության որոշակի մասը փոխանցել այլ վիքիի։

Եթե ուզում եք որոշակի թեմատիկ վիքի գտնել, ապա պետք է մտնեք նման վիքի-հանգույցի մեջ ու հերթով վիքի առ վիքի տնտղեք բոլորին, մինչև գտնեք ձեր ուզածը։ Բայց կա նաև այսպես կոչված վիքի «bus tour»/«բաս-տուռ», որը հեշտացնում է որոնումը ցանցային տիրույթի անվան վիքի արմատով։

Նրանց համար, ովքեր կուզենային ստեղծել իրենց սեփական վիքին, հիմա կան նաև, այսպես կոչված, «վիքի-ֆերմաներ», որոնցից շատերը կարող են նաև մասնավոր գաղտնաբառով պաշտպանված վիքիներ ստեղծել։ Օրինակ, PBwiki, Socialtext, Wetpaint, և Wikia մեծ ճանաչում ունեցող վիքի ֆերմաներ[15] են։

Անգլերեն Վիքիպեդիան համաշխարհային ցանցում ունի օգտագործողների ամենամեծ հիմքը[16] և բոլոր վեբ-կայքերի վարկանիշային ցանկում վերին 10-ի մեջ է իր թրաֆիքի/անցուդարձի չափերով[17]։ Այլ խոշոր վիքիներից են WikiWikiWeb, Memory Alpha, Wikitravel, World66 կայքերը։

Գիտահետազոտական հանրությունները

խմբագրել

Վիքիներն ինքնին հետազոտության շատ արդիական թեմա են և գործում են նաև որպես հանրային ցանցեր։ Ներկայումս բավականին հայտնի են երկու վիքի-գիտա/համաժողով հանրային ցանցեր.

Կան վիքիներ օգտագործող բազմաթիվ ավելի փոքրածավալ կրթական և գիտական հանրություններ։ Օրինակ՝ ամենահայտնիներից մեկն է Wikidot -ը։ Նման գիտական հանրություններից կարելի է հիշատակել «Փիլիսոփայական հետազոտություններ»/ «Philosophical investigations» վիքին[18]։

2009 թ, ապրիլին Լոնդոնի «London Times Higher» գիտական լրագրում փիլիսոփա Մարտին Կոհենը[19] կանխագուշակություն էր արել, որ «այս տակից-վեր մոդելը ժամանակի ընթացքում նույնիսկ կգերազանցի բոլոր գիտելիքների շտեմարան պատվախնդիր հավակնություն ունեցող Վիքիպեդիա և «Citizendium»/Սիթիզենդիում ծրագրերին»։

Տես նաև

խմբագրել

Հղումները

խմբագրել
  1. Mitchell, Scott (July, 2008). «Easy Wiki Hosting, Scott Hanselman's blog, and Snagging Screens». MSDN Magazine. Վերցված է 2010 թ․ մարտի 9-ին.
  2. wiki, n. Oxford English Dictionary (draft entry, March 2007)։ Requires Paid Subscription
  3. Ուարդ Քաննինգհեմ (2002 թ․ հունիսի 27). «What is a Wiki». WikiWikiWeb. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 10-ին.
  4. «Hawaiian Words; Hawaiian to English». mauimapp.com. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 19–ին-ին.
  5. «The wiki principle». Economist.com. 2006 թ․ ապրիլի 20. Վերցված է 2010 թ․ մարտի 9-ին.
  6. Տես Էբերսբախ, Անյա Wiki: Web Collaboration, Springer Science+Business Media, 2008 էջ 10
  7. Ուարդ Քաննինգհեմ (2008 թ․ փետրվարի 25). «Wiki History». WikiWikiWeb. Վերցված է 2007 թ․ մարտի 9-ին.
  8. Տես Էբերսբախ, Անյա Wiki: Web Collaboration, Springer Science+Business Media, 2008 էջ20
  9. Տես Էբերսբախ, Անյա Wiki: Web Collaboration, Springer Science+Business Media, 2008 էջ 54
  10. Տես Էբերսբախ, Անյա Wiki: Web Collaboration, Springer Science+Business Media, 2008 էջ 178}}
  11. http://en.wikipedia.org/wiki/WikidPad
  12. «Soft Security». UseModWiki. 2006 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2007 թ․ մարտի 9-ին.
  13. Տես Էբերսբախ, Անյա Wiki: Web Collaboration, Springer Science+Business Media, 2008 էջ 108}}
  14. http://www.citizendium.org/ Citizendium.org
  15. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 17-ին.
  16. «WikiStats by S23». S23Wiki. 2008 թ․ ապրիլի 3. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 7-ին.
  17. «Alexa Web Search – Top 500». Alexa Internet. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 15-ին.
  18. http://philosophical-investigations.wikispot.org
  19. 'Font of all wisdom, or not?' by Martin Cohen, Times Higher Education, 9 April 2009, accessed April 13, 2009. The site is now hosted by Wikispot, though - ie. http://philosophical-investigations.wikispot.org/

Լրացուցիչ նյութեր

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել