Վեստգոթական թագավորություն

Վեստգոթական թագավորություն (լատին․՝ Regnum Visigothorum՝ ռեգնում վիսիգոտորում), վաղմիջնադարյան պետություն Պիրենեյան թերակղզում և ժամանակակից Ֆրանսիայի հարավում 418-720 թվականներին։ Հիմնադրել է վեստգոթերի արքա Վալիան 418 թվականին։ Երկիրը կառավարել է Բալթիների տոհմը։ Տարածքը կազմել է առավելագույնը 600 000 քառ. կմ՝ Ալարիկ II թագավորի օրոք (484-507)։

Վեստգոթական թագավորություն
Gutþiuda Þiudinassus
 Հռոմեական կայսրություն 418 - 720 Կորդովայի ամիրայություն 
Աստուրիայի թագավորություն 
Քարտեզ


(Վեստգոթական թագավորության առավելագույն ընդարձակումը)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Թուլուզ
Նարբոն
Բարսելոն
Տոլեդո
Մակերես 600.000 կմ2
Լեզու գոթերեն, լատիներեն
Կրոն Արիոսականություն
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Դինաստիա Բալթիներ
Պետության գլուխ Թագավոր
Պատմություն
- Հռոմի ավերում 410
- Ժողովուրդների մեծ ճակատամարտ 451
- Վույեի ճակատամարտ 507
- Օմայյանների հարձակում 711-715
- Կովադոնգայի ճակատամարտ 718 կամ 722

Առաջին շրջանում մայրաքաղաքն էր Թուլուզը։ Ալարիկ II-ի մահից հետո՝ 507 թվականից սկսած, մայրաքաղաքը տեղափոխվում է Նարբոն, ապա՝ Պիրենեյան թերակղզու տարածք՝ Բարսելոն և Տոլեդո։ Հզորության շրջանում, երբ անկում էր ապրել Արևմտյան Հռոմեական կայսրությունը, ներառել է ժամանակակից Իսպանիան և Պորտուգալիան։

8-րդ դարի սկզբին Վեստգոթական թագավորությունը թուլանում է։ Կենտրոնախույս ուժերը կարողանում են նվազեցնել թագավորի ազդեցությունը երկրում և բանակի վրա։ 7-րդ դարում Մերձավոր Արևելքի տարածքները ամբողջությամբ նվաճվել էին նորաստեղծ պետության՝ Արաբական խալիֆայության կողմից։ 711 թվականին արաբա-բերբերական զորքերը անցնում են Ջիբրալթարի նեղուցի աֆրիկյան ափը և սկսում Պիրենեյան թերակղզու նվաճումը։ Դրա արդյունքում արաբների նվաճած հողերը միավորվում են պետական նոր կազմավորման` Կորդովայի ամիրայության(929 թվականից` խաիֆայության) մեջ։ Վեստգոթական թագավորությանը միակ ժառանգորդն է մնում հյուսիսում հիմնված քրիստոնեադավան Աստուրիայի թագավորությունը (718-925), որը հետագայում կարողանում է զորեղանալ ու սկսել Ռեկոնկիստան՝ քրիստոնեական հողերի վերանվաճումը (ազատագրումը) արաբներից[1]։

Վեստգոթական թագավորությունը Արևմուտքի հզորագույն թագավորությունն էր, որը հիմնադրվել էր կործանվող Հռոմեական կայսրության փլատակների վրա։ Այն իրենից արտահայտում էր բարբարոսական ցեղերի գլխավորած պետություն, որի բնակչությունը հռոմեա-լատինական ծագմամբ քրիստոնյաներ էին։

Պատմություն

խմբագրել

Իրավիճակը Հռոմեական կայսրությունում

խմբագրել

4-րդ դարում Միջերկրական ծովի ամբողջ ավազանը գտնվում էր Հռոմեական կայսրության հսկողության տակ։ Չորսհարյուրամյա գոյությունից հետո՝ 395 թվականին, այն բաժանվեց Թեոդոսիոս Ա Մեծ կայսեր (լատին․՝ Theodosius Magnus, հուն․՝ Θεοδόσιος ο Μέγας, 379 - 395) երկու որդիների միջև։ Հոնորիոսին բաժին հասավ արևմտյան հատվածը՝ Հռոմ մայրաքաղաքով։ Այն ներառում էր հետևյալ պրովինցիաները՝ Բրիտանիա (Անգլիա և Ուելս), Գալիա (Ֆրանսիա և Բելգիա), Իտալիա (Իտալիա և Շվեյցարիա), Իսպանիա (Իսպանիա և Պորտուգալիա), Մավրիտանիա (Մարոկկոյի և Ալժիրի միջերկրածովյան ափ), Աֆրիկա (Թունիս և ԼիբիաԱրկադիոսը ժառանգեց արևելյան Հռոմեական կայսրությունը՝ Կոստանդնուպոլիս մայրաքաղաքով։ Վերջինս կառուցվել էր հին հունական Բյուզանդիոն գաղթավայրի հիման վրա, ուստի կայսրությունը առավել հայտնի է դարձել որպես «Բյուզանդիա»։ Այն ներառում էր տարածքներ երեք աշխարհամասերից՝ Բալկանյան թերակղզին (Եվրոպա), Փոքր Ասիան և Արևելյան Միջերկրականը (Ասիա), Եգիպտոսը և Սուդանը (Աֆրիկա)։ Սա արդյունքն էր նաև քրիստոնեական եկեղեցու` կաթոլիկի և ուղղափառի ճյուղավորման[2]։

 
Հռոմեական կայսրության բաժանումը
արևելյան ու արևմտյան հատվածների (395)

4-րդ դարից սկսած Հռոմեական կայսրության սահմաններն ասպատակող զանազան ցեղեր ու ցեղային միություններ՝ գոթերը, վանդալները, ալանները, հոները, լանգոբարդները և ուրիշներ, որոնք ներխուժել էին Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայից և Ասիայի տարբեր շրջաններից, 5-րդ դարում կարողանում են ավերել ու կործանել Հռոմը։

476 թվականին այդ ցեղերը հերթական անգամ հարձակվում են Հռոմի վրա և վերջնականապես կործանում կայսրությունը։ Դրանով վերջ է դրվում հին աշխարհի պատմությանը և Եվրոպան թևակոխում է միջնադար[3]։ Փոփոխություններ են տեղի ունենում նաև հասարակական կյանքի կազմակերպման բնագավառներում. տնտեսական ու քաղաքական մեծ իրադարձություն էր ավատատիրական կարգերի հաստատումը, որը փոխարինելու եկավ ստրկատիրական կարգերին, մշակույթի ու կրթության բնագավառում հելլենիզմը զիջեց դիրքերը նորաստեղծ բարբարոսական քրիստոնեադավան պետություններին, իսկ Եվրոպայի կենտրոնացված կառավարումը վերացավ։ Արևմուտքում քաղաքական հեղինակություն դարձավ Հռոմի Պապը։ Այս իրավիճակը տևեց մինչև ուշ միջնադար՝ 14-15-րդ դարեր, երբ Եվրոպայում սկսեց Վերածննդի դարաշրջանը։ Այդ է պատճառը, որ այս ժամանակահատվածը ընդունված է անվանել «խավարի ժամանակներ»[4]։

Օստգոթեր և վեստգոթեր

խմբագրել

Գոթերը գերմանալեզու ցեղեր էին, որոնց հայրենիքը համարվում է Սկանդինավյան թերակղզին։ Նրանց առաջին պետական կազմավորումը հայտնի է որպես «Սկանձա»։ 2-րդ դարում՝ Բերիգ ցեղապետի օրոք, գոթերն անցնում են Բալթիկ ծովը և հաստատվում Վիսլա գետի ավազանում (Լեհաստան), իսկ այդ տարածքում բնակվող վանդալները և ռուգերը տեղաշարժվում են հարավ և Մարկոս Ավրելիոս (161-180) կայսեր օրոք հարձակվում Հռոմեական կայսրության վրա։

Գոթական ցեղերի տեղաշարժը
մ.թ.ա. 8-1-ին դարեր
մ.թ. 2-3-րդ դարեր

3-րդ դարում Ֆիլիմեր առաջնորդը հիմնում է գոթական պետություն՝ Օյումը, որը գտնվում էր արևելաեվրոպական հարթավայրի (այժմ՝ Ուկրաինայի տարածք) կենտրոնական հատվածում։ 230 թվականին գոթերը բաժանվում են երկու խմբի. արևելյան մասում՝ Դոնից Դնեպր գետերի տարածքում ապրող գոթերը հայտնի էին «արևելյան գոթեր» (օստգոթեր) անունով, իսկ արևմտյան մասում՝ Դնեպրից Դնեստր գետերի միջև ապրող ցեղերը՝ «արևմտյան գոթեր» (վեստգոթեր) անունով։ Այս իրավիճակը տևում է մինչև 375 թվականը՝ հոների արշավանքը, որից հետո սկսում է Ժողովուրդների մեծ գաղթը։

Վեստգոթերի՝ արևմտյան ու արևելյան խմբերի բաժանումը կապված էր Հռոմեական կայսրության պրովինցիաներից Դակիայի (Ռումինիա) գրավման հետ։ Հռոմեացիներին հաղթելով՝ նրանք ավելի են ամրապնդում իրենց դիրքերը Կենտրոնական Եվրոպայում։ Քառորդ դար անց՝ 257 թվականին, գոթական զորքերը կարողանում են հարձակվել Բոսպորի թագավորության վրա (Ղրիմ) և ավերել Պանտիկապեյ ու Նիմֆեյ վաճառաշահ քաղաքները։ Նրանք, այդպիսով, կործանում են սկյութական պետությունը և շարունակում արշավանքը Փոքր Ասիայի ուղղությամբ։ 258 թվականին նրանք անցնում են Բոսֆորի նեղուցը և ավերում Քաղկեդոն և Նիկիա քաղաքները։ Շարունակելով հաղթարշավը՝ գոթերը 262 թվականին գրավում են ևս մեկ հռոմեական պրովինցիա՝ Թրակիան (Բուլղարիա), ապա հասնում Աթենքին ու Կորինթոսին։ Նրանց առաջընթացը կասեցնելու նպատակով Ավրելիանոս կայսրը (270-275) ճանաչում է գոթերի իշխանությունը Դակիայում։ Գոթերն ընդունում են քրիստոնեություն (արիոսականություն), ապա ստեղծում սեփական գրային համակարգը՝ գոթական այբուբենը, որը լատիներենի ու հունարենի այբուբեններից հետո երրորդն էր Եվրոպայի տարածքում։

375 թվականի հոների արշավանքից մեկ տարի անց գոթերն անցնում են Դանուբ գետը և հաստատվում Բալկանյան թերակղզում։ 378 թվականին նրանք մայրաքաղաք Կոստանդնուպոլսի մոտ՝ Ադրիանապոլսում, հաղթում են հռոմեացիներին։ Ադրիանապոլսի ճակատամարտից հետո գոթերը շարժվում են արևմուտք։ 395 թվականին վեստգոթերի առաջնորդ Ալարիկ I-ը հռչակվում է որպես թագավոր։ Հետագայում օստգոթերը Թեոդորիկ Մեծի օրոք հաստատվում են ժամանակակից Իտալիայի, իսկ վեստգոթերը՝ Իսպանիայի տարածքում՝ դարձյալ հայտնվելով արևելքում ու արևմուտքում։ Վեստգոթերը Պիրենեյան թերակղզի են շարժվում գերմանական այլ ցեղերի՝ վանդալների ու սվեբների, ինչպես նաև ալանական ցեղերի հետ։ Գոթերի մի մասը շարունակում է մնալ Ղրիմի տարածքում երկար ժամանակ՝ ընդհուպ մինչև 9-րդ դար։ Այնուհետև ղրիմյան գոթերը ձուլման են ենթարկվում հույների կողմից, սակայն պահպանում լեզուն և կրոնը։ Ղրիմյան գոթերի մասին վերջին վկայությունները 17-րդ դարի են[5]։

Գոթերի հաստատումը Իտալիայում և Գալիայում

խմբագրել

5-րդ դարի սկզբին, լքելով Կենտրոնական Եվրոոպայի տարածքները, գոթերը մոտենում են Իտալիայի սահմաններին։ 408 թվականին վեստգոթերը Ալարիկ I արքայի (395-410) գլխավորությամբ հայտնվում են Ապենինյան թերակղզում ու պաշարում Հռոմը։ Ստանալովվ մեծ ռազմավար՝ Ալարիկը համաձայնվում է թողնել պաշարումը և անցնում բանակցությունների՝ վեստգոթերի համար բնակության մշտական պայմաններ հատկացնելու նպատակով։ Բանակցությունները, սակայն, հաջող ընթացք չեն ունենում, որի արդյունքում 409 թվականին Ալարիկը երկրորդ անգամ է պաշարում Հռոմը։ Արդյունքում նա կարողանում է ստիպել Սենատին՝ ընտրել նոր կայսր։ Հոնորիոսը ստիպված համաձայնվում է գնալ զիջումների։ Հաջորդ տարվա հարձակման ժամանակ՝ 410 թվականի օգոստոսի 26-ին, վեստգոթերը նվաճում են կայսրության մայրաքաղաքը[6]։ Մինչ այդ Հռոմը գրավվել էր մոտ 800 տարի առաջ, երբ մ.թ.ա. 390 թվականին քաղաքը պաշարվել էր գալլերի կողմից։ Դրանից հետո Հռոմը թուլանում է, ևս երկու անգամ ենթարկվում հարձակման ու ավերման, որից հետո վերջնականապես կորցնում նախկին համբավը։

 
Վեստգոթերի տեղաշարժը վաղ միջնադարում

Հռոմի գրավումից և Ալարիկի մահից հետո 410 թվականին թագավոր է դառնում Ատաուլֆը (410-415), ով Ալարիկի կնոջ եղբայրն էր։ Նա փորձում է հաստատվել Իտալիայում։ 412 թվականին Հոնորիոս կայսրը պարտության է մատնում նրան, և Ատաուլֆն իր ցեղով հեռանում է հարավային Գալիա։ Հռոմեական Աքվիտանիա պրովինցիայի տեղում (ժամանակակից հարավարևմտյան Ֆրանսիա) ստեղծվում է վեստգոթերի պետությունը, որը առաջին գերմանական պետությունն էր Հռոմեական կայսրության տարածքում։

Երեք տարի անց վեստգոթերը շարժվում են ավելի հարավ և իրենց պետությունն ընդլայնում Պիրենեյան թերակղզու տարածքների հաշվին, որն այդ ժամանակ հայտնի էր որպես «Հիսպանիա» կամ «Իբերիա» և մեկն էր Հռոմի պրովինցիաներից։ Ատաուլֆը նախնիներից տարբերվում էր իր վարած քաղաքականությամբ. նա արդեն հռոմեացած բարբարոս էր։ Հասկանալով, որ հռոմեական հասարակության կողմից ընդունված լինելու համար անհրաժեշտ է ընդունել նրանց բարքերն ու սովորույթները` Ատաուլֆը փորձում է մերձենալ նրանց հետ։ Հոնորիոս կայսեր քույրը` Գալլա Պլացիդան, գերի էր վերցվել դեռևս Հռոմի 409 թվականի պաշարման ժամանակ։ Կայսեր համակրանքը սիրաշահելու նպատակով վեստգոթերի արքան համաձայնվում է վերանվաճել Գալիան և վերադարձնել Հռոմի հսկողության ներքո, ինչպես նաև հրաժարվել Աֆրիկան գրավելու Ալարիկի ծրագրերից։

 
Վեստգոթերը Հռոմում (410)

414 թվականից սկսած հեթանոս վեստգոթերը Ատաուլֆի, ապա Վալիի գլխավորությամբ հաստատվում են Իսպանիայի տարածքում։ Նրանց հետ միասին թերակղզի են թափանցում այլ ցեղեր։ 414 թվականի հունվարի 1-ին տեղի է ունենում Ատաուլֆի և Հոնորիոսի քրոջ՝ Գալլա Պլացիդայի ամուսնությունը։ Վեստգոթերը գրավում են Գալիայի մեծ մասը, իրենց իշխանությունը հաստատում Թուլուզ, Բորդո և Պուատիե քաղաքներում։ Գալիայի միջերկրածովյան ափ վեստգոթերը դուրս չեն գալիս. Հռոմի կայսրը մտադիր չէր այն հանձնել նրանց վերահսկողության ներքո։ 418 թվականին Վալիան Հռոմի անունից հարձակվում է բարբարոսների վրա և կոտորում ալաններին, վանդալներին ու սվեբներին։ Այսպիսով, վեստգոթական պետության հիմնադիրն է Վալին, բայց ավանդաբար համարվում է Թեոդորիկ I-ը։ Ժամանակի պատմագրության համաձայն՝ սվեբեների արքա Ատակսը զոհվում է, և բարբարոսներն ընդունում են Գալիսիայում ապաստանած Գունդերիկին։ Մյուս կողմից՝ Վալիայի դուստրն ամուսնացած էր սվեբների ավագանու դստեր հետ, որն էլ թույլ է տալիս նրանց խուսափել կոտորածից և նույնիսկ հիմնել սեփական պետությունը Իբերիայի հյուսիս-արևմուտքում[7]։

Հռոմին մատուցած ծառայությունների համար կայսրը վեստգոթական վերնախավին կալվածքներ է նվիրում՝ Պիրենեյների ստորոտից Լուար գետի հովիտն ընկած տարածքում։ 418 թվականին Վալիան հիմնում է վեստգոթական առաջին թագավորությունը՝ Թուլուզ մայրաքաղաքով։ Հյուսիսարևմտյան Գալիան նույնպես պետք է գտնվեր Թուլուզի արքայի հսկողության ներքո։ Արևմտյան Հռոմեական կայսրության թուլության և անկման շրջանում վեստգոթերը լիակատար ինքնուրույնություն ձեռք բերեցին։ Նոր արքա Թեոդորիկ I-ը ձգտում է հաստատվել Միջերկրական ծովի ափին, ինչի ապացույցն էր Նարբոնի ու Առլի գրավման փորձը[8]։ 423 թվականին Հոնորիոս կայսեր մահից հետո ստեղծված իրադրությունից օգտվելով՝ նա ամրապնդեց իր տիրապետությունը Գալիայում[9]։

Թուլուզի թագավորություն

խմբագրել

Հռոմի վասալ պետություն

խմբագրել

Վեստգոթերի առաջին պետությունը հայտնի է որպես «Թուլուզի թագավորություն»։ Դա Հռոմեական կայսրության հողերի վրա բարբարոսների հիմնած առաջին պետությունն էր։ Վեստգոթերը ձևականորեն ենթարկվում էին Հռոմի կայսրին և ծառայում էին հռոմեական բանակում։ Թագավորը համարվում էր տարածաշրջանի գլխավոր պաշտոնյան և կայսեր ենթական։

 
Թեոդորիկ I (419-451)

Վեստգոթերը բնակության համար ստանում են ոչ թե փակ տարածք, որից պետք է դուրս գար արմատական բնակչությունը, այլ հռոմեաբնակ երկրամաս։ Գործող կանոնի համաձայն, հռոմեացիները պետք է վերաբնակներին հանձնեին պիտանի հողերի մեկ երրորդը, սակայն վեստգոթերը ստացան երկու երրորդը։ Բանն այն էր, որ բարբարոսական ցեղերի հարձակումների արդյունքում մշակելի հողերի զգալի մասը խոտան էր դարձել և բնակչությունը չէր զբաղվում երկրագործությամբ։ Դրա արդյունքում հռոմեացիներն իրենց էին պահում անընդհատ մշակվող առավել բարեբեր հողերը, իսկ խոտանացած հողերը, որոնք միևնույն է` չէին մշակվում, հանձնում նորեկներին։ Անտառներն ու մարգագետինները սկզբում համատեղ օգտագործման համար էին, ավելի ուշ հստակ սահմաններ գծվեցին երկու հարևանների միջև։ Հռոմեական կայսրությունում այդ ժամանակ գերիշխող էր ստրկատիրությունը։ Ստրուկը նույնպես համարվում էր սեփականություն` խոսող գործիք։ Ստրուկների պարագայում արդեն, հռոմեացիները իրենց են պահում երկու երրորդին` համաձայն գործող կանոնի։

Հռոմի կայսր Հոնորիոսի հետ համաձայնագիր կնքելուց որոշ ժամանակ անց մահանում է վեստգոթերի արքա Վալիան։ 419 թվականին ընդհանուր ժողովում թագավոր է ընտրվում Թեոդորիկ I-ը (419-451)։

422 թվականին հռոմեացի զորահրամանատար Կաստինի հետ վեստգոթերը ճակատամարտ են տալիս վանդալների դեմ` Պիրենեյան թերակղզու հարավում։ Երբ հաղթանակը մոտ էր, գոթերը մեջքից հարվածում են հռոմեացիներին։ Վերջիններս ծանր պարտություն են կրում։ Մեկ տարի անց` 423 թվականին, մահանում է արևմտահռոմեական առաջին կայսր Հոնորիոսը։ Երբ կայսերական զորքերը զբաղված էին ֆրանկների ու բուրգունդների ապստամբությունները ճնշելով, Թեոդորիկը փորձում է ընդլայնել իր պետության սահմանները և հասնել Միջերկրական ծովի ափ։ Նա իր դուստրերից մեկին ամուսնացնում է վանդալների արքա Գեյզերիկի որդու հետ, սակայն ռազմաքաղաքական միություն չի ձևավորում։ 429 թվականին Թեոդորիկը դաշինք է կնքում սվեբների հետ, և իր մյուս դստերը կնության տալիս նրանց թագավոր Ռեխիարի հետ։ Դրա արդյուքնում Թեոդորիկը գրավում ու ամայացնում է Սարագոսայի ծայրամասերը ու նվաճում Իբերիայի հյուսիսարևելյան սահմանին գտնվող Իլերդա քաղաքը։

 
Վանդալները Հռոմում (455)

Չնայած ռազմական գործողություններին ու հռոմեացիների հետ ունեցած տարաձայնություններին` վեստգոթերը շարունակում էին ընդունել Հռոմի գերագահությունը։ Մյուս կողմից, հռոմեացիները նպատակահարմար էին գտնում Գալիայի տարածքում վերաբնակեցնել այլ բարբարոսական ցեղեր` նրանց տալով նույն պայմանները, ինչ վեստգոթերին Աքվիտանիայում։ Միևնույն ժամանակ Միջերկրական ծովի կղզիներում ու Հյուսիսային Աֆրիկայում ստեղծվում է բարբարոսական մեկ այլ պետություն` Վանդալա-Ալանական թագավորությունը (439-534)։

451 թվականին Կատալաունյան դաշտերում տեղի ունեցած Ժողովուրդների մեծ ճակատամարտում Թեոդորիկը զոհվում է։ Հոների առաջնորդ Աթթիլան շարունակում հաղթարշավը դեպի Իտալիա։ 455 թվականին վանդալները ծովից արշավում են Իտալիա և նվաճում են Հռոմը` այրելով և ավերելով այն երկու շաբաթ շարունակ։ Այս իրադարձությունները պատմության մեջ հայտնի են որպես սրբապղծություն` «վանդալիզմ»։ 475 թվականին՝ կայսրության կործանումից մեկ տարի առաջ, Թեոդորիկի որդի Էյրիկը հռչակում է թագավորության անկախությունը[10]։ 5-րդ դարի երկրորդ կեսին վեստգոթերը գրավում են ամբողջ Պիրենեյան թերակղզին[11]։

Անկախ պետություն

խմբագրել

Իրավիճակը Պիրենեյան թերակղզում

խմբագրել

Տոլեդոյի թագավորություն

խմբագրել

Տես նաև

խմբագրել
 Իսպանիայի պատմություն
 
Վաղ պատմություն
Նախապատմական Իբերիա
Հռոմեական Հիսպանիա
Միջնադարյան Իսպանիա
Վեստգոթական թագավորություն
Աստուրիայի թագավորություն
Սվեբական թագավորություն
Բյուզանդական Իսպանիա
Ալ-Անդալուս
Ռեկոնկիստա
Իսպանիայի թագավորություն
Ընդարձակման ժամանակաշրջան
Լուսավորության ժամանակաշրջան
Հանրապետություն
Հավազդում և Հեղափոխություն
Առաջին Հանրապետություն
Վերածնունդ
Երկրորդ Հանրապետություն
Ֆրանկոյի օրոք
Քաղաքացիական պատերազմ
Իսպանական պետականություն
Ժամանակակից
Անցում դեմի ժողովրդավարություն
Ժամանակակից Իսպանիա
Թեմաներ
Տնտեսական պատմություն
Ռազմական պատմություն

Իսպանիայի պորտալ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. У. Уотт, П. Какия; Мусульманская Испания / АН СССР, Ин-т востоковедения. - М. : Наука, 1976. - 215 с.
  2. Ferdinand R. Gahbauer: Die Teilung des Imperium Romanum als Ursache für die ost-westliche Kirchenspaltung. In: Ostkirchliche Studien 34, 1985, S. 105—127.
  3. Edward Gibbon - The History of the Decline and Fall of the Roman Empire; Strahan & Cadell, London; 1776–89
  4. Х. В. Янсон, Э. Ф. Янсон - Исскуство Древнего Рима
  5. Клауде Д. История вестготов / Передвижения вестготов в пределах Римской империи (376-418 гг). — СПб.: Издательская группа «Евразия», 2002. — 288 с. — ISBN 5-8071-0115-4.
  6. John Bagnall Bury: History of the Later Roman Empire/ part 6.1 (§ 1. Alaric's Second Invasion of Italy. The Three Sieges of Rome (408‑410))
  7. Томпсон Э. Римляне и варвары. Падение Западной империи Пер. с англ. Т. О. Пономаревой; под ред. М. Е. Килуновской. — СПб.: Издательский дом «Ювента», 2003. — 288 с. — ISBN 5-8739-9140-5.
  8. Вестготы. Большая энциклопедия Кирилла и Мефодия.
  9. Карпов С. П. Падение Западной Римской империи и образование варварских королевств // История средних веков. В 2-х Т.. — Москва։ Издательство Московского университета. — Т. 1. — ISBN 5-211-04818-0.
  10. Клауде Дитрих. История вестготов / Перевод с немецкого. — СПб: Издательская группа «Евразия», 2002. — 288 с. — 2 000 p. — ISBN 5-8071- 0115-4.
  11. Карпов С. П. Падение Западной Римской империи и образование варварских королевств // История средних веков. В 2-х Т.. — Москва: Издательство Московского университета. — Т. 1. — ISBN 5-211-04818-0.

Գրականություն

խմբագրել
  • Bachrach, Bernard S. "A Reassessment of Visigothic Jewish Policy, 589–711." American Historical Review 78, no. 1 (1973): 11–34.
  • Collins, Roger. The Arab Conquest of Spain, 710–797. Oxford: Blackwell Publishers, 1989. Reprinted 1998.
  • Collins, Roger. Law, Culture, and Regionalism in Early Medieval Spain. Great Yarmouth: Variorum, 1992. 0-86078-308-1.
  • Collins, Roger. Visigothic Spain, 409–711. Oxford: Blackwell Publishing, 2004. 0-631-18185-7.
  • Drayson, Elizabeth (2007). The King and the Whore. King Roderick and La Cava. Palgrave Macmillan. ISBN 9781403974365.
  • Halsall, Guy (2003). Warfare and Society in the Barbarian West, 450–900. Routledge. ISBN 0415239400.
  • Heather, Peter. The Goths. Oxford: Blackwell Publishers, 1996.
  • James, Edward, ed. Visigothic Spain: New Approaches. Oxford: Oxford University Press, 1980. 0-19-822543-1.
  • Fernández-Morera, Darío (2016). The Myth of the Andalusian Paradise. Muslims, Christians and Jews under Islamic Rule in Medieval Spain. ISI Books. ISBN 9781504034692.
  • Fear, A. T. (1997). Lives of the Visigothic Fathers. Liverpool University. ISBN 0853235821.
  • Kampers, Gerd (2008). Geschichte der Westgoten (գերմաներեն). Ferdinand Schöningh. ISBN 9783506765178.
  • Lacarra, José María. Estudios de alta edad media española. Valencia: 1975.
  • Barrett, Graham (2018). «Theodoric I the Visigoth». In Nicholson, Oliver (ed.). The Oxford Dictionary of Late Antiquity. Vol. II. Oxford University Press.1475
  • Martínez Jiménez, Javier; Isaac Sastre de Diego; Carlos Tejerizo García. (2018) The Iberian Peninsula between 300 and 850. An Archaeological Perspective. Late Antique and Early Medieval Iberia 6. Amsterdam: Amsterdam University Press. 9789089647771
  • Sivan, Hagith. "On Foederati, Hospitalitas, and the Settlement of the Goths in A.D. 418." American Journal of Philology 108, no. 4 (1987): 759–772.
  • Reinhart, Wilhelm (1951). «Germanische Helme in westgotischen Münzbildern» (PDF). Jahrbuch für Numismatik und Geldgeschichte (գերմաներեն). Richard Pflaum: 43–46. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 22-ին.
  • Thompson, E. A. "The Barbarian Kingdoms in Gaul and Spain", Nottingham Mediaeval Studies, 7 (1963:4n11).
  • Thompson, E. A. The Goths in Spain. Oxford: Clarendon Press, 1969.
  • Tucker, Spencer C., ed. (2010). A Global Chronology of Conflict: From the Ancient World to the Modern Middle East. Vol. I. ABC-CLIO.
  • Vázquez, Federico Gallegos (2011). «El ejército visigodo: el primer ejército español». In Leandro Martínez Peñas; Manuela Fernández Rodríguez (eds.). Reflexiones sobre poder, guerra y religión en la Historia de España. էջեր 11–56. ISBN 978-84-615-2931-5.
  • Wallace-Hadrill, John Michael. The Barbarian West, 400–1000. 3rd ed. London: Hutchison, 1967.
  • Wolfram, Herwig (1988). History of the Goths. Thomas J. Dunlop, translator (Revised ed.). University of California Press. ISBN 0-520-05259-5.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեստգոթական թագավորություն» հոդվածին։