Ոռոգում (իռիգացիա), անբավարար խոնավությամբ հողերի ջրային պաշարների արհեստական լրացում։ Այն կոչված է օգնելու մշակաբույսերի մշակմանը, լանդշաֆտների պահպանմանը, և ամայացած կանաչ ծածկույթի վերակենդանացմանը[1] [2][3]: Նպաստում է հողում բույսերի աճմանն ու զարգացմանն անհրաժեշտ ջրային, օդային, ջերմային և սննդային ռեժիմների ստեղծմանը։ Հայաստանում և Արցախում ոռոգման հողաբարելավման հիմնական եղանակներից է և ներառում է տեխնիկական, ագրոտեխնիկական ու կազմակերպչական տնտեսական միջոցառումների համալիր, որի հիմքում դրված են հողերի ջրման ջրատեխնիկական գործադրաձևերը։

Դաշտային ոռոգում (Նյու Ջերսի, ԱՄՆ)

Ոռոգման տեսակներ

խմբագրել
 
Ոռոգում անձրևացման եղանակով
 
Ակոսային ոռոգում
 
Ոռոգման ջրանցք Արարատյան դաշտում

Տարբերում են խոնավացման, պարարտացման, աղազերծման ու ջերմային, իսկ ըստ ջրման հաճախականության՝ նաև կանոնավոր և պարբերական ոռոգման տիպեր։

Խոնավացման ոռոգմամբ (կիրառվում է չորային շրջաններում) հողում ստեղծվում ու պահպանվում են անհրաժեշտ ջրային և օդային ռեժիմներ, պարարտացման ոռոգմամբ ջրի հետ ներմուծվում են պարարտանյութեր, աղազերծման ոռոգումը կիրառվում է հողերից վնասակար աղեր հեռացնելու, իսկ ջերմային ոռոգումը (տաք ջրով)՝ վեգետացիայի շրջանը երկարացնելու համար։ Ոռոգումը կիրառվում է նաև վնասատուների դեմ պայքարելու նպատակով։ Կանոնավոր ոռոգման դեպքում դաշտերը ջրում են ըստ ռեժիմի, իսկ պարբերական ոռոգման դեպքում՝ 1 անգամ (օրինակ՝ գետերի հորդացման ժամանակ՝ լիմանային ոռոգում

Ոռոգման գործընթաց

խմբագրել

Ոռոգումն իրագործվում է հատուկ համակարգերով, որոնք բաղկացած են ոռոգման աղբյուրից (գետ, ջրամբար, լիճ, ջրանցք և այլն), ջրառու կառույցներից, ուղեվորող (գլխավոր, միջտնտեսային, ներտնտեսային և տեղամասային ջրանցքներ), կարգավորող (ժամանակավոր ոռոգիչներ, ջրատարներ, ակոսներ, մարգեր, իսկ անձրևացման դեպքում՝ խողովակներ, անձրևացման մեքենաներ կամ սարքավորումներ), ջրհավաք-ջրհեռատար, կառավարող, ավտոմատ, էլեկտրական ու հեռախոսային ցանցերից, ջրատեխնիկական կառույցներից (ջրաչափեր, ջրթափեր և այլն) և ճանապարհներից։ Ոռոգման ժամանակակից համակարգերում կիրառվում են նաև համակարգիչներ, հեռուստատեսային կառավարման և ավտոմատացման սարքեր և այլն։

Ոռոգմամբ հնարավոր է արմատապես բարելավել չորային գոտիների հողերը և ներառել գյուղատնտեսական արտադրության մեջ։ Սակայն առանց բնական պայմանների ճշգրիտ հաշվառմամբ կատարվող ոռոգումը կարող է առաջացնել հողի ջրային էրոզիա և աղակալում։

Ոռոգումը Հայաստանում

խմբագրել
 
Վնասված ոռոգման ջրանցք Հայաստանում

Մ.թ.ա. 2-րդ հազարամյակից սկսած՝ Հայկական լեռնաշխարհում հողերը ոռոգելու համար կառուցվել են բազմաթիվ ջրանցքներ (Մենուայի, Դալմայի և այլն) և ջրատեխնիկական այլ կառույցներ։

XX դարի սկզբին Հայաստանում ոռոգվում էր շուրջ 100 հզ. հա հողատարածք, որը մինչև 1980-ական թվականների վերջը աճեց 3 անգամ՝ մի շարք համալիրների՝ Շիրակի, Արզնի-Շամիրամի, Թալինի, Արտաշատի և այլ մայր ջրանցքների ու ջրատեխնիկական կառույցների գործարկմամբ։

Հայաստանում ոռոգման աշխատանքներն ընթանում են 1999-2001 թթ. մշակված «ՀՀ Ջրային պաշարների համապարփակ կառավարման ծրագրի» համապատասխան, որտեղ ուրվագծվել են ջրերի առաջարկը և պահանջարկը, ոռոգման կազմակերպումը դարձել է տնտեսական գործունեության ինքնուրույն բնագավառ, այն իրականացնում են հատուկ ստեղծված «Հայոռոգում» միավորման կազմում շուրջ 1 տասնյակ ՓԲԸ-ներ և 15 Ջրօգտագործողների միություններ։ 2004 թ. ոռոգվող տարածությունների ընդհանուր մակերեսը Հայաստանում կազմել է մոտ 300 հզ. հա, Արցախում՝ 75 հզ. հա։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Snyder, R. L.; Melo-Abreu, J. P. (2005). «Frost protection: fundamentals, practice, and economics – Volume 1». Food and Agriculture Organization of the United Nations. ISSN: 1684-8241. {{cite web}}: Unknown parameter |book-title= ignored (օգնություն)
  2. Williams, J. F.; S. R. Roberts, J. E. Hill, S. C. Scardaci, and G. Tibbits. «Managing Water for Weed Control in Rice». UC Davis, Department of Plant Sciences. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. «Arid environments becoming consolidated». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 7-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։