Մեդուզան (ծովամայր), ինչպես և կորալը, պարզունակ աղեխորշավոր կենդանի է։ Սա նշանակում է, որ նրա մարմինը բաղկացած է բջիջների երկու շերտից՝ էկտոդերմից և էնտոդերմից։ Դրանք կազմում են մի յուրօրինակ պարկ, որի ներսում գտնվում է կերը մարսող խոռոչը։ Այս խոռոչի ծայրին բերանն է։

Մեդուզան տափակ, հովանոցաձև պարկ է և լողում է բերանքսիվայր։ Հովանոցի եզրերին և բերանի շուրջը գտնվում են շոշափուկները, որոնք ծառայում են որսը շոշափելու և բռնելու համար։ Շոշափուկները խիտ ծածկված են խայթիչ բջիջներով։

Որոշ մեդուզաներ ունեն զգայուն բջիջներ, որոնք ընկալում են լույսը և ջրի գրեթե անորսալի տատանումները։ Այս տատանումների շնորհիվ մեդուզան կարող է փոթորիկի մոտենալը զգալ մի քանի ժամ առաջ և նախապես թաքնվել ծովի խորքում։ Ամենախոշոր արկտիկական մեդուզան ունի 2 մ տրամագծով հովանոց և մոտ 200 սմ երկարությամբ շոշափուկներ։ Մեդուզան հասնում է 30֊ից 200 սանտիմետրի։

Կիսաթափանցիկ, դոնդողանման մարմինը հովանոցաձև է կամ զանգակաձև, մի քանի մմ–ից մինչև 2, 3 մ տրամագծով, շոշափուկներով երիզված։ Բերանային անցքը հովանոցի ստորին մասում է, հաճախ շրջապատված բլթակներով։ Ստամոքսից ճյուղավորվում են աղիքանոթային համակարգի խողովակները։ Նյարդային համակարգն ավելի է զարգացած, քան պոլիպինը։ Ունեն տեսողական և հավասարակշռության զգայարաններ։ Մեդուզաները բաժանասեռ են, սեռական արգասիքները մեծ մասամբ դրվում են ջրում, որտեղ և կատարվում է բեղմնավորումը։ Սաղմը զարգանալով կպչում է հատակին և վերաճում պոլիպի։ Որոշ տեսակների մոտ սերունդների հաջորդականությունը բացակայում է, և մեդուզաները զարգանում են ձվից։ Մեդուզաները շարժվում են հովանոցի խոռոչից ջուրը դուրս հրելով։ Սնվում են պլանկտոնային օրգանիզմներով։ Որոշ մեդուզաների խայթոցից կարող է այրուցք առաջանալ։

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեդուզա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 376