Ալեքսանդր Կարապետյան
Ալեքսանդր Դանիելի Կարապետյան (Կարատով, նոյեմբերի 1, 1882[1], Աստրախան, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 16, 1956[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ երգիչ (քնարական տենոր), հասարակական գործիչ։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1954)։
Ալեքսանդր Կարապետյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 1, 1882[1] Աստրախան, Ռուսական կայսրություն[1] |
Երկիր | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 16, 1956[1] (73 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | երգիչ և հասարակական գործիչ |
Երգչաձայն | լիրիկական տենոր[1] |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն[1] և Երևանի պարարվեստի պետական քոլեջ[1] |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (1909)[1] և Մոսկվայի կոնսերվատորիա (1911)[1] |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1882 թ․ նոյեմբերի 1-ին Աստրախանում՝ բանկային ծառայողի ընտանիքում։ Դեռևս փոքր հասակից նրա մոտ ի հայտ են գալիս երաժշտական և վոկալ ունակություններ։
1900 թ․ գիմնազիան ավարտելուց հետո մեկնում է Մոսկվա, ընդունվում Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և զուգահեռ սկսում հաճախել Մոսկվայի ֆիլհարմոնիային կից բարձրագույն դպրոցում Մեդվեդևի երաժշտա-դրամատիկական դասընթացներին։
Դեռևս գիմնազիական տարիներից ընդգրկված լինելով քաղաքական և հեղափոխական սոցիալ-դեմոկրատական խմբակներում՝ անմիջական մասնակցություն է ունենում Ռուսաստանի 1905 թ․ հեղափոխությանը։ Նրան հեռացնում են համալսարանից և ձերբակալում։ Սակայն բախտի անհավանական դիպվածով քննիչը կորցնում է նրա գործը, և նրան ստիպված են լինում ազատ արձակել հանցակազմի բացակայության պատճառով[2]։
Այսպիսով, Կարապետյանն ազատ է արձակվում, բայց զրկված է լինում կրթություն ստանալու հնարավորությունից։
1906 թ․ ցարական իշխանությունները, վախենալով հեղափոխական նոր դրսևորումներից, որոշում են որոշակի ազատություններ շնորհել համալսարաններին և թույլատրում են հատուկ հսկողության տակ գտնվող ուսանողներին ընդունվել համալսարաններ։ Կարապետյանն ընդունվում է Մոսկվայի կոնսերվատորիան՝ վոկալի լավագույն դպրոցներից մեկի հիմնադիր Ումբերտո Մազետտիի դասարան,ստանում վերջինիս անվան կրթաթոշակ և ավարտում այն 1911 թվականին։
1909 թ․ ավարտում է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ ստանալով նաև իրավաբանի որակավորում, սակայն երբեք չի զբաղվում իրավաբանությամբ։
Չբավարարվելով միայն ձայնի կատարելագործմամբ՝ ընդունվել է Վախթանգովի և Թաիրովի անվան թատրոններ որպես մնջախաղաց՝ դերասանական հմտությունները զարգացնելու նպատակով։
Այնուհետև աշխատանքի է անցել Զիմինի օպերային թատրոնում՝ կատարելով այնտեղ Եվգենի Օնեգին օեպերայի Լենսկու դերերգը։
1911 թ․ Թիֆլիսի օպերային թատրոնից նրան հրավիրում են հանդես գալու որպես մենակատար։ Նույն թվականի սեպտեմբերի 22-ին Կարապետյանը ելույթ է ունեցել Թիֆլիսի թատրոնի բեմում՝ կատարելով Վերդիի «Ռիգոլետտո» օպերայի հերցոգի դերերգը։ Այդ ելույթից հետո քաղաքում սկսում են խոսել, որ «Կարապետյանն այն տեսակ տենոր է, որի կարատներին թիվ ու հաշիվ չկա, իսկ և իսկ հնդկական ռաջայի թագի ադամանդի պես»։ Այս համեմատությունից հետո Կարապետյանը փոխում է ազգանունը՝ դարձնելով այն Կարատով։ Նրան սկսում են համեմատել իտալացի տենոր Անջելո Մազինիի հետ։ Իսկ Թիֆլիսի օպերային թատրոնում նա հռչակվում է որպես ողջ Ռուսաստանում Լենսկու դերը խաղացող լավագույն երգիչ[2]։
1914 թ․ Կարատովը վերադառնում է Մոսկվա՝ աշխատանքի անցնելով Կոնստանտին Մարջանովի ազատ թատրոնում։
Նույն թվականին ընդունում է Կիևի օպերային թատրոնի հրավերը՝ դառնալով առաջատար մենակատար։ Այնտեղ հանդես է եկել նաև տարբեր կամերային համերգներով, կատարել նաև ռուսական և հայկական (օրինակ, «Կռունկ») ազգային երգեր։
1917 թ․ Կիևի հոկտեմբերյան զինված ապստամբության ժամանակ Կարատովին նշանակում են Կիևի օպերային թատրոնի առաջին կոմիսար (տնօրեն)։ Նրա ջանքերով թատրոնը կազմակերպվում է, նրան հաջողվում է պահպանել գործող երգացանկը և ներկայացնել նոր բեմադրություններ, հիմնել թատրոնին կից երիտասարդական խմբի գեղարվեստական թատրոն՝ դառնալով դրա գլխավոր ռեժիսորը[2]։
Որոշ ժամանակ անց նա նշանակվում է նաև Ուկրաինայի արվեստի կոմիտեի երաժշտական բաժնի վարիչ։
1926-1927 թթ․ հանդես է գալիս նաև Ադրբեջանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում Վալերիա Բարսովայի հետ՝ «Պիկովայա դամա», «Ռոմեո և Ջուլիետ», «Տրավիատա», «Եվգենի Օնեգին» օպերաներում։
1911-1930 թվականներին ելույթներ է ունենում տարածաշրջանի բազմաթիվ քաղաքներում՝ Թիֆլիս, Պերմ, Կիև, Խարկով, Կազան, Սարատով, Ռիգա, Բաքու, Աստրախան, Տաշքենդ և այլն։
1932 թ․ ամռանը, երբ Երևանի օպերային թատրոնը դեռևս պաշտոնապես չէր բացվել, 26 կոմիսարների այգում ելույթ է ունենում որպես Երևանի օպերային թատրոնի մենակատար։ Իսկ 1933 թ․ հունվարի 20-ին բեմադրվում է «Ալմաստ» օպերան, որտեղ Կարատովը հանդես է գալիս շեյխի դերում, իսկ հետագայում երգում է նաև աշուղի դերերգը։ Կատարել է նաև Սարոյի դերերգը «Անուշ» օպերայում։ Նա հանդես է գալիս Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ մինչև 1947 թվականը[2]։
Կարատովը օժանդակում է Երևանի օպերային թատրոնի հիմնադրման գործին ոչ միայն որպես երգիչ, այլև խորհրդատու և ռեժիսոր՝ օգնելով բեմադրել «Ռիգոլետտո», «Կարմեն», «Մադամ Բատերֆլայ», «Տոսկա», «Պայացներ» և «Ջրահարս» օպերաները[2]։
Եղել է Կարո Ստեփանյանի «Քաջ նազարը» օպերայի առաջին և միակ դերակատարը։
1942-1955 ղեկավարել է նաև Երևանի պարարվեստի ուսումնարանը։
1939 թ․, երբ Մոսկվայում կայանում էր հայ արվեստի և գրականության տասնօրյակը, Կարատովը մասնակցում է ոչ միայն որպես օպերային թատրոնի մենակատար, այլև որպես Հայֆիլհարմոնիայի գեղարվեստական ղեկավար։
1939 թվականին երգչին շնորհվել է Պատվո շքանշան։
1954 թ. Կարատովին շնորհվում է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչում[3]։
Վախճանվել է 1956 թ․ Երևանում[4][5]։
Իր ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում Կարատովն ունեցել է մոտ 2000 համերգ և 2000 օպերային ելույթ[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հանրային ռադիոյի «Հայագիտակ» հաղորդաշար (22.10.2024)
- ↑ «КАРАТОВ в энциклопедии музыки». www.musenc.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ «Александр Каратов». Кино-Театр.РУ. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ Пружанский А. М. Отечественные певцы. 1750-1917: словарь: в 2 ч. Ч. 1. М.: Советский композитор, 1991.
Գրականություն
խմբագրել- Բալյան Վ., Ալեքսանդր Կարատով, Երևան, 1962։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 311)։ |