ցարական ելույթը, որի պատճառով շնորհազրկվել և բանտարկվել է։ Ներսես Աշտարակեցի կաթողիկոսի օրոք եղել է Նոր Բայազետի հոգևոր գործերի վերատեսուչ։ Հիմնել է Նոր Բայագետի արական (1852), ռուս, արական (1855) և օրիորդաց (1867)դպրոցները։
Գ․ Սարգսյան
ԱՐԾՐՈՒՆԻ Գևորգ Երեմիայի (1771, Վան–6․ 8․ 1830, Թիֆլիս), հայ հասարակական գործիչ, ազնվական (Երան–Արծրունի տոհմից)։ 1813-ին բնակություն է հաստատել Թիֆլիսում և ընդունել ռուս. հպատակություն։ 1820-ին կայսերական հրովարտակով ստացել է ազնվականի տիտղոս, որը պետք է փոխանցվեր ժառանգաբար։ Առևտրական, շինարարական և հասարակական լայն գործունեություն է ծավալել․ հիմնել է իջևանատներ, միջոցներ տրամադրել Ներսիսյան դպրոցի կառուցմանը ևն։ 1819-ին Ամստերդամում գնել է հայկ․ տպարան և նվիրել Ներսիսյան դպրոցին։ Ներսես Աշտարակեցու Քիշնև աքսորվելուց հետո Ա․ փաստորեն դարձել է դպրոցի տնօրենը։ Տպագրել է «Դարաստան խրատուց․․․ ի վայելս մանկանց Հայաստանի»(1829) ուսումնասիրությունը։ Նրա մի շարք անտիպ աշխատություններ հրո ճարակ են դարձել 1855-ին։
Գ․ Սարգսյան
ԱՐԾՐՈՒՆԻ Գրիգոր Երեմիայի (27․2․1845, Մոսկվա - 17․ 12․ 1892, Թիֆլիս), հայ հրապարակախոս, քննադատ, գրական–հասարակական գործիչ։ Սկզբնական կրթությունը ստացել է Թիֆլիսի ռուս, գիմնազիայում (1858-63)։ Այնուհետև ուսանել է Մոսկվայի և Պետերբուրգի համալսարաններում։ 1867-ին ընդունվել է Հայդելբերգի համալսարանը և ավարտել 1869-ին՝ ստանալով քաղաքատնտեսության և փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 1869-70-ին հայերենի դասեր է առել Վիեննայի, ապա Վենետիկի Մխիթարյանների մոտ։ 1870-ի սեպտեմբերին վերադարձել է Թիֆլիս, պաշտոնավարել Գայանյան օրիորդաց դպրոցում։ 1865-1870-ին թղթակցել է «Մեղու Հայաստանի», «Հայկական աշխարհ» պարբերականներին։ 1872-ի հունվ․ 1-ից հրատարակել է <Մշակ>-ը, որի խմբագիրն ու տնօրենն էր մինչև մահը։
Ա․ հայ լիբերալիզմի ականավոր գաղափարախոսներից էր։ Նրա հայացքները ձևավորվել են բուրժ․ լուսավորականության ազդեցությամբ։ Ա․ կողմնակից էր Հայաստանում կապիտալիզմի զարգացմանը։ Ազգային «պրոգրեսի» համար վտանգավոր է համարել օտարերկրյա կապիտալի մուտքը Կովկաս։ Բաժնետիրական ընկերությունները, փոխօգնության գանձարանները, հասարակական վարկը ևն համարել է երկրի արդ․ զարգացումը խթանող գործոններ։ Առաջարկել է հիմնել «մշակների արդյունաբերական միություններ» և ընկերություններ, ցածր տոկոսի վարկի միջոցով կայունացնել գործավոր–մշակների նյութական ապահովությունը։ Գյուղացիության լայն զանգվածների հոսքը քաղաք կանխելու միտումով պահանջել է ստեղծել «գյուղական փոխատու ընկերություններ», հիմնել «հասարակական շտեմարաններ»։ Գիտության և տեխնիկայի կիրառման, ինչպես նաև «հանրային փոխադարձ օգնության» շնորհիվ գյուղացին կարող է հասնել «տնտեսական բարեկեցության»։
Գ․ Ե․ Արծրունի
Նա առաջադրել է նաև երկրի ընդհանուր տնտ․ առաջընթացն ապահովող բուրժուա–դեմոկրատական պահանջներ՝ մամուլի, խղճի ազատություն, եկեղեցու վերակառուցում, աշխատավարձի համակարգի և աշխատօրվա պետ․, կարգավորում, բանվորների բնակարանային պայմանների բարելավում, ազգային լուսավորական հաստատությունների, առևտրական դատարանների ստեղծում։ Ա–ու կարծիքով լուսավորությունը ևս հասարակական աշխատանքի կարևոր բնագավառ է, որով հնարավոր է բարձրացնել ազգի մակարդակը։ Ա․ մեծ նշանակություն է տվել աշխատանքի հասարակական բաժանմանը, նկատել, որ ապրանքափոխանակությունը առաջացել է աշխատանքի հասարակական բաժանման հետևանքով։ Սակայն նա չի ըմբռնել ապրանք ստեղծող աշխատանքի ներքին հակասությունները և արժեքի մեջ առարկայացած աշխատանքի երկակի բնույթը։ Նահանջել է արժեքի աշխատանքային տեսության դիրքերից և տուրք տվել բուրժ․ գռեհիկ քաղաքատնտեսությանը։ Ա․ կապիտալիստների աշխատանքը ևս համարում էր արտադրողական և նույն կերպ գնահատում կապիտալիստի, բանվորի և մտավորականի աշխատանքը։ Նա փորձում էր ապացուցել, որ հարստությունը կապիտալիզմի պայմաններում կուտակվում է ոչ թե հավելյալ արժեքի, այլ խնայողության հաշվին։
Առաջադիմական էին նրա հայացքները երկրի արտադրողական ուժերի զարգացման վերաբերյալ։
Մերժելով հասարակությունը հեղափոխականորեն վերափոխելու և հեղափոխական շարժման ամեն մի գաղափար՝ Ա․ դրանք կանխելու նկատառումով առաջ է քաշել «անձաքննության» կամ «ինքնաքննության» գաղափարը։ Դա այլ բան չէր, քան հասարակական հարաբերությունները բարեփոխելու բուրժ․ գործիմացության մի եղանակ։ Հասարակական զարգացումը Ա․ պատկերացրել է բնական գիտությունների զարգացմանը լծորդված։ Նա առաջարկել է հրաժարվել դաստիարակության հնավանդ ձևերից, դատափետել է անօգուտ վերացական դաստիարակությունը, հանձնարարել տղաների և աղջիկների համատեղ ուսուցում, ազատ կրթություն, կնոջ ազատագրում, համալսարանական կրթություն՝ «գործնական աշխատանքի ընդունակ երիտասարդներ» պատրաստելու համար ևն։ Ա․ բարեփոխման պահանջներ է առաջադրել նաև գրականությանն ու թատրոնին։ Գրականության և արվեստի խնդիրն էր համարում սովորեցնել ինչպես վերափոխել կյանքը, ազատվել տգիտությունից և նախապաշարմունքներից, երևան բերել «բարոյական պակասությունները» և պայքարել դրանց դեմ։ Ա․ կողմնակից էր եկեղեցու անջատմանը պետությունից, քանի որ եկեղեցին հավակնում էր համազգային խնդիրների լուծման գործում պահպանել իր դասային գերիշխանությունը։ Նա գտնում էր, որ աշխարհականներն են այսուհետև ազգի առաջնորդները և տնտ․ գերիշխանությունից զատ նրանք ձգտում են նաև քաղ․ գերիշխանության։ Եկեղեցին չի կարող ներկայացնել ազգը, ինչպես որ ազգը պարտավոր չէ իր եկեղեցով ճանաչվել այլ ազգերի կողմից։
«Հայկական հարցի» լուծումը Ա․ տեսնում էր ռուսների հետ հայերի զինակցության և թուրք, բռնատիրության դեմ համատեղ պայքարի մեջ։ Արևմտահայերը կարող էին քաղ․ ազատագրման հասնել Ռուսաստանի օգնությամբ, ինչպես նաև ժողովրդա–ազգային ապստամբությամբ։
Հրապարակախոսական գործունեությանը զուգընթաց Ա․ զբաղվել է գրական ստեղծագործությամբ։ Գրել է հուշագրական բնույթի գործեր, «Էվելինա» (1891) վեպը, պատմվածքներ, ակնարկներ, ֆելիետոններ ևն։ Հարուստ է մանավանդ նրա գրական–քննադատական ժառանգությունը։ Դեռ հայդելբերգյան շրջանում դրել է իդեալներ առաջարկող և հասարակության ախտերն անխնա մերկացնող գրականության զարգացման պահանջը, շեշտել ռոմանտիկական և ռեալիստական արվեստը հասարակության կենսական շահերին ծառայեցնելու միտքը։ 1880-ական թթ․ Ա․հրաժարվել է ռոմանտիկական գրական ուղղությունը պաշտպանելու նախկին դիրքավորումից։ Գրական–ռեալիստական շարժման վերելքի պայմաններում նպաստել է գեղագիտական նոր ըմբռնումների հաստատմանն ու հասարակական ճանաչմանը։ Տվել է ռեալիզմի նոր սահմանում՝ ելնելով տիպականության, տիպ–կերպարի այն ժամանակ քաղաքացիություն ստացած ըմբռնումներից։ Տիպը բազմազան ու բազմաթիվ անհատականությունների ընդհանրացման արդյունք է, «մի գեղարվեստական անձնավորություն», որն իր մեջ առնում է հոգեբանությունների ու բնավորությունների տիպական միջինը։ Ստորագրել է Նիոբե, Ասիացի, է․ Շատիրավացի կեղծանուններով։
Երկ․ Գրիգոր Արծրունու աշխատությունները, հ․ 1, Թ․, 1904։
Գրկ․ Լեո, Գրիգոր Արծրունի, հ․ 1-3, Թ․, 1902-1905։ Գաբրիելյան Հ․, Հայ փիլիսոփայական մտքի պատմություն, հ․ 3, Ե․, 1959։ Հայ նոր գրականության պատմություն, հ․ 3, Ե․, 1964։
ԱՐԾՐՈՒՆԻ Երեմիա Գևորգի (1804, Վան–1877, Թիֆլիս), հայ պետական հասարակական գործիչ, գեներալ–մայոր (1861-ից)։ Գևորգ Արծրունու որդին, Գրիգոր և Անդրեաս Արծրունիների հայրը։ Սովորել է Թիֆլիսի ազնվականական դպրոցում, ապա Պետերբուրգի ռազմ. ուսումնարանում։ Որպես սպա մասնակցել է 1826-1828-ի ռուս–պարսկական և 1828-29-ի ռուս–թուրքական պատերազմներին։ 1830-ական թթ․ վերջերին ստացել է գնդապետի