Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վանդան, սակայն արձանը չի գտնված։ Ճեմասրահների կտուրները պահել են 4,5 մ բարձրությամբ 20 փայտե սյուներ, որոնք հանգչում են քարե շրջանաձև հիմքերի վրա։ Տաճարի պատերի ներքևի մասը քարից է, մնացածը շարվել է հողե աղյուսներով։ Խցի և ճեմասրահների պատերին կան մեծ վարպետությամբ կատարված որմնանկարներ։ Գտնվել են նաև Խալդ աստծուն նվիրված նիզակների բրոնզե և երկաթե սայրեր, խորհրդանշաններ, գավազաններ, գայիսոններ, սկահակներ և փորագրված փայտե առարկաներ։ Աստծուն նվիրաբերված առավել թանկ ընծաների տաճարի դռներից կախված վահաններ, սաղավարտներ, գահեր, փղոսկրե քանդակազարդ առարկաներ, առյուծների եղնիկների արձաններ, հայտնաբերվել են զավթի, մուտքի մոտ գտնվող ճեմասրահում։ Ավելի լավ է պահպանվել տաճարի երկրորդ հատվածը, որը բաղկացած է մեծ սրահից և օժանդակ սենյակներից։ Այստեղ տեղի են ունեցել ընդունելություններ և կրոնական ծիսակատարություններ։ Որմնանկարները կատարված են բաց կապույտ ֆոնի վրա և պատկերում են թևավոր ոգիներ, նուռ, կենդանիներ, երկրաչափական նախշեր։ Սենյակների ծխնելույզները անցնում են հաստ պատերի միջով, իսկ հատակի տակ կան քարե խողովակներ՝ ջուրը հեռացնելու համար։ Տաճարի այս հատվածի շենքի ճակատին կա սև, կարմիր և կանաչ ավազաքարերից պատրաստված խճանկար։ Նման տաճարները որոշակիորեն տարբերվում էին ասորական և հեթիթական տաճարներից և յուրահատուկ էին միայն ուրարտացիներին։ Ա–թ–ում հայտնաբերված մթերանոցն ունի երկու ընդարձակ սենյակներում կանոնավոր շարքերով հողում թաղված կարասներ, որոնցից յուրաքանչյուրի վրա հիերոգլիֆով նշված է պարունակության չափը։ Գրանցում պահվել են ցորեն, գարի, լոբի, յուղ, գինի։ Ամրոցի տերերը թաղված են բլրի հվ–արլ․ լանջին՝ քարերով ու կղմինդրով ծածկված քարաշեն դամբարաններում։ Բազմաթիվ սենյակներից բաղկացած այս ստորգետնյա տների արտաքին մուտքը փակված է մի քանի ա կշռող քարերով, իսկ սենյակները միմյանց միացնող դռները խնամքով ծածկված են սալաքարերով։ Ննջեցյալներին թաղել են փայտե կամ քարե դագաղներում՝ առանձին–առանձին կամ զույգերով։ Նրանց շքեղ հագուստը և հարուստ արդուզարդը ցույց են տալիս, որ կանայք կրելիս են եղել գունագեղ զգեստ և ոսկուց, արծաթից ու թանկագին քարերից պատրաստված զարդեր, իսկ տղամարդիկ՝ բրոնզե և երկաթե զենքեր։ Դամբարաններում հայտնաբերվել են նաև բրոնզե կաթսաներ, որոնց կանթերը ցուլի քանդակված գլուխներ են, կավե անոթներ, ոսկե ափսեներ՝ մարդագլուխ ցուլերի պատկերով, ինչպես նաև բազմազան զարդեր և քարից, մետաղից ու փայտից պատրաստված առարկաներ։ Դամբարաններից մեկի ամենաընդարձակ սենյակում գտնվել են կառքի կաշվե լծաս,արք, մետաղյա սկավառակներ՝ աստվածների փորագրված պատկերներով, երկրաչափական զարդանախշերով բրոնզե գոտիներ, բրոնզակուռ և արծաթակուռ փայտե աթոռներ։ Ամենափոքր սենյակում հայտնաբերվել է ննջեցյալի դագաղը, որը հանգչում է առյուծի ոտքերի վրա։ Հայտնաբերվել է նաև դամբարաններին հարող բացօթյա տաճար՝ չորս կողմից շրջապատված քարաշեն պատերով, չորս մեծ կոթողներով և քարե զոհասեղանով։ Այստեղ կատարվել են հուղարկավորության հետ կապված կրոնական ծեսեր։ Հանգուցյալների պաշտամունքի համար կառուցված նման սրբավայրերը հատուկ էին ուրարտացիներին։ Մ․ թ․ ա․ VII դ․ 2-րդ կեսին կառուցվել է ընդարձակ ընդունասրահը (44 × 25,3 մ), որի տափակ կտուրը հենվել է երկու զուգահեռ շարքերով, քարե շրջանաձև հիմքերով 18 սյուների վրա։ Այս շինությունը նախատիպն է Աքեմենյանների օրոք կառուցված ժողովասրահների (օր․ Պերսեպոլիսում), այն առանձնահատկությամբ, որ պատերը վերից վար պատկերազարդված են հոյակապ որմնանկարներով։ Կարմիր, սպիտակ և սև եզրազարդերը արված են կապույտ կամ բաց շագանակագույն ֆոնի վրա և մեծ մասամբ ունեն 2,5 մ բարձրություն։ Դրանց մեջ նկարված են թևավոր ոգիներ, վարդանման նախշեր, նուռ, արմավենու տերևներ, ծնրադիր ցուլեր։ Ա–թ–ում հայտնաբերված ամրոցը և առարկաներն ունեն պատմական ու գեղարվեստական մեծ արժեք և վկայում են ուրարտացիների նյութական ու հոգևոր մշակույթի բարձր զարգացումն ու ինքնատիպությունը։ Ա–թ–ում ուրարտական արձանագրություններ առայժմ չեն հայտնաբերվել, որը, սակայն, չի ժխտում նրա ուրարտական ամրոց լինելու փաստը։ Մասնագետները (Բ․ Պիոտրովսկի, Մ․ Իսրայելյան, Կ․ Հովհաննիսյան) գտնում են, որ Ա–թ․ իր կառույցների ճարտարապետական ոճով (պալատական շենքը), որմնանկարների զարդանախշերով, դրանց հերթականությամբ, գույներով նման է ուրարտական այլ ամրոցների, հատկապես Էրեբունուն։ Դա հաստատում է ուրարտացիների միասնական, ավարտուն ճարտարապետական ոճը և գեղագիտական ճաշակը։

Գրկ․ Urartu and Altintepe, «Archaelogy», 1969, October, v. 22, № 4.

ԱԼԹԻՆԳ (իսլանդ․ althing), 1․ ժողովրդական ժողով միջնադարյան Իսլանդիայում։ Առաջին անգամ հրավիրվել է 930-ին։ 2.ժամանակակից Իսլանդիայի պառլամենտը, ընտրվում է 4 տարին մեկ։ Ա–ի անդամների 1/3 կազմում է վերին, 2/3՝ ստորին պալատը։ Ա․ ընտրում է երկրի պրեզիդենտին։


ԱԼԹԻՆԴԱՂ, լեռնաշղթա Չինաստանի արևմուտքում, Կաշգարիա և Ցայդամ իջվածքների միջև։ Երկարությունը՝ մոտ 800 կմ։ Բարձր․ մինչև 6160 մ։ Կան սառցադաշտեր։ Կազմված է մետամորֆային ապարներից։ Բուսականությունն աղքատ է։


ԱԼԹԻՆՍԱՐԻՆ Իբրայ (1841 – 1889), ղազախ մանկավարժ–լուսավորիչ, գրող։

Նկարում` Ալթըն–թեփե. Տաճարի ընդհանուր տեսքը արևելյան կողմից։ 2. Մ. թ. ա. 725-700։ 3. Կարասներ։ 3. Կարասներ։ Մ. թ. ա. VIII դ. 2-րդ կես։ 4. Ձիու գլուխ (բրոնզ)։ 5. Բրոնզե կաթսա ցուլի գլուխներով։ 6. Առյուծի փղոսկրե արձանիկ։