Ջոնստոն (օղակղզի)
Ջոնստոն (օղակղզի)
անգլ.՝ Johnston Atoll | ||
'
| ||
Կոորդինատներ | ||
Երկիր | ԱՄՆ | |
Ընդհանուր մակերեսը | 6.9 կմ2 | |
Ամենաբարձր կետը | 5 մ | |
Ջրատարածություն | Խաղաղ օվկիանոս | |
Բնակչություն (0) | 0 մարդ | |
Ջոնստոն օղակղզի (անգլ.՝ Johnston Atoll), կղզիների խումբ Խաղաղ օվկիանոսի հյուսիսում, Հոնոլուլուից (Հավայի) 1328 կմ (717 ծովային մղոն) դեպի հարավ-արևմուտք, Հավայան և Մարշալյան կղզիների միջև։ Պատկանում է ԱՄՆ-ին։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օղակղզու մակերեսը կազմում է 2,52 կմ²։ Ջրափնյա գծի երկարությունը՝ 34 կմ։
Կղզու տարածքային ջրերը կազմում են 12 մղոն լայնություն, տնտեսական գոտին՝ 200 ծովային մղոն։
Օղակղզին բաղկացած է կղզիների երկու խմբից, որոնք շրջապատված են կորալային խութերով։ Ջոնստոն և Սենդի կղզիները բնական կղզիներ են, որոնք ընդարձակվել են կորալային դրագայի շնորհիվ, հյուսիսային կղզին (Ակաու) և արևելյան կղզին (Հիկինա)՝ ձեռակերտ կղզիներ են, որոնք ձևավորվել են կորալային դրագայի շնորհիվ[1]։ Խութն ունի ձվի տեսք, ունի 34 կմ շրջագիծ, փակ է այցելության համար։ Նախկինում եղել է ամերիկյան միջուկային զենքի փորձարկման վայր։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոնստոն օղակղզու կլիման արևադարձային է, սովորաբար չոր, մշտապես փչում են հյուսիսարևելյան պասսատներ սեզոնային ոչ մեծ ջերմաստիճանային փոփոխություններով։ Ռելիեֆը հիմնականում հարթ է, առավելագույն բարձրությունը՝ Խաղաղ օվկիանոսի մակարդակից 5 մ։
Օգտակար հանածոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գուանոյի հանքավայրերը մշակվում էին ընդհուպ մինչև սպառումը 1890 թվականին։ Կզղում առկա է ցամաքային և ջրային կենդանական աշխարհ։ Օղակղզում բացակայում են քաղցրահամ ջրի պաշարներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օղակղզու եվրոպացիների կողմից առաջին հայտնագործումն եղել է 1796 թվականի սեպտեմբերի 2-ին, երբ ամերիկյան «Սալլի» երկկայմ առագաստանավը պատահաբար ծանծաղուտի մեջ էր խրվել կղզու մոտակայքում։ Առագաստանավի հրամանատար Ջոզեֆ Պիրպոնտը հրապարակել է իր զեկույցը ամերիկյան մի քանի թերթերում և հաջորդ տարի տվել է Ջոնստոն և Սենդի կղզիների գտնվելու հստակ վայրը խութի մի մասի հետ միասին։ Սակայն նա դրանց անվանում չի տվել[2]։ Կղզիները պաշտոնապես անվանում չեն ունեցել այնքան ժամանակ, մինչև Թագավորական ռազմածովային նավատորմի «Կորնուոլիս»-ի նավապետ Չարլզ Ջ. Ջոնսոնը նկատել է դրանք 1807 թվականի դեկտեմբերի 14-ին։ 1858 թվականին Ուլիամ Պարկերը և Ռ. Ռայանը «Պալեստինա» երկկայմ առագաստանավով ուղևորվել են Ջոնստոն օղակակղզու որոնումների։ Այդ ժամանակ Ջոնստոն օղակակղզու վրա հավակնում էին Ամերիկայի Միացյալ Նահանգները և Հավայան թագավորությունը։ 1858 թվականի հունիսին Սամուել Ալենը «Կալամա» սպորտային առագաստանավով հասել է օղակակղզուն, հանել է այնտեղ ծածանվող ամերիկյան դրոշը և բարձրացրել հավայան դրոշը[3]։
1858 թվականի հուլիսի 27-ին օղակղզին հայտարարվել է Հավայան թագավորության մի մասը։ Սակայն, երբ հայտնի է դարձել, որ կղզու վրա արդեն բարձրացված է եղել ամերիկյան դրոշը, Հավայիյի թագավորը չեղյալ է հայտարարել հավայան օրենսդրությունը։ 1890 թվականին գուանոյի պաշարները սպառվել են և օղակղզին արդեն ԱՄՆ-ի համար հետաքրքրություն չէր ներկայացնում։
1923 թվականի հուլիսի 10-22-ը օղակղզին առաջին անգամ լուսանկարվել է օդային լուսանկարչության օգնությամբ։
1858 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգները և Հավայան թագավորությունը անեքսիայի են ենթարկել օղակղզին, սակայն տնտեսական գործունեություն ծավալում էր միայն ԱՄՆ-ը։ Ընդհուպ մինչև 80-ական թվականները մշակվում էին գուանոյի հանքավայրերը։ 1926 թվականին Ջոնստոն և Սենդի կղզիները հայտարարվել են բնական ռեզերվացիա։ 1934 թվականին օղակղզում ստեղծվել է ԱՄՆ ռազմածովային նավատորմի կայան, իսկ արդյունքում, 1958 թվականին այնտեղ են տեղակայվել նաև ԱՄՆ ռազմաօդային ուժերը։ 1950-60-ական թվականներին օղակակղզու օդային տարածքում անցկացվում էին միջուկային փորձարկումներ, մասնավորապես, 1962 թվականի հուլիսի 9-ին Starfish Prime փորձարկման շրջանակներում 400 կմ բարձրության վրա իրականացվել է միջուկային պայթյուն։
Մինչ 2000 թվականի վերջը օղակակղզին օգտագործվում էր որպես քիմիական զենքի պահպանման և ոչնչացման վայր։ Ներկա դրությամբ քիմիական զենքի ոչնչացումը դադարեցվել է։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախկինում օղակղզում գտնվել է 1100 ռազմական և քաղաքացիական անձ։ 2001 թվականի սեպտեմբերի դրությամբ կղզու բնակչությունը բավականին նվազել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի Խաղաղօվկիանոսյան քիմիական զորքերը (US Army Chemical Activity Pacific, USACAP) լքել են կղզին։ 2004 թվականի հունվարին կղզու բնակչությունը կազմում էր մոտ 200 մարդ, ովքեր ԱՄՆ ռազմաօդային ուժերի զինծառայողներ էին և ԱՄՆ-ի բուսական և կենդանական ռեսուրսների պահպանության հարցող վարչության աշխատակիցները (US Fish and Wildlife Service)։ Տեղական բնակչությունը բացակայում է։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոնստոն օղակղզին ղեկավարվում է Հոնոլուլուի (Հավայի) Խաղաղօվկիանոսյան ռազմաօդային ուժերի հրամանատարության, Ռազմաօդային ուժերի բազայի ղեկավարության և ԱՄՆ կենդանական և բուսական ռեսուրսների պահպանության հարցող վարչության կողմից։ Օղակղզում գործում է ԱՄՆ-ի օրենսդիր համակարգը, կիրառվում է ԱՄՆ-ի դրոշը։ Վիճակագրական նպատակներով օղակակղզին դասում են ԱՄՆ արտաքին փոքր կղզիների խմբին[1]։
Տնտեսական գործունեությունը սահմանափակված է կղզում գտնվող ԱՄՆ-ի ռազմական ծառայությունների և քաղաքացիական պայմանագրային աշխատակազմի ապահովմամբ։ Բոլոր ապրանքները ներմուծվում են։
Կղզում գործում է «Ջոնստոն կղզի» նավահանգիստը, ինչպես նաև 3 կմ ասֆալտապատ թռիչքուղի ունեցող օդանավակայանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «United States Pacific Island Wildlife Refuges». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ American Polynesia and the Hawaiian Chain, E. H. Bryan, Jr., 1941; Honolulu, Hawaii: Tongg Publishing Company p. 35
- ↑ «Johnston Island Memories Site». Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոնստոն (օղակղզի)» հոդվածին։ |
|
|
|