Jump to content

SAT (թեստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
SAT-ի լոգոն

SAT, ստանդարտավորված թեստ՝ նախատեսված ԱՄՆ-ի գրեթե բոլոր քոլեջների և համալսարանների համար։ Թեստը ստեղծվել է 1926 թ. Կրթական Թեստավորման Ծառայության կողմից։ Թեստի նպատակն է ստուգել աշակերտի իմացությունները համալսարան ընդունվելուց առաջ։ Նրա անվանումը փոփոխվել է մի քանի անգամ։ Սկզբում այն կոչվում էր Scholastic Aptitude Test, իսկ այժմ՝ Scholastic Assessment Test։

Անգլերենի և մաթեմատիկայի իմացության ստուգման համար նախատեսված է SAT I թեստը (SAT Reasoning Test)։ Այն ստեղծվել է 2005 թ.-ին։ Թեստը ներառում է 3 մաս՝ մաթեմատիկա, կարդալու ունակություններ և գրելու ունակություններ (Mathematics, Critical Reading, Writing)։ Առավելագույն միավորը յուրաքանչյուր հատվածի համար 800 է։ Թեստի արդյունքում հանձնողը առավելագույնը կարող է հավաքել 2400, իսկ նվազագույնը՝ 200 միավոր։ Թեստը վճարովի է և արժե 81 ԱՄՆ դոլար միջազգային աշակերտների համար։ ԱՄՆ-ի լավագույն բուհեր ընդունվելու համար պարտադիր է հանձնել SAT Reasoning Test-ը։

Թեստը կազմված է 3 հիմնական մասերից՝ մաթեմատիկա, կարդալու ունակություններ և գրելու ունակություններ։ Յուրաքանչյուր մասից կարելի է ստանալ առավելագույնը 800, իսկ նվազագույնը՝ 200 միավոր։ Ամբողջ թեստը բաժանված է 10 ենթամասերի։ Յուրաքանչյուր մաս ներառում է 3 ենթամաս և կա ևս 1 ենթամաս, որը կարող է լինել կամայական 3 մասերից։ Այս ենթամասից ստացված միավորների քանակը չի ազդում թեստի միավորների վրա, սակայն կարող է օգտագործվել հետագա թեստերի համար։ Թեստի ամբողջ տևողությունն է 3ժ 45 ր։ Ենթամասերի հարցերը բարդանում են ըստ հերթականության։

Կարդալու ունակություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարդալու ունակությունների մասը կազմված է 3 ենթամասերից՝ երկու 25 և մեկ 20 րոպեանոց հատվածներից։ Այն ներառում է մի քանի տեսակի հարցեր՝ նախադասությունների լրացում, և հարցեր տեքստերից։ Առաջին 5-8 հարցերը վերաբերում են նախադասությունների լրացմանը, իսկ մյուսները՝ տեքստերին։ Նախադասությունների լրացումը ստուգում է հանձնողի բառապաշարը և նախադասություն կազմելու ունակությունները։ Մնացած հարցերը վերաբերվում են տարբեր տեքստերի, որտեղ հանձնողը կարդում է տեքստը և պատասխանում է հարցերի, որոնց պատասխանները ներառված են տեքստում։ Տեքստերի թեմաները լինում են բնական ու հասարակական գիտություններից, կամ պարզապես մարդուն վերաբերվող տարբեր թեմաներից։ Յուրաքանչյուր տեքստին հաջորդող հարցերի քանակը համապատասխանում է տեքստի երկարությանը։ Որոշ առաջադրանքներում հանձնողը պետք է համեմատի 2 տեքստեր։ Դրանք հիմնականում կարճ տեքստեր են։

Մաթեմատիկայի մասը կազմված է 2 ենթամասերից՝ առաջին 25 և երկրորդ 55 րոպեանոց հատվածներից։

  • Առաջին 25 րոպեանոց ենթամասը ներառում է 15 4 հնարավոր պատասխաններով հարց և 5 հարց, որտեղ պետք է գրել խնդրի պատասխանը։
  • Երկրորդ 55 րոպեանոց ենթամասը ներառում է 30՝ 4 հնարավոր պատասխաններով հարց և 8 հարց, որտեղ պետք է գրել խնդրի պատասխանը։

Հաշվիչի օգտագործումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թույլատրվում են բոլոր տեսակի հաշվիչներ. պարզագույն գործողություններ կատարող, գիտական (scientific) և գրաֆիկական։ QWERTY ստեղնաշարով, կամ հեռախոսի հաշվիչները խստիվ արգելվում են։

Գրելու ունակություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Средние результаты SAT по годам[1]
Քննության
տարեթիվ
Լեզվաբանական
արդյունք
Մաթեմատիկական
արդյունք
1972 530 509
1973 523 506
1974 521 505
1975 512 498
1976 509 497
1977 507 496
1978 507 494
1979 505 493
1980 502 492
1981 502 492
1982 504 493
1983 503 494
1984 504 497
1985 509 500
1986 509 500
1987 507 501
1988 505 501
1989 504 502
1990 500 501
1991 499 500
1992 500 501
1993 500 503
1994 499 504
1995 504 506
1996 505 508
1997 505 511
1998 505 512
1999 505 511
2000 505 514
2001 506 514
2002 504 516
2003 507 519
2004 508 518
2005 508 520
2006 503 518
2007 502 515
2008 502 515

Գրելու ունակություններ մասը ներառում է հարցեր՝ 5 հնարավոր պատասխաններով և էսսե (շարադրության տեսակ)։ Միավորների 70%-ը հավաքվում է 5 հնարավոր պատասխաններով հարցերից, իսկ մնացածը՝ Էսսեից։

Հնարավոր պատասխաններով հարցերը լինում են մի քանի տեսակի՝ սխալի հայտնաբերում, նախադասության լրացում և տեքստի բարելավվման հարցեր։ Առաջին երկուսը ստուգում են հանձնողի քերականական իմացությունները։ Սխալի հայտնաբերման ենթամասում հարկավոր է նշել նախադասության սխալ հատվածը, իսկ եթե նախադասությունը չունի սխալ՝ ընտրել Սխալ չունի (No Error) պատասխանը։ Նախադասության լրացման ենթամասում հարկավոր է ընտրել այն բառը (բառերը), որը տեղադրելով նախադասության մեջ նախադասությունը կստանա իմաստ։ Տեքստի բարելավվման ենթամասը ստուգում է հանձնողի, տեքստը տրամաբանական վիճակի բերելու ունակությունները։ Կարող է ներկայացվել վատ գրված տեքստ և առաջադրվել հարցեր, թե ինչ փոփոխությունների միջոցով է հնարավոր տեքստը բերել տրամաբանական տեսքի։

Գրելու ունակությունների մյուս հատվածը՝ Էսսեն, լինում է ողջ թեստի առաջին ենթամասը և տևում է 25 րոպե։ Էսսեի թեման նախօրոք տրվում է։ Առաջադրվող թեման պարզ է, հստակ և կազմված է այնպես, որ հասանելի լինի հանձնողին։ Էսսեն պետք է լինի պարզ, գրված լինի հասկանալի և լինի առաջադրված թեմայի սահմաններում։ Էսսեն գնահատվում է առավելագույնը 6, նվազագույնը՝ 1 միավոր երկու պրոֆեսիոնալ ստուգողների կողմից։ Հնարավոր է 0 ստանալ այն դեպքում, երբ էսսեն գրված չէ, թեմայից դուրս է, անգլերեն չէ, գրված չէ համար 2 մատիտով, կամ եթե գրված է անհասկանալի ձեռագրով։ Եթե 2 ստուգողների տրված գնահատականները տարբերվում են ավելի քան 1 միավորով, ապա վերջնական որոշումը կայացնում է երրորդ կարդացողը։ Ստուգողի՝ յուրաքանչյուր էսսեն կարդալու միջին ժամանակը 3 րոպեից էլ քիչ է։

Հարցերի տեսակները

[խմբագրել | խմբագրել կոդը]

SAT Reasoning Test-ում գրեթե բոլոր հարցերը ընտրովի պատասխաններվ հարցեր են։ Տարբերվում են միայն էսսեն և մաթեմատիկայի այն հարցերը, որտեղ հանձնողը պետք է գրի խնդիրների պատասխանները։ Բոլոր ընտրովի պատասխաններով հարցերը ունեն 5 հնարավոր պատասխան և ճիշտ է միայն մեկը։ Բոլոր ենթամասերում հարցերը՝ ըստ հերթականության բարդանում են։ Բացառություն են կազմում միայն տեքստերը, որոնց հետևող հարցերի հերթականությունը կառուցված է ոչ թե ըստ բարդության, այլ ըստ տեքստում տրված ինֆորմացիայի հաջորդականությամբ։

Թեստի գնահատումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր հարցերը գնահատվում են հավասարաչափ։ Յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար տրվում է 1 միավոր, սխալ պատասխանի համար՝ հանվում է 0.25, իսկ չգրված պատասխանի համար չի հանվում ոչ մի միավոր։ Այնուհետև հավաքված միավորները փոխվում են 800 միավորանոց համակարգի։

Մաս Միջին գնահատական Ժամանակ (րոպե) Պարունակությունը
Գրելու ունակություններ 493 60 Քերականություն, շարադրանք
Մաթեմատիկա 515 70 Թվեր և գործողություններ, հանրահաշիվ և ֆունկցիաներ, երկրաչափություն, ստատիստիկա, հավանականություն
Կարդալու ունակություններ 501 70 Բառապաշար, տեքստային հարցեր, նախադասության լրացում

Թեստի անցկացման վայրը, ժամանակը

[խմբագրել | խմբագրել կոդը]

SAT Reasoning Test-ը ողջ աշխարհում անցկացվում է ամսական 1 անգամ բոլոր ամիսներին՝ բացառությամբ հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսների։ Հայաստանում SAT Reasoning Test հնարավոր է հանձնել միայն Հայաստանի ամերիկյան համալսարանում։

Անցկացման օրը Գրանցման վերջնաժամեկտը
Հոկտեմբերի 5 Սեպտեմբերի 6
Նոյեմբերի 2 Հոկտեմբերի 3
Դեկտեմբերի 7 Նոյեմբերի 8
Հունվարի 25 Դեկտեմբերի 27
Մարտի 8 Փետրվարի 7
Մայիսի 3 Ապրիլի 4
Հունիսի 7 Մայիսի 9

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «National Report: 2007 College-Bound Seniors: Total Group Profile Report» (PDF). The College Board. 2007. էջ 3. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 14–ին-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]