Քրիստոֆորոս Պապակալիատիս
Քրիստոֆորոս Պապակալիատիս հուն․՝ Χριστόφορος Παπακαλιάτης | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 23, 1975 (48 տարեկան) |
Ծննդավայր | Հերակլիոն |
Կրթություն | Drama School Themelio? |
Քաղաքացիություն | Հունաստան |
Մասնագիտություն | դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ և հեռուստառեժիսոր |
Անդամություն | Hellenic Actors Union? |
Քրիստոֆորոս Պապակալիատիս (դեկտեմբերի 23, 1975, Հերակլիոն), հույն ճանաչված դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրիստոֆորոս Պապակալիատիսը ծնվել է 1975 թվականի դեկտեմբերի 23-ին, Հունաստանի Հերակլիոն քաղաքում։ Չորս տարեկան էր, երբ ազգությամբ հույն հայրը և հարավաֆրիկացի մայրը ամուսնալուծվեցին[1]։ Տղան մնաց հոր խնամքին, որն ամուսնացավ երկրորդ անգամ և ընտանիքը տեղափոխեց մայրաքաղաք Աթենք։
Աշխատանքը հեռուստատեսությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասանական իր կարիերան Քրիստոֆորոսն սկսել է, երբ ընդամենը տասնվեց տարեկան էր։ Բազմազան դերերում նկարահանվել է Հունաստանում այդ տարիներին ամենալայն ցանցն ունեցող մասնավոր Մեգա հեռուստաալիքի հաջողված հեռուստաշոուներում։ Քսաներեք տարեկանից սկսել է իր ուժերը փորձել որպես սցենարիստ։ Այս բնագավառում նրա առաջին հաջողված փորձը «Մեր կյանքն արահետ է» հեռուստասցենարն էր, որը նկարահանվեց ու հեռարձակվեց Մեգա ալիքով՝ թե՛ քննադատների և թե՛ հասարակության կողմից արժանանալով ջերմ ընդունելության և կանաչ լույս վառելով երիտասարդ հեղինակի հետագա նախագծերի առջև։ Հաջորդ տարեշրջանում՝ 1999 թվականին Պապակալիատիսը հանդես եկավ ոչ միայն որպես սցենարի հեղինակ, այլ նաև՝ գլխավոր դերակատար «Հոգ տար իմ մասին» բազմասերիանոց հեռուստաֆիլմում։ Նրա սցենարով նկարահանված հաջորդ ստեղծագործությունը «Երեք ցանկություն» հեռուստատեսային կինոնկարն էր, որտեղ նույնպես նա միաժամանակ փայլեց որպես գլխավոր դերակատար։
Տաղանդաշատ կինոգործչի մեծ ժողովրդականություն վայելող աշխատանքներից է «Փակիր աչքերդ» հեռուստատեսային բազմասերիանոց դրաման, որը Հունաստանում ամենաբարձր վարկանիշն է վաստակել նմանատիպ ստեղծագործությունների շարքում։ Ուշագրավ է, որ այստեղ Քրիստոֆորոս Պապակալիատիսը հանդես է եկել ոչ միայն որպես սցենարի հեղինակ ու դերասան, այլև դրվագների որոշ մասի ռեժիսոր[2][3]։
2006 թվականին նա գրել, նկարահանել և գլխավոր դերակատար է եղել «Ընդամենը երկու օր», դրանից երեք տարի անց՝ «Չորսը» հեռուստատեսային բազմասերիանոց դրամատիկ թրիլլերներում։ Այդ նույն տարում՝ 2009 թվականին նրան ընտրել են հեռուստատեսային արվեստների և գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ։
Կինոնկարները
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականին Պապակալիատիսը Կատրին Դենյովի և Սեբաստիան Կոխի հետ նկարահանվել է կինոռեժիսոր Յանիս Սմարագդիսի «Աստված խավիար է սիրում» ռուս-հունական ֆիլմում։ Այդ նույն տարում իր իսկ սցենարով նկարահանել է «Ի՝նչ, եթե...» կինոնկարը, որտեղ միաժամանակ հանդես է եկել որպես դերասան՝ մարմնավորելով գլխավոր հերոսի՝ Դիմիտրիսի դերը։ «Ի՝նչ, եթե...»-ն մեծ հաջողություն է արձանագրել Հունաստանում՝ 2012-2013 տարեշրջանների ընթացքում չորս ամիս շարունակ ապահովելով լեփ-լեցուն կինոդահլիճներ և բերելով չորսուկես միլիոն դոլարի եկամուտ։ Կինոնկարը ցուցադրվել է բազմաթիվ միջազգային կինոփառատոներում, ներկայացվել Ոսկե գլոբուսի՝ «օտարերկրյա ֆիլմ» անվանակարգում։ 2017 թվականին այս կինոնկարի սցենարը վաճառվել է Թուրքիայում, և շուտով Ստամբուլում կսկսվեն թուրքական տարբերակի նկարահանման աշխատանքները։
2015 թվականին Հունաստանի կինոդահլիճներում մեկնարկել է Պապակալիատիսի երկրորդ լիամետրաժ խաղարկային կինոնկարի՝ «Տարբեր աշխարհներ»-ի ցուցադրությունը։ Աթենքում օտարերկրացու և հույնի սիրո պատմությունը ներկայացնող այս ֆիլմը, որի գլխավոր դերում նկարահանվել է ամերիկյան կինոակադեմիայի մրցանակի դափնեկիր Ջ. Ք. Սայմոնսը, Հունաստանում իր հանդիսատեսային հաճախելիությամբ գերազանցել է նույնիսկ աշխարհահամբավ այնպիսի բլոքբասթերների, ինչպիսիք են «Աստղային պատերազմները», ջեյմսբոնդյան «Սպեկտրը»։ Եվ դա՝ եվրոպական երկրներում ու հատկապես Հունաստանում այդ տարիներին մոլեգնող տնտեսական ավերիչ ճգնաժամի, արտագաղթի հսկայական տեմպերի պայմաններում... Այս կինոնկարը, որը հենց միայն Հունաստանում արդեն իսկ ապահովել է ավելի քան հինգ միլիոն դոլարի դրամարկղային մուտք, վաճառվել ու ցուցադրվել է նաև շուրջ երեսուն այլ երկրներում, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Շվեյցարիայում, Ավստրիայում՝ բարձր գնահատանքի արժանանալով «Լոս Անջելես թայմս»-ի և այլ հեղինակավոր պարբերականների կինոգետների, քննադատների կողմից։
2013 թվականին Քրիստոֆորոս Պապակալիատիսի «Ի՝նչ, եթե...»-ն և 2016 թվականին՝ «Տարբեր աշխարհներ»-ը արժանացել են Հունական կինոակադեմիայի մրցանակներին, առաջինը՝ «Դեբյուտային ֆիլմի լավագույն ռեժիսոր», երկրորդը՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։
ԹԱՏԵՐԱԿԱՆ ԴԵՐԱԿԱՏԱՐՈւՄՆԵՐ
Քրիստոֆորոս Պապակալիատիսը հիշարժան դերակատարումներով հանդես է եկել նաև թատրոնում;
1996-1998 թթ. հանդես է եկել Ժան Կոկտոյի «Ահավոր ծնողներ» թատերգության գլխավոր դերում (դա եղել է նրա առաջնելույթը թատրոնում)։
1999-2000 թթ.՝ գլխավոր դեր Մարի Պակոմի «Գողը» թատերգությունում։
2001 թ.՝ դերակատարում Ջոն Գոլֆի «Կիսատ փորված շիրմափոս» ֆիլմի թատերականացված տարբերակում։
2007 թ.՝ դերակատարում Ժան Կոկտոյի «Մարդկային ձայներ» մենախոսություն-թատերգությունում։
2011-2012 թթ. Մոցարտի դերն է կատարել Փիթր Շեֆերի համբավավոր «Ամադեուս» թատերգությունում, լավագույն խաղի շնորհիվ ապահովել դրամարկղային նշանակալի մուտքեր, որի արդյունքում բեմադրության ներկայացումները շարունակվել են նաև հաջորդ թատերաշրջանում։
Բազմազբաղ արվեստագետը իր ժամանակը ներկայումս կիսում է Հունաստանում և Լոս Անջելեսում իրականացվող հեռուստատեսային և կինոնախագծերի վրա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|