Jump to content

Տիկին Գիյեմեի դիմանկարը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիկին Գիյեմեի դիմանկարը
անգլ.՝ Portrait of Mme Guillemet
տեսակնկար
նկարիչԷդուարդ Մանե
տարի1880
բարձրություն31,5
լայնություն22
ժանրդիմապատկեր
նյութթուղթ վերժե
գտնվում էԷրմիտաժ
քաղաքՍանկտ Պետերբուրգ
կայք
Ծանոթագրություններ

«Տիկին Գիյեմեի դիմանկարը», պաստելով արված «Տիկին Գիյեմեի դիմանկարի»` մատիտով արված ուրվագիծ։ Նկարել է ֆրանսիացի նկարիչ Էդուարդ Մանեն 1880 թվականին։ Ներկայումս ուրվագիծը պահվում է Էրմիտաժում։

Ստեղծագործական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինելով սկսնակ նկարիչ` Էդուարդ Մանեն ստիպված էր քննադատներին և շրջապատողներին ապացուցել, որ զուր գումարներ չի վատնել Թոմա Կուտյուրի մոտ սովորելով։

Մանեի համար ամենավատն այն էր, որ իր տաղանդը մերժվում էր սեփական հոր կողմից։ Հայրը` Օգյուստ Մանեն, կողմնակից էր ազնվության, օրինավորության և խելամտության մասին բուրժուական պատկերացումներին։ Նա չէր խրախուսում որդու մասնագիտական ընտրությունը և համոզված էր, որ նկարիչն արժանի չէ ուշադրության և հարգանքի։ Հենց հայրն էր սահամանափակում նրան փողի հարցում, մինչդեռ Մանեն տառապում էր գումարային կախվածությունից բավականին հասուն տարիքում Փարիզում ապրելիս։ Մանեի հայրը դեմ էր նաև Սյուզաննա Լենգոֆի հետ նրա ամուսնությանը` աղջկան համարելով ծանր հոգս իր ընտանիքի և որդու համար։ Չկարողանալով տիրապետել իր զգացմունքներին` Մանեն դարձավ արտաամուսնական երեխայի հայր, և հոր ճնշման արդյունքում չկարողացավ ճանաչել իր որդու հայրությունը։

Իր նկարչական վարպետությունն ընտանիքին ապացուցելու նպատակով Մանեն նկարեց ծնողների դիմանկարը, անգամ այն ցուցադրության տվեց Փարիզյան ցուցահանդեսներից մեկում։

1880-ական թվականներին, երբ Մանեն փարիզյան նկարիչների ոճից տարբերվելու արդյունքում ձեռք էր բերել խռովարարի համբավ, նկարեց ևս մի քանի նկար։ Սակայն երիտասարդությունը և իր իսկ խոսքերով` իր ստեղծագործական կյանքի գագաթնակետն արդեն անցյալում էին. պարզվեց, որ նկարիչը հիվանդ է ատաքսիայով` շարժումների կոորդինացիայի խանգարմամբ։ Հենց այդ նկատառումներով Մանեն աստիճանաբար հրաժարվեց յուղաներկով նկարելուց և անցում կատարեց պաստելով նկարելու արագ տեխնիկային[1]։

Անցում դիմանկարի ոճին

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Տիկին Գիյեմեի դիմանկարը», արված է պաստելով, 1880, Սան Լուիսի գեղարվեստական թանգարան, ԱՄՆ

Դեռևս իր ստեղծագործական գործունեության սկզբնական փուլում Էդուարդ Մանեն սկսեց նկարել դիմանկարներ։

Միշտ հետաքրքրված լինելով կանացի գեղեցկությամբ` 1880 թվականին Մանեն պաստելով նկարեց կանացի մի քանի դիմանկար, դրանց թվում` նաև տիկին Գիյեմեի վերջնական դիմանկարը։ Քանի որ տիկին Գիյեմեն Մանեի հեռավոր ազգականն էր, արտասովորության մասին (որը բնորոշ էր այդ նույն տարում նկարած մերկ կնոջ դիմանկարին) խոսք անգամ լինել չէր կարող։ Հեղինակը զիջումների էր գնացել քաղքենիական բարեկրթությանը։

Այդ շրջանի շատ դիմանկարներում հերոսի պրոֆիլը թեքված է դեպի ձախ։ Դրա նախահիմքը հանդիսացել է դեռևս 1879 թվականին Մանեի նկարած «Նստարանին նստած անծանոթուհու դիմանկարը» աշխատանքը[2]։ Բոլոր այդ կանացի դիմանկարները հակապատկեր են այլ տղամարդկային և կոպիտ նկարների։ Նկարչին գրավում էին կանացի արտաքին գեղեցկությունն ու նրբությունը` առանց նրանց հոգեբանության մեջ ներթափանցելու։ Այդ էր պատճառը, որ դիմանկարները նկարվում էին պաստելի տեխնիկայով. այն արագ էր, պահպանում էր ինչպես տպավորության թարմությունը, այնպես էլ ընտրված բնորդների նրբությունը։ Այդ ամենը բնորոշ էր նաև պաստելային «Տիկին Գիյեմեի դիմանկարին», որը գտնվում է Սան Լուիսի գեղարվեստական թանգարանում։

Տիկին Գիյեմեի դիմանկարի նկար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատրաստի դիմանկարին նախորդել է ուրվագիծը։ Կառուցվածքային առումով Մանեն հավատարիմ է մնացել իրեն. տիկին Գիյեմեն պատկերված է դեպի ձախ նայող պրոֆիլով։ Նկարը նաև պահպանել է այն թեթևությունը, որով աշխատում էր Մանեն։ Արագ աշխատելով` նա ընդգծել է դեմքի շրջագիծը, որից հետո նկարել է դեմքը` ամբողջությամբ օգտագործելով չափազանց բարակ և հաստ գծերի բոլոր հնարավորությունները։ Դիմանկարն արված է վերժե թղթի վրա։

«Տիկին Գիյեմեի դիմանկարից» բացի Էրմիտաժի հավաքածուում ընդգրկված էին միայն օֆորտներ, նկարներ չկային։ Հենց այդ պատճառով այս դիմանկարը կարելի է համարել Մանեի հետխորհրդային շրջանի միակ նշանավոր աշխատանքը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Чегодаев А. Д. «Едуард Мане», М., «Искуство», 1985, с.196
  2. Чегодаев А. Д. «Едуард Мане», М., «Искуство», 1985, с.194
  • Альбом «Сокровища Эрмитажа», Л., «Сов. художник», 1969, с. 114
  • Чегодаев А. Д. «Едуард Мане», М., «Искусство», 1985, с. 195—196