Jump to content

Վարշավայի գետտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Վարշավայի գետտո
ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/Գեներալ-նահանգապետություն
ՀամայնքՎարշավա[1]
Մակերես3,1 կմ²
Բնակչություն445 000 մարդ (մարտ 1941)[1]
Վարշավայի գետտո (Աշխարհ)##
Վարշավայի գետտո (Աշխարհ)
Վարշավայի գետտոյի սահմանները

Վարշավայի գետտո (գերմ.՝ Warschauer Ghetto, լեհ.՝ Getto warszawskie, իդիշ՝ ווארשעווער געטא, պաշտոնական անվանումը՝ Վարշավայում հրեաների բնակելի շրջան, գերմ.՝ Jüdischer Wohnbezirk in Warschau), հրեական գետտո Վարշավայում, որը ստեղծել են նացիստները Լեհաստանի բռնազավթման ժամանակաշրջանում։

Գետտոյի գոյության ժամանակահատվածում բնակչությունը 450 հազարից նվազել է՝ հասնելով 37 հազարի։ Գետտոն գործելու ժամանակ տեղի է ունեցել մեկ ապստամբություն, որի արդյունքում ոչնչացման ենթական գետտոյի բնակիչներին տեղափոխեցին Տրեբլինկա համակենտրոնացման ճամբար։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տրամվայի վագոն հրեաների համար. Վարշավա, հոկտեմբեր, 1940 թվական

Մինչև 1939 թվականը Վարշավայի հրեական թաղամասը զբաղեցնում էր քաղաքի գրեթե մեկ հինգերորդը։ Քաղաքացիներն այն անվանում էին հյուսիսային թաղամաս և համարում հրեական կյանքի կենտրոն, թեպետ նրանք ապրում էին նաև Վարշավայի այլ թաղամասերում[2]։

Նացիստական Գերմանիայի զորքերի Լեհաստան ներխուժումից հետո 1939 թվականի հոկտեմբերին բռնազավթիչ ղեկավարությունը հրաման տվեցին, ըստ որի հրեաները պետք է կանխիկ գումարները հանձնեին վարկաֆինանսական հիմնարկություններին։ Յուրաքանչյուր անձի թույլատրվում էր ունենալ ընդամենը 2000 զլոտի գումար։

Հասարակական տրանսպորտում նացիստները փակցնում էին վիրավորական բնույթի պլակատներ՝ ազգամիջյան թշնամություն տարածելու համար։

Լեհաստանի բնակավայրերում գետտոներ հիմնադրելու պատճառներից նացիստները նշում էին այն, որ հրեաները վարակիչ հիվանդություններ տարածող են և այդպիսով կօգնեին ոչ հրեա բնակիչներին՝ տարածվող համաճարակից։ 1940 թվականի մարտին քաղաքի հրեական թաղամասերն հայտարարվեցին կարանտինային զոնաներ։ Այդ թաղամասերից արտաքսվեցին 113 հազար լեհ և բնակեցվեց 138 հազար հրեա։

Գետտո ձևավորելու որոշումը ընդունվել է 1940 թվականի հոկտեմբերին գեներալ-նահանգապետ Հանս Ֆրանկի կողմից։ Այդ ժամանակ գետտոյում գտնվում էր 440 հազար մարդ (քաղաքի բնակչության 37 %),ընդ որում, գետտոյի տարածքը կազմում էր քաղաքի տարածքի 4,5 %:

Սկզբնական ժամանակահատվածում գետտոյից առանց զգուշացման դուրս գալը հանգեցնում էր բանտարկության՝ 9 ամսով։ 1941 թվականի նոյեմբերից սկսեց գործել մահապատիժը։ Նոյեմբերից գետտոն ցանկապատվեց պատով։

Կյանքը գետտոյում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վարշավայի գետտոյի հատակագիծը

Գետտոյի ներսի հարցերը կարգավորվել են յուդենռադի կողմից, որը ենթարկվել է գերմանական կառավարությանը։ Յուդենռադի նախագահը Ադամ Չերնյակովն էր։ Գետտոյի հրեական ոստիկանության ղեկավարն էր Յուզեֆ Շերինսկին։

Գետտոյում պաշտոնապես հաստատված պարենային նորմերը հաշվարկած էին այնպես, որ սովամահ լինեն այնտեղ ապրողները։ 1941 թվականի երկրորդ կեսին պարենային նորման հրեաների համար կազմում էր 184 կկալ։ Սակայն, շնորհիվ անօրինական կերպով գետտո բերվող սննդամթերքի, իրականում մեկ անձի օրական բաժին էր ընկնում միջինում 1125 կկալ։

Գետտոյի բնակիչների մի մասը զբաղված էր գերմանական արտադրամասերում։ Այսպես. Վալտեր Տեբբենսի կարի արտադրամասերում աշխատել է 18 հազար հրեա։ Աշխատանքային օրը տևել է 12 ժամ՝ առանց հանգստյան օրերի և տոն օրերի։ Գետտոյի 110 հազար աշխատող մարդկանցից միայն 27 հազարն ուներ մշտական աշխատանք։

Գետտոյի տարածքում կազմակերպվել է զանազան ապրանքների ապօրինի արտադրություն, որոնց հումքը բերվել է գաղտնի կերպով։ Արտադրանքը նույնպես գաղտնիության պայմաններում է դուրս բերվել գետտոյի տարածքից վաճառքի կամ փոխանակման նպատակով։ Գետտոյում բացի 70 օրինական աշխատող փռերից՝ կային ապօրինի աշխատող ևս 800 փուռ։ Ապօրինի գործող արտադրությունների արտահանման ծավալը կազմել է ամսական 10 միլիոն զլոտի։ Վարշավայի գետտոյում առանձնացվել են բնակիչների խավեր, որոնց դիրքն ու գործունեությունը ապահովել է բնակիչների համեմատաբար բարեկեցիկ կյանքը։ Այդ խավերն էին՝ առևտրականներ, մաքսանենգեր, յուդենռադի անդամներ, գեստապոյի գործակալներ։ Նրանց մեջ մեծ հեղինակություն են ունեցել Աբրահամ Գանցվայխը և նրա մրցակիցներ Մորիս Կոնը և Զելիգ Գելլերը։ Գետտոյի բնակիչների մեծ մասը տառապում էր թերսնումից։ Ամենավատ վիճակում գտնվողները հրեաներն էին, որոնք այստեղ էին վերաբնակեցվել Լեհաստանի այլ վայրերից։ Չունենալով կապեր և ծանոթներ, նրանք դժվարանում էին աշխատանք գտնել և ապահովել ընտանիքի անդամների պահանջները։

Գետտոյում կատարվել է երիտասարդության բարոյալքում. առաջացել են երիտասարդական հրոսակախմբեր և խնամազուրկ երեխաներ։

Բնակիչների սպանդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետտոյում տարածվում էին լուրերը, թե Լեհաստանի տարբեր նահանգներում կատարվում է հրեա բնակչության զանգվածային սպանդ։ Որպեսզի ապատեղեկացնեն և հանգստացնեն գետտոյի բնակիչներին, գերմանական «Վարշաուեր ցայթունգ» պարբերականը հայտարարում էր, որ տասնյակ հազարավոր հրեաներ զբաղված են արտադրական համալիրի կառուցմամբ։ Բացի այդ, գետտոյում թույլատրվեց բացել նոր դպրոցներ և մանկատներ։

1942 թվականի հուլիսի 19-ին գետտոյում լուրեր տարածվեցին, որ Կոնա և Գելլերա ֆիրմաների ղեկավարներին աքսորել են դեպի Վարշավայի արվարձաններ։ Վարշավայի հրեաների գծով կոմիսար Հայնց Աուերսվալդը յուդենռադի նախագահ Չերնյակովին հայտնեց, որ տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը, որից հետո Չերնյակովն արեց համապատասխան հայտարություն։

1942 թվականի հուլիսի 22-ին յուդենռադն իրազեկվեց, որ բոլոր հրեաները, բացառությամբ գերմանական ընկերություններում աշխատողների, յուդենռադի անդամները և նրանց ընտանիքները, գետտոյում հրեական ոստիկանությունը և նրանց ընտանիքի անդամները պետք է արտաքսվեն դեպի արևելք։ Հրեական ոստիկանությանը հրամայված էր ապահովել ամենօրյա գրաֆիկով վեց հազար մարդու տեղափոխումը դեպի երկաթուղային կայարան։ Հրամանը չկատարելու դեպքում նացիստները սպառնում էին գնդակահարել պատանդներին, որոնց թվում էր նաև Չերնյակովի կինը։

Հուլիսի 23-ին յուդենռադի նախագահ Չերնյակովը ինքնասպան եղավ այն բանից հետո, երբ իմացավ, որ արտաքսելու են նաև մանկատան երեխաներին։ Նրան փոխարինելու եկավ Մարեկ Լիխտենբաումը, ում որդիները համագործակցում էին գեստապոյի հետ։

Այդ նույն օրը կայացել է հրեական ընդհատակյա մասնակիցների հավաքը, որի ժամանակ հավաքվածները որոշեցին, որ բնակիչների տեղափոխումը աշխատանքային ճամբարներում բնակեցնելու համար է և, որ պետք է դիմադրություն ցույց չտալ։

Ամն օր հիվանդանոցից, որը հավաքատեղի էր նշանակվել, մարդկանց քշում էին բեռնման կառամատույց։ Ֆիզիկապես ուժեղ տղամարդկանց առանձնացնում և ուղարկում էին աշխատանքային ճամբարներ։ Բացի այդ, աշխատանքից ազատվում էին գերմանական ընկերություններում աշխատող հրեաները։ Մնացածին (ոչ պակաս 90 %) քշում էին անասունների համար նախատեսված վագոններ՝ հարյուրական խմբերով։

Առաջին օրերին ոստիկանությունը բռնում էր չքավորներին, հաշմանդամություն ունեցող անձանց և որբերին։ Բացի այդ հայտարարվել էր, որ ով ինքնակամ ներկայանա հավաքակայան, ապա կստանա երեք կիլոգրամ հաց և մարմելադ։ Հունիսի 29-ից սկսվեց տների հետախուզումը՝ փաստաթղթերի ստուգումների համար, որ բռնեն այն մարդկանց, որոնք չունեն աշխատանքի թույլտվություն. թաքնվողներին գնդակահարում էին տեղում։ Այդ ստուգումներին մասնակցում էին ուկրաինացի և լիտվացի կոլլաբորացիոնիստները[3]։ Հուլիսի 30-ի դրությամբ գետտոյից հանվել էր 60 հազար մարդ։

Օգոստոսի 6-ին մանկատնից Տրեբլինկա տեղափոխվեց շուրջ 200 սան։ Օգոստոսին ուղարկվեցին նաև յուդենռադի հիմնարկների աշխատակիցները (700-800 մարդ)։

Սեպտեմբերի 21-ին հրեական ոստիկանությունը շրջափակվեց և ոստիկաններին, նրանց կանաց ու երեխաներին ուղարկեցին մահվան ճամբարներ։

52 օրվա ընթացքում (մինչև 1942 թվականի սեպտեմբերի 21-ը) շուրջ 300 հազար մարդ ուղարկվեց Տրեբլինկա։ Հուլիս ամսին հրեական ոստիկանությունը այնտեղ ուղարկեց 64 606 մարդու, օգոստոսին՝ 135 հազար, սեպտեմբերի 2-11՝ 35 886 մարդ։ Դրանից հետո գետտոյում մնաց 55-60 հազար մարդ։

Հուշարձան Վարշավայում

Հետագա ամիսներիմ ձևավորվեցին Հրեական մարտական կազմակերպությունը, որի անդամների թիվը 220-500 մարդ էր՝ Մորդեխայ Անելևիչի գլխավորությամբ և Հրեական մարտական խորհուրդը, որի անդամների թիվը 250-450 մարդ էր։ Հրեական մարտական կազմակերպությունը առաջարկում էր մնալ գետտոյում և դիմադրություն ցույց տալ, իսկ Հրեական մարտական խորհուրդը պլանավորում էր լքել գետտոյի տարածքը և գործունեություն ցույց տալ անտառում։ Կազմակերպությունների անդամները զինվել էին ատրճանակներով, ինքնաշեն պայթուցիկ սարքերով և մոլոտովի կոկտեյլներով։

Ապստամբություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1943 թվականի ապրիլի 19-ից մայիսի 16-ը Վարշավայի գետտոյում տեղի ունեցավ զինված ապստամբություն։ Այդ ապստամբությունը ճնշվեց ՍՍ-ի զորքի կողմից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Polski Słownik Judaistyczny (польск.)
  2. «Єврейські квартали міжвоєнної Варшави — iPress.ua». Արխիվացված է օրիգինալից 2018-02-10-ին. Վերցված է 2022-05-19-ին.
  3. М.В. Гилева, Т.Б. Пасман [https://www.holocf.ru/Editor/assets2/2017_mi_ne_mozhem.pdf МЫ НЕ МОЖЕМ МОЛЧАТЬ ШКОЛЬНИКИ И СТУДЕНТЫ О ХОЛОКОСТЕ] / И.А. Альтман, Л.А. Терушкин. — Москва: «МИК», 2017. — 220 с. — ISBN 978-5-87902-369-5 «Архивированная копия» (PDF). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 27. Վերցված է 2018 թ․ հունվարի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]