Վարդավառ
Վարդավառ | |
---|---|
Տեսակ | տոն և Քրիստոնեական տոն |
Տոնվում է | Հայաստան |
Վարդավառ կամ Վարդեվառ, որպես քրիստոնեական տաղավար տոն՝ Քրիստոսի այլակերպություն կամ Քրիստոսի պայծառակերպություն, հայ ժողովրդական նախաքրիստոնեական և քրիստոնեական տոն, ըստ եկեղեցական տոնացույցի նշվում է Զատիկից 14 շաբաթ կամ 98 օր հետո, կիրակի օրը՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում[1]։ Գրիգոր Լուսավորիչը փոխել է Հիսուս Քրիստոսի այլակերպության տոնով։ Վարդավառը, կամ Քրիստոսի Պայծառակերպությունը, Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։
Հայաստանի շատ բնակավայրերում, սակայն տեղական ավանդույթի համաձայն, Վարդավառը նշվում է այլ օրերի՝ հուլիսի կեսերից մինչև օգոստոսի սկիզբը։ Որպես օրինակ՝ Տավուշում, Լոռիում այս տոնը նշվում է հուլիսի 20-ին հաջորդող կիրակի օրը[2]։
Վարդավառը հայկական ավանդական տոների շարքում ամենասիրելիներից մեկն է, ամառային ամենասիրված տոնը։ Քաղաքներում Վարդավառն ավելի շատ համարվում է մանկական տոն, երեխաները հենց այդպես էլ ասում են «ջրոցի խաղալ» կամ «Վարդավառ խաղալ», այսինքն՝ ուրախ ջրել անծանոթներին և անցորդներին[3]։
Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք։ Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ։
Ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարդավառը տարբեր բնակավայրերում ուներ անվանման տարբեր տարբերակներ՝ պայմանավորված հայերենի բարբառային առանձնահատկություններով, ինչպես նաև տոնի գլխավոր ուխտավայրերի ու առավել տարածված բաղադրիչների գերակա անվանումներով։ Այդ անվան տարբերակներից են՝ Վարթավառ (Արճակ), Վարդևոր (Լոռի, Ջավախք, Հարք-Բուլանխ, Կաղզվան), Վարդիվոր (Դերսիմ), Վառթիվոր (Ձնաբերդ), Վըրթէվուր կամ Վըրթէվուր (Արցախ-Վարանդա), Վարթևոր (Նոր Նախիջևան), Վարթիվոր, Ճրճանքի օր (Շաղաթ), Ճրճան (Մարտիրոս-Վայոց Ձոր), Վրթիվեր (Այգեհովիտ-Տավուշ), Վըրդիվուր (Մեղրի), Վարդավար, Վարդըվուր կամ Վարդիվուր (Մոսալեռ), Վարթիվոր (Ղզլար), Պալլամ, Պարլում կամ Պարլամօն (Քեսապ) և այլն։
Ղևոնդ Ալիշանի կարծիքով, վարդավառ բառը ծագել է «վարդ» արմատից է և կապված է Աստղիկ դիցուհու պաշտամունքի հետ։ Ըստ Գրիգոր Ղափանցյանի, վարդավառը խեթերեն բառակազմություն է՝ կազմված «vadar» (ջուր) և «arr» (լվանալ՝ ցնցղել իմաստով) բառերից։ Որոշ հեղինակներ վարդավառ բառը համարում էին սանսկրիտից փոխառված։ Հովհաննես Ծոցիկյանի կարծիքով, այդ բառի միայն առաջին հատվածն է («վարդ») սանսկրիտից թարգմանաբար նշանակում «ջուր», իսկ մյուս հատվածը՝ «ավար» հայերեն է՝ «թափել», «ցայտել» («վայրել» բառարմատից) իմաստով։ Ֆնգլյանի կարծիքով վարդավառ նշանակում է «ջրի ուղի» և կապված է Անահիտ աստվածուհու հետ։ Հունական միջավայրում տոնը ստուգաբանվել է վարդ-ծաղիկ համատեքստում[2]։ Հունարենում «ռոդոն» վարդ է նշանակում, դրանից Ռոդիզմոսը՝ տոնակատարություն, որի ժամանակ գերեզմանները զարդարվում էին վարդերով, Անթիզմոսը՝ անթոս (ծաղիկ) բառից՝ ծաղկում, Անթեփորիա (բառացի՝ ծաղկաբերություն, Pascha rosarum (լատիներեն՝ «Վարդերի Զատիկ), Վարտուվարիա (Վարդավառ՝ հոգնակի)։ Պավլոս Կարոլիդիսը (1849-1930) օրինակ, տոնն անվանել է «Վարդերի Զատիկ»։
«Այլակերպություն» կամ «Պայծառակերպություն» բառի բացատրությունը Քրիստոսի կենսագիրների թողած այն հիշատակությունից է, որի համաձայն՝ Թաբոր կոչված լեռան վրա Քրիստոսի պայծառացած կերպարանքը երևում է Պետրոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալներին։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեթանոսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարդավառը ծագմամբ հեթանոսական տոն է, որը, ըստ հայագիտության մեջ եղած տեսակետների, կապված էր Աստղիկ և Անահիտ աստվածուհիների պաշտամունքի, Ամանոր-Նավասարդի հետ։ Վաղնջական ժամանակներից հուլիս ամսին, դաշտային հիմնական աշխատանքներն ավարտելուց և հացահատիկը հավաքելուց հետո ընդունված սովորություն էր մեծ տոնախմբություն կազմակերպել՝ օրհնելով և զոհաբերություններ անելով դաշտը հովանավորող ուժերին։ Այսպես, տոնահանդեսի անհրաժեշտ դրսևորումներից էր հասկի փնջեր և նույնիսկ խրձեր տանել մեհյանները շնորհակալության տուրք մատուցելով այդ հասկի աճելուն օժանդակած աստվածներին, գառ զոհաբերել ջրերի ակունքների մոտ՝ ջրերի ոգիներին աղերսվող ուխտավայրերում, մեծարելով դաշտային աշխատանքներին խիստ անհրաժեշտ ջուրը հովանավորող ուժերը։ Միհրան Թումաճանը գտնում էր, որ Սուրբ Կարապետի Վարդավառ տոնը հին զրադաշտական Վարդավառի շարունակությունն է[4]։
Քրիստոնեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրիստոնեական ավանդույթի համաձայն այդ օրը Հիսուս Քրիստոսը Պետրոս, Հակոբ և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռան վրա՝ աղոթելու։ Տապից ու հոգնածությունից առաքյալները քնում են, իսկ աղոթող Քրիստոսի վրա լույս է իջնում, նրա դեմքն արևի նման պայծառանում է, իսկ հագի զգեստը ձյունի նման ճերմակում այնպես, որ ամբողջ լեռը ողողվում է լույսով։ Այդ փայլից առաքյալներն արթնանում են և ականատեսը դառնում Քրիստոսի «Պայծառակերպության» և «Այլակերպության» հրաշքի։ Հայ եկեղեցին, Գրիգոր Ա Լուսավորչի կարգադրությամբ, նախկինում տոնել է հայկական տոմարի տարեգլխին, Նոր տարվա առաջին օրը՝ Նավասարդ ամսվա 1-ին, որ համապատասխանում է օգոստոսի 11-ին։ Գրիգոր Ա Լուսավորիչը քրիստոնեացրել է Նավասարդի հեթանոսական այն մեծ տոնը, որը հանդիսավորությամբ կատարվել է հեթանոսական Հայաստանի գլխավոր սրբավայրեր Աշտիշատում և նրանից քիչ հեռու ընկած Իննակնյա մեհյանի շուրջը (Մշո Ս. Կարապետ վանքի տեղում)[5]։ 6-րդ դարում կաթողիկոս Մովսես Բ֊ն (574-604) 551 թվականին Պայծառակերպության տոնը մտցրեց Զատկի տոների շրջանի մեջ և նշանակեց Համբարձման տոնից հետո 7-րդ կիրակի օրը[6]։
Վարդավառը որոշները կապել են նաև Համաշխարհային ջրհեղեղի կամ Նոյյան տապանի նշանավոր իրադարձության հետ։ Ըստ ավանդության, երբ Նոյ Նահապետը, ջրհեղեղից փրկվելով, հասնում է Մասիսի գագաթը և այնտեղից իջնում Նախիջևան՝ այդ օրվանից էլ սկսվում է հայոց Նավասարդ կոչվող ամիսը։ Որպեսզի ջրհեղեղի հիշատակը անմոռաց մնար, Նոյը որդիներին պատվիրեց՝ իրար վրա ջուր լցնել։ Ալիշանը կարծում էր, որ Վարդավառի ծագումը առնչվում էր Նոյան տապանի և Համաշխարհային ջրհեղեղի ավանդության հետ[2]։
Արարողակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարդավառի տոնը հնում նշվում էր ժողովրդական մեծ հանդիսություններով։ Վարդավառի ժողովրդական ծիսահամալիրի կենտրոնում գլխավորը ջուրն էր, Վարդաջիրն և խնձորին։ Ըստ տարբեր տվյալների անցյալում ծիսական համալիրում բավականին մեծ տեղ է հատկացվել վարդին, որի դերը հետագայում նվազել է։ Վարդավառի խորհուրդը եղել է ջրի պաշտամունքը, երբ մեծարվել են արգասավորությունն ու պտղաբերությունը հովանավորող բնական տարերքները։ Ավելի վաղ ժամանակներում տոնակատարությունը հիմնականում տեղի է ունեցել սարերում, ջրերի ակունքների մոտ, որոնք համարվել են յուրօրինակ սրբատեղիներ և ուր կատարվել են նվիրատվություններ, գինու հեղում՝ ի պատիվ ջրի տարերքի։ Ջրին աղերսվող ծեսերն ունեցել են անձրև խնդրելու, հնարավոր երաշտը կանխելու նշանակություն։ Ընդհանրացված սովորույթ էր, որ մինչև Վարդավառ խնձոր չուտեին[6]․ տարվա առաջին խնձորը ուտում էին Վարդավառին, ինչպես առաջին խաղողը ուտում էին Խաղողօրհնեքի տոնին[6]։ Որոշ վայրերում առաջին խնձորը վայելելը ուղեկցվում էր հատուկ նախապատրաստություններով, ինչպես Շատախում, որտեղ երիտասարդները Վարդավառի շաբաթ երեկոյան դեզեր էին շինում և մութն ընկնելուն պես սկսում հերթով վառել այդ դեզերը մինչև լուսաբաց բոլորելով կրակի շուրջ, որոնց մեջ խորովվում էին ուտելի առաջին խնձորները։ Լուսաբացից առաջ վառում էին ամենամեծ դեզը, որի շուրջ սկսվում էին տղաների ու աղջիկների խմբապարերը ազդարարելով տոնի սկիզբը։
Վարդավառը նաև բերքահավաքի հետ կապվող առաջին տոներից էր, որի ծեսերը մասամբ նվիրված էին բերք ու բարին ապահովող աստվածություններին՝ տարերքներին։ Վարդավառին սովորաբար մեհյաններին նվիրաբերել են հասկեր, աղերսել, որ արտերն ու այգիները զերծ մնան աղետներից (կարկուտից, մորեխից), ծառերի դալար ոստերով զարդարել են տները, ծաղկեփնջեր նվիրել միմյանց, աղավնիներ թռցրել, կազմակերպել ջրախաղեր, զվարճություններ, խնջույքներ, անասնապահները ծաղիկներով զարդարել են անասունների ճակատները ևս։ Շատ գավառներում Վարդավառին կրկընվել են Տյառնընդառաջի, այլուր՝ մի շարք արարողություններ, օրինակ՝ վիճակ հանելու սովորությունը։ Որոշ տեղերում Վարդավառը տոնել են հաստատուն օր (հուլիսի 22-ից հետո առաջին կիրակի օրը), այլուր՝ Զատկից 98 օր հետո։ Ներկայումս Վարդավառը կորցրել է երբեմնի նշանակությունը. գյուղերում կազմակերպվում են խնջույքներ, զբոսանքներ։ Վարդավառը նշում են նաև կրոնափոխ եղած համշենցիները[7]
Ուխտագնացություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարդավառը ուխտագնացությունների տոն էր, ուխտագնացությունների համար ընտրվում էին գլխավորապես լեռները, ջրերի ակունքները։ Զանգեզուրում Վարդավառի ամենասիրված ուխտավայրը Խուստուփն էր, չնայած շատ էին գնում նաև Մեծ Իշխանասար, Մռավ, Մեծ Քիրսի, Դիզափայտ և այլ լեռնագագաթներին գտնվող սրբավայրերը։ Խուստուփ այցելում էին թե Կապանի, թե Մեղրու շրջանի ամենահեռավոր գյուղերից անգամ, և այստեղ հազարավոր մատաղներ էին արվում։ Շատերի համար ամենասիրված ուխտատեղը Մշո Սուրբ Կարապետի վանքն էր։ Սուրբ Կարապետ կատարվող ուխտագնացությանը մեծ կարևորություն էր տրվում։ Հետազոտողներն ասում են, որ Սուրբ Կարապետի վանքը Տարոնում, հատկապես Վարդավառի համաժողովրդական տոնախմբությունների օրերին, դարձել էր համայն Մերձավոր Արևելքի թե քրիստոնյաների, թե այլադավանների սիրված ու հեղինակավոր սրբավայրերից մեկը։ Վարդավառյան ուխտագնացությունները, միայն դեպի Ս. Կարապետ չէ, որ կատարվում էին։ Վարդավառի համար ուխտավայր կարող էր դառնալ ցանկացած սրբազան տարածք, մատուռները, Թուխ Մանուկ սրբավայրերը, սարերն ու ջրերի ակունքները։ Ըստ մի հետազոտության, Հայաստանի և Արցախի տարածքում այժմ կա շուրջ 160 ուխտավայր-սրբատեղի, որոնք այցելվել են Վարդավառի ժամանակ[8]։
Տոնակատարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարդավառը ուներ տոնահանդեսի արարողակարգի հաջորդականություն, որ որոշակի հստակեցում էր մտցնում հանդիսությունների շղթայում։ Տոնին բնորոշ ծեսերը ընդհանրական էին, որ ըստ դրանց ամենուր տոնը բնորոշվում էր. այդպիսիք էին, օրինակ, միմյանց վրա ջուր ցողելու, աղավնիներ թռցնելու, միմյանց ծաղիկներ նվիրելու, եկեղեցի հասկեր տանելու և օրհնել տալու սովորությունները, ուխտագնացությունները, զոհաբերությունները, գիշերային հանդեսները և այլն։ Կատարման ժամանակով Վարդավառը համընկնում էր դաշտերում հասունացած հացահատիկների հավաքին։ Տոնի օրը գրեթե ամենուր հասկեր էին տանում եկեղեցի' խնդրելով, որ դաշտերը կարկուտից ու մորեխից անվնաս մնան։ Ընդհանրացված սովորույթ էր, որ տարվա առաջին խնձորը ուտեն Վարդավառին։ Սարերում Վարդավառի ամենաուրախ հանդեսներին հավաքվում էին լարախաղացներ, կազմակերպվում էին պարեր, տոնավաճառներ, և զբոսախնջույքներ։ Ուխտավայրերում կատարվող վարդավառյան հանդիսությունները երբեմն հիշեցնում էին նավասարդյան տոնահանդեսները։
ԵԱԴ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) կողմից 2014 թվականից սկսված ամեն տարի կազմակերպվում է «Վարդավառ» միջազգային փառատոնը[9][10], որի նպատակը երիտասարդությանն ու հանրությանը Վարդավառի ծիսակատարությունների ներկայացումն է, ազգային-ավանդական մշակույթի հանրահռչակումը Հայաստանում և երկրի սահմաններից դուրս։ Տոնակատարությունն իր մեջ ներառում է Վարդավառ միջազգային փառատոնի համար պատրաստված գաթայի և գինու հյուրասիրությունը, ազգային երգ ու պար, Վարդավառ տոնի թեմատիկ տաղավարներ, որոնք ներկայացնում են Հայաստանի տարբեր մարզերի ավանդույթները ու ձեռագործ աշխատանքները, Վարդավառի շուրջպար և հին հայկական խաղեր։
Փառատոնին առաջկցում են Համաշխարհային հայկական երիտասարդական Ոստայնը (WostAYN), «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպությունը և այլ կազմակերպություններ։
Վարդավառ և այլ տոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած, որ Վարդավառը և Համբարձման տոնը նշվում են տարբեր ամսաթվերի, երկու տոներն էլ սնվում են իմաստային միևնույն ակունքից։ Իրարից տարբերվելով կատարման ժամանակի առումով՝ երկուսն էլ կապված են նույն ժամանակի առասպելաբանական ընկալման հետ։ Համբարձումը և Վարդավառը նշանավորվում են անցումը Հին տարուց Նոր տարվան[11]։ Այդ ժամանակային անցումը տոնվել է գարնանը, գարնանային օրահավասարին (Բարեկենդան), իսկ ավելի ուշ՝ աշնանը, աշնանային օրահավասարին (Նավասարդ)[12]։ Որոշ բնակավայրերում Վարդավառին գրեթե կրկնվում էին Համբարձման վիճակախաղերը։ Զանգեզուրում[13], Լոռիում[14], Պարսկահայոց մեջ[15], Արցախում, Տավուշում, Համենում, Պոնտոսում և շատ այլ բնակավայրերում, Վարդավառը նույնպես վիճակ հանելու օր էր, որը երբեմն ավելի մեծ հանդիսավորությամբ էր կատարվում։ Հայաստանի առանձին գավառներում, Վարդավառին, սարերում խարույկներ էին վառում, որոնց շուրջը կատարվող արարողությունները նման էին Տրընդեզի կրակավառության հանդիսություններին[2]։
Քրիստոնեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրիստոնեական ավանդույթի համաձայն տոնն անվանվում է նաև Քրիստոսի պայծառակերպություն կամ այլակերպություն (գրաբար՝ Պայծառակերպութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի)։ Այն հայ եկեղեցու հինգ Տաղավար տոներից մեկն է։ Համաձայն Աստվածաշնչի՝ Քրիստոսն իր քարոզչական գործունեության երրորդ տարվա ամռանը, իր մահվան և հարության մասին առաքյալներին հայտնած կանխասացությունից վեց օր հետո, Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռը՝ աղոթելու։ Աղոթքի պահին Հիսուսը նրանց առաջ պայծառակերպվում և այլակերպվում է. «դեմքը փայլեց ինչպես արեգակը և նրա զգեստները դարձան սպիտակ՝ ինչպես լույսը» (Մատթ. 17.2, որպես համեմատություն՝ Մարկ. 9.2, Ղուկ. 9.29): Աշակերտների ապշած աչքերի առջև Քրիստոսը խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Եղիա մարգարեի հետ։ Ղուկաս ավետարանիչը պատմում է, որ նրանք խոսում էին Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի դեպքերի մասին, որ տեղի պիտի ունենային Երուսաղեմում (Ղուկ. 9.31): Շուտով մի ամպ հովանի է լինում իրենց, և մի ձայն ամպի միջից ասում. «Դա է իմ սիրելի Որդին, դրան լսեցեք» (Մարկ. 9.6, համեմատության համար՝ Մատթ. 17.5, Ղուկ. 9.35): Որոշ աստվածաբաններ Վարդավառի տոնը կապում են Ջրհեղեղի և Նոյի՝ տապանից իջնելու հետ՝ միմյանց վրա ջուր ցանելը, աղավնի բաց թողնելը դիտելով իբրև Ջրհեղեղն ու նրանից ազատվելը հիշատակող կամ խորհրդաբանող արարողություն[5]։
Ամսաթիվ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկական թվականի հաստատումով Վարդավառի տոնը բաժանվել է Նավասարդից, կապվել Քրիստոսի Հարության տոնի շարքին և սկսել տոնվել Զատկին հաջորդող 14-րդ կիրակի օրը՝ տատանվելով հունիսի 28-ից օգոստոսի 1-ի միջև[5]։ Այժմ Վարդավառը նշվում է Զատիկից 14 շաբաթ (98 օր) անց։ Տոնն հատկապես սիրված է երեխաների շրջանում, բայց մեծերը նույնպես անտարբեր չեն։ Իրար վրա ջուր ցողելու կամ ջրելու ավանդույթը ժողովրդական լեզվում անվանվում է նաև ջրոցի։ Հույները և լատինները Վարդավառը տոնում են օգոստոսի 6-ին։
Վերջին հարյուրամյակի ընթացքում Հայաստանի հյուսիսարևելյան շրջաններում կայունացել է Վարդավառը հուլիսի 22-ին հաջորդող կիրակի օրը նշելու ավանդույթը։ Այդ օրը, ըստ էության, լավագույնս համապատասխանում է տոնի բովանդակային սկզբունքին, գյուղացու դաշտային աշխատանքները հիմնականում ավարտված են լինում և լիովին իմաստավորվում է հասկերը եկեղեցում կամ գառը ուխտավայրերում զոհաբերելու սովորույթը[1]։ Վարդենիսի բոլոր գյուղերի բնակիչները ջանում են այդ օրը ուխտի գնալ Կարճաղբյուր գյուղի հնագույն ուխտատեղին՝ Դաշ կափուն։
թվական | Վարդավառ |
---|---|
2024 | 7 հուլիսի |
2023 | 16 հուլիսի |
2022 | 24 հուլիսի |
2021 | 11 հուլիսի |
2020 | 19 հուլիսի |
2019 | 28 հուլիսի |
2018 | 08 հուլիսի |
2017 | 23 հուլիսի |
2016 | 03 հուլիսի |
2015 | 12 հուլիսի |
2014 | 27 հուլիսի |
2013 | 07 հուլիսի |
2012 | 15 հուլիսի |
2011 | 31 հուլիսի |
2010 | 11 հուլիսի |
Մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ մատենագրության մեջ Վարդավառին նվիրված առավել հայտնի երկերից են Մովսես Խորենացու անվամբ կենցաղավարած «Յաղագս Վարդավառին խորհրդոյ» (Մովսես Խորենացի, «Մատենագրութիւնք», 1865, էջ 326– 338), «Ի մեծի աւուր տապանակին..., որ ի Կարիաթարիմ, որ բերէ զտօն Վարդավառի» («Սոփերք հայկականք», հ. 18, 1854, էջ 71–86) ճառերը, Գրիգոր Նարեկացու նշանավոր տաղը («Գոհար վարդն...»), Ներսես Շնորհալու տաղերը («Արփիական լոյսն...» և այլն)[5]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարդավառի տոնին անդրադարձել են տարբեր հայ բանաստեղծներ։ Հայտնի են Ավետիք Իսահակյանի, գուսան Աշոտի, Հրաչյա Հովհաննիսյանի, Թաթուլ Բոլորչյանի, Անդրանիկ Տերտերյանի և այլոց բանաստեղծությունները, որոնք «Ձոն Վարդավառին» գրքույկով հրատարակել են Հրաչյա Հունանյանը և Քրիստինե Զիլֆուղարյանը։ Ավետիք Իսահակյանն ունի Վարդավառին նվիրված մի ամբողջ շարք։
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շարակնոցում Վարդավառի Ա օրվա կանոնը («Որ ի լերինն այլակերպեալ») վերագրվում է Անանիա Շիրակացուն, իսկ Բ («Ճառագայթ փառաց») և Գ («Այսօր որ էն ի յերկինս բան») օրերի կանոնների երգերը հեղինակել է Ներսես Շնորհալին։ Գրչագիր Գանձարաններում ևս պահպանվել են Վարդավառին նվիրված մի շարք խազագրված տաղեր և մեղեդիներ, որոնցից մի քանիսը երգվում են առ այսօր։ Դրանցից են, օրինակ, Գրիգոր Նարեկացու «Տաղ Վարդավառի»[16], ինչպես նաև անանուն «Այսօր լեառն Թաոր» և «Լեառն ցնծա դու Թաբոր» տաղերը[5]։
Պատկերագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Պայծառակերպության» կամ Վարդավառի պատկերագրությունն իր կանոնական հորինվածքով, գունային և լուսային համապատասխան հարաբերակցությամբ մասնավոր տեղ է զբաղեցրել հայ միջնադարի մանրանկարչության և արվեստի մեջ։ «Պայծառակերպության» տեսարանի հնագույն օրինակն Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու որմնանկարն է, սակայն այս թեմայի պատկերումները հայտնի են դեռևս 6-րդ դարի բյուզանդական արվեստից։
Մանրանկարներում սովորաբար Հիսուսը պատկերվում է Թաբոր լեռը խորհրդանշող բարձունքի վրա, աջ և ձախ կողմերում՝ Եղիա և Մովսես մարգարեները, ներքևում՝ վախեցած կամ զարմացած Պետրոս, Հակոբոս, Հովհաննես առաքյալները։ Երբեմն Քրիստոսին նկարում են կլոր կամ էլիպսաձև մանդոռլայի մեջ։ Հին օրինակներում վերևում պատկերվում են Աստծո Աջը, աստղեր, խաչ։ Եղիան և Մովսեսը պատկերվում են կիսատ մարմնով, իսկ առաքյալների փոխարեն պատկերվում են երեք գառներ։ Հատկապես ուշագրավ են 11-13-րդ դարերի հայկական մանրանկարները[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Այվազյան, Հովհաննես, ed. (1997). Տնային տնտեսության հանրագիտարան. Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Մկրտչյան, Սամվել (2005). Տոներ, հայ ժողովրդական ծեսեր, սովորույթներ, հավատալիքներ. Երևան: Գասպրինտ. էջ 96.
- ↑ Антонян Ю. Ю. "Воссоздание" религии: неоязычество в Армении // Laboratorium. — 2010. — № 1. — С. 122-124.
- ↑ Ginkel, Jan Jacob van; Berg, Hl Murre-Van Den; Ginkel, Jan J.; Ginkel, Jj van; Berg, Hendrika Lena Murre-van den; Lint, Theo Maarten van; Lint, Tm van (2005). Redefining Christian Identity: Cultural Interaction in the Middle East Since the Rise of Islam (անգլերեն). Peeters Publishers. ISBN 9789042914186.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Այվազյան, Հովհաննես, ed. (2002). «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան. Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն. էջեր 973–974.
- ↑ 6,0 6,1 6,2 Քրիստոսի Պայծառակերպության տոն։ «Վարդավառը գալիս ա»
- ↑ «Ովքե՞ր են նրանք. մուսուլման հայախոս համշենցիները (մաս 6)». Hetq.am. Hetq. 03/04/2012. Վերցված է 25/07/2019-ին.
- ↑ Աբրահամյան, Հասմիկ (2016). «Վարդավառյան ուխտավայրերի տպաբանության փորձ» (PDF). Տարեգիրք. Երևան: Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետ (11).
- ↑ «Վարդավառ միջազգային փառատոն 2016». Երիտասարդական ակումբների դաշնություն. Վերցված է 2017 թ․ հուլիսի 20-ին.(չաշխատող հղում)
- ↑ ««Վարդավառ» միջազգային փառատոնը՝ Գառնիում և Գեղարդում». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2017 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ Գոհար, Ստեփանյան, (2005 թ․ դեկտեմբերի 25). «Համբարձում-Վարդավառ. ընդհանրություններ և առանձնահատկություններ». arar.sci.am.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Օդաբաշյան (1978). Ամանորը Հայ ժողովրդական տոնացույցում։ Հայ ազգագրություն և բանահյուսություն. Vol. 9. Երևան. էջեր 11–20.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Լիսիցյան, Ստեփան (1969). Զանգեզուրի Հայերը. Երևան. էջ 276.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Լալայան, Ե․ (1903). «Բորչալուի գավառ». Ազգագրական հանդես: 268.
- ↑ Աթայան, Ա․ (1906). Սալմաստ. Նոր Ջուղա. էջ 190.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «Տաղ Վարդավառի — Վիքիդարան». hy.wikisource.org. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.
|