Ստվերների թատրոն
Ստվերների թատրոն, տեսողական արվեստի ձև, որ ձևավորվել է Չինաստանում մոտ 1.700 տարի առաջ։ Արվեստն ավանդաբար դրսևորվել է Ինդոնեզիայում, Մալայզիայում, Թայլանդում և Կամբոջայում, հետագայում տարածվել է նաև Եգիպտոսում, Հայաստանում, Հունաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում[1][2][3]։
Ստվերների թատրոնում կիրառվում են կիսաթափանց մեծ էկրաններ և ծաղկե հարթ մարիոնետներ, որոնք կառավարվում են բարակ փայտիկներով։ Մարիոնետները հետևի կողմից հպում են էկրանին` դրանով դառնալով տեսանելի։
Թատրոնի առանձնահատկությունները, գեղագիտությունն ու թեման տարբերվում են` կախված ավանդույթներից։
Մարիոնետները սովորաբար պատրաստվել են բարակ, թափանցիկ կաշվից (օրինակ` այծի կամ ուղտի), թղթից կամ ստվարաթղթից։ Կարող են լինել ինչպես ամուր և ամբողջական, այնպես էլ ճկվող և առանձին մասերից բաղկացած։ Խամաճիկները կառավարվել են բամբուկե, փայտե կամ մետաղական ձողերով։
Երկրորդ հազարամյակում ստվերների թատրոնը մեծ տարածում է ունեցել Չինաստանում և Հնդկաստանում։ Չինգիզ խանի զորքերի հետ այն տարածվել է ասիական այլ շրջաններում։ Թուրքիայում ծաղկման շրջանին է հասել 16-րդ դարում, տարածված է եղել նաև Օսմանյան կայսրությունում։ 1767 թվականին ստվերների թատրոնի չինական տեխնիկան ֆրանսիացի միսիոներ Ժյուլ Ալոդը ներմուծում է իր հայրենիք։ 1776 թվականին այն հայտնի է դառնում Մեծ Բրիտանիայում։ Գերմանացի բաաստեղծ Գյոթեն հետաքրքրություն է դրսևորել արվեստի այս տեսակի հանդեպ, իսկ 1774 թվականին անձամբ է կազմակերպել նման ներկայացում։ Չինաստանում ամենաազդեցիկ թատրոններից մեկը 21-րդ դարում մնում է Տանշանի ստվերների թատրոնը, իսկ Չենդուում գործում է ստվերների թատրոնի թանգարան (չինարեն՝ 成都中国皮影博物馆):
Ներկայումս հավաքորդների շրջանում գնահատվում են կաշվե ժանեկագործ մարիոնետները, իսկ ստվերների թատրոնի գոյությունը իր դասական դրսևորմամբ վտանգված է։
2000-ական թվականներին ծնվել է ստվերների թատրոնի նոր ուղղություն, որտեղ մարիոնետների փոխարեն հանդես են գալիս պարողներ և օգտագործելով իրենց մարմնի ճկունությունն ու պլաստիկան` բեմադրում են ներկայացումներ։ Վերջին տասնամյակներում այն մեծ ճանաչում է ձեռք բերել. աշխարհի շատ անկյուններում ստեղծվում են ստվերների թատրոններ։ Նման թատրոններից ամենահանրաճանաչը Pilobolus թատրոնն է ԱՄՆ-ում։ Հայտնի են նաև Attraction, El Gamma Penumbra, Delight, Fireflies, Verba, Три Крыла, SHADOW LAB թատրոնները։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Orr, Inge C. (1974). "Puppet Theatre in Asia". Asian Folklore Studies. Nanzan University. 33 (1): 69–84. doi:10.2307/1177504.
- ↑ Beth Osnes (2001). Acting: An International Encyclopedia. ABC-CLIO. p. 302. ISBN 978-0-87436-795-9.
- ↑ Beth Osnes (2010). The Shadow Puppet Theatre of Malaysia: A Study of Wayang Kulit with Performance Scripts and Puppet Designs.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ճանապարհորդություն Չինաստանով։ Չինական ստվերների թատրոն
- Ժամանակակից եվրոպական ստվերային թատրոն Արխիվացված 2019-01-13 Wayback Machine
- Նոր տեխնոլոգիաներ ստվերային թատրոնում
- 3D ֆորմատով ստվերային ներկայացում
- Ստվերների թատրոն` չինական արվեստի ծաղիկ
- Ստվերների հիասքանչ թատրոնը Արխիվացված 2018-01-28 Wayback Machine
- Fireflies ստվերների թատրոնի ձևավորումը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստվերների թատրոն» հոդվածին։ |
|