Սիլիկատներ
Սիլիկատներ (լատ․ silex; — կայծքար), սիլիկաթթուների աղերը։ Ջրում լուծվում են (սահմանափակ) միայն ալկալիական մետաղների սիլիկատները, որոնք լուծույթում զգալիորեն հիդրոլիզվում են։ Սիլիկատները սիլիկաթթուների նման սովորաբար բարձրամոլեկուլային պոլիմերներ են։
Սիլիկատների առաջացրած միներալները և տարածվածությունը բնության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնական Սիլիկատները առաջացնում են ամենատարածված միներալների դասը (մոտ 500 միներալ՝ դաշտային շպատներ, ամֆիբոլներ, պիրոքսեններ, փայլարներ, օլիվին...), որոնք կազմում են երկրակեղևի զանգվածի 45% – ֊ը (քվարցի հետ՝ մոտ 87% ֊ը) և հրաբխային ապարների՝ 95%-ը։ Սիլիկատների կառուցվածքի հիմքում ընկած են [SiO4]4– քառանիստ անիոնային խմբերը, որոնք կարող են համակցվել (թթվածնի ընդհանուր ատոմով)՝ առաջացնելով շղթաներ, հարթ և տարածական ցանցեր։
Սիլիկատների դասակարգումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիլիկատներ դասակարգվում են ըստ SiO44– խմբերի համակցման տեսակի, ռադիկալների բաղադրության, կատիոնների բնույթի և պարունակության, ջրի և հիդրօքսիլ ու այլ անիոնային խմբերի առկայության և բնույթի։ Այլ քառանիստային անիոններ պարունակող սիլիկատներ են ալյումինասիլիկատները, բորասիլիկատները,բերիլասիլիկատները, նաև տիտանասիլիկատները և ցիրկոնասիլիկատները։ Ըստ [SiO4]4– քառանիստերի համակցման բնույթի տարբերում են․
- Կղզիային սիլիկատները բաղկացած են կատիոնային ութանիստերով իրար միացած մեկուսացված (օլիվին, ցիրկոն,տոպազ , նռնաքարեր ...) կամ զույգված (Si2O7)6- քառանիստերից։
- Օղակավոր սիլիկատները լինում են պարզ (Si3O9)6-, (Si4O12)8-, (Si6O18)12- (բերիլ ...), (Si8O24)16- և կրկնակի երկհարկ օղակներով։
- Շղթայական սիլիկատները [SiO4]4– խմբերն առաջացնում են անընդհատ շղթաներ կամ ժապավեններ։
- Շերտավոր սիլիկատներ։ Այս խմբին են պատկանում փայլարները։
- Տարածական սիլիկատները՝ Si04 խմբերն առաջացնում են եռաչափ տարածական ցանցեր (ցեոլիտներ, դաշտային շպատներ, նեֆելին ...)։
Սիլիկատների բաղադրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիլիկատների բաղադրության մեջ մտնող փոքր կատիոններն (Mg2+, Al3+, Fe2+ Mn2+ ...) առաջացնում են գագաթներում թթվածնի 6 ատոմ պարունակող ութանիստեր, մեծ կատիոնները (K+, Na+,Са2+, Ba2+, Sr2+ ...)՝ 8,9 կամ 12 գագաթ ունեցող բազմանիստեր, որոնց կողերը համատեղելի են (Si2O7)6- խըմբերին։ Սիլիկատներին բնորոշ է իզոմորֆիզմը, այդ պատճառով տարածված են նրանց պինդ լուծույթները։ Սիլիկատները կարող են պարունակել բյուրեղային ջուր, ցեոլիտային և միջշերտային ադսորբված ջուր, նաև ОН–, F+, Cl-, ՏO22-, СО32- և այլ անիոններ։
Սիլիկատների օգտագործումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմաթիվ սիլիկատներ կարևոր օգտակար հանածոներ են (պարունակում են Li, Be, Ni ...)։ Նեֆելիններից ստանում են ալյումին, պոտաշ և սոդա։ Կարևոր են նաև ոչ հանքային օգտակար հանածոները (դաշտային շպատ, փայլար, ասբեստ, տալկ ...), թանկարժեք և այլ զարդաքարեր (զմրուխտ, տոպազ, աքվամարին ...) հանդիսացող սիլիկատները։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիլիկատներ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |