Սաքսեր (լատիներեն՝ Saxones, գերմաներեն՝ Sachsen, անգլո-սաքսոներեն՝ Seaxan, հին սաքսոներեն՝ Sahson, ստորին գերմաներեն՝ Sassen, հոլանդերեն՝ Saksen), գերմանական ցեղերի խումբ։ III-IV դարերում միավորվել են ցեղային միության մեջ։ Վաղ միջնադարում բնակվել են Հյուսիսային Գերմանիայում (Հռենոս գետից արևելք․ և էլբա գետից արևմուտք)։ V -VI դարի 1-ին կեսին սաքսերի մի մասը վերաբնակվել են Բրիտանիայում։ Մայրցամաքային սաքսերը VI-VIII դարերում բաժանվել են վեստֆալների, օստֆալների, էնգրերի և նորդալբինգների։ Կարլոս Մեծի մղած սաքսոնական պատերազմների (772-804 թթ.) հետևանքով սաքսերին հպատակեցրել են ֆրանկները և նրանց պարտադրել ֆեոդալական հարաբերություններ։ 843 թվականին սաքսերի մարզն անցել է Արևելաֆրանկական թագավորությանը, IX դարի վերջին այնտեղ ստեղծվել է Սաքսոնական դքսությունը։ Սաքսերը կազմել են, այսպես կոչված, ստորին սաքսոնացիների էթնիկ հիմքը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 253)։