Սան Խոսե (իսպաներեն՝ San José), Կոստա Ռիկայի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը, ինչպես նաև՝ նույնանուն պրովինցիայի վարչական կենտրոնը։
Գտնվում է երկրի կենտրոնական հատվածում, Պանամերիկյան ճանապարհի մոտ, ծովի մակերևույթից 1170 մետր բարձրության վրա։
Սան Խոսեի մետրոպոլիսային տարածքը տարածվում է կանտոնի սահմաններից էլ այն կողմ՝ իր մեջ ներառելով Ալախուելա, Էրեիդա և Կարտագո քաղաքները ևս՝ ընդհանուր 2 միլիոնից ավելի բնակչությամբ (2017 թ.)[1]:
Երկաթուղով կապված է Պունտարենաս (Խաղաղ օվկիանոս) և Լիմոն (Կարիբյան ծով) նավահանգիստների հետ։ Ունի օդանավակայան։ Կան սննդի, ծխախոտի, տեքստիլ, մետաղամշակման, կահույքի արդյունաբերության ձեռնարկություններ։ Սան Խոսեում են Կոստա Ռիկայի համալսարանը, Ազգային գրադարանը, Ազգային թանգարանը։ Կան թատրոններ։ Հիմնադրել են իսպանացիները, 1737–1738 թթ.-ին։
Սան Խոսեն աչքի է ընկնում լատինաամերիկյան քաղաքների մեջ կյանքի բարձր որակով[2], ապահովությամբ, գլոբալացման մակարդակով, շրջակա միջավայրի մաքրությամբ,հասարակական ծառայությունների բազմազանությամբ ու որակով[3]։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տարածաշրջանի ամենանվազ իրավախախտումներով և ամենաապահով բնակավայրերից մեկն է[4]։ 2006 թվականին ընտրվել է մշակույթի իբերո-ամերիկյան մայրաքաղաք։ The MasterCard Global Destinations Cities Index 2012- համաձայն՝ Սան Խոսեն զբոսաշրջիկների ամենահաճախ այցելած վայրերից մեկն է Լատինական Ամերիկայում, իսկ Կենտրոնական Ամերիկայում այդ տեսակետից զբաղեցնում է առաջին տեղը[5][6]։ GaWC-ի գնահատմամբ՝ Սան Խոսեն համարվում է «բետա գլոբալ քաղաք»։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 167)։