Ջեյսոն Ուինսթոն Ջորջ (անգլ.՝ Jason Winston George, փետրվարի 9, 1972(1972-02-09), Վիրջինիա Բիչ, Վիրջինիա, ԱՄՆ), ամերիկացի հեռուստատեսային դերասան և նախկին ֆոտոմոդել։ Նա իր կարիերան սկսել Է NBC-ի «Սանսեթ Բիչի սերը և գաղտնիքները» ցերեկային սերիալում խաղացած դերով, նախքան 2000 թվականին պրայմ թայմում առաջնաելույթ ունենալը, խաղացել է «Տիտանները» կարճամետրաժ սերիալում։
Ջորջը մեծ ճանաչում է ձեռք բերել UPN-ի «Իվ» սիթքոմում խաղացած դերերի և ABC-ի «Գրեյի անատոմիա» բժշկական դրամայի շնորհիվ։
Ջորջը ծնվել է Վիրջինիա Բիչում և 1994 թվականին ավարտել է Վիրջինիայի համալսարանը, իսկ երկու տարի անց Թեմփլի համալսարանը, որտեղ ստացել է դերասանական կրթություն[1]։ 1996 թվականին նա Ահարոն Սփելինգի «Սանսեթ Բիչի սերը և գաղտնիքները» ցերեկային սերիալում խաղացել է Մայքլ Բորնի դերը, որտեղ նկարահանվել է ընդհուպ մինչև ավարտը՝ 1999 թվականի վերջը։ 1999 թվականին նա առաջադրվել է «Էմմի» ցերեկային մրցանակի՝ սերիալում խաղացած դերի համար[1][2]։
Ջորջը հայտնվել է ավելի քան քառասուն հեռուստատեսային շոուներում՝ սկսած 1990-ականների վերջից։ Նա նկարահանվել է «Ուշադրության կենտրոնում» և «Իվ» սիթքոմներում, ինչպես նաև կանոնավոր դերեր է ունեցել «Տիտաններ», «Ինչ վերաբերում է Բրայանին» և «Էլայ Սթոուն» կարճամետրաժ սերիալներում։
2009 թվականին Շոնդա ՌայմսըABC-ի համար նրան ներառել է իր «Արկղի մեջ» պիլոտային սերիայում, որի անհաջողությունից հետո Ջորջը երկրորդական դեր է ստացել Ռայմսի «Գրեյի անատոմիա» սերիալում։ Բացի այդ, 2011 թվականին Ռայմսը նրան վերցրել է իր «Առանց կոորդինատների» սերիալում, որը փակվել է մեկ եթերաշրջանից հետո[3]։ 2013 թվականին նա նկարահանվել Է ABC-ի «Սիրուհիները» սերիալում, իսկ հետո միացել է Lifetime հեռուստաալիքի «Իսթ Էնդի կախարդները» սերիալին[4]։ 2015 թվականին հինգ տարի կանոնավոր կարգավիճակում մնալուց հետո Ջորջը բարձրացվել է մինչև «Գրեյի անատոմիա» սերիալի հիմնական կազմ[5]։