Jump to content

Պուեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պուեր
Սեղմված պուեր
Տեսակcash crop?
ԵնթատեսակՍեղմված թեյ
ԾագումՉինաստան
 Pu-erh tea Վիքիպահեստում

Պուեր (չինարեն ավանդ. 普洱茶, հեշտ. pǔ'ěrchá , պինին: պուեր չա, պալլ.: թեյ Պուերից), հնեցման հատուկ մշակում անցած թեյ։ Այլ թեյերից տարբերվում է միայն իրեն բնորոշ մշակման տեխնոլոգիայով՝ տերևների հավաք, մշակում մինչև կանաչ թեյի աստիճան, սնկային ֆերմենտացիա. վերջինս կարող է տեղի ունենալ բնական և արագացված եղանակներով[1]։ Ֆերմենտացիան տեղի է ունենում Ասպերգիլների ցեղին պատկանող Aspergillus acidus կոչվող սնկերի ազդեցությամբ[2]։

Այս թեյը մեծ հայտնիություն է ստացել Տիբեթի, Սիկանի, Սինծիանի և այլ շրջանների բնակիչների շրջանում, որոնց սննդացանկի հիմնական մասը կազմել է մսամթերքը։

Պուերը Չինաստանի միակ սև թեյն է։ Այն թեյերը, որոնք այլ երկրներոմ համարվում են սև, չինացիների համար կարմիր թեյեր են։ Պուերը համարվում է լեգենդար թեյ։ Աշխարհագրական տեղանքը, որտեղ աճում է, յուրահատուկ է. արևի լույսը, լեռնային օդը, անձրևներն ու մաղախուղն ստեղծում են թեյ աճման համար նպաստավոր պայմաններ։ Չինաստանի, Վիետնամի, Բիրմայի (Մյանմա), Հյուսիսային Հնդկաստանի և Նեպալի միջև կա մի տարածություն, որը մի կողմից սահմանազատված է հարավային ծովով, իսկ մյուս կողմից՝ Հիմալայների ձյունապատ լեռնագագաթներով։ Հենց այստեղ՝ Չինաստանի հարավ-արևմուտքում է գտնվում Յուննան նահանգը՝ թեյի ծառերի հնագույն հայրենիքը։

Ինչպես հաստատում են չինացի հետազոտողները, Պուեր թեյն ունի 3000 տարվա պատմություն։

Ժամանակի ընթացքում Յուննան նահանգում աճող խոշոր տերևներով թեյից պատրաստվող ըմպելիքն սկսում է կոչվել պուերյան թեյ կամ պու չա, որը չինարեն կրճատ ձևն է։

Այս թեյի անվանումը կապված է Պու հնագույն ցեղի հետ, որոնց նախնիները, ըստ ռուս ազգագրագետ Ռ. Ֆ. Իտսայի եղել են մոն-քխմերյան բուլաններ ժողովուրդը[3], որոնց նախնիները Յուննան նահանգում զբաղվել են այս թեյի բարձրակարգ տեսակների մշակմամբ[4]։

Պուեր

Ըստ պատրաստման տեխնոլոգիայի տարբերում են 2 տեսակի պուեր՝ շեն և շու։ Պաշտոնապես բոլոր պուերները համարվում են սև թեյեր՝ անկախ գույնից և ֆերմետացիայի աստիճանից։

Շեն պուերը համարվում է պատրաստի 1,5-2 տարի հնեցնելուց հետո միայն։ Ինչքան երկար ժամանակ է հնեցվում, այնքան ավելի լավ բույր և համ է ձեռք բերում։ Շեն պուերը կարող է պահվել ավելի քան 30 տարի։

Շեն պուերի թուրմը լինում է խամրած կանաչավուն գույնից մինչև մեղրադեղնագույն և նուրբ ծաղկամրգային բույրով։ Պուերի այս տեսակն ունի արթնացնող՝ օրգանիզմի էներգան վերականգնող հատկություն։

Ստացման փուլեր՝

  • թեյի տերևների հավաք
  • չորացում արևի տակ կամ վառարանում (նպատակը՝ ֆերմենտացիա փուլի դադարեցում)
  • պտտեցում (նպատակ՝ տերևից որքան հնարավոր է մեծ քանակությամբ բջջահյութ դուրս բերում)
  • վերջնական չորացում արևի տակ կամ վառարանում, եթե եղանակը նպաստավոր չէ

Այս փուլերից հետո թեյը թողնում են կամ այդ տեսքով կամ սեղմում են՝ տալով տարբեր ձևեր։

Շու պուեր ստանալու համար հավաքում են տերևները, թոշնեցնում են արևի տակ, բուրգի տեսքով հավաքում են իրար վրա, ցողում են ջրով, փակում են հատուկ կտորով։ 1-3 ամսվա ընթացքում այդ կույտը ժամանակ առ ժամանակ բացում են, նորից ցողում ջրով, խառնում։ Տերևները կանաչ գույնից դառնում են մուգ։ Ֆերմենտացիան դադարեցնելու համար չորացնում են։ Պատրաստի շու պուերը լինում է մուգ կոնյակագույնից մինչև սև։ Շու պուերն ունենում է խոնավ հողի և թաց տերևների նուրբ բույր, նկատվում են նաև հունական ընկույզի և չորամրգերի համ։

Օգտակարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև օրս պուերը Չինաստանում օգտագործվում է որպես դեղամիջոց։

Պուերը տաքացնում է և վերականգնում ուժերը։ Լավացնում է մաշկային շերտը։ Կանխարգելում է սիրտ-անոթային հիվանդություններ զարգացումը։ Դանդաղեցնում է ծերցման գործընթացը, նվազեցնում է ուռուցքային հիվանդություների առաջացման ռիսկը։ Վերացնում է օրգանիզմի բորբոքային գործընթացները։ Օգնում է օրգանիզմից դուրս բերել ծանր մետաղներն ու թունավոր նյութերը։ Դրական ազդեցություն է թողնում դեպրեսիաների ժամանակ։ Դրական ազդեցություն ունի նաև աղեստամոքսային համակարգի վրա. օգնում է ստամոքսի ցանկացած խանգարման դեպքում։ Լավ է ազդում արյան և արյունատար անոթների վրա. մաքրում է արյունը, դուրս է հանում վատ խոլեստերինը։ Օրգանիզմի նյութափոխանակությունն է լավացնում։

Պուերի թրմում

Գոյություն ունեն պուերի պատրաստման մի քանի տարբերակներ։ Հիմնականում օգտագործում են 4 գրամ թեյ 150 մլ ջրի համար։ Ըստ ստանդարտի, համտեսների ժամանակ 6 գրամ են խառնում 100 մլ ջրին։

Պուերը թրմելուց առաջ խորհուրդ է տրվում լվանալ և բովել։ Այդպես մաքրվում է փոշին, իսկ բովման ընթացքում ոչնչանում են մանրէները։ Սեղմված պուերը թրմելուց առաջ մանրացնում են։

Թրմում են գրեթե եռացած ջրով՝ կավե թեյնիկում կամ չինական հատուկ սպասքում։ Կարելի է թրմել մի քանի անգամ. առաջին երկու թրմելը տևում է 10-20 վայրկյան, հաջորդները՝ 30 վրկ։ Պետք է խմել ոչ շատ տաք վիճակում։ Երբեմն կաթ են ավելացնում, որի օգնությամբ չեզոքացվում է խոնավության հոտը։

Խորհուրդ է տրվում ըմպել քիչ չափաբաժիններով, որպեսզի ավելի լավ զգացվի համն ու հետհամը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Н. И. Даников. Целебный чай // Серия «Я привлекаю здоровье!». — М.: Эксмо, 2012. — 224 с. ISBN 978-5-699-58946-3.
  2. Aspergillus acidus from Puerh tea and black tea does not produce ochratoxin A and fumonisin B2, 2009
  3. Итс Р. Ф. Этническая история Юга-Восточной Азии. — Л.: Наука, 1972. — С. 71-73.
  4. Чайная деревня Булан Шань.