Պլացենտայի վաղաժամ շերտազատում
Պլացենտայի վաղաժամ շերտազատում | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Պատճառ | Հայտնի չէ |
Հիվանդության ախտանշաններ | Հեշտոցային արյունահոսություն, որովայնային ցավ, ցածր արյան ճնշում |
Հետևանք | Պերինատալ ասֆիքսիա |
Վնասում է | Ընկերք |
Բժշկական մասնագիտություն | Մանկաբարձություն |
Ռիսկի գործոններ | Ծխել, տրավմաներ, պրեէկլամպսիա, բազմապտուղ հղիություն |
Բուժում | emergency cesarean section? |
Placental abruption Վիքիպահեստում |
Պլացենտայի վաղաժամ շերտազատում (ՊՎՇ), երբ պլացենտան վաղաժամ անջատվում է արգանդից, այլ կերպ ասած`առանձնանում է ծննդաբերությունից առաջ[1]։ Ամենից հաճախ այն տեղի է ունենում հղիության 25-րդ շաբաթում[1]։ Ախտանշաններն են՝ հեշտոցային արյունահոսություն, որովայնի ստորին հատվածի ցավ և վտանգավոր ցածր արյան ճնշում[2]։ Մոր համար բարդությունները կարող են ներառել դիսեմինացված ներանոթային մակարդման համախտանիշ (ԴՆՄ) և երիկամային անբավարարություն[1]։ Երեխայի համար բարդություններից կարող են լինել պտղի դիսթրես համախտանիշը, ցածր քաշը, վաղաժամ ծննդաբերությունը և պտղի մահը[1][3]։
Պլացենտայի շերտազատման պատճառը ամբողջությամբ հայտնի չէ[1]։ Ռիսկի գործոնները ներառում են ծխելը, պրեէկլամպսիան, տրավման հղիության ընթացքում, կոկաինի օգտագործումը և նախորդ կեսարյան հատումը[1][2]։ Ախտորոշումը հիմնված է ախտանիշների վրա և հաստատվում է ուլտրաձայնային հետազոտության միջոցով[2]։ Այն դասակարգվում է որպես հղիության բարդություն[2]։ Փոքր չափի շերտազատման դեպքում խորհուրդ է տրվում անկողնային հանգիստ, իսկ ծանր ձևի դեպքում կատարվում է ծննդալուծում[2][4]։ Եթե ամեն ինչ կայուն է, հնարավոր է փորձել հեշտոցային ծննդալուծում, հակառակ դեպքում խորհուրդ է տրվում կեսարյան հատում[2]։ Մինչև 36 շաբաթական հղիությունը կարող են տրվել կորտիկոստերոիդներ՝ երեխայի թոքերի արագ զարգացման համար[2]։ Բուժումը կարող է պահանջել արյան փոխներարկում կամ արգանդի հեռացումը[1]։
Միջինը 200-ից 1-ի մոտ հանդիպում է պլացենտայի վաղաժամ շերտազատում[5]։ Պլացենտայի վաղաժամ շերտազատումը և արգանդի պատռվածքը ամենատարածված պատճառներն են հանդիսանում հեշտոցային արյունահոսության[6]։ Ծննդյան պահին նորածինների մոտ 15%-ի մահվան պատճառ է հանդիսանում պլացենտայի վաղաժամ շերտազատումը[1]։ Առաջին անգամ նկարագրվել է 1664 թ-ին[7]։
Նշաններ և ախտանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պլացենտայի վաղաժամ շերտազատումը վաղ փուլերում կարող է ընթանալ անախտանիշ[2]։ Հիմնականում ախտանիշները հանկարծակի են առաջանում։ Ընդհանուր ախտանշաններից են՝ որովայնի շրջանում հանկարծակի սկսվող ցավերը, որոնք կարծես շարունակական են և չեն դադարում, հեշտոցային արյունահոսությունը, պտղի շարժումների և սրտի բաբախի նվազումը[5]։
Հեշտոցային արյունահոսությունը լինում է ալ կամ մուգ կարմիր գույնի[2]։
Պլացենտայի կենտրոնում զարկերակային արյունահոսության հետևանքով առաջացած շերտազատումը կարող է ունենալ շատ լուրջ հետևանքներ, ինչպիսիք են՝ պտղի սրտի ռիթմի խանգարում, դիսեմինացված ներանոթային մակարդման համախտանիշ (ԴՆՄ) և ծանր արյունահոսության մոր մոտ։ Պլացենտային ծայրամասում առաջացած երակային արյունահոսության դեպքում առաջանում են ոչ մեծ քանակի արյունահոսություն, պտղի ներարգանդային աճի սահմանափակում և սակավաջրություն(ամնիոտիկ հեղուկի անբավարարություն)[8]։
Ռիսկի գործոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրեէկլամպսիա[9]
- Քրոնիկական գերճնշում[10]
- Կարճ պորտալար
- Արգանդի հյուսվածքի պատռվածքներ[10]
- Թրոմբոֆիլիա[9]
- Տրավմաներ
- Բազմապտուղ հղիություն[9]
- Մայրական տարիքը. Ավելի մեծ ռիսկի են ենթարկվում այն հղի կանայք, ովքեր 20-ից փոքր են կամ 35 տարեկանից բարձր
Ռիկի գործոնները պլացենտայի վաղաժամ շերտազատման ժամանակ դասակարգվում են ըստ հիվանդության, վնասվածքի, անամնեզի, անատոմիական առանձնահատկությունների և նյութերի ազդեցության։ Պլացենտայի շերտազատման ռիսկը 6 անգամ մեծանում է ծանր տրավմայից հետո։ Անատոմիական ռիսկի գործոններից են՝ արգանդի արատներ (օրինակ՝ երկեղջյուր արգանդ), արգանդի սինեխիա (կպում) և արգանդի միոմա։ Կոկաինը և ծխախոտը մեծացնում են պլացենտայի շերտազատման ռիսկը, հատկապես հղիության երրորդ եռամսյակում։ Եթե անամնեզում ունենք պլացենտայի վաղաժամ շերտազատում կամ կեսարյան հատում, ապա ռիսկը մեծանում է 2,3 անգամ[8][10][11][12][13]։
Պաթոֆիզիոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեպքերի գերակշիռ մասում պլացենտայի վաղաժամ շերտազատումը տեղի է ունենում մայրական անոթների դեցիդուալ թաղանթից (հղիության ընթացքում վերափոխված արգանդի լորձաթաղանթի ֆունկցիոնալ շերտ) պոկման հետևանքով։ Հիմնական պատճառը անհայտ է։ Փոքր շերտազատումներ կարող են լինել արգանդը ձգող տրավմաների հետևանքով։ Քանի որ պլացենտան ավելի քիչ էլաստիկ է, քան արգանդը, այն շերտազատվում է արգանդի հանկարծակի ձգման հետևանքով։ Երբ առկա են անատոմիական ռիսկի գործոններ, պլացենտան չի ամրանում համապատասխան տեղում և կարող է պատշաճ կերպով չզարգանալ կամ ժամանակից շուտ շերտազատվել։ Կոկաինի օգտագործումը երրորդ եռամսյակի ընթացքում ունի 10% հավանականություն առաջացնել ՊՎՇ։ Թեև ճշգրիտ մեխանիզմը հայտնի չէ, սակայն կոկաինը և ծխախոտը ունեն անոթասեղմիչ հատկություն, ինչը կարող է սահմանափակել պլացենտայի արյունամատակարարումը (հիպոպերֆուզիա և իշեմիա) և առաջացնել հյուսվածքների նեկրոզ, արյունահոսություն և հետևաբար պլացենտայի վաղաժամ շերտազատում[8]։
Շատ դեպքերում, պլացենտային հիվանդությունները և պարույրային զարկերակների ախտահարումները զարգանում են ամբողջ հղիության ընթացքում և հանգեցնում են նեկրոզի, բորբոքման, անոթային խնդիրների և ի վերջո քայքայման։ Դրա պատճառով ՊՎՇ-ն հիմնականում պայմանավորված է զարկերակային և ոչ թե երակային արյունահոսությամբ։ Զանգվածային արյունահոսության հետևանքով սինթեզված թրոմբինը առաջացնում է արգանդի կծկում և ԴՆՄ համախտանիշ[8]։
Արյունը կուտակվում է դեցիդուալ թաղանթի և պլացենտայի միջև, ինչի հետևանքով պլացենտան առանձնանում է։ Արդյունքում պտուղը չի ստանում սննդանյութեր և թթվածին։ Պտուղը մահանում է, երբ այն չի ստանում բավարար քանակությամբ թթվածին և սննդանյութեր[8]։
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]ՊՎՇ կասկածվում է այն հղիների մոտ, ովքեր ունեցել են հանկարծակի սկսվող որովայնային ցավեր արյունահոսության հետ միասին կամ առանց դրա։ Ուլտրաձայնային հետազոտությունը կիրառվում է առաջադիր պլացենտան բացառելու, ինչպես նաև ՊՎՇ ախտորոշելու համար։ Ախտորոշումը կատարվում է ըստ բացառման սկզբունքի է, այսինքն՝ ՊՎՇ ախտորոշելու համար պետք է բացառել հեշտոցային արյունահոսության կամ որովայնի ցավի այլ հնարավոր աղբյուրներ[5]։ Պետք է նշել, որ ՄՌՇ խիստ զգայուն է ՊՎՇ-ի ժամանակ, և կարող է կիրառվել ՈւՁՀ-ի բացակայության դեպքում[14]։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ելնելով ծանրությունից.
- Դաս 0: Անախտանիշ
- Դաս 1: Թեթև և ներկայացնում է բոլոր դեպքերի մոտավորապես 48%-ը։ Բնութագրերը ներառում են հետևյալը.
- Առանց հեշտոցային արյունահոսությունից մինչև թեթև հեշտոցային արյունահոսություն
- Չափավոր լարված արգանդ
- Մայրական արյան ճնշումը և սրտի ռիթմը նորմալ է
- Չկա արյան մակարդելիության խանգարում
- Չկա պտղի դիսթրես համախտանիշ
- Դաս 2: Միջին և ներկայացնում է բոլոր դեպքերի մոտավորապես 27%-ը։ Բնութագրերը ներառում են հետևյալը.
- Առանց հեշտոցային արյունահոսությունից մինչև չափավոր հեշտոցային արյունահոսություն
- Արգանդի մկանների կծկումներ
- Տախիկարդիա
- Պտղի դիսթրես համախտանիշ
- Հիպոֆիբրինոգենեմիա (այսինքն՝ 50–250 մգ/դլ)
- Դաս 3: Ծանր և ներկայացնում է բոլոր դեպքերի մոտավորապես 24%-ը։ Բնութագրերը ներառում են հետևյալը.
- Առանց հեշտոցային արյունահոսությունից մինչև ծանր հեշտոցային արյունահոսություն
- Շատ ցավոտ արգանդի կծկումներ
- Մայրական շոկ
- Հիպոֆիբրինոգենեմիա (այսինքն՝ <150 մգ/դլ)
- Արյան մակարդելիության խանգարում
- Պտղի մահ
Կանխարգելում
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած հնարավոր չէ վերացնել ՊՎՇ-ի ռիսկը, այն կարելի է նվազեցնել։ Հղիության ընթացքում ծխախոտից, ալկոհոլից և կոկաինից խուսափելը նվազեցնում է ռիսկը։ Տրավմաներից և ֆիզիկական գերծանրաբեռնվածությունից խուսափելը նույնպես շատ կարևոր է։ Կանայք, ովքեր ունեն արյան բարձր ճնշում, կամ ովքեր նախկինում ունեցել են ՊՎՇ և ցանկանում են հղիանալ, պետք է վերահսկվեն բժշկի կողմից[15]։
ՊՎՇ-ի ռիսկը կարող է նվազել հետևելով քնին, հղիության հետ կապված հիպերտոնիային, ինպես նաև սննդակարգին, որը կպարունակի մեծ քանակով ֆոլաթթու։
Հղիությունից 16 շաբաթ առաջ ասպիրինի օգտագործումը կանխարգելում է պրեէկլամպսիայի զարգացումը, ինչպես նաև արդյունավետ է ՊՎՇ-ի կանխարգելաման համար[16]։
Վերահսկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուժումը կախված է արյան կորստի քանակից և պտղի կարգավիճակից։ Եթե պտուղը մինչև 36 շաբաթական է, և թե մայրը, թե պտուղը գտնվում են բավարար վիճակում, ապա նրանց վերահսկումը կատարվում է հիվանդանոցում։
Եթե պտուղը և մայրը վտանգի մեջ են, ապա կատարվում է ծննդալուծում։ Հնարավոր է կարիք լինի արյան փոխներարկման արյան ճնշումը կարգավորելու համար, ինչպես նաև արյան պլազմայի, որը կապահովի բավարար քանակի ֆիբրինոգեն։ Հեշտոցային ծննդալուծումը սովորաբար ավելի գերադասելի է քան կեսարյան հատումը, եթե չկա պտղի դիսթրես համախտանիշ։ Կեսարյան հատումը մեծացնում է դիսեմինացված ներանոթային մակարդման համախտանիշի առաջացման ռիսկը։ Կանայք պետք է 7 օր վերահսկվեն, հետծննդաբերական արյունահոսությունից խուսափելու համար։ Ծանր արյունահոսության դեպքում հնարավոր է կարիք լինի հիստերէկտոմիայի։ Մորը կարող է տրվել Rho (D) իմունոգլոբուլին, եթե նա ռեզուս-բացասական է։
Կանխատեսում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս բարդության կանխատեսումը կախված է բուժման որակից և շերտազատման ծանրության աստիճանից։ ՊՎՇ ժամանակ երեխայի համար կանխատեսումը կախված է նաև գեստացիոն տարիքից[5]։
Արևմտյան աշխարհում մայրական մահացությունը հազվադեպ է հանդիպում։ Պտղի կանխատեսումը մոր հետ համեմատած ավելի վատ է:Մահացությունը մոտավորապես 12% է կազմում ։ Պլացենտայի վաղաժամ շերտազատումից նախքան ծնվելը մահանում են 77%-ը, իսկ մնացածը մահանում են վաղաժամ ծննդյան բարդությունների պատճառով[8]։
Առանց բժշկական որևէ միջամտության, ինչպես հաճախ պատահում է աշխարհի շատ երկրներում, պացենտայի վաղաժամ շերտազատումը ունի մայրական մահացության բարձր ռիսկ։
Մայր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արյան մեծ կորուստի ժամանակ կիրառում են արյան փոխներարկում[1]։
- Եթե մոր արյան կորուստը հնարավոր չէ վերահսկել, ապա կատարվում է հիստերէկտոմիա (արգանդի հեռացում)[1]։
- Արգանդը ծննդաբերությունից հետո կարող է պատշաճ կերպով չկծկվել, այնպես որ մայրը կարող է դեղորայքի կարիք ունենալ։
- Մոր մոտ կարող է զարգանալ արյան մակարդման խանգարում՝ դիսեմինացված ներանոթային մակարդման համախտանիշ[1]։
- Ծանր շոկը կարող է անդրադառնալ տարբեր օրգանների վրա, ինչպիսիք են երիկամները, լյարդը և հիպոֆիզը։ Երիկամների տարածուն նեկրոզը լուրջ և հաճախ ճակատագրական բարդություն է հանդիսանում[1]։
- Պլացենտայի վաղաժամ շերտազատման դեպքում կարող է արյունահոսություն առաջանալ արգանդի մկաններից դեպի ներորովայնային տարածություն, որը կոչվում է Կուվելերի արգանդ[17]։
- Մոր մահ[1]
Երեխա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երեխային կարող են ծնել ցածր քաշով[1]։
- Վաղաժամ ծննդաբերություն (մինչև 37 շաբաթական հղիություն)[1]։
- Հնարավոր է՝ երեխայի մոտ զարգանա թթվածնաքաղց[1]։
- ՊՎՇ կարող է հանգեցնել պտղի մահվան[1]։
- Նորածինների հետագա զարգացման ընթացքում հնարավոր է զարգանան մտավոր խանգարումներ։
Համաճարակաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պլացենտայի վաղաժամ շերտազատում հանդիպում է բոլոր հղիությունների մոտավորապես 0,2%-ի մոտ։ Պլացենտայի վաղաժամ շերտազատման մեծ մասը տեղի է ունենում հղիության առաջին 37 շաբաթվա ընթացքում, իսկ 14%-ը տեղի է ունենում նախքան 32 շաբաթը[8]։
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 Tikkanen, M (2011 թ․ փետրվար). «Placental abruption: epidemiology, risk factors and consequences». Acta Obstetricia et Gynecologica Scandinavica. 90 (2): 140–9. doi:10.1111/j.1600-0412.2010.01030.x. PMID 21241259.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 «Abruptio Placentae - Gynecology and Obstetrics». Merck Manuals Professional Edition (կանադական անգլերեն). 2017 թ․ հոկտեմբեր. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Saxena, Richa (2014). Bedside Obstetrics & Gynecology (անգլերեն). JP Medical Ltd. էջեր 205–209. ISBN 9789351521037.
- ↑ Gibbs, Ronald S. (2008). Danforth's Obstetrics and Gynecology (անգլերեն). Lippincott Williams & Wilkins. էջ 385. ISBN 9780781769372.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Sheffield, [edited by] F. Gary Cunningham, Kenneth J. Leveno, Steven L. Bloom, Catherine Y. Spong, Jodi S. Dashe, Barbara L. Hoffman, Brian M. Casey, Jeanne S. (2014). Williams obstetrics (24th ed.). ISBN 978-0071798938.
{{cite book}}
:|first1=
has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Hofmeyr, GJ; Qureshi, Z (2016 թ․ հոկտեմբեր). «Preventing deaths due to haemorrhage». Best Practice & Research. Clinical Obstetrics & Gynaecology. 36: 68–82. doi:10.1016/j.bpobgyn.2016.05.004. PMID 27450867.
- ↑ The Journal of the Indiana State Medical Association (անգլերեն). The Association. 1956. էջ 1564.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 «Placental abruption: Clinical features and diagnosis». www.uptodate.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 «Placenta and Placental Problems | Doctor». Patient.info. 2011 թ․ մարտի 18. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ 10,0 10,1 10,2 Ananth, CV; Savitz, DA; Williams, MA (1996 թ․ օգոստոս). «Placental abruption and its association with hypertension and prolonged rupture of membranes: a methodologic review and meta-analysis». Obstetrics and Gynecology. 88 (2): 309–18. doi:10.1016/0029-7844(96)00088-9. PMID 8692522.
- ↑ Ananth, C (1999). «Incidence of placental abruption in relation to cigarette smoking and hypertensive disorders during pregnancy: A meta-analysis of observational studies». Obstetrics & Gynecology. 93 (4): 622–8. doi:10.1016/S0029-7844(98)00408-6. PMID 10214847.
- ↑ Cressman, AM; Natekar, A; Kim, E; Koren, G; Bozzo, P (2014 թ․ հուլիս). «Cocaine abuse during pregnancy». Journal of Obstetrics and Gynaecology Canada. 36 (7): 628–31. doi:10.1016/S1701-2163(15)30543-0. PMID 25184982.
- ↑ Klar, M; Michels, KB (2014 թ․ սեպտեմբեր). «Cesarean section and placental disorders in subsequent pregnancies--a meta-analysis». Journal of Perinatal Medicine. 42 (5): 571–83. doi:10.1515/jpm-2013-0199. PMID 24566357.
- ↑ Masselli, G; Brunelli, R; Di Tola, M; Anceschi, M; Gualdi, G (2011 թ․ ապրիլ). «MR imaging in the evaluation of placental abruption: correlation with sonographic findings». Radiology. 259 (1): 222–30. doi:10.1148/radiol.10101547. PMID 21330568.
- ↑ «Placental abruption: Prevention». MayoClinic.com. 2012 թ․ հունվարի 10. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ Roberge, S; Bujold, E; Nicolaides, KH (2018 թ․ մայիս). «Meta-analysis on the effect of aspirin use for prevention of preeclampsia on placental abruption and antepartum hemorrhage». American Journal of Obstetrics and Gynecology. 218 (5): 483–489. doi:10.1016/j.ajog.2017.12.238. PMID 29305829.
- ↑ Pitaphrom, A; Sukcharoen, N (2006 թ․ հոկտեմբեր). «Pregnancy outcomes in placental abruption». Journal of the Medical Association of Thailand = Chotmaihet Thangphaet. 89 (10): 1572–8. PMID 17128829.