Պիստակենի բթատերև (լատին․՝ Pistacia mutica), աղտորազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Տերևաթափ ծառ է՝ 8-10 (մինչև 15) մ բարձրությամբ և գնդաձև սաղարթով։ 1 մ տրամագիծով բունը ծածկված է ճաքճքված, գորշամոխրավուն կեղևով։ Բողբոջները նստադիր են, թեփուկավոր, թեթևակի աղվամազապատ։ Տերևները կենտ-փետրաձև են, կազմված (3) 5-7 (9) տերևներից։ Տերևակոթունը մազմզուկապատ է, վերևի մասում՝ թեթևակի թևավոր, 13-17 սմ ընդհանուր երկարությամբ։ Տերևները ձվաձև են կամ նեղ-ձվաձև, համարյա նստադիր, 4-5 (7) սմ երկարությամբ և 1,5-3 սմ լայնությամբ, ամբողջաեզր, վերևի կողմից մուգ կանաչ և փայլուն, ներքևի կողմից բաց կանաչ և անփայլ։ Երկտուն բույս է։ Ծաղկում է տերևները բացվելուց առաջ կամ տերևների բացվելու սկզբում։ Ծաղիկները հավաքված են 4-6 (9) սմ երկարությամբ հուրաններում։ Ծաղկապատը կազմված է (2) 4-5 (11) երկարավուն-ձվաձև թաղանթանման տերևիկներից։ Առէջային ծաղիկներն ունեն 5-6 առէջներ, վարսանդայինները՝ 1 վերնադիր սերմնարան։ Կորիզապտուղները լայն, հակառակ ձվաձև են, կարմրավուն, ավելի ուշ դառնում են կապտավուն։ Ծաղկում է մայիսին, պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին[1]։
Տարածված է Կովկասում, Փոքր Ասիայում, Ղրիմում, Արևմտյան Իրանում։ Չորադիմացկուն, լուսասեր ու կրասեր բույս է։ Պահանջկոտ չէ հողի նկատմամբ, աղադիմացկուն է։ Դանդաղ է աճում։ Առատ մացառներ է տալիս, որի շնորհիվ անփոխարինելի ծառատեսակ է չոր, քարքարոտ լանջերի ամրացման, էրոզիայի դեմ պայքարելու համար։ Ապրում է մինչև 1000 տարի։ Բազմանում է սերմերով, մացառներով[1]։ Աճում է ստորին, երբեմն նաև միջին լեռնային գոտիների չոր քարքարոտ հարավային լանջերին, ձորերում և կիրճերում։ Հազվադեպ հանդիպում է Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերում և Երևանում։ Աճեցվում է որպես գեղազարդային բույս[2]։
Պտուղները, որոնք ուտելի են, պարունակում են 60% ճարպեր և 26% ազոտային նյութեր։ Տերևները պարունակում են 8-20% դաբաղանյութեր։ Ծառի բնից ստացվող խեժը, որը պարունակում է ճարպային և եթերային յուղեր, եռտերպենային միացություններ, ունի բուժիչ հատկություններ։ Պտուղներն օգտագործում են որպես սնունդ թարմ, չորացրած և բոված վիճակում։ Եթերային յուղն ու խեժը օգտագործվում են օծանելիքի արտադրության մեջ, իսկ ճարպային յուղերն՝ օճառագործության մեջ։ Սերմերն ու տերևներն, որոնք պարունակում են C վիտամին, օգտագործվում են որպես անասնակեր[2]։
- ↑ 1,0 1,1 Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (320)։
- ↑ 2,0 2,1 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.