Jump to content

Ոչ մետաղներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ոչ մետաղներ, քիմիական տարրեր, որոնք առաջացնում են մետաղներին ոչ բնորոշ հատկություններով պարզ նյութեր։ Մետաղական փայլ չունեն, էլեկտրականության և ջերմության վատ հաղորդիչներ են, կռելի չեն։ Հայտնի քիմիական տարրերից բնորոշ ոչ մետաղներ են միայն 22-ը, որոնցից ջրածինը, ազոտը, թթվածինը, ֆտորը, քլորը և ազնիվ գազերը սովորական պայմաններում գազեր են, բրոմը հեղուկ է, իսկ ածխածինը, սիլիցիումը, ֆոսֆորը, ծծումբը, սելենը, յոդը և ՝ պինդ նյութեր։ Տարրերի պարբերական համակարգում ոչ մետաղները գտնվում են միայն գլխավոր ենթախմբերում (2-րդ խմբում ոչ մետաղներ չկան)։

Ոչ մետաղները տարբեր ժամանակաշրջաններում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին դարերում հայտնի էին միայն երկու ոչ մետաղ՝ ածխածինը և ծծումբը։ 13-րդ դարում հայտնաբերվեց արսենը, 17-րդ դարում՝ ջրածինը և ֆոսֆորը, 18-րդ դարում՝ թթվածինը, ազոտը, քլորը, տելուրը։ Քլորը այդ ժամանակ համարվում էր օքսիդացված աղաթթու և այդ պատճառով չի նշվում Անտուան Լավուազիեի կազմած (1789 թվական) պարզ նյութերի ցուցակում։ Մյուս ոչ մետաղները հայտնաբերվեցին 19-րդ դարում (աստատը արհեստականորեն ստացվել է 1940 թվականին)։ Ըստ դասական սահմանման ոչ մետաղներ են այն քիմիական տարրերը, որոնց հիդրօքսիդները թթուներ են։ Ամֆոտեր հիդրօքսիդների գոյությունից բխում է, որ տարրերի բաժանումը մետաղների և ոչ մետաղների բացարձակ չէ։

Հատկությունները և առաջացրած միացությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ մետաղները մեծ էլեկտրաբացասականություն ունեցող տարրեր են, որոնք ատոմների արտաքին էլեկտրոնային թաղանթներում ունեն 4 և ավելի (բորի ատոմը՝ 3) էլեկտրոն։ Ամենամեծ էլեկտրաբացասականություն ունի ֆտորը։ Միացություններում ոչ մետաղներին բնորոշ են բացասական օքսիդացման աստիճանները։ Նրանց ատոմները կարող են միացնել էլեկտրոններ և առաջացնել անիոններ (F-, Сl-, Օ2 - և այլն)։ Իոնական միացություններ են առաջանում բնորոշ ոչ մետաղների և մետաղների միջև (КСl, CaO, MgBr2 և այլն)։ Ոչ մետաղները առաջացնում են նաև բարդ անիոններ (СlO4 -, JO3 -, ՏO4 2-, PO4 3- և այլն), որոնցում ունեն դրական օքսիդացման աստիճաններ։ Միանալով թթվածնին՝ ոչ մետաղները առաջացնում են օքսիդներ (ֆտորը՝ ֆտորիդներ O2F2, OF2), որոնց հիդրատները թթուներ են։ Ոչ մետաղների պարզագույն ջրածնական միացությունները սովորական պայմաններում անգույն գազեր են (բացառություն է ջուրը), որոնցից շատերը թունավոր են։ Հալոգենաջրածինների և հալկոգենաջրածինների ջրային լուծույթները թթուներ են, ամոնիակինը՝ հիմք։ Ածխաջրածինները ջրում գործնականում չեն լուծվում։ Ոչ մետաղների ատոմները միանում են իրար կովալենտային կապերով (Cl2, N2, C1F, NC13, CS2) և այլն։ Հայտնի միացություններում KrF2, KrF4, XeO3, XeF6, Н4ХеО6, XePtF6 և այլն) իներտ գազերն ունեն դրական օքսիդացման աստիճաններ (1+, 2+, 4+, 6+, և 8+)։ Մետաղների, ջրածնի և բազմաթիվ այլ տարրերի հետ իներտ գազերի միացությունները չեն ստացվել։ Տեսականորեն ենթադրվում է հելիումի և նեոնի միացությունների ստացման անհնարու¬ թյունը։ Հայտնի են նաև իներտ գազերի կլաստերային (ներդրման) միացությունները ջրի հետ (Ar*6H2O, Хе*6H2O և այլն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 620