Jump to content

Շուշիի հռչակագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շուշիի հռչակագիր
Համագործակցության մասին Շուշիի հռչակագիր
Ստորագրվել է
— վայր
2021 թ. հունիսի 15
Շուշի

Շուշիի հռչակագիր (ադրբ.՝ Müttəfiqlik Haqqında Şuşa Bəyannaməsi, թուրքերեն՝ İttifaklık Hakkında Şuşa Beyannamesi), Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից 2021 թվականի հունիսի 15-ին ստորագրված համագործակցության հռչակագիր Արցախի Հանրապետության բռնազավթված Շուշի քաղաքում[1], որն այնժմ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ[2][3][4]։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տիկնոջ՝ Էմինեի ընկերակցությամբ, և պետական բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ 2021 թվականի հունիսի 14-ին պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան[5]։ Հունիսի 15-ին թուրքական պատվիրակությունն ավտոշարասյունով ուղևորվել է Ֆիզուլի, որտեղ նրանց դիմավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Երկու երկրների ղեկավարները միասին մեկնել են Շուշի։ Նույն օրը Շուշիում ստորագրվել է երկու երկրների համագործակցության մասին պայմանագիր։ Փաստաթուղթը կոչվում է «Շուշիի հռչակագիր»[6][7][8]։

Նախագահների հայտարարություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փաստաթղթի ստորագրումից հետո Իլհամ Ալիևն ասել է, որ այն բարձրագույն մակարդակի է հասցնում Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցությունը։ Հռչակագիրը ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն և սերտ համագործակցություն ռազմարդյունաբերության ոլորտում։ «Մեր ստորագրած դաշնակցային համաձայնագիրը ցույց է տալիս մեր հետագա համագործակցության ուղիները, հռչակագրում կարևորվում է փոխգործությունը միջազգային մակարդակում, էներգետիկ անվտանգության, Հարավային գազային միջանցքի, տնտեսության, առևտրի, մշակույթի, սպորտի բնագավառներում, բայց ես ուզում եմ առանձնացնել երկուսը՝ համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում և փոխադարձ ռազմական օգնությունը»,- ասել է Ալիևը։ Նա «պատմական մեծ նվաճում է» անվանել դեկլարացիան։ Ալիևը խոսել է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, ասելով, թե «դա հնարավոր է դարձել ղարաբաղյան պատերազմից հետո ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակի արդյունքում»[9]։

Թուրքիայի նախագահը գովեստով է խոսել Ադրբեջանի հետ «եղբայրական հարաբերությունների» մասին։ Նա ասել է, թե նպատակահարմար է առաջ տանել «Վեցի պլատֆորմի» գաղափարը, որը ենթադրում է տարածաշրջանի վեց պետությունների՝ Ռուսաստանի, Վրաստանի, Թուրքիայի, Հայաստանի, Իրանի և Ադրբեջանի համագործակցություն։ «Մենք ուզում ենք, որ Հարավային Կովկասը դառնա խաղաղության տարածաշրջան»,- ասել է Էրդողանը[10]։

Հայաստանի արձագանքը հռչակագրին

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը 2021 թվականի հունիսի 17-ին հանդես է եկել մեկնաբանությամբ, որով դատապարտելի և սադրիչ է անվանել Շուշիում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հռչակագիրը և Թուրքիայի նախագահի կողմից Ադրբեջանի խորհրդարանում հնչեցված ելույթը։ Մեկնաբանությունում ասվում է.

Թեև թուրք-ադրբեջանական հռչակագիրն առանձին կետով նշում է, որ այդ փաստաթուղթն ուղղված չէ երրորդ կողմի դեմ, այնուհանդերձ, դրա ողջ բովանդակությունը թիրախավորում է հայ ժողովրդին։ Այն հստակ մատնանշում է Արցախի Հանրապետության դեմ 44-օրյա ագրեսիա իրականացրած երկու պետությունների դաշինքն ընդդեմ Արցախի ժողովրդի ինքնորոշման, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ցեղասպանություն վերապրած աշխարհասփյուռ հայ ժողովրդի իրավունքների։

Հռչակագրում տեղ գտած «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը վկայում է, որ գոտեպնդվելով Արցախի ժողովրդի դեմ իրականացված համատեղ ագրեսիայի և զանգվածային ոճրագործությունների անպատժելիությունից՝ Թուրքիան և Ադրբեջանը ձեռք են բերում հրապարակային պայմանավորվածություններ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։ Նույնքան մտահոգիչ է երկու պետությունների պայմանավորվածությունը՝ պայքարելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ։

Վերոնշյալ պայմանավորվածություններն ամբողջովին հակասում են միջազգային իրավունքի հիմնական նորմերին։ Այս պարագայում արժանի է հիշատակման այն փաստը, որ միջազգային իրավունքի, մասնավորապես, Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին 1969թ․ Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝ միջազգային բոլոր պայմանագրերը, որոնք հակասում են ընդհանուր միջազգային իրավունքի իմպերատիվ նորմերին՝ առոչինչ են և չեն կարող ունենալ որևէ միջազգային լեգիտիմություն։

Հատկանշական է, որ նշված հռչակագրի հիմքում ընկած է ոչ թե ՄԱԿ Կանոնադրությունը կամ ԵԱՀԿ համընդհանուր և անբաժանելի անվտանգության սկզբունքը, այլ «ցեղային անվտանգության» իրենց մոտեցումը, որն առաջ է մղվում որպես «թյուրքական աշխարհի» միավորման սկզբունք։

Նման հայատյացության համատեքստում տարածաշրջանային համագործակցության պլատֆորմ ստեղծելու Ադրբեջանի խորհրդարանում հնչեցված Թուրքիայի նախագահի առաջարկները երեսպաշտ և ապակողմնորոշող են։

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հրապարակային պայմանավորվածությունները պարունակում են ոչ միայն ցեղասպան սպառնալիքներ տարածաշրջանում հայ ժողովրդի նկատմամբ, այլ նաև լուրջ մարտահրավեր են միջազգային և տարածաշրջանային խաղաղությամբ և անվտանգությամբ շահագրգիռ բոլոր երկրների համար, ինչն ընդգծում է նշված բոլոր երկրների կողմից սերտ համագործակցության անհրաժեշտությունը։

Արցախի ժողովրդի դեմ ագրեսիայի և ուժի կիրառման արդյունքում ձեռքբերված իրողությունները չեն կարող տևական խաղաղության հիմք դառնալ, այնպես, ինչպես Շուշիում թուրք-ադրբեջանական տարբեր մտացածին նախաձեռնությունները չեն կարող հայկական այդ մշակութային կենտրոնն օտարել Արցախից և հայ ժողովրդից[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Արցախի ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Բռնազավթված տարածքների մասին» օրենքը». Armtimes.com. Վերցված է 2022 թ․ մարտի 21-ին.
  2. president.az Ադրբեջանի Հանրապետության Նախագահի պաշտոնական էջ
  3. Erdoğan ve Aliyev 'Şuşa Beyannamesi'ne imza attı
  4. Şuşa Beyannamesi’ni içeren kanun teklifi Meclis’te kabul edildi
  5. "СМИ: Эрдоган прибыл в Шушу для подписания соглашения по Нагорному Карабаху". ТАСС. Retrieved 16 June 2021.
  6. "«Исторический день»: о чем Эрдоган и Алиев договорились в Карабахе". Газета.Ru (in Russian). Retrieved 16 June 2021.
  7. «Türkiye ve Azerbaycan arasında Şuşa Beyannamesi imzalandı!». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.
  8. Η Ελλάδα σε περίπτωση στρατιωτικής αναμέτρησης με την Τουρκία, θα πρέπει να προσμετρήσει και το Αζερμπαϊτζάν ως δυνητικό αντίπαλό της
  9. Azerbaijan, Turkey sign declaration of alliance as Erdogan visits Karabakhchina.org.cn/world
  10. ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հռչակագրի առնչությամբ www.mfa.am. Министерство иностранных дел Армении
  11. «ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հռչակագրի առնչությամբ». www.mfa.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 17-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]