Շլեզվիգ-Հոլշտայն, գերմ. Շլեսվիխ Հոլշթայն (ˈʃleːsvɪç ˈhɔlʃtaɪ̯n); (գերմ.՝ Schleswig-Holstein), երկիր (գերմ. լանդ, երկրամաս, նահանգ) Գերմանիայի Դաշնության հյուսիսում։ Տարածությունը՝ 15 հազար 763 կմ² է, բնակչությունը՝ 2 միլիոն 802 հազար (2011 թվական դեկտեմբերի 31)։ Վարչական կենտրոնը՝ Քիլ։ Գտնվում է Յուտլանդիա թերակղզու և Հյուսիս-գերմանական դաշտավայրի հարակից մասում։ Արևելքում և հարավ-արևելքում մակերևույթը բլրային է (164 մ)։ Հյուսիսային ծովի ափի երկայնքով ձգվում են Հյուսիս-Ֆրիզյան, Հելգոլանդ և այլ կղզիներ։ Առափնյա շրջաններին բնորոշ են վատտերն ու մարշերը։ Բալթիկ ծովի ափը մասնատված է խորշերով (Լյուբեկի, Քիլի) ու ծոցերով։
Տնտեսությունն ունի արդյունաբերա-գյուղատնտեսական (ինդուստրիալ-ագրարային) բնույթ։ Զարգացած են նավաշինությունը, մեքենաշինությունը, ձկնորսությունը, սննդի, լուցկու, պղնձաձուլական, տեքստիլ արդյունաբերությունը։ Տարածքի 75%-ը կազմում են գյուղատնտեսական հողահանդակները։ Զարգացած է մսակաթնատու անասնապահությունը։ Հարավ-արևելքում զբաղվում են հացահատիկի, շաքարի ճակնդեդի, կարտոֆիլի մշակությամբ, մարշային հողերում (Ֆեհմարն կղզի)՝ պտղաբուծությամբ։ Երկրի տարածքով է անցնում Քիլի ջրանցքը։ Ծովային նավահանգիստներ են Լյուբեկը, Քիլը։ 11-րդ դարում այս տարածքներում գոյություն են ունեցել Շլեզվիգ և Հոլշտայն դքսությունները, 1949 թվականից՝ երկիր կամ երկրամաս Գերմանիայի Դաշնային Հանրապետության կազմում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 521)։