Շիկացման լամպ, էլեկտրական, լույսի աղբյուր՝ դժվարահալ մետաղից (սովորաբար՝ վոլֆրամից) թելիկի կամ պարույրի ձևով պատրաստված ճառագայթիչով, որն էլեկտրական հոսանքով շիկանում է մինչև 2500-3500 K։ Առաջինը պատրաստել է Ա․ Լոդիգինը 1872 թվականին (արտոնագիրն ստացել է 1871թվականին), կատարելագործել է Թ․ Էդիսոնը 1879 թվականին։ Շիկացման լամպը մի անոթ է, որի մեջ տեղավորվում է շիկացող մարմինը։ Փոքր հզորության լամպերում անոթից հեռացնում են օդը (վակուումային լամպ), մյուս լամպերը լցնում են իներտ գազով (երբեմն ավելացնելով հալոգեններ)՝ շիկացող մարմնի ջերմաստիճանի բարձրացման, այսինքն՝ լուսատացքի (լուսատվության) մեծացման համար։ Շիկացման լամպերը դասակարգում են ըստ կիրառության բնագավառի (ընդհանուր լուսավորության լամպ, ցոլալապտեր և այլն), հիմնական կառուցվածքային ձևի և անոթի լուսատեխնիկական հատկությունների (հայելային, ձևավոր, ցրող մակերևույթով լամպեր և այլն), շիկացող մարմնի ձևի (հարթ պարույրով, երկպարույրով լամպեր և այլն)։ Շիկացման լամպերը տարբերվում են նաև ըստ չափերի։ Պատրաստվում են տասնորդական Վ-ից մինչև հարյուրավոր Վ լարումների համար և կարող են ունենալ մինչև մի քանի տասնյակ կՎտ հզորություն։ Շիկացման լամպի ծառայության ժամկետը 5 ժ-ից մինչև 1000 և ավելի ժ է, իսկ լուսատացքը, որ կախված է կառուցվածքից, լարումից, հզորությունից և աշխատանքի տևողությունից, կազմում է 10—35 լմ/Վտ։ Ըստ լուսատացքի շիկացման լամպերը զիջում են լույսի գազապարպման աղբյուրներին, սակայն ավելի հարմար են շահագործման տեսակետից և գործնականում չունեն լարման և հզորության սահմանափակում։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Շիկացման լամպ կատեգորիայում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 480)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 497)։