Jump to content

Մրրկային շարժում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մրրկային շարժում
ֆիզիկական հատկություն Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիամեխանիկական շարժում Խմբագրել Wikidata
ՀետևանքAerolíneas Argentinas Flight 644 Խմբագրել Wikidata
Հակառակըլամինար հոսանք Խմբագրել Wikidata

Մրրկային շարժում կամ տուրբուլենտ շարժում, հեղուկի կամ գազի շարժում, որն ուղեկցվում է միջավայրի մասնիկների (տարրական ծավալների) պտույտով իրենց ակնթարթային առանցքի շուրջը։ Բնության մեջ հեղուկի կամ գազի շարժումների ճնշող մեծամասնությունը մրրկային շարժումներ են։ Օրինակ, հեղուկի շարժումը խողովակում մրրկային շարժում է թե՛ լամինար հոսանքի և թե՛ տուրբուլենտ հոսանքի դեպքում։ Տարրական ծավալների պտույտը պայմանավորված է նրանով, որ պատի մակերևույթի վրա հեղուկի արագությունը հավասար է զրոյի (մասնիկների կպչելու շնորհիվ), իսկ պատից հեռանալիս՝ արագ աճում է, այնպես որ հարևան շերտերի արագությունները զգալիորեն տարբերվում են միմյանցից։ Ստորին շերտի արգելակող և վերին շերտի արագացնող ազդեցությունների հետևանքով։

Մրրկային շարժման օրինակներ են օդային մրրիկները մթնոլորտում՝ պտտահողմերը և ցիկլոնները, կամրջակալների ետևում առաջացող ջրային մրրիկները, ջրում գոյացող ձագարափոսերը և այլն։ Մրրկային շարժման քանակական բնութագրիչը պտտման անկյունային արագության w վեկտորն է, որը կախված է հոսքում կետի կոորդինատներից և ժամանակից։ Այն անվանում են նաև միջավայրի մրրիկ դիտարկվող կետում։ Եթե հոսանքի որոշ տիրույթում w=0, ապա շարժումը այդ տիրույթում մրրկային չէ։ Միջավայրի մասնիկների պտտման հետևանքով կարող են գոյանալ մրրկային խողովակներ։ Վերջիններս հեղուկի ներսում չունեն սկիզբ և վերջ, դրանք կամ պետք է փակ լինեն (մրրկային օղակ) կամ սկիզբ և վերջ ունենան հեղուկի սահմանների վրա (շրջահոսվող մարմնի կամ հեղուկ պարունակող անոթի մակերևույթին)։ Մրրկային շարժումը հեղուկում առաջացնում է լրացուցիչ արագություններ։ Մածուցիկ հեղուկում շփման ուժերի շնորհիվ մրրիկները մարում են։

Տուրբուլենտ հոսանքի դեպքում հեղուկի կամ գազի հիդրոդինամիկական և թերմոդինամիկական բնութագրերը (արագություն, ճնշում, ջերմաստիճան, խտություն) քաոսային, անկանոն փոփոխություններ են կրում ըստ կետի կոորդինատների ու ժամանակի։ Տուրբուլենտ հոսանքը էապես տարբերվում է լամինար հոսանքից թե՝ ներքին բարդ կառուցվածքով, թե՝ շարժման պարամետրերի միջինացված արժեքների՝ ըստ հոսանքի հատվածքի բաշխումով։ Միջավայրի շերտերի խառնման մեծ ինտենսիվության շնորհիվ Տուրբուլենտ հոսանքներն օժտված են շարժման քանակ, ջերմություն, չլուծված խառնուրդների զանգված փոխանցելու, տվյալ միջավայրում քիմիական ռեակցիաների (մասնավորապես այրման) տարածումն արագացնելու, միջավայրում կախված մասնիկները տեղափոխելու, ձայնային և էլեկտրամագնիսական ալիքները ցրելու, դրանց ամպլիտուդներն ու փուլերը փոփոխելու մեծ ունակությամբ։ Հոսանքը դառնում է տուրբուլենտ այն դեպքում, երբ խախտվում է շարժման լամինար ռեժիմի կայունությունը, և Ռեյնոլդսի թիվը գերազանցում է իր կրիտի կական արժեքը տվյալ շարժման համար։ Հեղուկների և գազերի հոսանքները բնության մեջ տեխնիկական հարմարանքներում (հեղուկների շարժումը խողովակներում, ջրանցքներում, հեղուկում կամ գազում շարժվող պինդ մարմնի շուրջն առաջացող սահմանային շերտերում, աերոդինամիկական սարքերում և այլուր) մեծ մասամբ Տուրբուլենտ հոսանքներ են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 68