Մորմ (լատին․՝ Solanum), մորմազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի, թփերի, կիսաթփերի, երբեմն՝ փաթաթվող բույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 1700, Հայաստանում՝ 4 տեսակ՝
Տարածված է Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի, Տավուշի, Լոռու մարզերում։ Աճում է գետերի և առվակների ափերին, անտառներում, թփուտներում, այգիներում, բանջարանոցներում, ճամփեզրերին։
Երևանի պայմաններում մորմը լավ է աճում նաև բաց տարածքներում, ուղիղ արևի կիզիչ ճառագայթների տակ։
Ցողունի բարձրությունը մինչև 2 մ է։ Տերևներն ամբողջական են կամ կենտ-փետրաձև։ Ծաղկաբույլը հովանոցանման է, ծաղիկները՝ կարմրավուն, սպիտակ, կապույտ։ Ծաղկում է հունիս-օգոստոսին։ Պտուղը հյութալի կամ մսալի, երկբուն, բազմասերմ հատապտուղ է։
Թունավոր է։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են ստերոիդներ, ալկալոիդներ, ֆլավոնոիդներ, ճարպաթթուներ, եթերայուղեր, ածխաջրեր, օրգանական թթուներ։ Բժշկության մեջ կիրառվում է շնչառական օրգանների, մաշկավեներային, ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների, կատաղության և էպիլեպսիայի բուժման համար։ Որոշ տեսակներ միջատասպան են։ Մեղրատու է։ Աճեցնում են նաև որպես գեղազարդիչ բույս։
Շատ են տարածված S pseudocapsicum S-ը և capsicastrum Link-ը։ Առաջինի պտուղները կարմրավուն են կամ դեղին, ունենում է մինչև 1,2 մ բարձրություն։ Երկրորդ տեսակը մանր է, կեռասանման կարմիր պտուղներով։ Թփի բարձրությունը լինում է մինչև 60 սմ։ Երկու տեսակն էլ թունավոր է։ Բազմանում է սերմերներով։ Ցանքը կատարում են հունվար-փետրվար ամիսներին, ցանկարկղերի մեջ։ Մեկ անգամ նախածլելուց հետո սերմնաբույսերը նախապես դնում են 7սմ-անոց ծաղկամանների մեջ, որտեղ մնում են մինչև բաց տարածքում դնելը։ Մինչ տնկելը խորհուրդ է տրվում մարգագետիննները պարարտացնել գոմաղբով և տորֆահողով։ Տնկելու ամենալավ ժամանակը մայիսի առաջին տասնօրյակն է։ Լավ արդյունք կստացվի, եթե բույսերը տնկվեն իրարից 30-40 սմ հեռավորության վրա[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։