Jump to content

Մին դինաստիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մին դինաստիա
大明
 Յուան դինաստիա 1368 - 1644 Շույն դինաստիա 
Ցին դինաստիա 
Քարտեզ


(15-րդ դարում)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Նանկին
(1368–1421)
Պեկին
(1421–1644)
Մակերես 6.500.000
Բնակչություն 160.000.000
Կրոն Բուդդայականություն
Արժույթ Տարատեսակ
Զորք 1.000.000
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Պատմություն

Մին դինաստիա, Չինաստանի կառավարող դինաստիան 1368-1644 թթ` Յուան դինաստիայից հետո։ Էդվին Ռայշաուերը, Ջոն Ֆեյրբենկը և Ալբերտ Քրեյգը նկարագրել են Մին դինաստիայի կառավարման տարիները որպես «մարդկության պատմության ընթացքում կանոնակարգված կառավարության և սոցիալական կայունության ամենալավ ժամանակներից մեկը»[1] : Մին դինաստիան վերջին էթնիկ Հան չինական դինաստիան էր։ Չնայած նրան, որ Մին դինաստիայի մայրաքաղաք Պեկինը գրավվեց 1644 թ-ին ապստամբության արդյունքում, որն առաջնորդում էր Լի Ցզիչենը, երկրի հարավը մնաց դինաստիայի իշխանության տակ մինչև 1683 թ.:

Հոնգվու կայսրը (1368–98 թթ.) փորձում էր ստեղծել հասարակություն, որում ծայրամասային համայնքները կանոնակարգված կլինեին խիստ և կայուն մի համակարգով, որի շնորհիվ նրա արքայատոհմը կունենար զինվորների մշտական դաս։ Կայսրության օրոք գործում էր մշտական նավատորմ և բանակ, որի թիվը հասնում էր մինչև 1 միլիոնի[2]։ Նանկին քաղաքի նավաշինարանը աշխարհում ամենամեծն էր[3]։ Կայսրը նաև փորձում էր սահմանափակել պալատական ներքինիների և խոշոր գործարարների ուժը։ Նա ուղարկում էր իր որդիներից շատերին Չինաստանի տարբեր ծայրեր՝ որպես ավատատուներ՝ փորձելով այդ արքայազններին ուղղորդել ըստ Հուանգ Մին Ծու Սունի (Հոնգվու կայսրի թողած խորհուրդների գիրք)։

Այս փորձերը ձախողվեցին, երբ կայսեր պատանի որդին՝ Ցզյանվեն կայսրը, փորձեց զրկել իր հորեղբորը իշխանությունից՝ հրահրելով Ցզիննան ապստամբությունը, որի արդյունքում Յանի արքայազնը 1402 թվականին գահին նստեց՝ որպես Յունլե կայսր։ Վերջինս դարձրեց Յան քաղաքը երկրորդ մայրաքաղաք և վերանվանեց այն Պեկին, կառուցեց Արգելված քաղաքը և վերականգնեց Մեծ ջրանցքը և կեցզյույ կոչվող կայսերական քննությունների առաջնորդարանը։ Նա վարձատրում էր իր ներքինի աջակիցներին և օգտագործում էր նրանց՝ որպես կոնֆուցիական գիտնական-պաշտոնյաների դեմ հակակշիռ։ Նրանցից մեկը՝ Չժենգ Հեն, յոթ խոշոր ծովային հետազոտական արշավներ է ղեկավարել Հնդկական օվկիանոսով մինչև Արաբական թերակղզի և Աֆրիկայի ափեր։

Նոր կայսրերի և կուսակցությունների ի հայտ գալու պատճառով նվազեցին նմանատիպ շռայլությունները, իսկ Չժենգթոնգ կայսեր գերեվարումը 1449 թվականին՝ Տումու ճգնաժամի ժամանակ լիովին վերացրեց դրանք։ Կայսերական նավատորմը հայտնվեց վատ վիճակում, մինչդեռ հարկադրական աշխատանքի միջոցով կառուցվում էր Լիադոնգի ցանկապատը, միացվում և ամրացվում էր Չինական մեծ պատը։ Տասը տարին մեկ անց էր կացվում մարդահամար, սակայն դրանք երբեք ճշգրիտ չէին լինում, քանի որ մարդիկ փորձում էին խուսափել աշխատանքից և հարկերից։ Բացի այդ Նանկինում այդ հսկայական արխիվները պահելը բավականին դժվար էր[4]։ Համաձայն հաշվարկների՝ ուշ Մին դինաստիայի օրոք բնակչությունը կազմում էր 160- 200 մլն.[5], սակայն տարեցտարի ավելի էր պակասում պետական հարկեր վճարողների թիվը, քանի որ նրանք կա՛մ անհետանում էին պաշտոնական տեղեկագրերից, կա՛մ էլ «նվիրաբերում էին» իրենց հողերը հարկերից ազատ ներքինիներին կամ տաճարներին։ Հայցզինի օրենքները, որոնք նախատեսված էին ափերը «Ճապոնացի» ծովահեններից (ուոկոու- 倭寇) պաշտպանելու համար, ավելի վատթարացրին իրավիճակը։ Առաջացան նոր ծովահեններ և մաքսանենգներ։

Մինչև 16-րդ դարը, սակայն, Եվրոպական առևտրի զարգացման հետ մեկտեղ Չինաստանում տարածվեց բերքի, բույսերի և կենդանիների Կոլումբոսյան փոխանակումը, որի արդյունքում Չինաստանի Սըչուան նահանգի խոհանոց ներմուծվեցին չիլի պղպեղը, եգիպտացորենը և կարտոֆիլը, որոնք նվազեցրին սովը և խթանեցին բնակչության աճը։ Պորտուգալացիների, իսպանացիների և հոլանդացիների հետ առևտուրը ստեղծեց չինական արտադրանքի մեծ պահանջարկ և ճապոնական և ամերիկյան արծաթի մեծ ներհոսք։ Սկսեցին շրջանառվել մետաղադրամները, այնինչ թղթադրամները բազմիցս հիպերինֆլյացիայի են ենթարկվել և այլևս չէին գործածվում։ Չնայած ավանդական կոնֆուցիականները դեմ էին, որ առևտուրը և ունեցվածքը այդպիսի մեծ դեր ունենան կյանքում, այլադավանությունը, որը ներմուծել էր Վան Յանմինը, ընդունում էր դրանք։ Չժան Ցզուչժենը սկզբում իրականացրել էր հաջող բարեփոխումներ, որոնք հետո, սակայն, կործանարար եղան և վնաս հասցրին գյուղատնտեսությանը։ Սա պայմանավորված էր փոքր սառցե դարաշրջանով, ինչպես նաև ճապոնական և իսպանական քաղաքականության մեջ փոփոխություններով, որոնք հանգեցրին արծաթի ներհոսքի կրճատմանը, որի պատճառով հողագործները անկարող եղան վճարել իրենց հարկերը։ Բացի այդ, բերքի ձախողուման, ջրհեղեղների և համաճարակի պատճառով արքայատոհմը անկում ապրեց մինչև ապստամբ Լի Ցզիչենը, ում հաղթել է «Ութ դրոշի բանակը», որն առաջնորդում էին մանջուրները, ովքեր էլ հետո հիմնադրել են Ցին դինաստիան։

Ապստամբություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուան դինաստիան (1271-1368), որի առաջնորդները մոնղոլներ էին, կառավարել է մինչև Մին դինաստիան։ Յուան արքայատոհմի անկումը բացատրվում է հան չինացիների դեմ ազգային խտրականություններով, որոնք հանգեցրին ապստամբությունների, գնաճի պայմաններում որոշ շրջաններում բարձր հարկերի գանձումով, ինչպես նաև ոռոգման բազմաթիվ նախագծերը անուշադրության մատնելու հետևանքով Հուանհե գետի ափերց դուրս գալով[6]։ Քանի որ տնտեսության և գյուղատնտեսության մեջ քաոս էր տիրում, բազմաթիվ գյուղացիներ, ում ստիպում էին վերակառուցել Հուանհե գետի ամբարտակները, ապստամբություն բարձրացրին։ Մի շարք Հան չինացիներ, այդ թվում 1351 թվականին կարմրահոները ապստամբեցին։ Կարմրահոները միավորվել էին Սպիտակ Լոտոսի հետ, որը բուդդայական գաղտնի հասարակություն էր։ Չժու Յուանչժենը աղքատ գյուղացի և բուդդայական վանական էր, ով 1352 թվականին միացել էր կարմրահոների ապստամբությանը։ Նա ապստամբ առաջնորդի խորթ դստեր հետ ամուսնությունւց հետո հայտնի դարձավ[7]։ 1356 թվականին Չժուի ապստամբ ուժերը գրավեցին Նանկին քաղաքը[8], որը նա հետագայում դարձրել է Մին դինաստիայի մայրաքաղաք։

Յուան դինաստիայի անկման ժամանակ, ապստամբների մրցակից տարբեր խմբեր սկսեցին պայքար մղել երկրի կառավարման, հետևաբար նաև նոր արքայատոհմ հիմնելու իրավունքի համար։ 1363 թվականին Չժու Յուանչժենը պայքարից դուրս թողեց իր ոխերիմ թշնամի և Հան խմբակցության առաջնորդ Չեն Յուուլիանին Պոյա Նհու լճի ճակատամարտում, որը պատմության ընթացքում ամենամեծ ռազմածովային ճակատամարտն է եղել։ Չժուի բանակը, որը հայտնի էր իր հրկիզանավերով և իր կազմում ուներ 200.000 Մին նավաստիներ, ի վիճակի եղավ հաղթել Հան ապստամբներին, որոնց թիվը երեք անգամ գերազանցում էր Չժուի բանակին։ Այդ հաղթությամբ վերջ դրվեց ապստամբություններին, իսկ Չժու Յուանչժենը մնաց Յանցզի գետի հովտի առաջնորդ։ 1367 թվականին կարմրահոների առաջնորդի կասկածելի մահից հետո, որը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նրան հյուրընկալել էր Չժուն, ոչ ոք չմնաց, ով կարող էր պայքարել գահի համար։ 1368 թվականին Չժուն իր զորքն ուղարկեց Յուան դինաստիայի մայրաքաղաք Դադու կամ Հանբալըկ[9], այդպիսով պարզ դարձնելով իր մտադրությունները։ Վերջին Յուան կայսրը փախավ հյուսիս՝ վերին մայրաքաղաք Շանդու, իսկ Չժուն, Դադուի արքունական պալատները հիմնահատակ ավերելուց հետո, հայտարարեց Մին դինաստիայի հիմնադրումը[9]։ Նույն տարում քաղաքը վերանվանվեց Պեկին[10]։ Չժու Յուանչժանը հայտնի դարձավ որպես Հոնգվու կայսր։

Հոնգվու կայսր (կառավարել է1368–98թթ.)

Հոնգվու կայսեր կառավարումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոնգվու կայսրը միանգամից փորձեց վերակառուցել պետական ենթակառուցվածքները։ Նա Նանկին քաղաքի շուրջ կառուցեց 48 կմ երկարությամբ պատ, ինչպես նաև պալատներ և կառավարական սրահներ[9]։ Մին դինաստիայի պատմություն աշխատության համաձայն, դեռևս 1364 թվականին Չժու Յուանչժանը սկսել էր նախագծել Կոնֆուցիական նոր օրենսգիրք, որն արդեն 1397 թվականին ավարտին էր հասցված և կրկնում էր 653 թվականի Թան դինաստիայի օրենսգրքի որոշ կետեր[11]։ Հոնգվուն կազմեց ռազմական մի համակարգ, որը հայտնի է Վեիսուո անունով։ Այն նման էր Թան դինաստիայի (618–907) ֆուբին համակարգին (府兵制):

1380 թվականին Հոնգվուն մահապատժի ենթարկեց կանցլեր Հու Վեիյոնգին՝ իրեն գահընկեց անելու կասկածանքով։ Դրանից հետո Հոնգվուն վերացրեց դեսպանատունը [12][13]։ Նա գնալով ավելի էր կասկածում իր ենթականերին և նախարարներին, այդ պատճառով նա հիմնեց Ցզինիվեյը, որը նրա արքունական պահապաններից կազմված գաղտնի պահակազոր էր։ Հոնգվու կայսեր կառավարման ժամանակաշրջանում մահապատժի է ենթարկվել մոտ 100.000 մարդ[12][14]։

Հոնգվու կայսրը արձակում էր բազմաթիվ հրովարտակներ, որոնցով արգելում էր մոնղոլների կենսագործունեությունը՝ ցանկանալով Չինաստանը ազատել բարբարոսների ազդեցությունից։ Սակայն նա նաև փորձում էր օգտագործել Յուան արքայատոհմի ժառանգությունը՝ Չինաստանում և Յուան դինաստիայի կառավարության տակ գտնվող շրջաններում իր դիրքն օրինականացնելու համար։ Նա ընդունել էր Յուան արքայատոհմի բազմաթիվ մարտական սովորությունները, հավաքագրում էր մոնղոլ զինվորների և շարունակում էր կորեացի ներքինիներ և հարճեր խնդրել[15]։

Յունան նահանգում գտնվող հին քաղաք Դալիի հարավային դարպասը
History of China
Չինաստանի պատմություն
Հին
Նեոլիթյան c. 8500 – c. 2070 BCE
Սիա դինաստիա c. 2070 – c. 1600 BCE
Շանգ դինաստիա c. 1600 – c. 1046 BCE
Չժոու դինաստիա c. 1046 – 256 BCE
 Արևմտյան Չժոու
 Արևելյան Չժոու
   Գարուն և աշուն
   Պատերազմող երկրներ
Կայսերական
Ցին դինաստիա 221–206 BCE
Հան դինաստիա 206 BCE – 220 CE
  Արևմտյան Հան
  Սին դինաստիա
  Արևելյան Հան
Երեք թագավորություններ 220–280
  Վեյ, Շու ևՎու
Ցզին դինաստիա 265–420
  Արևմտյան Ցզին
  Արևելյան Ցզին Տասնվեց թագավորություններ
Հյուսիսային և Հարավային դինաստիաներ420–589
Սույ դինաստիա 581–618
Տան դինաստիա 618–907
  (Երկրորդ Չժոու դինաստիա 690–705)
Հինգ թագավորություններ ևՏասը թագավորություններ907–960 Լյաո դինաստիա907–1125
Սոնգ դինաստիա960–1279
  Հյուսիսային Սոնգ Արևմտյան Սիա
  Հարավային Սոնգ Ցզին
Յուան դինաստիա 1271–1368
Մին դինաստիա 1368–1644
Ցին դինաստիա 1644–1912
Ժամանակակից
Չինաստանի Հանրապետություն 1912–1949
Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետություն 1949–մեր օրեր

Հարավարևմտյան սահմանագիծ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցինհայում Սալար մուսուլմանները կամավոր ենթարկվեցին Մին դինաստիայի կառավարմանը, իսկ նրանց տոհմերի առաջնորդները 1370 թվականին անձնատուր եղան։ Ուղյուրական զորքերը՝ զորավար Հալա Բաշիի առաջնորդությամբ 1370-ականներին ճնշեցին Միաո ապստամբությունները և հաստատվեցին Հունան նահանգի Չանդե քաղաքում[16]։ Հուեյ մուսուլմանական զորքերը նույնպես հաստատվեցին Չանդեում՝ բնիկ ժողովուրդների դեմ մղվող արշավանքների ժամանակ Մին դինաստիային ծառայելուց հետո[17]։ 1381 թվականին Մին դինաստիան զավթեց հարավ-արևելքում գտնվող տարածքները, որոնք եղել էին Դալիի թագավորության մասը այն ժամանակ, երբ Մին Հուեյ մուսուլմանական զորքերը հաղթեցին Յուաններին հավատարիմ մոնղոլներին և Յունան նահանգում հաստատված Հուեյ մուսուլմաններին։ Հուեյ զորքերը, զորավար Մու Յինի գլխավորությամբ, ով նշանակվել էր Յունանի կառավարիչ, վերաբնակվեցին այս տարածքում՝ գաղութացման նպատակով[18]։ Մինչև 14-րդ դարի վերջը, մոտ 200.000 զինվորական գաղութաբնակներ հաստատվեցին մոտ 140.000 հա տարածք զբաղեցնող շրջանում, որն այժմյան Յունանի և Գույչժոուի տարածքն է։ Եվս կես միլիոն չինացիներ եկան բնակություն հաստատելու ավելի ուշ։ Այս գաղթի արդյունքում շրջանում ազգագրական նկարագիրը մեծապես փոփոխվեց, քանի որ բնակչության կեսից ավելին չէին պատկանում Հան չինացիների էթնիկ խմբին։ Այս կտրուկ փոփոխությունները բնակչության կազմում, ինչպես նաև կառավարությունում և քաղաքականության մեջ առաջ քաշեցին մեծ զայրույթ, որը հրարհրեց Միաոների և Յաոների նոր ապստամբություններ 1464-1466 թվականներին, որոնց հակահարված են տվել 30.000-անոց Մին զորքերը, որոնք միացել էին 160.000-անոց տեղական Գուանսի զորքերը։ Գիտնական և փիլիսոփա Վան Յանմինը (1472–1529), այդ շրջանում մեկ այլ ապստամբություն ճնշելուց հետո, առաջադրեց չինացիների և տեղաբնակ էթնիկ ժողովուրդների մեկ միատարր կառավարում՝ տեղի ժողովուրդներին չինականացնելու նպատակով[19]։

Արշավանքներ հյուսիս-արևելքում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1368 թվականին Մին դինաստիայի կողմից մոնղոլական Յուան դինաստիայի տապալումից հետո, Մանջուրիան մնաց Մոնղոլիայում հաստատված Հյուսիսային Յուան դինաստիայի մոնղոլների տիրապետության տակ։ Յուան դինաստիայի նախկին պաշտոնյա և Հյուսիսային Յուան դինաստիայի գեներալ Նագաչուն գերիշխանություն հաստատեց Մանջոըրիայի մոնղոլ ցեղերի վրա։ Նրա ազդեցությունն ուժեղ էր հատկապես հյուսիս-արևելքոմ, որտեղ նրա զորքերի թիվն այնքան մեծ էր, որ սպառնում էր նոր հաստատված Մին դինաստիային և կարող էր վերականգնել մոնղոլների իշխանությունը Չինաստանում։ Միները որոշեցին մոնղոլների հարձակմանը սպասելու փոխարեն պարտության մատնել նրան։ 1387 թվականին նրանք արշավանք կազմակերպեցին Նագաչուի դեմ, որի արդյունքում վերջինս հանձնվեց, իսկ Մանջուրիան անցավ Մին դինաստիայի տիրապետության տակ[20]։

Չինական Մեծ Պատը։ Չնայած նրա հողաշեն պատերը միացվել են դեռևս Ցին և Հան դինաստիաների օրոք, դրա հիմնական մասը կառուցվել է քարից և աղյուսից՝ Մին դինաստիայի օրոք:

Վաղ շրջանի Մին արքունիքը չէր կարող և չէր էլ ձգտում մոնղոլների ձեռքից վերցնել Մանջուրիայի չժուրչենների նկատմամբ իշխանությունը, սկայան այն մշակեց կամակերման որոշակի նորմեր, որոնք ծառայելու էին հյուսիսարևելյան սահմանի մոտ բնակվող մարդկաց հետ շփմանը։ Հոնգվու կայսեր կառավարման ավարտից հետո ձևավորվել էր չժուրչենների նկատմամբ հատուկ քաղաքականություն։ Մանջուրիայի բնակչության մեծ մասը, բացի վայրենի չժուրչեններից, խախաղություն էր պահպանում Չինաստանի հետ։ Միները շատ պահակախմբեր էին ստաղծել Մանջուրիայում, բայց պահակախմբի գոյությունը չէր ենթադրում քաղաքական իշխանություն։ 1409 թվականին՝ Յունլե կայսեր օրոք Մին արքայատոհմը Ամուր գետի ափին հաստատեց Նուրգան նահանգային ռազմական կոմիտեն։ Ծագումով հաիսի չժուրժեն (海西女真) ներքինի Իշիհային հրաման տրվեց արշավանք կազմակերպել դեպի Ամուր գետի գետաբերան՝ չժուրժեններին խաղաղեցնելու նպատակով։ 1435 թվականին Յունլե կայսեր մահից հետո Նուրգան նահանգային ռազմական կոմիտեն լուծարվեց, և Մին արքունիքը դադարեց էական ռազմական գործողություններ կատարել այս շրջանում, չնայած Մանջուրիայում պահակախմբերը շարունակեցին գոյատևել։ Մինչև ուշ Մին ժամանակաշրջանը՝ Մանջուրիայում նկատելիորեն նվազել էր Մին արքայատոհմի քաղաքական ազդեցությունը։

Հարաբերությունները Տիբեթի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ «Մինշի » (“明史”` «Մին դինաստիայի պատմություն») աշխատության, որը կազմվել է 1739 թվականին՝ Քին դինաստիայի օրոք, Մին արքայատոհմը հիմնել էր շրջիկ հրամանատարություններ, որոնք հսկում էին Տիբեթի կառավարությունը՝ միաժամանակ վերականգնելով նախկին Յուան դինաստիայի պաշտոնյաների կոչումները և շռայլ տիտղոսներ շնորհելով Տիբեթի բուդդայական աղանդի առաջնորդներին[21][22]։

A 17th-century Tibetan thangka of Guhyasamaja Akshobhyavajra; the Ming dynasty court gathered various tribute items that were native products of Tibet (such as thangkas),[23] and in return granted gifts to Tibetan tribute-bearers.[24]

Ներկայումս գիտնականները քննարկում են այն հարցը, թե արդյոք Մին արքայատոհմը իրոք գերիշխանություն է ունեցել Տիբեթի նկատմամբ։ Ոմանք կարծում են, որ եղել է սյուզերենություն, որը վերացել է այն ժամանակ, երբ Ցզիացզին կայսրը (1521–67թթ.) արքունիքում սկսել է ճնշել բուդդայականությունը՝ նախապատվությունը տալով դաոսականությանը[21][25]։ Ուրիշները պնդում են, որ Տիբեթի լամաների հետ հարաբերությունների մասին գիտելիքները ներկայումս թերի են[26][27][28][29][30][31]։

14-րդ դարում միները հազվադեպ ասպատակություններ էին իրականացնում Տիբեթում, որոնք տիբեթցիները հաջողությամբ ճնշում էին[32][33]։ Որոշ գիտնականներ նշում են, որ, ի տարբերություն մոնղոլների, Մին արքայատոհմը մշտական զոքերչէր կայազորում Տիբեթում[34]։ Վանլի կայսրը (1572–1620թթ.) փորձեց վերահաստատել սինո-տիբեթական հարաբերությունները1578 թվականին մոնղոլ-տիբեթական միության հաստատումից հետո։ Վերջինս մեծ ազդեցություն ունեցավ հետագա մանջուրական Ցին դինաստիայի արտաքին քաղաքականության վրա, որը ուղղված էր Գելուգպաո ուղղության դալայ-լամայի աջակցությանը[21][35][36][37] : Մինչև 16-րդ դարի երկրորդ կեսը մոնղոլների ազդեցությունը մեծացավ Տիբեթի Ամդո շրջանում, որի արդյունքում Գուշի-խանը (1582–1655) 1642 թվականին գրավեց Տիբեթը։ Սա ապացուցեց, որ մոնղոլները գելուգպաո ուղղության զինված պաշտպաններն են[21][38][39] :

Յունլե կայսեր կառավարումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իշխանության գալը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Յունլե կայսր (1402–24թթ. )

Հոնգվու կայսրը գահը փոխանցեց իր թոռանը՝ Չժու Յունվենին։ Վերջինս 1398 թվականին Հոնգվու կայսեր մահվանից հետո հայտնի դարձավ որպես Ցզյանվեն կայսր (1398–1402): Հոնգվու կայսեր ամենահզոր որդին՝ Չժու Դին համաձայն չէր հոր ընտրության հետ։ Այդ պատճառով նրա և իր եղբորորդու՝ Ցզյանվենի միջև քաղաքական պայքար ծագեց[40]։ Ցզյանվենը ձերբակալեց Չժու Դիի համախոհներից շատերին, որից հետո Չժու Դին ապստամբություն ծրագրեց, որը հանգեցրեց եռամյա քաղաքացիական պատերազմի։ Երիտասարդ Ցզյանվենին պաշտոնյաներից փրկելու պատրվակով Չժու Դին անձամբ կառավարեց ապստամբությունը։ Նանկինի պալատը ամբողջովին ավերվեց բռնկված հրդեհից։ Պալատում մնացած Ցզյանվենը, նրա կինը, մայրը և պալատականները նույնպես այրվեցին։ Չժու Դին գահ բարձրացավ՝ հայտնի դառնալով որպես Յունլե կայսր (1402–1424): Պատմաբանները նրա կառավարման տարիները դիտարկում են որպես Մին դինաստիայի «երկրորդ հիմնադրում», քանի որ Յունլեն փոխեց հոր վարած քաղաքականությունը[41]։

Մին արքայատոհմի դամբարանները, որոնք գտնվում Պեկինից են 50 կմ հյուսիս

Նոր մայրաքաղաքը և արտաքին քաղաքականությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1403 թվականին Յունլե կայսրը Չինաստանի նոր մայրաքաղաք հռչակեց Պեկինը, իսկ Նանկինը դարձավ երկրորդական մայրաքաղաք։ Նոր քաղաքի կառուցումը սկսվեց 1407 թվականին և շարունակվեց մինչև 1420 թվականը։ Շինարարական աշխատանքներին ամեն օր մասնակցում էին հարյուրհազարավոր աշխատողներ[42]։ Կենտրոնում գտնվում էր Կայսերական քաղաքը, որի կենտրոնում տեղակայված էր Արգելված քաղաքը՝ կայսեր նստավայրը։ Մինչև 1553 թվականը Կայսերական քաղաքին հարավից ավելացվել էր արտաքին քաղաքը[43]։

1405 թվականին Յունլե կայսրը ներքինի Չժենգ Հեին (1371–1433) նշանակել է հսկայական մի նոր նավատորմի հրամանատար, որի նպատակն էր ուղևորություններ կատարել դեպի Հարավարևելյան Ասիա։ Չինացիները դեռևս Հան դինաստիայի կառավարման տարիներին (մ.թ.ա.202 – մ.թ.220 ) ցամաքով դիվանագիտական կապեր են հաստատել օտարերկրացիների հետ և զբաղվել են առևտրով։ Յոթ տարբեր ճանապարհորդություններ իրականացնելու համար Նանկինի նավաշինարանում 1403-1419 թվականներին կառուցվել են երկու հազար նավեր[44]։

Յունլե կայսրը չինական մշակույթը տարածելու համար օգտագործում էր փայտափորագրումը։ Նա նաև օգտագործում էր զինված ուժերը՝ երկրի սահմաններն ընդլայնելու նպատակով։ 1406 թվականին նրան հաջողվեց կարճ ժամանակով (մինչև 1427 թվականը) գրավել Վիետնամը[45]։

Տումուի ճակատամարտը և Մին մոնղոլները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բենգալացի պատվիրակը արքա Սաիֆ Ալ-Դին Համզա Շահի անունից ընձուղտ է նվիրում Մին Չինաստանի Յունլե կայսերը:

1449 թվականի հուլիսին օիրատների առաջնորդ Էսեն Տայշին ներխուժեց Չինաստան։ Ներքինի հրամանատար Վան Չժենը խրախուսեց Չժենթոն կայսերը (կառ. 1435–49թթ.) անձամբ ռազմական ուժերն առաջնորդել օիրատների դեմ։ Կայսրը իր արյունակից եղբորը՝ Չժու Ցզիյուին նշանակեց ժամանակակից ղեկավար։ Սեպտեմբերի 8-ին Էսենը ջախջախեց Չժենթոնի զորքերը, իսկ Չժենթոնը գերի ընկավ։ Այս դեպքը պատմության մեջ հայտնի է որպես Տումուի ճակատամարտ[46]։ Օիրատները կայսեր ազատագրման համար փրկագին սահմանեցին։ Սակայն, նրանց ծրագիրը ձախողվեց, երբ կայսեր կրտսեր եղբայրը գահ բարձրացավ և հայտնի դարձավ որպես Ցզինթայ կայսր(կառ.՝ 1449–57թթ.): Օիրատների զորքերը ետ մղվեցին շնորհիվ Ցզինտայ կայսեր մտերիմ ընկեր և պաշտպանության նախարար Յու Ցյանի(1398–1457), ով զինված ուժերի գլուխն էր անցել։ Չժենթոն կայսեր գերևարությունը օիրատներին որևէ օգուտ չտվեց, քանի որ գահը, միևնույն է, թափուր չէր մնացել։ Այսպիսով նրանք կայսերը շուտով ազատ արձակեցին[46]։ Նախկին կայսրը պալատում ենթարկվեց տնային կալանքի, մինչև 1457 թվականին Ցզինթայ կայսեր դեմ ապստամբություն սկսվեց[47]։ Չժենթոնը կրկին խլեց գահը՝ այս անգամ հայտնի դառնալով որպես Տյանշուն կայսր (կառ. 1457–64 թթ.): Նրա կառավարման տարիները այդքան էլ հանգիստ չէին։ Մոնղոլների ներկայությունը Մին դինաստիայի զորքերում խնդիրներ առաջացրեց։ 1461 թվականի օգոստոսի 7-ին չինացի գեներալ Ցաո Ցզինը և Մին մոնղոլ զորքերը ապստամբեցին Տյանշուն կայսեր դեմ՝ վախենալով, որ վերջինս վերջիվերջո կազատվի նրանցից, ովքեր մինչ այդ նրան օգնել էին գահընկեց անել Ցզինթային[48]։ Ցաոյի ապստամբ զորքերին հաջողվեց հրդեհել Կայսերական քաղաքի արևմտյան և արևելյան դարպասները և սպանել մի քանի հայտնի նախարարների։ Սակայն, ի վերջո, նրա զորքերը անելանելի դրության մեջ ընկան, իսկ Ցաո Ցզինը ստիպված եղավ ինքնասպանություն գործել[49]։

Չնայած Յունլե կայսրը Չինական մեծ պատից հյուսիս հինգ խոշոր հարձակումներ էր իրականացնել մոնղոլների և օիրատների դեմ, վերջիններիս կողմից հարձակումներից պաշտպանվելու համար 15-16 դարերում Մին դինաստիայի առաջնորդները ստիպված էին ավելի ամրապնդել Չինական մեծ պատը[50]։ Այդուհանդերձ պատը նախատեսված չէր պաշտպանության համար. դրա աշտարակները իրականում ազդանշանային լույսի դեր էին տանում և միայն կարող էին օգտագործվել թշնամու առաջխաղացման մասին զորքերին տեղյակ պահելու համար[51]։

Մին դինաստիայի անկումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանլի կայսեր կառավարումը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վանլի կայսրը (կառ. 1572–1620 թթ.)

Վանլի կայսեր օրոք (1572–1620 թթ.) Մին Չինաստանին սպառնող շատ խնդիրներից մեկը Կորեայում ճապոնացիների դեմ տեղի ունեցած Իմջինի ճակատամարտն էր։ Իր կառավարման առաջին տարիներին Վանլին իրեն շրջապատել էր խորհրդատուներով և փորձում էր բարեխղճորեն կատարել իր պարտականությունները։ Նրա գլխավոր քարտուղար Չժան Ցզուչժենը (1572–82 թթ.) ավագ պաշտոնյաների հետ արդյունավետ կապեր էր ստեղծել։ Սակայն նրանից հետո ոչ ոք այնքան հմուտ չէր, որ ի վիճակի լիներ ապահովել այդ հարաբերությունների կայունությունը[52]։ Շատ շուտով այդ պաշտոնյաները միավորվեցին քաղաքական խմբակցությունների դեմ։ Ժամանակի ընթացքում Վանլին հոգնեց պալատի գործերից և նախարարների միջև անընդհատ վիճաբանություններից և այդ ամենից հեռու մնալու համար փակվեց Արգելված քաղաքի պատերի ետևում[53]։ Ներքինիները սկսեցին ծառայել որպես միջնորդներ՝ կայսեր և նրա պաշտոնյաների միջև։ Ցանկացած ավագ պաշտոնյա, ով ուզում էր երկրի խնդիրներ քննարկել, ստիպված էր հզոր ներքինիներից որևէ մեկին կաշառել՝ իր պահանջները ներկայացնելու կամ էլ կայսերը տեղեկատվություն փոխանցելու համար[54]։

Ներքինիների դերը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տյանցզի կայսեր ժամանակաշրջանի բաժակներ: Տյանցզի կայսեր վրա մեծ ազդեցություն ուներ ներքինի Վեյ Չժոնսիենը (1568–1627թթ.):

Հոնվու կայսրը արգելել էր ներքինիներին սովորել կարդալ կամ էլ զբաղվել քաղաքականությամբ։ Սակայն Յունլե կայսեր օրոք և հետո էլ ներքինիները մեծ դեր են ունեցել արքունիքում, եղել են զորքերի հրամանատարներ և իրենց ձայնն են ունեցել տարբեր հարցերում։ Ներքինիները իրենց բյուրոկրատիան են ունեցել[43]։ Չնայած Մին դինաստիայի օրոք եղել են որոշ բռնապետական ներքինիներ, ինչպիսիք են օրինակ Վան Չժենը, Վան Չժին և Լիու Ցզինը, նրանց հզորությունը այդքան էլ աչքի չի ընկել մինչև 1590-ական թվականները, երբ Վանլի կայսրը մեծացրեց նրանց իրավունքները և լիազորություն տվեց հարկեր հավաքել[54][55][56]։

Ներքինի Վեյ Չժոնսիենը (1568–1627թթ.) իրեն էր ենթարկում Տյանցզի (կառ. 1620–1627 թթ.) կայսեր արքունիքը և իր քաղաքական մրցակիցներին տանջամահ էր անում։ Մին կայսրության ժամանակաշրջանում նա իր պատվին կառուցել էր տալիս տաճարներ և անձնական պալատներ։ Նրա ընկերներն ու հարազատները բարձր պաշտոններ էին ստանում արքունիքում[57]։ Վեյը հրատարակել էր նաև պատմական մի աշխատություն, որում նսեմացվում էին նրա հակառակորդները։ Այս անկայությունն արքունիքում հանգեցրեց աղետների, համաճարակի, ապստամբությունների և թշնամու կողմից հարձակումերի։ Ի վերջո, Չոնչժեն կայսրը (կառ. 1627–44թթ.) վռնդեց Վեյին արքունիքից, որից հետո նա ինքնասպան եղավ։

Տնտեսական անկում և բնական աղետներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանլի կայսեր և նրա երկու հաջորդների կառավարման վերջին տարիներին զարգացավ տնտեսական ճգնաժամ, որը պայմանավորված էր կայսրության փոխանակման հիմնական առարկայի՝ արծաթի պակասով։ Պորտուգալացիները Չինաստանի հետ առևտրային հարաբերությունները հաստատել են 1516 թվականին, երբ ճապոնական արծաթը սկսել են փոխանակել չինական մետաքսով[58][59]։ Որոշ անհամաձայնություններից հետո 1557 թվականին Մակաոն դարձել է առևտրային մշտական կենտրոն[60]։ Աստիճանաբար արծաթ մատակարարելու գործում չինացիներին փոխարինելու եկան իսպանացիները[61][62], ում հետ մրցակցության մեջ էին նաև հոլանդացիները [63][64]։ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ IV -ը (կառ.1621–1665 թթ.) սկսեց անօրինական կերպով Նոր Իսպանիայից և Պերուից Խաղաղ օվկիանոսով, ապա Ֆիլիպիններով արծաթ տանել Չինաստանի ուղղությամբ՝ ի օգուտ Ամերիկայից ձեռք բերված արծաթը իսպանական նավահանգիստներով անցկացնելու։ 1639 թվականին Ճապոնիայի Տոկուգավա սյոգունությունը դադարեցրեց եվրոպացիների հետ առևտուրը՝ փակելով մեկ այլ ճանապարհ, որով արծաթը հասնում էր Չինաստան։ Այս բոլոր իրադարձությունները, որոնք տեղի ունեցան գրեթե միաժամանակ, մեծ ազդեցություն ունեցան արծաթի գնի վրա, որի պատճառով էլ երկրի շատ նահանգներում հարկեր վճարելը անհնար դարձավ[65]։ Մարդիկ սկսեցին արծաթի պաշարներ հավաքել, մինչդեռ դրա քանակը գնալով պակասում էր։ Այդ պատճառով պողպատի գինը արծաթի նկատմամբ կտրուկ նվազեց։ 1630-ականներին մոտ հազար պողպատե մետաղադրամների արժեքը համարժեք էր մեկ ունցիա արծաթին, մինչև1640 թվականը կես ունցիային, իսկ մինչև1643 թվականն արդեն մեկ երրորդ ունցիա արծաթին[61]։ Գյուղացիների համար սա տնտեսական աղետ էր նշանակում, քանի որ նրանք հարկերը վճարում էին արծաթով, սակայն առևտուր էին իրականացնում պողպատով[66]։ 17-րդ դարում Հյուսիսային Չինաստանում սով սկսվեց անսովոր չոր և ցուրտ եղանակի պատճառով, որը կարճացրել էր աճի սեզոնը։ Այս էկոլոգիական իրադարձությունը պատմության մեջ հայտնի է որպես Փոքր սառցե դարաշրջան[67]։ Բնական աղետները, սովը, հարկերը և մարտական դասալքությունը հանգեցրին բարեկրթության և կյանքի որակի անկմանը[67]։ Կենտրոնական կառավարությունը ռեսուրսների պակասի պատճառով չէր կարողանում մեղմացնել աղետի հետևանքները։ Վիճակն ավելի վատացավ, երբ երկրում համաճարակ սկսվեց՝ սպանելով մեծ քանակությամբ մարդկանց[68]։ Բացի այդ, 1556 թվականին Շանսի նահանգում եղավ բոլոր ժամանակների ամենասոսկալի երկրաշարժը, որը խլեց մոտ 830.000 մարդու կյանք[69]։

Մանջուրների իշխանությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Չինական մեծ պատի այն դարպասը, որտեղից մանջուրները անընդհատ ետ էին մղվում մինչև 1644 թվականը:

Նուրհացի (կառ. 1616–26թթ. ) անունով չժուրչեն մի առաջնորդ միայն մի փոքր ցեղի օգնությամբ իր իշխանության տակ առավ մանջուրական բոլոր ցեղերին։ 1590-ականներին, երբ Ճապոնիան արշավանքներ էր իրականացնում դեպի Չոսոնյան Կորեա, նա իր օգնությունն առաջարկեց Մին և Չոսոն արքայատոհմերի զորքերին։ Նրա օգնությունը մերժվեց, սակայն նա Մին դինաստիայի կողմից արժանացավ պարգևների՝ իր վարմունքի համար։ Գիտակցելով, որ Մին դինաստիայի զորքերը համեմատաբար թույլ են հյուսիսային մասում՝ նա համախմբեց հյուսիսային հարևան բոլոր ցեղերին և կենտրոնացրեց այդ ուժերը իր հայրենիքում այնպես, ինչպես մի ժամանակ արել էր չժուրժենական Ցին դինաստիան[70]։ 1610 թվականին նա խզեց կապերը Մին արքայատոհմի հետ, իսկ 1618 թվականին պատերազմ 1630s հայտարարեց նրանց։

Մինչև 1636 թվականը, Նուրհացիի որդին՝ Հուան Թայցզին Մուկդենում (Շենյան), որը 1621 թվականին ընկել էր Ցին ուժերի իշխանության տակ և 1625 թվականին դարձել մայրաքաղաք, վերանվանեց իր դինաստիան՝ «Մեծ Ցին»[71][72] : Հուան Թայցզին ընդունեց չինական կայսերական տիտղոսը՝ հուանդին (թարգմանաբար՝ կայսր)։ Նա նաև իր ժողովրդին «Չժուրչեններին» վերանվանեց «մանջուրներ»[72][73] : 1638 թվականին՝ Կորեա մանջուրական երկրորդ ներխուժման ժամանակ, մանջուրները թվով100.000 զորքով հաղթեցին և գրավեցին Մին Չինաստանի դաշնակից չոսոններին։ Կարճ ժամանակ անց կորեացիները հրաժարվեցին հավատարիմ մնալ Մին դինաստիային[73]։

Ապստամբություն, ներխուժում, անկում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1630-ականներին՝ Լի Ցզիչեն անունով մի զինվոր իր զինակիցների հետ արևմտյան Շանսիում խռովություն ստեղծեց այն բանից հետո, երբ Մին կառավարությունը ձախողեց բավարար քանակությամբ մթերք մատակարարել այդ շրջան[67]։ 1634 թվականին նա ձերբակալվեց Մին դինաստիայի մի զորավարի կողմից և ազատ արձակվեց միայն ծառայության վերադառնալու պայմանով[74]։ Համաձայնությունը շուտով ընդհատվեց, երբ տեղացի մի դատավոր նրա մարտակից երեսունվեց ապստամբներին մահապատժի ենթարկեց։ Լիի զորքերը վրեժխնդիր եղան՝ սպանելով պաշտոնյաներին, և շարունակեցին իրենց ապստամբությունը կենտրոնական Հենանում՝ մինչև 1635 թվականը[75]։ 1640-ականներին Լիի հակառակորդը՝ Չժան Սյանչժոնը (1606–47 թթ.), ով նախկին զինվորական էր, Չենդուում ապստամբ ուժեր էր կենտրոնացրել, մինչդեռ Լիի զորքերը գտնվում էին Հուբեյում և իրենց իշխանությունն էին տարածում Շանսիում և Հենանում[75]։

1640 թվականին շատ գյուղացիներ, ովքեր սովի էին մատնվել և չէին կարողանում վճարել իրենց հարկերը, այլևս չվախենալով անընդմեջ պարտության մատնվող չինական բանակից, սկսեցին ապստամբ խաշոր խմբեր ստեղծել։ Չինաստանի զինված ուժերը, փորձելով հյուսիսում ետ մղել մանջուրներին, իսկ նահանգներում կառավարել ապստամբությունները, մասնատվեցին։ Լի Ցզիչենին ապստամբների օգնությամբ հաջողվեց պարտության մատնել նրանց։ Այս խառնաշփոթի պատճառով Մին դինաստիայի վերջին կայսրը Արգելված քաղաքի կայսերական այգում ինքնասպան եղավ՝ կախվելով ծառից[76]։

Կառավարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգ, պրեֆեկտուրա, ենթապրեֆեկտուրա, կոմսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
1409 թվականին Մին նահանգները

Ըստ Էդվին Ռայշաուերի և Ալբերտ Քրեյգի՝ Մին դինաստիայի կառավարությունը մարդկության պատմության ընթացքում եղել է ամենականոնակարգվածներից մեկը[1]։ Մին կայսրերը կրկնօրինակել էին Յուան դինաստիայի ժամանակաշրջանի ադմինիստրատիվ բաժանումը։ Սոն դինաստիայի ժամանակաշրջանում ամենամեծ բաժանումը եղել է շրջանը (lu 路) [77]: Սակայն 1127 թվականի չժուրժենների հարձակումից հետո հիմնվեցին չորս կիսաինքնավար տարածաշրջանային իշխանական համակարգեր՝ հիմնված տարածքային և զինվորական միավորների վրա, որոնք ունեին առանձին քարտուղարություններ, որոնք էլ հետագայում պետք է դառնային Յուան, Մին և Ցին դինաստիաների շրջաբաժանումները[78]։ Մինն նահանգային բյուրոկրատիան պարունակում էր երեք հանձնաժողովներ՝ քաղաքական, զինվորական, իսկ մյուսը վերահսկողության համար։ Նահանգի(sheng 省) մակարդակին հաջորդում էր պրեֆեկտուրան(fu 府), որը գործում էր պրեֆեկտի հսկողության ներքո, այնուհետև ենթապրեֆեկտուրան(zhou 州)՝ ենթապրեֆեկտի հսկողության ներքո։ Ամենափոքր միավորը կոմսությունն էր(xian 縣): Բացի նահնգներից կային նաև մեծ տարածքներ, որոնք ոչ մի նահանգի չէին պատկանում։ Դրանք Նանկինին և Պեկինին կից մետրոպոլիտեն տարածքներն էին (jing 亰)[79]:

Հաստատություններ և բյուրոներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արգելված քաղաքը. 1420 - 1924 թթ. Մին և Ցին դինաստիաների պաշտոնական կայսերական նստավայրը:

Սկսած ուշ Հան դինաստիայի ժամանակաշրջանից (մ.թ.ա. 202 թ – մ.թ.220 )՝ տարբեր դինաստիաներ ընդունել են «երեք գերատեսչությունների և վեց նախարարությունների» համակարգը։ Սակայն Մին դինաստիայի վարչակարգում կար միայն մեկ գերատեսչություն՝ քարտուղարությունը, որը կառավարում էր վեց նախարարությունները։ 1380 թվականին կանցլեր Հու Վեյոնգի մահապատժից հետո Հոնվու կայսրը վերացրեց քարտուղարությունը և իր ձեռքը վերցրեց վեց նախարարությունները և զինվորական հանձնաժողովները[80][81]։ Այսպիսով, վարչակարգի մի ամբողջ մակարդակ վերացվեց և միայն մասամբ վերականգնվեց հետագա կառավարիչների կողմից[80]։ Հիմնվեց գերագույն քարտուղարությունը, որը սկզբում կայսերը աջակցող քարտուղարական հաստատություն էր։ Սակայն այնտեղ կանցլերներ չէին աշխատում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Edwin Oldfather Reischauer, John King Fairbank, Albert M. Craig (1960) A history of East Asian civilization, Volume 1. East Asia: The Great Tradition, George Allen & Unwin Ltd., quoted in C. Simon Fan (2016) Culture, Institution, and Development in China: The Economics of National Character, Routledge, p. 97 978-1-138-18571-5
  2. Ebrey (2006), p. 271.
  3. Ebrey, Walthall & Palais (2006), էջ. 271.
  4. Zhang Wenxian. "The Yellow Register Archives of Imperial Ming China". Libraries & the Cultural Record, Vol. 43, No. 2 (2008), pp. 148–175. Univ. of Texas Press. Accessed 9 October 2012.
  5. For the lower population estimate, see Կաղապար:Harvcol; for the higher, see Կաղապար:Harvcol.
  6. Gascoigne (2003), էջ. 150.
  7. Ebrey (1999), էջեր. 190–191.
  8. Gascoigne (2003), էջ. 151.
  9. 9,0 9,1 9,2 Ebrey (1999), էջ. 191.
  10. Naquin, Susan (2000). Peking: Temples and City Life, 1400–1900. Berkeley: University of California press. էջ xxxiii. ISBN 0-520-21991-0.
  11. Andrew & Rapp (2000), էջ. 25.
  12. 12,0 12,1 Ebrey (1999), էջեր. 192–193.
  13. Fairbank & Goldman (2006), էջ. 130.
  14. Fairbank & Goldman (2006), էջեր. 129–130.
  15. Robinson (2008), էջեր. 367–368.
  16. «Ethnic Uygurs in Hunan Live in Harmony with Han Chinese». People's Daily. 2000 թ․ դեկտեմբերի 29.
  17. Zhiyu Shi (2002). Negotiating ethnicity in China: citizenship as a response to the state. Vol. Volume 13 of Routledge studies – China in transition (illustrated ed.). Psychology Press. էջ 133. ISBN 0-415-28372-8. Վերցված է 2010 թ․ հունիսի 28-ին. {{cite book}}: |volume= has extra text (օգնություն)
  18. Michael Dillon (1999). China's Muslim Hui community: migration, settlement and sects. Richmond: Curzon Press. էջ 34. ISBN 0-7007-1026-4. Վերցված է 2010 թ․ հունիսի 28-ին.
  19. Ebrey (1999), էջ. 197.
  20. Harmony and War: Confucian Culture and Chinese Power Politics, by Yuan-kang Wang
  21. 21,0 21,1 21,2 21,3 Wylie (2003), էջ. 470.
  22. Mingshi-Geography I «明史•地理一»: 東起朝鮮,西據吐番,南包安南,北距大磧。; Geography III «明史•地理三»: 七年七月置西安行都衛於此,領河州、朵甘、烏斯藏、三衛。; Western territory III «明史•列傳第二百十七西域三»
  23. Zhang, Yuxin; Xiang, Hongjia; Information Office of the State Council. People's Republic of China (2002). Testimony of History. China: China Intercontinental Press. էջ 73. ISBN 7-80113-885-6.
  24. Wang & Nyima (1997), էջեր. 39–41.
  25. Wang & Nyima (1997), էջեր. 1–40.
  26. Norbu (2001), էջ. 52.
  27. Kolmaš (1967), էջ. 32.
  28. Wang & Nyima (1997), էջեր. 39–40.
  29. Sperling (2003), էջեր. 474–75, 478.
  30. Perdue (2000), էջ. 273.
  31. Kolmaš (1967), էջեր. 28–29.
  32. Langlois (1988), էջեր. 139, 161.
  33. Geiss (1988), էջեր. 417–418.
  34. Ebrey (1999), էջ. 227.
  35. Kolmaš (1967), էջեր. 30–31.
  36. Goldstein (1997), էջ. 8.
  37. The Ming Biographical Dictionary (1976), 23.
  38. Kolmaš (1967), էջեր. 34–35.
  39. Goldstein (1997), էջեր. 6–9.
  40. Robinson (2000), էջ. 527.
  41. Atwell (2002), էջ. 84.
  42. Ebrey, Walthall & Palais (2006), էջ. 272.
  43. 43,0 43,1 Ebrey (1999), էջ. 194.
  44. Fairbank & Goldman (2006), էջ. 137.
  45. Wang (1998), էջեր. 317–327.
  46. 46,0 46,1 Ebrey, Walthall & Palais (2006), էջ. 273.
  47. Robinson (1999), էջ. 83.
  48. Robinson (1999), էջեր. 84–85.
  49. Robinson (1999), էջեր. 79, 101–08.
  50. Fairbank & Goldman (2006), էջ. 139.
  51. Ebrey (1999), էջ. 208.
  52. Hucker (1958), էջ. 31.
  53. Spence (1999), էջ. 16.
  54. 54,0 54,1 Spence (1999), էջ. 17.
  55. Ebrey (1999), էջեր. 194–195.
  56. Hucker (1958), էջ. 11.
  57. Spence (1999), էջեր. 17–18.
  58. Brook (1998), էջ. 124.
  59. Spence (1999), էջեր. 19–20.
  60. Wills (1998), էջեր. 343–349.
  61. 61,0 61,1 Spence (1999), էջ. 20.
  62. Brook (1998), էջ. 205.
  63. Brook (1998), էջեր. 206, 208.
  64. Wills (1998), էջեր. 349–353.
  65. Brook (1998), էջ. 208.
  66. Spence (1999), էջեր. 20–21.
  67. 67,0 67,1 67,2 Spence (1999), էջ. 21.
  68. Spence (1999), էջեր. 22–24.
  69. Tsunami among world's worst disasters. BBC News. 30 December 2004.
  70. Spence (1999), էջ. 27.
  71. Spence (1999), էջեր. 24, 28.
  72. 72,0 72,1 Chang (2007), էջ. 92.
  73. 73,0 73,1 Spence (1999), էջ. 31.
  74. Spence (1999), էջեր. 21–22.
  75. 75,0 75,1 Spence (1999), էջ. 22.
  76. Spence (1999), էջ. 25.
  77. Yuan (1994), էջեր. 193–194.
  78. Hartwell (1982), էջեր. 397–398.
  79. Hucker (1958), էջ. 5.
  80. 80,0 80,1 Hucker (1958), էջ. 28.
  81. Chang (2007), p. 15, footnote 42.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մին դինաստիա» հոդվածին։