Jump to content

Մեծ կարմիր բիծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեծ կարմիր բիծ («Վոյաջեր-1»-ի լուսանկար)

Մեծ կարմիր բիծ, մթնոլորտային ամենամեծ պտտահողմը Արեգակնային համակարգում։ Այն բարձր ճնշման մշտական գոտի է, որ Յուպիտեր մոլորակում անտիցիկլոնային փոթորիկ է ստեղծում։ Բիծը դիտարկման մի քանի դարերի ընթացքում փոփոխվել է չափերով ու գույնով։ Մեծ կարմիր բիծը շարժվում է մոլորակի հասարակածին զուգահեռ, իսկ նրա ներսում գազը պտտվում է ժամացույցի սլաքին հակառակ ուղղությամբ երկրային 6 օրերի ընթացքում։ Բծի երկարությունը 40.000 կմ է (որոշ տվյալներով` 50.000), իսկ լայնությունը` 13.000 կմ։ Բծի ներսում քամու արագությունը գերազանցում է 500 կմ/ժ-ը։

Դիտարկման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ կարմիր բիծը բացահայտվել է աստղագետ Ջովանի Կասինիի կողմից 1665 թվականին։ Ռոբերտ Հուկի` 1665 թվականին արված գրառումներում, հնարավոր է, նույնպես ներկայացված է բիծը, սակայն Մեծ կարմիր բիծը հայտնաբերվել է 1830 թվականից հետո և լավ ուսումնասիրվել միայն 1879 թվականին վառ արտահատվելուց հետո։ Այս երևույթը 187 տարի անընդհատ դիտարկվել է` սկսած 1830 թվականից։ 1665-1713 թվականների նախկին դիտարկումները համարվել են նույն փոթորիկը։ Եթե դա ճիշտ է, ապա այն գոյություն ունի արդեն ավելի քան 350 տարի։

Մեծ կարմիր բծի և Երկիր մոլորակի չափերի համամասնություն

Մինչ «Վոյաջերների» թռիչքը շատ աստղագետներ ենթադրում էին, որ բիծն ունի պինդ կառուցվածք։

Մեծ կարմիր բիծը հսկա փոթորիկ է` 24-40 հազար կմ երկարությամբ և 12-14 հազար կմ լայնությամբ (այն չափերով զգալիորեն գերազանցում է Երկրին)։ Բծի չափերն անընդհատ փոփոխվում են, ընդ որում փոքրանալու ընդհանուր միտում է նկատվում[1]։ 100 տարի առաջ այն գրեթե երկու անգամ մեծ էր և զգալիորեն ավելի պայծառ։ Չնայած դրան` այն դեռևս մթնոլորտային ամենամեծ պտտահողմն է Արեգակնային համակարգում։

Բիծը մոտավորապես գտնվում է հարավային լայնության 22°-ում և շարժվում է մոլորակի հասարակածին զուգահեռ։ Բծի ներսում քամու արագությունը գերազանցում է 500 կմ/ժ-ը, իսկ նրա ներսում գազը պտտվում է ժամացույցի սլաքին հակառակ ուղղությամբ երկրային 6 օրերի ընթացքում։

Բծի ամպերի վերին շերտը գտնվում է շրջակա ամպերից մոտ 8 կմ բարձր։ Բծի ջերմաստիճանը ավելի ցածր է տվյալ հատվածներից և կազմում է մոտ −160 °C, սակայն բծի կենտրոնական մասը մի քանի աստիճանով տաք է շրջագծի հատվածներից[2]։

Բծի կարմիր գույնը դեռևս միանշանակ բացատրություն չի ստացել։ Հնարավոր է, որ դա պայմանավորված է քիմիական միացություններով, այդ թվում` ֆոսֆորով։

Մեծ կարմիր բծի անիմացիոն պատկերը

Բացի մեծ կարմիր բծից` Յուպիտերում կան չափերով ավելի փոքր այլ բիծ-փոթորիկներ։ Դրանք կարող են լինել սպիտակ, շագանակագույն ու կարմիր և գոյություն ունենալ տասնյակ տարիներ։ Յուպիտերի մթնոլորտում բծեր հայտնաբերվել են ինչպես հյուսիսային, այնպես էլ հարավային կիսագնդերում, սակայն, չգիտես ինչու, ավելի կայուն են և ավելի երկար ժամանակ գոյատևում են հարավային կիսագնդի բծերը։

Ամենայն հավանականությամբ, Յուպիտերի մթնոլորտային հոսանքների արագությունների տարբերության հետևանքով մոլորակում հաճախ բախվում են փոթորիկներ։ Դրանցից մեկը տեղի է ունեցել 1975 թվականին, որի արդյունքում Մեծ կարմիր բիծը խամրել է մի քանի տարի։ 2006 թվականի հուլիսին ենթադրվում էր, որ կբախվեն մեծ կարմիր բիծն ու Oval BA հսկա կարմիր գոյացությունը, սակայն դա տեղի չունեցավ։ Oval BA-ն ձևավորվել էր 1998-2000 թվականների միջակայքում ավելի փոքր սպիտակ երեք օվալների միավորումով, որոնք դիտարկվել էին վերջին 60 տարիների ընթացքում։ Մթնոլորտային նոր գոյացությունը սկզբում սպիտակավուն էր և տեսանելի դաշտում, սակայն 2006 թվականի փետրվարին ստանում է կարմրա-շագանակագույն երանգ` կոչվելով Փոքր կարմիր բիծ[3]։ 2008 թվականի հունիս-հուլիս ամիսներին Հաբլ աստղադիտակով դիտարկվել է Մեծ կամիր բծի կողմից կարմիր գույնի ոչ մեծ բծի կլանումը[4]։

Վարկածներից մեկի համաձայն` մինչ փոթորիկը մթնոլորտի վերին շերտերի հետ գտնվում է նույն բարձրության վրա, այն սպիտակ է, սակայն երբ հզորությունը մեծանում է, պտտահողմը բարձրանում է ամպերի ընդհանուր շերտից, որտեղ Արևի ճառագայթումը քիմիական մակարդակում փոխում է գույնը` նրան հաղորդելով կարմրություն։

Հսկայական բիծ-փոթորիկները բնորոշ են ոչ միայն Յուպիտերին, այլև գազային այլ մոլորակների։ Մասնավորապես հայտնի է Նեպտունի Մեծ մութ հետքը։

Մեծ կարմիր բծի շարժման գունավոր անիմացիան

Քանի որ Յուպիտերի մթնոլորտը կազմող տաք գազերը ցածր հատվածներից բարձրանում են վեր, առաջանում են պտտահողմեր։ Երբ սառչելով դրանք հետ են վերադառնում, Կորիոլիսի ուժի հետևանքով պտտաձև շարժում է առաջանում այն հատվածում, որը կարող է ունենալ մի քամի կիլոմետր տրամագիծ։ Այդ պտտահողմերը կարող են երկար տևողություն ունենալ, քանի որ շփումն ապահովելու պինդ մակերևույթ չկա, և պտտահողմի վրա ամպերի սառը վարնաշերտերը թույլ են տալիս խուսափել ոչ մեծ ճառագայթումից։ Արդեն ձևավորված լինելով` այդպիսի պտտահողմերը կարող են ազատ տեղաշարժվել մթնոլորտում։ Ենթադրվում է, որ այս մեխանիզմն էլ ձևավորել է Մեծ կարմիր բիծը։ Այս տեսության համաձայն` հարևան շատ պտտահողմեր կլանվում են և ձուլվում բծին` ավելացնելով փոթորկի էներգիան և նպաստելով նրա հարատևմանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Большое красное пятно на Юпитере замедлило своё сжатие
  2. Астрономы измерили температуру Большого красного пятна на Юпитере // РИА «Новости», 17.03.10г.
  3. A. F. Cheng, A. A. Simon-Miller, H. A. Weaver, K. H. Baines, G. S. Orton, P. A. Yanamandra-Fisher, O. Mousis, E. Pantin, L. Vanzi, L. N. Fletcher, J. R. Spencer, S. A. Stern, J. T. Clarke, M. J. Mutchler, and K. S. Noll. Changing Characteristics of Jupiter's Little Red Spot(անգլ.) // The Astronomical Journal, 135:2446—2452. — 2008 June.
  4. Заметка «Юпитерианские пятнашки»

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ կարմիր բիծ» հոդվածին։